Համերի ասպետը
Ինչպես Եղեռն տեսած, բայց կենսուրախ մասնագետը ճանաչելի դարձրեց Երևանի կոնյակի գործարանն ամբողջ աշխարհին:
Տեքստը՝ Արեգ Դավթյանի
Լուսանկարները՝ Երևանի կոնյակի գործարանի արխիվ
ԵՐԵՎԱՆ #50 | 2018
Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը՝ «Երևան» կոնյակի վերածննդի մասին:
Վերջերս մի հոդվածում հանդիպեցի. «անգամ ԱՐԱՐԱՏ-ը չի տալիս բոլոր հարցերի պատասխանները, բայց պարգևում է մի հուշում՝ սերը»: Կարծում եմ, ոչ միայն գեղեցիկ է ասված, այլև ճշմարիտ: ԱՐԱՐԱՏ-ի հիմքում իսկապես սերն է: Մարգար Սեդրակյանի անվերապահ սերը իր աշխատանքի, հայրենիքի, կյանքի և, իհարկե, կնոջ հանդեպ սերն ու ոգեշնչանքը առ այսօր պարգևում է եզակի հնարավորություն ստեղծագործել հարյուրավոր երանգների ներքո, վերսաստեղծելով թե´ Վարպետի հանրայատ կուպաժները, թե´ բոլորովին նոր կոնյակներ:
Նորի մասին, կարծում եմ, դեռ առիթներ կլինեն խոսելու, իսկ Երևանի տարադարձի նախաշեմին, ասեմ, որ լեգենդար և համաշխարհային կոնյակագործության պատմության մեջ ամենաթունդ կոնյակը՝ դեռևս 1947 թվականին Մարգար Սեդրակյանի կողմից ստեղծված Երևան կոնյակը վերաթողարկելը որքանով գայթակղիչ էր, այդքանով էլ պատասխանատու:
Վելի քան կես տարի տևած մանրակրկիտ աշխատանքներից հետո վեռջապես հաջողվեց ստանալ երբեմնի լեգենդար խմիչքը իրեն բնորոշ սերուցքային կարամելի, լորենու մեղրի, ծխեցված սալորաչրի ու շաքարած մրգերի ինտենսիվ և համեմունքային բույրով՝ և իհարկե նարնջի կեղևի երանգավորմամբ: Այս կոնյակը իսկապես Երևան քաղաքի նման մարմնեղ, աշխույժ, ինտենսիվ, հին և երիտասարդ,դրական էներգիայով լի է:
Երևանը ջերմություն է, մեր հիշողություններն են, մեր հույզերն, բայց նախևառաջ Երևանը դա սեր է:
Բիզնես խորհուրդ եղբորից
Հայկական կոնյակի պատմությունը սկսվել է եղբայրական խորհրդից: 19-րդ դարի վերջին քառորդն էր, երբ Ռուսական կայսրության հայտնի գինեգործներից մեկը՝ Վասիլի Թահիրովը խորհուրդ տվեց եղբորը՝ առաջին գիլդիայի անդամ Ներսես Թահիրյանցին, Էրիվանում հիմնել գինու արտադրություն: Վասիլին Ռուսաստանի առաջին մասնագիտական խաղողագործության ու գինեգործության գործարանի հիմնադիրն էր և նա շատ լավ գիտակցում էր, թե որքան արդյունավետ կարելի է օգտագործել հայկական հողն ու արևը: 1877-ին Թահիրյանցը արեց այն, ինչ խորհուրդ էր տվել փորձառու բարեկամը:
Առաջին հայկական այսպես կոչված դասական կոնյակը, որ ստանում են շարանտական՝ կրկնակի թորման ձևով, հայտնվեց 1887-ին: Ֆրանսիա այցելած Ներսես Թահիրյանցն իր գործարանում սկսեց կիրառել սպիրտի թորման դասական ֆրանսիական տեխնոլոգիան՝ տեղադրելով շարանտական տիպի թորման երկու սարք, որոնք ավանդաբար օգտագործվում էին ֆրանսիական կոնյակի արտադրությունում: Հետո կոնյակի սպիրտի հնեցման համար հատուկ սենյակ սարքավորեց: Հենց այս պահն է համարվում Հայաստանում կոնյակի արտադրության սկիզբը: 1899-ին, սակայն, Թահիրյանցը վաճառեց ձեռնարկությունը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին, որը վերակառուցեց գործարանը՝ ներմուծելով տեխնիկական վերջին նվաճումները:
Կույր հաղթանակ
Շուստովի օրոք գործարանում իր գլուխգործոց ըմպելիքներն էր ստեղծում իր սերնդի ամենաբարձրակարգ կոնյակագործներից մեկը՝ Մկրտիչ Մուսինյանը, որն իր հմտությունները բարձունքի էր հասցրել ֆրանսիական Մոնպելյեում՝ գինեգործների համաշխարհային կենտրենում: 1902-ին նա լույս ընծայեց «Ֆին շամպայն ընտիրը», որը մի քանի մրցանակի արժանացավ կոնյակի հայրենիք Ֆրանսիայում՝ կույր համտեսի արդյունքում:
Հայատանի ժամանակը դեռ կգա
