🍽️ Հակադարձ համեմատականը
Նստավայր

🍽️ Հակադարձ համեմատականը

«Որ հիմա ասեմ՝ չեք պատկերացնի», — այսպես է թմբկահար Գագիկ Ադամյանը սկսում պատմել խորհրդային Երևանի ռեստորանային կյանքի մասին: Ու, իսկապես, իր խիստ կանոններով մի ուրիշ, շատ անսովոր աշխարհ է: Բայց դե չհավատալ չենք կարող:

Տեքստը՝ Կարինե Ղազարյանի


Լուսանկարները՝ Արմենպրես, Ֆոտոլուր


ԵՐԵՎԱՆ #46 | 2017

Գագիկ Ադամյանը ռեստորանների աշխարհի առօրյան գիտի ներսից՝ երկար աշխատել է ոլորտում, այդ թվում՝ ամենահեղինակավոր «Դվինում», ուր նրանց նվագախումբը այնպիսի համբավ էր ձեռք բերել, որ մարդիկ գալիս էին ոչ միայն երաժշտության, այլև երաժիշտների համար: «Դվինին» նախորդում ու զուգորդում էր տարիների քրտնաջան աշխատանքը ամենաանսպասելի վայրերում՝ կրկեսից ու բանակային նվագախմբից մինչև ֆիլհարմոնիա: «Տասներորդ դասարանում, երբ նոր էի սկսել նվագել, քրոջս ամուսինն ինձ համար ինքնագործ թմբուկներ էր սարքել, որոնցով ես պարապում էր օրը ուղիղ ութ ժամ, դիմացս էլ շախմատի ժամացույց էի դրել, որ շեղվեմ՝ գամ տեղը հանեմ»: Այդ պարապմունքներից ծնվեցին Երևանի լավագույն թմբկահարներից միանգամից երկուսը՝ Գագիկ Ադամյանը և նրա քրոջ որդին՝ Արման «Մանչ» Ջալալյանը: «Մանչը գալիս, սիրահարված նայում էր՝ ոնց եմ պարապում, ես էլ ձեռքի հետ սովորեցնում էի: Վեց տարեկանում Օտիս Ռեդինգի մի ամբողջ ալբոմ սկզբից մինչև վերջ նվագում էր, բայց մենակ սկավառակների ոտնակներին բոյը չէր հասնում»:

 

 

Գագիկ Ադամյանը՝ «Պոպլավոկում», 1998

 

Երիտասարդական պալատի ռեստորանի պտտվող դահլիճը | Ֆոտոլուր

 

***

Գագիկն այդ ժամանակ 18 տարեկան էր, ու դպրոցն ավարտելուց քիչ անց գտավ իր առաջին գործը որպես թմբկահար՝ կրկեսում: «Այնտեղ ես նվագեցի աշխարհում գոյություն ունեցող գրեթե բոլոր ռիթմերը. 10 վայրկյանը մեկ մեղեդին փոխվում էր: Նոր համերգային ծրագրից 2–3 օր առաջ նվագախմբի բոլոր անդամներին սովորելու էին տալիս նոտաների մի հաստափոր տետր: Առաջին շաբաթը տանջանք էր, բայց հետո աչքերներս փակ էինք նվագում. սկսնակի համար սա շատ օգտակար փորձ էր: Դե իսկ հետո գնացի բանակ, որտեղ կար խիստ օրակարգ, լիքը ազատ ժամանակ, ինչպես նաև բարերի, խմիչքի ու աղջիկների կատարյալ բացակայություն, այնպես որ ես մոլագարի պես պարապում էի»: Մեկուկես տարի Գագիկը բանակային նվագախմբի թմբկահարն էր, իսկ Երևան վերադառնալուց հետո սկսեց նվագել «Զարթոնք» ջազ-խմբում: Պատմում է, որ «Զարթոնքով» շատ էին գնում շրջագայությունների՝ զուգահեռաբար նվագելով «Դվինում»: Խորհրդային ժամանակ հաճույքի համար ջազ նվագել կարող էին միայն փառատոներին, իսկ ապրուստ վաստակելու համար պետք էր աշխատել:

 

«Երևանում ռեստորանները պատկանում էին երկու խմբի՝ «Ինտուրիստին» և ՌԱԲԻՍ-ին: Առաջինը բավականին հեղինակավոր էր, իսկ երկրորդը, ինչպես կարող եք գուշակել, ավելի մատչելի»:

 

«Դվին» հյուրանոցի բարը, 1980-ականներ | Արմենպրես

 

«Դվինը», հյուրանոց լինելով, պատկանում էր «Ինտուրիստին», ռեստորանն էլ զբաղեցնում էր ամբողջ երրորդ հարկը: Եթե հիմա հայտնի երաժիշտները ռեստորաններում կատարում են իրենց երգերը, ապա այն ժամանակ համերգը միայն պատվերով էր՝ երեկոն սկսվում էր հանգիստ ֆոնային երաժշտությամբ և շարունակվում լսարանի սիրելի հիթերով, որոնք մարդիկ վճարում ու պատվիրում էին: «Մենք աննորմալ փող էինք աշխատում: Ամսական միջին աշխատավարձը 100–150 ռուբլի էր, մենք օր կար 2500 էինք ստանում: Ամեն մեկս: Այդքան միայն անօրինական «ցեխավիկներն» էին աշխատում ու ամեն գիշեր վախենում, որ կբռնվեն: Մենք չէինք վախենում. բռնողները «Դվինում» պարում էին»: Պատվերը սկսում էր 10 ռուբլուց մինչև 100. ինժեների մեկ ամսվա աշխատավարձը հավասար էր մեկ երգի:

 

Այսքան գումար աշխատելու շնորհիվ «Զարթոնքը» ուներ լավագույն երաժշտական գործիքները, որոնք Խորհրդային Միությունում հեշտ չէր գնել: Գագիկը պատմում է, որ օգտագործած ճապոնական Yamaha թմբուկը առնելու համար նա փոխանակել էր իր չեխական Amati-ն ու բավական մեծ գումար ավելացրել, քանի որ լավ գործիքը մասնավոր մեքենայի նման էր՝ թանկ ու չճարվող:

 

«Դվինի» ռեստորանի շեֆ-խոհարարը, 1980-ականներ | Արմենպրես

 

«Դվին» հյուրանոցի ռեստորանը, 1980-ականներ | Արմենպրես

 

***

Եթե մտածում եք, որ Yamaha ունենալու համար ջազմենները տանջվում էին ամբողջ գիշեր, սխալվում եք: «Դվինը» փակվում էր 23:00-ին: Օրվա ավարտի մասին մատուցողները հաճախորդներին տեղյակ էին պահում լույսը անջատել-միացնելով: Սա չէր վերաբերվում ՌԱԲԻՍ-ի ռեստորաններին, որտեղ խնջույքը կարող էր շարունակվել մինչև ուշ գիշեր:

 

«Առհասարակ, ռեստորանները որակյալ արվեստի հարթակ չէին, ավելին՝ ապահով միջավայր էլ չէին: Այ հիմա մեր կողքի սեղանին երկու աղջիկ հանգիստ զրուցում են. խորհրդային Երևանում այսպիսի բան պատահել չէր կարող: Ռեստորանները տղամարդկանց հավաքատեղի էին, որտեղ երիտասարդները, հատկապես՝ աղջիկները, մենակ չէին գնում»:

 

 

Գագիկը նաև պատմում է, որ կռիվները առօրեական էին, մանավանդ ՌԱԲԻՍ-ի ռեստորաններում: «Դվինի» էպիկական ճակատամարտերից հիշում է հատկապես մեկը, երբ հարևան սեղանների միջև ինչ-որ տարաձայնություն սկսվեց, որն արագ կլանեց բոլոր մնացած հաճախորդներին. թափվում էր ուտելիք, ջարդվում էին ափսեներ, օդ էին բարձրանում սկուտեղներ… Համերգն այդ օրը դադարեցրեցին:

 

Չնայած այս ամենին, ռեստորանը թույլ էր տալիս «Զարթոնքի» տղաներին միասին լինել: Խումբն այնքան էր հմտացել, որ մի ամառ Սոչիի հյուրանոցներից մեկում աշխատելու ժամանակ հարևան հանգստյան տան երաժիշտները լուրեր էին տարածում, իբր նրանք ձայնագրության տակ են նվագում: Ադամյանն ասում է, որ հակառակը ապացուցելու համար ստիպված էին համերգի ժամանակ չնախատեսված տեղերում դադարներ անել ու ազատություն տալ իմպրովիզացիայի հանդեպ սիրուն:

 

***

Երբ զրուցակիցս ինձ անհավատալի պատմություն էր խոստանում, դեռ չգիտեի էլ, ինչեր եմ բացահայտելու: Օրինակ, ֆինանսական հարցում ռեստորանում ձեզ չէր օգնի նույնիսկ Դովլաթովի ասած՝ մենյուն Ղուրանի պես աջից ձախ կարդալը: Վերջնական հաշիվը կարող էր մոտավոր կապ էլ չունենալ նրա հետ, ինչ ստացվում էր մենյուում նշված գները գումարելիս: Սկսած մատուցողից մինչև տնօրեն՝ բոլորը հավելյալ չգրված տոկոս ունեին հաճախորդի պատվիրած խորովածներից, կոնյակներից ու սուրճերից: Իսկ բռնվելուց միշտ մատուցողն էր բռնվում, դրա համար էլ նրա տոկոսը ուղիղ համեմատական էր ռիսկին:

 

«Մատուցողները առանձին խավ էին: Երիտասարդները, ուսանողները երբեք մատուցող չէին աշխատում՝ ամոթ էր: Նրանց փոխարեն կյանքից հոգնած, բայց իրենցից գոհ միջին տարիքի վառ անհատականություններ էին»:

 

Ի դեպ, տոկոսը ոչ միայն մատուցողները, այլ նաև երաժիշտներն էին վճարում: ՌԱԲԻՍ-ի ռեստորաններում նվագախմբերը ամսական «հարկ» էին տալիս տնօրենին:

 

«Վահագն» ռեստորան, 1973 | Արմենպրես

 

«Զարթոնքի» բախտը բերել էր. «Դվինում» կաշառք տվել էին միայն գործի ընդունվելուց: Գագիկ Ադամյանը աշխատել է նաև Երևանից դուրս՝ Սևանի ափին գտնվող «Ախթամար» ռեստորանում: «Ամբողջ օրը կարող է մարդ չգար, հետո երեկոյան մեկ էլ մի սեղան օրվա հասույթը ապահովեր: Ասենք, կողքի գյուղից ձկնորսները գնացել էին Երևան, ձուկը վաճառել ու գրպանները լիքը մտել «Ախթամար»: Այդ ամբողջ աշխատանքի հասույթը վատնում էին ռեստորանում, դափ-դատարկ գնում տուն: Մարդկանց մեջ կարծես խորը նստած լիներ պահանջը ցույց տալու, որ փող ունեն ու որ արհամարհում են այդ փողը»:

 

***

Խորհրդային Հայաստանի ռեստորաններում աշխատող երաժիշտները գումար էին հավաքում, գնում թանկարժեք գործիքներ ու նվագում նաև այն երաժշտությունը, որի համար 100 ռուբլիանոց ոչ ոք չէր վճարի: Այդ երաժիշտների թվում էր նաև Գագիկ Ադամյանը, որը ժամանակին քաղաքի լավագույն թմբկահարներից էր, մինչև որ 1990-ին մեկնեց ԱՄՆ ու թողեց նվագելը: Նա վերադարձել է միայն երեք տարի առաջ ու տնօրինում է բոլորովին ուրիշ կանոններով ապրող «Տապաստանում»: Այստեղ գալիս են աղջիկներ, հնչում է բարձրորակ ջազ ու աշխատում են ժպտերես երիտասարդ մատուցողներ: Ավելին՝ հաշիվը գումարելիների տեղափոխությունից ոչ մի ձև չի փոխվում:

հավելյալ նյութեր