Իդեալական օր Գյումրիում
Մենք մերոնցով

Իդեալական օր Գյումրիում

Ինչ պետք է տեսնել, ուտել, խմել, լսել, անել, եթե առավոտյան եկել եք Ալեքպոլ և ունեք ժամանակ մինչև երեկո։

Տեքստը՝ Կարինե Արոյանի


Լուսանկարները՝ Առնոս Մարտիրոսյանի, Մհեր Կարապետյանի


ԵՐԵՎԱՆ #57 | 2019

#ՆերքինՏուրիզմ #Գյումրի

Open Gyumri նախաձեռնության համակարգող և պարզապես Գյումրու մեծ սիրահար Կարինե Արոյանը պատմում է, թե ինչ կարելի է, պետք է կամ պարզապես չէր խանգարի տեսնել, ուտել, խմել, լսել, անել, եթե առավոտյան եկել եք Ալեքպոլ և ունեք ժամանակ մինչև երեկո։

 

 

Երբ ամերիակահայ գործընկերս առաջին անգամ հայտնվեց Գյումրիում, սառը նոյեմբեր էր։ Մեղավոր նայում էր շուրջը, հետո ասաց. «Where is the culture? Show me the culture». Ի՞նչ անես, եթե գիտես, որ կա, բայց ցույց տալ չես կարող։ Ամեն մարդ ինքը պիտի գտնի։ Էս տեքստում շատ եմ ասելու «եթե բախտ վիճակվի», «եթե ստացվի», «եթե կարողանաք»։ Որովհետև էդ է Գյումրին. երբեմն ժամանակավոր անհասանելի ու անտեսանելի։ Ամեն դեպքում, գալուց առաջ ստուգեք լուսնային օրը։ Կրնա էղնի, որ էլ երբեք չուզեք հետ գալ, կրնա էղնի, որ չուզեք գնալ։

 

Առաջին անգամ գնալուց հիացած նայում ես հին շենքերի ռելիեֆներին, փայտե դռներին, էլեգանտ բորբոսներին ու քարաքոսերին, անկուշտ նկարում ես սպիտակ խալաթներով վարսավիրներին, որ 70-ականներից մկրատները ցած չեն դրել, քայլում ես Ձիթողցոնց տան հով սրահներում, Վարդանանց հրապարակում ես պտտվում։ Եթե օրդ երկար լինի՝ Մհեր Մկրտչյանի, Շիրազի կամ Իսահակյանի թանգարանների մոտով կամ միջով կանցնես, Վիլլա Կարսի դարպասից ներս կնայես ու կսողոսկես հրաշք բակ՝ խանգարելով երազկոտ կատուներին… Հնարավոր է՝ պարոն Մոնտալտոն հայտնվի ու նույն րոպեին անհետանա դռներից մեկում։

 

Շատ եմ լսել, որ Գյումրիում երկրորդ անգամ գնալուց էլ «Բան չկա անելու, ձանձրանում եմ»: է, հենց էդ է, մի՛ արա, ձանձրացի՛։ Ո՞վ է ասել, որ պիտի անընդհատ ինչ-որ բան անես։ Անում է Գյումրին, իսկ դու նայում ես։ Գյումրիում պիտի երբեմն լռել, ձանձրանալ, շնչել, տեսնել հորիզոնը, վայելել՝ առանց սպառելու։

Թափառել

Եթե գնացքով եք գալիս, կամ ուղղակի հայտնվում եք երկաթգծի կայարանի հարևանությամբ, մի ժամ նախատեսեք. քայլեք շենքի արձագանքող սրահներում, նայեք վերև, առաստաղի կենտրոնին, մի քանի կադր արեք, հետո ձախ ու աջ՝ երկու հին որմնանկարներ կան։

 

Շենքի բակից մտեք աննկատ կաթկթացող ստորգետնյա անցում ու հիշեք պատանեկության պզուկներն ու միայնությունը։ Էս տարածքը շատ են սիրում դպրոցականները, թափառում են, հեծանիվ են քշում, անվերջ խոսում ու նկարվում են։ Քայլեք գծերից էն կողմ, անպայման գնացեք հին դեպոյի շենքերի մոտ։ Կարող եք գծերով էլ անցնել, բայց զգույշ, գնացքները շատանում են։ Փոշոտ ու խաղաղ օգոստոսին արժի գնալ էն բոլոր տեղերով, ուր երբեք ոտքերդ չէին հասել. էս փլատակ մտնենք, էս թուփը ստուգենք, մեկ էլ էն ուրվական կիսակառույցը։

 

Եթե 58 հասնեք, ուրեմն շարունակեք քայլել մինչև Գյումրի Շալե՝ մի ընտանիքի կյանքի գործ, հյուրատուն-ամեն ինչ. մի տեղ, ուր կա հին քաղաքի շունչը, դարավոր դաշմանուր, արխիվային օրաթերթեր, Ալեքսանդրապոլի հազվագյուտ լուսանկարներ, թավշյա նստատեղերով աթոռներ, արհեստանոց, գամփռեր ու վանակատուներ։

 
 

«Մեր մանկության տանգոյի» լեգենդար պատշգամբը

 

Վերջին տարիներին Գյումրու կենտրոնն ինձ համար տեղափոխվել է Տիգրան Մեծ, դրա համար մի քիչ պատմեմ։ Տիգրան Մեծ, նախկին Ինտերնացիոնալ փողոցը կապում է երկաթգծի կայարանն Անկախության հրապարակի հետ, որտեղ առաջվա Չուլոչնու (գուլպայի գործարան) շենքն է, Գեղարվեստի ակադեմիան, երեք րոպե դեպի ձախ՝ թատրոնը, 5 րոպե դեպի աջ՝ մարզպետարանը։ Փողոցի մի մայթը Կումայրի արգելոցի, այսինքն պատմական կենտրոնի մաս է կազմում, բայց ճարտարապետությունը շատ տարբերվում է քաղաքի մնացած փողոցներից. սպիտակ ու դեղին արևելյան կամարներով երկհարկանիներ են, կառուցվել են 1930-ականներին։

 

Փողոցը երկու մասի բաժանող լայն խաչմերուկը հայտնի է որպես «Զույգաղբյուր»։ Ինտերնացիոնալը բավական ինտրովերտ փողոց է թվում, քանի որ շատ մարդ չկա, ու նույնիսկ փոքր հացի փռի կասկածամիտ տատիներն «անհատներին լավաշ չեն ծախում», բայց ստեղ կան լիքը դռներ, որոնք պետք է ռիսկով բացել։

 

«Արվեստանոց» արվեստանոցում, օրինակ, ապրում ու ստեղծագործում են նկարիչներ Մամիկոն ու Կարլեն Վարդերեսյանները, նրանց երկու շունն ու … մոտ 200 թռչունները։ Ստեղ է քաղաքի միակ որսորդական խանութը, հարգված Պեռաժկիանոցը, ուր արժի վառվելով ուտել գոնե մի հատ կրակոտ կարկանդակ՝ 10 րոպե սպասելով պատվերին վաճառողուհու խիստ հայացքի ներքո։

 
«Արվեստանոց» արվեստանոցի թռչունները
 

Մի քանի քայլ էն կողմ վերջերս բացվեց Շիրակի ուտելիք-խմելիքների «Գվուգ» գաստրո-տունը, ուր կարելի է ոչ միայն համով ուտել, այլև տնեցիքի համար դելիկատեսներ առնել՝ թարմ մեղր կամ կանաչ պանիր։ Գվուգենց հարևան է արխայիկ «Վարձույթը», ուր կան հնամաշ իշոտնուկներ, ծուռ սովետական ափսեներ ու օղու բաժակներ ուրախ ու տխուր առիթների համար։ Ստեղ մի թաս օղի հյուրասիրվելն ավելի հավանական է։

 

Էս նույն թաղերում, եթե նախապես պայմանավորվեք, կգտնեք Հայաստանում միակ Բոինգ օդանավի սիմուլյատորը և ընդամենը 5000 դրամով 1 ժամ կճախրեք վիրտուալ երկնքում։ Եթե օդը և թռիչք շատ եք սիրում, բաց չթողեք ամենամյա Fly-fest-ը։

 

Գորկու այգու մեքենաների ատրակցիոններից մեկն էրկու տարուց առանց հաջող անելու կգնա, էնքան հին է, փորձեք հասցնել։ Անպայման 15 րոպե նստել պտտվող անիվ՝ դա ամենաէյֆորիկ պահն է անկախ եղանակից ու օրվա ժամից. Գյումրին վերևից արևի կամ մշուշի մեջ միշտ սիրուն է։ Մայր Հայաստանի արձանը դեղին ու կանաչ թավշյա ալիք-բլուրների մեջ, ԹՈՒՄՈ-ի ստրոյկեն ու «վառեմ-մարեմի» կիսաքանդ շենքը (ուր նկարել են «Մեր մանկության տանգոն»), Գորկի սադը, եկեղեցիների գմբեթները, կարմիր ու մոխրագույն կտուրները, ծառերը, սարերը, քաղաքի խաղաղ դզզոցը:

 

Մարդիկ

Շատ ես լսում, որ Գյումրին վարպետների քաղաք է, բայց գալուց տալիս ես էն խեղճ տղու հարցից. «Ու՞ր են վարպետները, ցո՛ւյց տվեք ինձ նրանց»։ Գյումրին իսկապես ճանաչելու համար պիտի գտնես էն մեկին կամ ավելի լավ է՝ մի քանիսին, ով քեզ կպատմի Ալեքպոլի ու Լեննագանի մասին, իսկ հետո կանցկացնի սև-սպիտակ լուսանկարների նոստալգիկ մշուշներից էն կողմ, սովորական ռելսերից էն կողմ, ցույց կտա ներկայի քաղաքը, ժամանակավոր ընդհատակ անցած վարպետներին, ում մուրճերի ձայները չես լսի անզեն ականջով, կտանի քեզ տներ, բակեր, չոլեր, փլատակներ։

 

Գյումրիում բոլորը խոսում են ֆայտոններից, բայց ստեղ չես տեսնի ֆայտոններ, եթե ինչ-որ տոնական օր չես հայտնվել ստեղ։ Մտածում ես՝ բա ո՞ւր են ֆայտոնները, ցույց տվեք ինձ դրանք, մեկ էլ մի օր Ռուսթավելու հետևի բակերում թափառելուց հայտնվում ես ֆայտոնի վարպետ Սամվելի բակում, որը լեգենդար ֆայտոնի վարպետ Գրիշի թոռն է։

 

Գյումրին անվերջ փազլ է, բազմաշերտ է ու սկզբի լսածդ վերացական միֆերից ու կլիշեներից անցնում ես մարդկանց ու մարդկանց միջոցով նոր սկսում ես ճանաչել քաղաքը։ Մարդիկ կարևոր են, ու հատկապես էն մարդիկ, ում հետևից կքայլես քաղաքում, ովքեր կընտրեն, թե որ կտորները դնեն ափսեդ։ 5 տարի կլինի, որ կյանքս ու գործս կապված են էս քաղաքի հետ, բայց հաճախ հասկանում եմ, որ բան էլ չգիտեմ։ Գյումրին ինձ համար երկու անգամ հեղափոխվեց, մեկ երբ մեր ուսուցիչը (Նազարեթ Կարոյանը) երեք երևակայական կուրատորներիս՝ ինձ, Լիլիթին ու Թերեզին բերեց Գյումրի առասպելական արվեստային թրիփի արվեստանոցներով, տեղերով, տներով, մարդկանցով ու թանգարաններով։

 

2016-ի Rock-Fest-ին, երբ նենց զգացողություն էր, որ դարեր քնած դռակոններ են արթնացել ու երջանկությունից պարում են։ Իմ ներքին ժամացույցով Գյումրու դռները բացվեցին ու էլ չփակվեցին հենց էդ օրը, երբ Rob’s-ում իրարից խլում էինք չաղ ու բախտավոր կարմիր կատվին ու մի պահ Մանուի հետ իրար նայեցինք ու հասկացանք, որ մյուս տարի մեր «Հարթակ» փառատոնը Գյումրիում է լինելու:

 
 
 

Ջահել մեկը կասի, որ երկրաշարժի վախտ Լեննագանը բլավ, Գյումրին մնաց, իսկ հրապարակի ժամագործ պապին ափսոսանքով կթափահարի գլուխն ու կհիշի կոմունիստների վախտվա առատությունն ու կշարունակի փորփրել կանգնած ժամացույցները։ Փորձեք բռնել այսօրվա քաղաքի ներկան, կոնտրաստները, հակասությունները, հանգածն ու վառվողը, «ամենավառ արևից առաջացող ամենասև ստվերը»։

 

Հետևեք մարդկանց, իրական կյանքում, ֆեյսբուքում, տեսեք ինչով են ապրում, ում հետ են նկարվում, ում զարդերն են կրում, ում սարքած խաղալիքներն են առնում իրենց էրեխեքին։

 

Ստեղ կա բազմազանություն առանց բթացնող բազմության, ամեն դասախոսությունն իրադարձություն է, ամեն նոր սրճարանը՝ երկար սպասված։ Էսօրվա Գյումրիներն էնքան իրական են, որ ես մեկ-մեկ ինքս ինձ երազ եմ թվում։ Նրանք, որ անցյալը մտքում ներկան են բուժում, չեն հավատում, որ հենց նենց մի օր լավ կլինի:

 

Քիչ են խոսում ու կատաղած գործ են անում, չոր ընդհատում են քեզ, երբ կեղծիք են կասկածում Գյումու մասին ասածդ «պուպուշ» խոսքերի մեջ։ Երևանում թվացող զբաղվածության հետ սուրճի համար միշտ կգտնվի կես ժամ — մի ժամ, երբեմն օրվա մեջ մի քանի անգամ: Գյումրիում, ինչքան էլ ամեն բարևից հետո «կոֆեմը խմե՞նք» հարցն ա հնչում, մատնոցբաժակն էրգու բերան բան է, պարապություն չկա մեջը։

 

Ուտել / խմել

Ասեմ, որ իմ խոհուրդներն իմ բնավորության պես կցկտուր են ու հիմնված են իմ պատահականություններով լի փորձ ու փորձանքի վրա։

 

Եվ այսպես, ուր ուտել: Լիքը տեղ, իրականում։ Ավանդականներից՝ Ձկան ձոր ու «Պոլոզ Մուկուչ», սրանք այսպես ասած experience-ի տեղերն են։ Օրինակ, «Մուկուչում» պատրաստ եղեք հանձնվել ճակատագրին, որովհետև մենյուն պայմանական է (հայատառ-անգլալեզու), իսկ գնացուցակ չկա։ Կա ծյոծը, որ ասում է՝ «հմի կբերեմ» ու վերադառնում է զակուսկիների սկուտեղով, որն անիմաստ է դարձնում մնացած պատվերը։ Հա, մեկ էլ լցնովի գարեջուր խմեք ստեղ, դա ծեսի մաս է։

 

Herbs & Honey

 

Մեղրուբույսը, նույն ինքը՝ Herbs & Honey-ն, էն must go սիրուն տեղն է, ուր ապրում են ամենաանդիմադրելի տորթերն ու Շիրակի ֆանտաստիկ մեղրն ու խոտաբույսերը։ Մենյուն շատ առողջ է ու խելացի, կան դետոքս կոկտեյլներ, իրենց սեփական հացը. երևի քաղաքի ամենահարմար տեղն է բուսակերների համար։

 

Ստեղ նաև կգտնեք ղայֆա՝ գարուց պատրաստված սուրճի պես մի բան։ Էն զիլ վարսավիրանոցից մի քիչ ներքևը՝ Աբովյան փողովի սկզբում, կա «Արեգակը»՝ Հայաստանի առաջին ներառական սրճարանը։ Երբ տեսնես դրսից, կուզես բոլոր հացերն ու կրուասանները քոնը լինեն։ Իզուր չի, որ Արմեն Սարգսյանը միշտ գալիս է արեգակցիներին հյուր։

 

Նոր ֆենսի տեղերից վերջերս բացված Ֆլորենսը, որը ներսից ու բակի կողմից նաև շատ Instagrammable է (բայց ճարտարապետները քլնգում են, ասում են՝ շենքի պատմական ֆասադը փչացրել են)։ Գյումրեցիները սիրում են Հացատուն պանդոկը. «Լավ պոչի խաշլամա են տալիս»: Եթե դուխներդ հերիքի, ձմռանը էկեք ուտելու քյալլա՝ փուռը դրած կովի գլուխ։ Եթե ոտի վրա մի հավես բան եք ուզում, մտեք Պոնչիկ-մոնչիկ, հերթերից չվախենաք, արագ են բավականին։ Բարակ խրթրխրթան խմորի ներսում կա լիքը օդ ու մի քիչ կրեմ, շատ չեք չաղանա։

 

Նայել

Գալուց առաջ արժի ստուգել՝ կա՞ արդյոք նոր ցուցադրություն Ասլամազյան քույրերի պատկերասրահում (կին արվեստագետների միակ պատկերասրահը Հայաստանում), «Բեռլին» հյուրանոցի ցուցասրահում ու «Սթիլ» թանգարանում։ Եթե կա, ուրեմն թույն, եթե չկա էլ, մեկ է՝ մտե՛ք։

 

Berlin Art Hotel-ի մոտով անցնելուց միշտ մտնում եմ, որ առնեմ մի երկու բացիկ ու չուղարկեմ: Հյուրանոցի հանգստությունն ու հենց շեմից սկսվող art-ն էլի էն փորձառություններից է, որ քայլում ես միջանցքով ու անգիր գիտես որոշ գործերի տեղերը, նայում ես իրանց, ոնց որ հին ծանոթի ու «բարև» ասում, հետո դեմդ դուրս ա գալիս Գոհար Մարտիրոսյանի մեծ կապույտ օվկիանոս տիեզերքը կամ Հրաչ Վարդանյանի՝ խոնավ հողի նման կտավը։

 
Amigo փաբը
 
Garage ակումբը
 
DeGar տատու սալոն

 

Է՞լ։ Ասեմ. Հայորդաց տուն ու Մերկուրովի անվան արվեստի դպրոցը, որը, ասում են, Հարավային Կովկասի ամենահին արվեստի դպրոցն է: Ստեղ էրեխեքի նկարներն ու քանդակներն են, որ դեռ չեն գիտակցել իրենց արվեստ լինելը։ Կպած համոզում էի ինձ զինվորնապաստակի նկարը վաճառեն։ Չստացվեց։ Ստեղ տեղը քիչ է, շատ բան չկա անելու, կարողանում ես կենտրոնանալ ու ստեղծագործել՝ Հայորդացի Արտուշն ասեց մի անգամ: Հետո ասեց, Գյումրիում պետք ա անես, իսկ Երևան տանես ցույց տաս:

 

Եթե սաղ տեսել եք ու հոգնած եք ու էլ ուտելու ուժ չունեք, իսկ խմելու գնալը դեռ շատ շուտ է, ինչ ասեմ, գնացեք DeGar տատու ստուդիա, մարդա մի հատ բրուտալ դաջվածք խփեք ու նոր գնացե՛ք Garage կլուբ (եթե բախտներդ բերի Բամբիռենց կլսեք կամ այլ երկնային մարմինների) կամ Amigo՝ առաջին ու ոնց որ թե միակ փաբը Գյումրիում։

 

Դե կտեսնվենք

Ճանապարհը հրապարակից կայարան երեկոյան ժամերին միշտ քամոտ ու փոշոտ է։ Աչքի ծայրով հասցնում եմ նկատել ծուռումուռ ոտուձեռով մանեկեններին, տիկնիկներին, ձիուկ-իշուկներին, ռետինե կոշիկների, գերանդիների ու շինանյութի շարանները, մինչև հասնեմ ավտոկայան, վերջին մարշրուտնին հենց նոր գնաց։ Մի քայլ քայլ էն կողմ կես րոպեն մեկ մոնոտոն դիմում է ոչ մեկին. «տա-ա-աքսով Էրևա՜ն… Է-է-էրևա՜ն տաքսով» ու դու խցկվում ես տաքսի, հաջող ես անում հին գնացքի գծերին, գործարանների ու կոմբինատների կմախքներին, չոլերին։

 

Գյումրին որ սիրում ես, դա երբեք էն շաքարակալած սերը չի. էնքան եմ կատաղել Գյումրիում, գրկաբացի ու սիրունի կողքին տեսել եմ փակն ու մերժողականը: Բայց ամեն անգամ քաղաք մտնելուց շնչառությունս դառնում է անհամբերություն։ Անհամբերություն ու կարոտ։

 

Գիտեմ, որ, հավանաբար, նոր բան չեմ տեսնի, կախված տարվա եղանակից սառած կամ շոգած կգնամ երկաթգիծ, կանցնեմ Ինտերնացիոնալով, եթե բախտս բերի, կբարևեմ Համլետին ու Հրաչին, կոշիկներիս մեջ կզգամ անվերջ վերանորոգվող փողոցի ավազը, կգնամ Կիրովի փողոց, կնայեմ էն սիրուն կարմիր շենքին, ուր դեռ «վաճառվում է» իմ [ապագա] բնակարանը, կնկարեմ ծաղկած ծառերը, կնկատեմ, որ իմ սիրած սրճարանն ավելի անթերի է դարձել, իսկ սրճարանի երիտասարդ տիրոջ մազերը՝ ավելի սպիտակ։ Ինչ արած, խնդիրները շատ են։ Բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Մեկ է, էդ պահերին շատ ուժեղ ուզում եմ լինել։ Լինել ստեղ, Գյումրիում։