Գործարանի հաջորդ մեծ աստղը, մարդը, ում օրոք կոնյակագործությունն ապրեց անհավանական բարձունք, Մարգար Սեդրակյանն էր: Ցեղասպանության ժամանակ ընտանիքը կորցրած Սեդրակյանն իր ամբողջ կյանքը նվիրեց կոնյակագործությանը և իր անունն անմահացրեց երևանյան գործարանի լավագույն նմուշների օգնությամբ: «Դվինը», «Վասպուրականը», «Երևանը» Երևանի կոնյակի գործարանի համբավը տարածեցին ամբողջ աշխարհով մեկ:
Սեդրակյանն իր, նաև Խորհրդային Միության առաջին կոնյակը ստեղծել է 1937 թվականին: Դա 10 տարվա «Հոբելյանականն» էր: Վարպետ Սեդրակյանը երկար տարիներ մտերիմ էր հայ գրականության վարպետ Ավետիք Իսահակյանի հետ: Երբ առաջին կոնյակն արդեն պատրաստ էր, բայց դեռ փաթեթավորված չէր, ընկերոջ հետ մի զրույցի ժամանակ Սեդրակյանն ասել է, որ երևի ճիշտ կլիներ այն կոչել «Հայաստան»: Իսահակյանը կարևոր խորհուրդ է տալիս Սեդրակյանին, նշելով, որ այդ ժամանակ ամեն անվանում հաստատելու համար բազմաթիվ օղակներ էր անհրաժեշտ անցնել: Մինչդեռ 1937-ին երկրում տոնում էին հեղափոխության 20-ամյակը: Այդպես ծնվեց լեգենդար կոնյակի անվանումը: Բայց այն զրույցի ժամանակ Իսահակյանն ասել էր նաև. «Գիտես, Մարգար, ես ավելի քան վստահ եմ, որ Հայաստանի ժամանակը դեռ կգա»: Շատ շուտով այդ ժամանակն իսկապես եկավ. մի քանի տարի անց ստեղծվեց կրկին 10 տարվա «Հայաստանը», իսկ 1945-ին՝ Յալթայի կոնֆերանսի ժամանակ, թնդաց «Դվինի» անունը:
Դիվանագիտական «Դվինը»
Այստեղ հետաքրքիր է, թե ինչպես գործարանը հասցրեց բարձրաստիճան (ավելի բարձրաստիճան պարզապես չի լինում) հյուրերին հասցրեց կոնյակը, երբ կուպաժը կար, բայց դեռ պատրաստված չէին շշերը: Ըստ ավանդության, Հակոբ Կոջոյանը մի գիշերվա մեջ ձևավորեց պիտակները և հյուրերին հասավ լեգենդար կոնյակ լեգենդար ձևավորմամբ՝ պարզ, հրաշալի փոխանցող կոնյակի բացառիկությունն ու հայկականությունը: Այդ շշերից մի քանիսը, ի դեպ, այժմ էլ կարելի է տեսնել ԱՐԱՐԱՏ թանգարանում: Շուտով «Դվինը» ստացավ «դիվանագիտական» ոչ պաշտոնական կոչումը, իսկ Մարգար Սեդրակյանը գրանցեց ևս մեկ անհավանական ցուցանիշ. մինչ այդ կոնյակների թնդությունը չէր գերազանցում 45 աստիճանը, բայց Ռուզվելտի և Չերչիլի սրտերը գերած «Դվինն» արդեն 50 աստիճան էր:
Ցրտի դեմ պայքար
Թվում էր, թե այդ ցուցանիշը երբեք չի գերազանցվի, բայց Սեդրակյանը չէր լինի Սեդրակյան, եթե ինքն իրեն մարտահրավեր չնետեր: «Դվինից» շատ չանցած նա ստեղծում է «Երևանը»՝ 57 աստիճան թնդությամբ գլուխգործոցը: Ասում են, որ այս կոնյակի ստեղծման պատճառը Հյուսիսային Բևեռում աշխատող խորհրդային գիտնականներն էին: Ավանդության համաձայն, նրանք իրենց հետ տարել էին ԵԿԳ-ի ավելի վաղ խմիչքներից մի քանիսը, ապա հեռագրել Սեդրակյանին մոտավորապես այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն. «Վարպետ Սեդրակյան, ձեր կոնյակները համեղ են, բայց մեզ չեն տաքացնում»: «Երևանն» արդեն գոհացրեց բոլորին, իսկ Հյուսիսային Բևեռում նույնիսկ երբեմն օգտագործվել է որոշ օրգանիզմներին կոնսերվացման նպատակով:
Անգերազանցելի վարպետը
Ի դեպ, Սեդրակյանը բազմիցս հնարավորություն է ունեցել ստանձնելու գործարանի տնօրենի պաշտոնը, բայց սկզբունքորեն հրաժարվել է այդ գաղափարից, քանի որ վստահ է եղել, որ իր անելիքը կուպաժների ստեղծումն է, այլ ոչ թե ադմինիստրատիվ ղեկավարումը: Սեդրակյանին, իհարկե, գնահատում էին երկրի ղեկավարությունում: Բավական է նշել, որ նա ալկոհոլային ոլորտի միակ ներկայացուցիչն էր երբևէ, որ արժանացել է Սոցաշխատանքի հերոսի կոչման: Իսկ Ֆրանսիայի նրա կոլլեգաներն արժանացրել էին Սեդրակյանին «Համտեսի ասպետ» մեդալի՝ ոլորտի բարձրագույն պարգևի: Դա կարող է զարմանալի թվալ, բայց չէ՞ որ հենց Սեդրակյանն էր, որ, ինչպես մի անգամ նշել էր իր ժամանակիցներից մեկը, ստիպել էր աշխարհին հավատալ, որ կոնյակը խոսում է հայերեն: Ի դեպ, ԵԿԳ-ի ամենաբարձրաստիճան հյուրերի համար էքսկուրսիաներն անձամբ անցկացնում էր հենց վարպետ Սեդրակյանը: