While my Գետառ gently weeps
Անցյալ

While my Գետառ gently weeps

Հայտնի է Գետառի խոշոր վարարումների մի քանի դեպք, որոնցից ամենաուժգինը եղել է 1946 թվականի մայիսի 25-ի երեկոյան: Այդ իրադարձության ականատեսներից մեկը պատմել է ԵՐԵՎԱՆինիր տեսածի մասին:

Տեքստը՝ Անի Սմբատիի


Լուսանկարները՝ Հովիկ Չարխչյանի բլոգից


ԵՐԵՎԱՆ #44 (2017)

#ՀինԵրևան

Հրաչուհի Աշչյան, 78 տարեկան

Ես 7–8 տարեկան էի։ Այդ օրը երբեք չեմ մոռանա, այնքան լավ է տպավորվել, որ մինչև հիմա էլ հիշելիս մարմնովս դող է անցնում։ Մենք ապրում էինք 3-րդ մասում, սեփական տուն ունեինք այնտեղ, մեծ հողամաս։ Մի ամբողջ ամիս անընդհատ անձրև էր գալիս։ Առավո՜տ, ցերե՜կ, գիշե՜ր. տարբերություն չկար, գալիս էր ու չէր կտրվում։ Տենց բան չէինք տեսել, արդեն հոգնել էինք անձրևից։ Իսկ էդ գիշեր ուժեղ սելավ եղավ, գետը վարարեց ու ճանապարհին ինչ կար-չկար, հետը տարավ:

 

***

Երեկոյան 10–11-ն էր, պառկել էինք քնելու, մեկ էլ անհասկանալի աղմուկ լսեցինք դրսից՝ գոռոցներ, հարայ-հուրույներ, խշշոց։ Այդ օրը քեռիս մեր տանն էր գիշերում և որոշեց դուրս գալ,հասնել մինչև մեր պարտեզի մյուս ծայրը՝ պարզելու, թե ինչն է աղմուկի պատճառը։ 10 րոպե չանցած՝ վերադարձավ, տագնապած դեմքով ասաց. «Շո՛ւտ արեք, արագացրե՛ք, հավաքվեք, դուրս ենք գալիս։ Ասում են՝ սելավ ա»։ Մենք էլ թե՝ ի՞նչը հավաքենք, ո՞նց անենք։ Ասաց, որ մի քանի լավ բաներ, հագնելիքներ բոխչայի մեջ կապենք ու վերցնենք մեզ հետ։

 

Մեր տան հետևով մեծ առու էր անցնում, վրայով էլ մի կամուրջ կար անցկացրած։ Երբ դուրս եկանք, պիտի անցնեինք այդ կամրջով ու բլուրն ի վեր բարձրանայինք։ Այնտեղ երկու ընտանիք էին ապրում, կարծեմ՝ սասունցիներ էին։ Ջուրն իրենց մոտ չէր հասնի, մտածեցինք՝ էնտեղ կգիշերենք, մինչև վտանգն անցնի։

 
Image for post

Գնացինք որ կամուրջն անցնենք, պարզվեց՝ այնքան ուժեղ էր ջրի հոսքը, որ կամուրջը թուլացրել էր. բավական էր մեկս վրայով փորձեր անցնել, և կամուրջն անցավ ջրի տակ։ Քեռիս էլ մեր հավաքած բոխչաներն էր տանում, բայց որ կամուրջը փլվեց, ինքն էլ խրվեց տիղմի մեջ, ջուրը տարավ ձեռքի կապոցները։ 

 

Ես փոքր էի, եղբայրս ինձ գրկեց, առուն անցանք ու ցեխաջրերի միջով շարժվեցինք դեպի սասունցիների տունը։ Ամբողջ գիշերն իրենց մոտ մնացինք, բարեբախտաբար, ջուրն իրենց մոտ իսկապես չհասավ։

 

53 միլիոն ռուբլու վնաս, 200 զոհ

 
Image for post

Հեղեղի բերած կոճղերը

 

1946թ. Մայիսյան ջրհեղեղի պատճառը մեկ ժամում 40 մմ քանակով տեղատարափ անձրևն էր: Այդ սելավը, որի առավելագույն ելքը եղել է 205 խմ/վրկ, տեղափոխել էր մինչև 3 մ տրամագծով քարեր, փողոցները և տների նկուղները լցրել 200 հազար խմ տիղմ, ավազ և խիճ: Ջրաբերուկների ընդհանուր ծավալը կազմել էր 415 հազար խմ: Սելավը հեղեղել էր Ալավերդյան, Նալբանդյան, Աբովյան, Տերյան փողոցների նկուղները, առաջին հարկերի բնակարանները: Ջուրը պոկել էր տրամվայի գծերը և կանգնեցրել դրանք թեք վիճակում՝ գետնից 8–10 մետր բարձրության վրա: Հեղեղի պատճառած նյութական վնասը կազմեց 53 միլիոն ռուբլի: Ոչ պաշտոնական տվյալներով հեղեղի հետևանքով նաև զոհվել է մինչև երկու հարյուր մարդ:

 

***

Առավոտյան սելավը կտրվել էր, որոշեցինք վերադառնալ մեր տուն։ Մուտքի դուռը բաց էր, ջուրն այնքան ուժեղ էր հարվածել, որ բացել էր դուռը։ Ներսում ամենուրեք ջուր էր: Գրապահարան ունեինք, շուռ էր եկել, մեջից գրքերը թափվել էին ջրի մեջ, լող էին տալիս։

 

Ինչ ունեինք-չունեինք, ամբողջը ջարդվել էր, շուռ էր եկել։ Մոտ 1000 քմ հողամաս ունեինք, ամբողջ պարտեզի հողը մոտ կես մետր հաստությամբ տիղմ էր պատել։ Բարեբախտաբար, ջրհեղեղը մայիսի վերջին եղավ, հետո եղանակն ավելի տաքացավ ու ամբողջ տիղմը ճաքճքեց։ Մոտ մեկ ամիս այդ չորացած տիղմն էինք հանում հողամասից, որպեսզի նորից կարողանանք մշակել։ Տան ջուրն էլ դույլերով դուրս թափեցինք, բայց դե ամսից ավելի էլ դա տևեց, մինչև որ ամբողջ խոնավությունը դուրս եկավ տնից։ Միայն ծառերին բան չէր եղել՝ չէին վնասվել բոլորովին։ Մի հատ էլ շուն ունեինք, բակում կապած էր։ Երբ հետ եկանք, տեսանք, որ կապը կտրված է, մտածում էինք՝ տեսնես ո՞ւր կլինի, մեկ էլ տեսանք՝ ծառն է բարձրացել ու մնացել այնտեղ։

 

Իսկ էն բոխչաները, որ մեր իրերը կապել էինք ու քեռուս ձեռքից տարավ առվի հոսքը, հենց առվի եզրին տնկած մեր մրգի ծառերի ճյուղերի մեջ գտանք: Ճիշտ է, բերեցինք տուն, ամբողջը ցեխի մեջ էր, բայց դե կարևորը, որ չէր կորել: Ջրառատ առվի երկու կողմում լիքը բալենիներ, խնձորենիներ, տանձենիներ, տարբեր մրգի ծառեր ունեինք տնկած, կապոցները ջրի հոսքի հետ գնացել, դեմ էին առել դրանց ճյուղերին, ասեցինք՝ հալալ ապրանք էր, որ չկորավ:

 

Եղբայրս գրքեր շատ էր կարդում, ընթերցասեր էր ու շատ էր ափսոսում գրքերի համար։ Երբ չորացել էին արդեն, էջերից հատիկ-հատիկ ածելիով մաքրում էր չոր ցեխը։

 

«Սովետական Հայաստան» թերթ, 1946,

 
Image for post
Առինջ-Ավան գյուղերի ճանապարհը հեղեղից հետո

 

26 մայիս, կիրակի, թիվ 122 (7658), էջ 4
Հեղեղ Երևանում
Մայիսի 25-ին, ժամը 20-անց 15 րոպեին ուժեղ անձրևների հետևանքով Երևանում բարձրացավ Գետառ և Ջրվեժ գետերի ջուրը: Ափերից դուրս գալով՝ ջուրն սկսեց հեղեղել Նալբանդյան, Լենինի փողոցները և դրանց հարակից մյուս փողոցները: Պատճառվել են նյութական մեծ վնասներ, կան տուժածներ: Հեղեղի հետևանքները լիկվիդացնելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար գործում է կառավարական հանձնաժողով:

 

***

Մեկ էլ ասում էին, որ «անատոմիկից» դիակներ էր դուրս հանել, դե անատոմիկի դիահերձարանը նկուղային հարկում է, էդ ջրի հոսքն էնքան ուժեղ էր եղել, որ մեռելներին հանել էր փողոց:

 

Մեր տան բակում էլ, չգիտես որտեղից, նավթով լի հսկայական մետաղե տակառ էր հայտնվել: Ես փոքր ժամանակ շատ էի բարձրանում մեր մրգի ծառերը, պտուղ քաղում։ Մի օր բարձրացել էի մեր բալենին, ահագին էլ վերև էի բարձրացել, իսկ մեր հարևանի տղան, որ էլի իմ հասակին էր, ներքևից նայում էր։ Մեկ էլ ինչ-որ շվշվոց եմ լսում, չեմ հասկանում, թե որտեղից է։ Հարևանի տղային հարցրեցի՝ դու ե՞ս շվացնում, ասաց՝ ոչ։ Կողքերս նայեցի, մեկ էլ որ չտեսա՝ այն ճյուղին, որի վրա կանգնած էի, ներքևից օձ էր փաթաթված։ Նույն վայրկյանին ծառից ցած թռա։ Սելավից հետո շատերի բակում էին օձեր հայտնվել, չգիտեմ, գուցե գազանանոցից էին դուրս եկել, դե ջրի հոսքն էդ կողմերից էր եկել:

 
Image for post
Նորքի քանդված կամուրջի տեղը

 

Ջրհեղեղից հետո երկար ժամանակ, երբ անձրև կամ ամպրոպ էր լինում, ես լաց էի լինում։ Ինձ հանգստացնում էին, ասում էին. «Այ Հրաչուհի ջան, մի վախեցի, էլ չի լինի տենց բան, էդ ճանապարհը փակել են»: Բայց առաջին երկու շաբաթը մեզ շատ մտերիմ մի ընտանիքի մոտ մնացի, որովհետև շատ էի վախենում: