Gyumri rocks!
Գյումրի

Gyumri rocks!

Ինչեր էին լսում ու նվագում Գյումրիում մինչև Բամբիռը, և ինչ է կատարվում տեղական ռոք բեմում այսօր։

Տեքստը՝ Կարինե Արոյանի


ԵՐԵՎԱՆ #57 | 2019

#Գյումրի

Գյումրու ռոքի մասին պատմելիս մինչև վերջերս ասում էիր՝ «դե Բամբիռն ա բնականաբար», ու մի փոքր դժվարությամբ սկսում էի հիշել-թվարկել մյուսներին: Բայց դեռ 70-ականներին այստեղ մի ամբողջ ռոք սերունդ էր ձևավորվել, իսկ այսօր արդեն կան Արատտան, Ռոզեն Տալը, Ֆանքավանը, կան դեռ անհայտ կիթառներով տղաներն ու աղջիկները: Գյումրի վերադառնում է կյանքը, բացվում են ակումբներ և գյումրեցիք ավելի ու ավելի հաճախ են նվագում տանն ու հյուրընկալում արտիստների ամբողջ Հայաստանից։ Քաղաքի երակներում հոսող ռոք երաժշտության անցյալի ու ներկայի մասին խոսեցինք տարբեր սերունդների մարդկանց հետ։

 

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅԴ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ ՄՆԱ»

Լյուդա Բիլբիլիդիի մասին իմացա երկու տարի առաջ, երբ լույս տեսավ նրա «Ջազ-ռոքային Գյումրի» հուշերի գիրքը: Անմիջապես friend-request ուղարկեցի, չընդունեց։ Ինչպես հաճախ է լինում Գյումրու առասպելական և լեգենդար մարդկանց հետ, ճիշտ ժամանակը պիտի գա։ Այն է՝ չերեզներով համար ճարել, նախապես զգուշացնել ու մանրամասն ներկայանալ։

 

Մասնագիտությամբ բանասեր Բիլբիլիդին Հայաստանի առաջին կին դիջեյներից է, Գյումրու և Հայաստանի ջազ և ռոք երաժշտական մշակույթի գիտակ և մեծ սիրահար։ Երկար տարիներ աշխատել է «ՏՄ» և «Շանթ» ռադիոկայաններում և «Շիրակ» հեռուստաալիքում։

 

Հանդիպեցինք «Յաղլի հաուս» սրճարանում, որի տեղում կամ հարևանությամբ, ժամանակին մեկ այլ սրճարան կար, մանկական, ուր Լյուդայի դպրոցական տարիներին հավաքվում էր մտածող, կարդացող, խանդավառ երիտասարդությունը: «Ստեղ բլինչիկ էինք գալիս ուտում», — պատմում է Լյուդան՝ զուգահեռաբար պատվիրելով դառը սուրճ։

 

Լուսանկարը՝ Թումոյի ուսանող Նազելի Հակոբյան

 

Մեր հանդիպման նախօրեին Գյումրիում էր վարչաապետ Նիկոլ Փաշինյանը: Այցելել էր Երիտասարդական պալատի Ռոք դպրոց, խոսել էր այնտեղի սաների հետ նրանց խնդիրների, երկար մազերով ու շորտերով քաղաքում շրջելու մարտահրավերների մասին ու խոստացել աջակցել նրանց համերգներին ու կարևոր իրադարձություններին մասնակցելու հարցում: Պատանիներն էլ իրենց հերթին խոսում էին պահպանողական Գյումրիում ռոք-լուսավորչության իրենց առաքելության մասին, ինչը շատ էր ջղայնացրել Լյուդային:

 

«Ինչպե՞ս կարելի է… Այնպես են խոսում, իբր երբեք Գյումրիում ռոք երաժշտություն չի եղել: Ախր պատմություն կա, շատ երաժիշտներ են եղել, ում անունները անգամ չեն լսել, — խոսում է հուզված ու երկար մտածում է: — Բան չմնաց, շատերը երկրաշարժի ժամանակ մահացան, մնացածը գնացին, էնտեղ մահացան: Գրեթե մարդ չի մնացել»:

 

Լենինականի ռոք շարժման մեջ Լյուդան հայտնվեց դասարանցի Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, ով 1967-ին դարձավ ամենաառաջին ռոք խմբերից մեկի՝ «Անգին քարերի» անդամ. «Միասին սկսեցինք գնալ համերգների։ «Շիրակ» վոկալ-ինստրումենտալ անսամբլը կար, առաջին բիգ-բենդն էր, նվագում էին Տեքստիլի մշակույթի տանը։ Իրենց համերգներից մեկից հետո է առաջացել «Անգին քարերի» ստեղծման գաղափարը։ 1969-ին խմբին միացավ Բամբիռի ապագա ստեղծող Գագիկ «Ջագ» Բարսեղյանը։ Ոչ մի լուսանկար ու տեսագրություն չի պահպանվել։ 70-ականներն էին։ Բրեժնևի օրոք Բիթլզ նվագելը անհնարին էր։ Բայց Լենինականի խմբերը նվագում էին։ Ռոք էին նվագում, Բիթլզի, Ռոլինգ Սթոունզի ու Հենդրիքսի գործերը, հայկական երգեր, իրենց սեփական երգերն էլ։ Իսկ սեփական երգերը, առանց հաստատման ու թույլտվության, նվագել չէր կարելի»։

 

  

Լյուդան և Տաթևիկ Հովհաննիսյանը

 

 

 

Էն ժամանակ, 80-ականներին, Քութայիսյան ու Մանուշյան փողոցներում «նոր եկողների» թաղամասեր էին։ Հայրենադարձ հայերը ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Լիբանանից ոչ միայն ջինս էին բերում, այլև սկավառակներ (Լյուդան չի մոռանում շեշտել, որ սարսափելի թանկ էին վաճառում): Միասին թերթում ենք գիրքը. «Նայի դեմքերին։ Ինչ լուսավոր են։ — Ցույց է տալիս գրքի սև-սպիտակ նկարներից մեկ. — ահա, Նատաշան, շատ տաղանդավոր էր։ Ամբողջ ընտանիքով զոհվեցին։ 10 քույր էին, բոլորը տանն էին։ Լրիվ ուրիշ քաղաք էր, ինչ մարդիկ էին»։ Հետո հիշում է, որ ռոք նվագելու համար ստիպված էին ընկերանալ Կոմսոմոլի հետ, որ մի քիչ փող էր տային ու չխանգարեին գործ անել։ «Ես լեգենդ էի հորինել, որ Ջոն Լենոնը սևամորթ է և շատ է հալածվել: Ու հավատում էին հիմարները»։ Անհավատալի է, բայց արդյունքում Սևյանի անվան մշակույթի պալատում տեղական խմբերը օրը երեք համաերգ էին տալիս։

 

Ես հիշեցնում եմ, որ ակումբը շուտով վերականգնելու են։ «Մինչև վերականգնեն, էլ մարդ չի մնա, — հակադարձում է Լյուդան ու շարունակում հիշել. — Մենք վաճառում էինք ինչ ունենք, տղաները կիթառներ էին առնում, իսկ ես՝ սկավառակներ։ Հանրապետության ամենահարուստ լսադարանը ես ունեի, 1000 սկավառակ։ Մենակ Շուշան Պետրոսյանի մոտ եմ տեսել նման մեծ լսադարան, բայց իմն ավելի լավն էր։ Հետո մի պահ հասկացա, որ կոլեկցիոներ լինելը սարսափելի բան է։ Ու բաժանեցի ամենը ընկերներիս։ Հետո Տաթևիկ Հովհաննիսյանին տեսա, 85-ին կայացավ նրա առաջին հեղինակային երեկոն։ Ես էի վարողը։ Լուսանկար ունեմ»։

 

«Կարևոր բան եք անում, ձեր շնորհիվ չեն կորչի այս մարդկանց անունները», — ասում եմ։ Լյուդան պատմում է իր երազանքի մասին. «Ուզում եմ, որ այդ բոլոր մարդկանց հիշատակը մնա: Հենց այստեղ, ուր հավաքվում, վիճում, խոսում էինք։ Այ, օրինակ, ոնց կա Լիվերպուլում Բիթլզի արձանը, ստեղ մի արձան լիներ, աբստրակտ՝ կիթառներով տղաներ։ Ամեն տարի ստեղ հավաքվեինք, փառատոն անեինք, հիշեցինք նրանց, ովքեր էլ չկան։ Ամեն բանի համար արձան կա։ Իսկ երաժիշտները… որ այսպիսի դեր ունեն…»։

 

«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄ ՉԿԱՐ»

Հաջորդ օրը նույն սրճարանում հանդիպեցինք Լյուդայի, Վարդան Թոքմաջյանի (Լենինականի առաջին մետալ խումբ «Արեգակից» (1976), Լյուդայի խոսքերով՝ առաջինն էին Գյումրիում երկար մազերով ու կաշվե կոստյումներով բեմ բարձրանում, ու ընդհանրապես Վարդանը կենդանի լեգենդ է) և Անիկո Հովհաննիսյանի հետ։ Երկուսն էլ մեծ սիրով ու խանդավառությամբ պատմում են իրենց ռոք երիտասարդության մասին։

 

Վարդան Թոքմաջյանի «Արեգակը», 1980-ականներ | Լյուդա Բիլբիլիդիի անձնական արխիվ

 

Անիկոն, Անահիտ Հովհաննիսյանը «Արագած» (1970) խմբում էր երգում 1977-ից։ Այսօր Հայաստանի պետական կամերային երգչախմբում է երգում։ Այն օրերի մասին խոսում է նրբությամբ, բայց առանց նոստալգիկ սենտիմենտալության. «Գիտեք ինչն էր ամենակարևորը՝ դիլետանտիզմ չկար։ Շատ էինք աշխատում, կրթվում, ամբողջությամբ ներդրվում էինք։ Տեխնիկան վատն էր, երբեմն մի կերպ էինք լուցկու չոփով, իզալենտով կպցնում լարերը, բայց դա ոչ մեկ չէր իմանում»։

 

Երեքը միասին սկսում են խոսել մինչև 80-ականները ստեղծված հանճարեղ ռոք խմբերի յուրահատուկ «ձայնի» մասին, ու այն մասին, որ այսօր շատ խմբեր գրեթե նույն հնչողությունն ունեն։ Անցնելով Հայաստանյան երաժիշտներին, բոլորը ծիծաղելով համաձայնվում են այն մտքի հետ, որ Լյուդան բոլորի միջից ամենախիստն ու անհանդուրժողականն է անորակի հանդեպ։

 

«Արեգակ», 1987

 

Նախկին մետալիստ Վարդան Թոքմաջյանի մազերը արդեն կարճ են ու սպիտակ, բայց ձայնն ու աչքերը անբացատրելիորեն երիտասարդ են։ Հիշում է՝ ինչպես էին ձայնագրություններ լսելով սովորում նվագել։ Սեփական երգերից որոշները դեռ հիշում է։ Ասում է, որ տանը, Մոսկվայում ունի որոշ բաներ պահպանված։ Վերջին տարիներին մի քանի ռոք բալլադ է ձայնագրել ռուսաստանյան երաժիշտների հետ, բայց երաժշտությունը նրա հիմնական զբաղմունքը չէ։ «Դե այսպես է դասավորվել, — ասում է ժպտալով, — միշտ էլ կոնտրաստը շատ է եղել կյանքումս։ Հիմա որ հարցնում են ո՞վ ես, ի՞նչ ես, ասում եմ, որ այն ժամանակ, երբ սանտեխնիկ չեմ, ջեռուցման համակարգեր չեմ տեղադրում, երաժիշտությամբ եմ զբաղվում, նվագում եմ ակումբներում։ Ու ցույց եմ տալիս յութուբում եղած ձայնագրությունները»։

 

Ոչ դառնացած է, ոչ էլ չափազանց լավատես։ Բայց դե, ո՞վ չգիտի, որ երկրաշարժի 40 վայրկյանը փոխեցին ամեն ինչ, նույնիսկ նրանց մոտ, ովքեր ազգական չէին կորցրել։

 

Երբ ասում եմ, որ իրենք պետք են երիտասարդ սերնդին, ժպտում է ու ասում, որ սիրով կգան, կզբաղվեն, կփոխանցեն իրենց լիցքը ու փորձը, բայց ու՞ր գան ու ինչպե՞ս։ Եթե հարթակ լինի, հրավիրող լինի, մեկը նախաձեռնի՝ բա իհարկե, իհարկե կգան։

 

«ՄԵՆՔ ՄԻՇՏ ՆՎԱԳՈՒՄ ԷԻՆՔ ԵՎ ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉԷԻՆՔ ԱՆՈՒՄ»

Փաստ. Լենինականի հին խմբերից ոչ մեկը չեն մնացել, միայն «Բամբիռն» է գոյատևել։ Ինչու՞մն է խմբի այս կենսունակությունը։ Խմբի երկրորդ սերնդի անդամ, ֆլեյտահար Արիկ Գրիգորյանի կարծիքով՝ գաղտնիքը երաժշտությանը նվիրված լինելն է։ «Բամբիռը 70-ականներից է այս գործի մեջ, առնչվել է Սովետի բարդությունների հետ, տեսել է փլուզումը, Հայաստանի անկախությունը, արտագաղթը, ներգաղթը, բայց միշտ ստեղծագործել է։ Մենք միշտ նվագում էինք և ուրիշ բան չէինք անում. դա էր մեր կյանքն ու ապրուստը: Երևի դա է պատճառը, որ մինչև այսօր կանք, — ասում է երաժիշտը: — «Երիտասարդները, Rozen Tal-ը, Արատտան, չէ՞ որ ոգեշնչվում են այլ խմբերից, այդ թվում Բամբիռից։ Որ չլիներ այս ուժը, չէին ոգեշնչվի, չէին խորանա ֆոլքի, ռոքի մեջ։ Իմ համար էլ ամենամեծ ոգեշնչումը Բամբիռն է եղել, մեծերը: Իրենց ֆոլքը մատուցելու ձևն էր, որ ինձ ոգեշնչեց խորանալ, ուսումնասիրել այդ երաժշտությունը»։

 

Երբ հարցնում եմ, թե ինչն է առանձնացնում Գյումրու երաժշտությունը, մի փոքր զարմանում է, ու ասում, որ Հայաստանը շատ փոքր է, տարածքով դժվար ինչ-որ բան պայմանավորված լինի, բայց նաև նկատում է, որ այս հին մշակութային կենտրոնի աշխարհագրությունն է այնպիսին, որ շատ է եղել շփումը Վրաստանի, Թուրքիաայի, Պարսկաստանի հետ: «Մեկ էլ դե աղետներն են շատ եղել. մարդկանց ձիրքը, պայքարը ավելի մեծ է, ջանքը շատ է, հետևաբար արդյունքն էլ երևում է»։

 

Նոր «Բամբիռի» Նարեկն ու Արիկը՝ 2016-ի ռոք փառատոնին | Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

 

Հիշում եմ 2016 թվի ռոք ֆեսթը, երբ Սև բերդը թնդում էր։ Ինձ միշտ թվում էր, որ այդ երեկոն շրջադարձային էր Գյումրու համար՝ թե երաժշտական առումով, թե ինչ-որ ավելի լայն իմաստով՝ զարթոնքի։ Հիմա արդեն շատ են սկսել գալ երաժիշտներ Երևանից, նոր տեղեր են բացվում… Արիկը համաձայնում է և պատմում, թե ինչպես էր ոչ վաղ անցյալում. «Գյումրիում փաբային կամ ակումբային կուլտուրա չի եղել։ Ռեստորաններ են եղել, մարդիկ գնացել են կենդանի երաժշտություն են լսել, ուրախացել են։ Բայց որ գնաս, հանգիստ նստես, գարեջուր խմես ու երաժշտություն լսես, նման մշակույթ չի եղել։ Միշտ համարվել է, որ երեկոյան ակումբ թեթևաբարո կանայք են գնում, և նման հաճույքներ փնտրող տղամարդիկ։ Բայց հիմա տեսնում են, որ լավ բան է՝ գնալ, լավ երաժշտություն լսել։ Իհարկե, պետք է բացվեն նոր ակումբներ, բայց պետք է նաև ներդրումներ արվեն ու աշխատատեղեր ստեղծվեն, որ մարդիկ փող ունենան այնտեղ գնալու»։

 

Հին «Բամբիռի» Ջագը՝ Garage ակումբում | Լուսանկարը՝ facebook.com/garageclubgyumri

 

Ասում է, որ հիմա նոր կառավարութունը, կարծես, ավելի շատ ուշադություն է դարձնում քաղաքին։ «Վերջերս էլ գնացել էի, տեսա, որ տուրիստներն էին շատ, կաֆեներում տեղ չկար, մարդիկ ժպտում էին, — ասում է Արիկը, — Հուսամ՝ ճանապարհն էլ որ կսարքեն, որ մարդիկ կարողանան ավելի հեշտ գնալ-գալ, նույնիսկ Գյումրիում ապրել ու Երևան գործի գնալ։

 

Գյումրին Հայաստանի ամենակարևոր կենտրոններից է ու չպիտի այսպես խեղճ ու կրակ լինի։ Պիտի զարգանա, ծաղկի ու նոր տաղանդներ տա»։
 

 

«10 ՀԱԶԱՐՈՎ ՆՎԱԳԵԼԸ ՆՈՐՄԱԼ ՉԻ»

Արատտայի Տարոն Գրիգորյանը արդեն նոր սերնդի գյումռոքցի է։ Երբ հարցնում եմ նախորդ սերունդների ազդեցության մասին, ասում է, որ քանի որ 70–80-ականների ռոք սերնդի ժառանգությունից բան չի մնացել, դժվար կլինի ասել, որ ինչ-որ կերպ ազդել են խմբի վրա, թեպետ «Անգին քարերն» ու «Բամբիռը» առաջնային ոգեշնչման աղբյուր են էղել:

 

«Արատտայի» Տարոնը՝ Սև բերդի ռոք փառատոնի ժամանակ | Լուսանկարը՝ facebook.com/ArattaMusic

 

«Ոճային առումով, դե Լեննագանի ռոքից զգացվում է էտ սև ու մութ քաղաքի տրամադրությունը, ագրեսիան», — բացատրում է Տարոնը: Ընդհանուր երաժշտական շարժը ո՞նց է Գյումրիում, հարցնում եմ Տարոնին։ Ու՞ր է գնում:

 

Քննարկում ենք, մասնավորապես, տնտեսական մասը. «Պարզ, գրպանս էկող գումարից էլ եմ զգում, տարեցտարի լավանում է, համերգների գինը 1–2 տարվա մեջ հնգապատիկ աճել է, պրոգրես կա: Նաև մեր դիրքորոշումից է. մի օր ընդհանուր քաղաքի երաժիշտների հետ խոսացինք, ասեցինք էկեք գինը բարձրացնենք, նորմալ չէ, որ երաժիշտը 10,000 ստանա համերգի համար: Ու սկսեցինք չնվագել նման գներով»: Եվ որ ոչ պակաս կարևոր է, աճում է լսարանն ու վերջապես ավելանում են դահլիճները, որտեղ կարելի է ելույթ ունենալ: Եվ իհարկե, ռոք բեմում լսելու շատ բան կա. «Լավ խմբեր կան, որ սիրում եմ. Կաթիլը, Խնձորի սոկը, Rozen Tal-ը լավն են: Ռոքից դուրս էլ շատ տարբեր բաներ եմ լսում, Երևանի ակումբներում լավ էլեկտրոնային երաժշտություն կա, նույնպես հաճախ եմ գնում: Բայց ավելի շատ խմբեր են պետք, ավելի շատ շարժ, որը կբերի աշխատատեղերի, աշխուժացման։ Չնայած, էդ անվերջ փարթիներն էլ չպիտի խանգարեն ստեղծագործելուն։ Ես ստեղ եմ կարողանում ստեղծագործել։ Ճամփորդելիս ներսիս դատարկությունը լրացնում եմ, բայց էդ ամեն ինչը դուրս հանելու, արտահայտելու ամենալավ տեղը Լեննականն է»:

 

ՍԵՎ ԲԵՐԴԻՑ ՈՒ ՌՈԲՍԻՑ ՀԵՏՈ

Ռոք դպրոցը՝ քաղաքի օրը | Լուսանկարը՝ Մհեր Կարապետյանի

 

2016-ի ռոք ֆեստի ժամանակ հայկական ռոքի գլխավոր շամանները շարժման մեջ բերեցին անտեսանելի անիվներ։ Այդ օրը, կարծես, ոչ միայն ինքը, Գյումրին, թոթափեց ծանր երազը, նաև հոկտեմբերի այդ արևոտ ուիքենդին Գյումրու օրը նշող մարդկանց աչքերում, մտքերում, սրտերում վերածնվեց ուրվական համարվող քաղաքը։ Ամբողջ Երևանն այստեղ էր, ամբողջ Գյումրին էր այստեղ, թե՛ երիտասարդներ, թե՛ պապիկներ ու թոռներ։

 

Էդ նույն ժամանակ մեկ այլ, ուրիշ տեղից եկող ընդհատակային ցնցումներ էին տեղի ունենում. Գյումրիում արդեն Rob’s կար։ Ոլոր-մոլոր փողոցներում կորած սեփական տան ներսում ու բակում բարձր ծիծաղ էր լսվում, փորձերի ու համերգների էլ ավելի բարձր երաժշտությունը։ Բոլորն այստեղ էին, գալիս էին կողքից նայելու կամ ուրախանալու։ Մի տեղ էր, որը դեպի Գյումրի սկսեց ձգել մեծ ուսապարկերով ճամփորներին ու Երևանի չորս պատերի մեջ գժվող երիտասարդությանը։ Քիչ գոյատևեց, բայց ոչ մի տեղ չգնաց։ Գյումրին էլ նույնը չէր լինելու։ Ռոքն ապրում է Գյումրիում։