Հանրապետության տարիքի
Ի՞նչ են զգում մարդիկ, ովքեր սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության հետ միասին կնշեն իրենց 29-ամյակը։ Մյուսներից ավելի անկախ բնավորությո՞ւն ունեն։ Տարեդարձը տոնում են հրապարակում ժողովրդի հե՞տ։ Իսկ ի՞նչ են իրենց պատմում ծնողները՝ այն պատմական օրը ծննդատանն անցկացնելու մասին։ Խոսել ենք Հանրապետության տարեկիցների հետ։
Տեքստը՝ Ամալի Խաչատրյան, Մանե Եփրեմյան
Լուսանկարները՝ Անի Տագեր
ԵՐԵՎԱՆ #64 | 2020
Ամեն ինչ իր ժամանակին
Մայրիկը (Կարինե). 90-ականներին լվացք անելը խնդիր էր։ Հղիության վերջին շրջանում մի երկու-երեք փոխնորդ սպիտակեղեն հավաքել, լցրել էի մի տեղ, որ ձեռքով լվանամ։ Հարևանուհիս ամեն օր գալիս էր ու հարցնում. «Դու դեռ չե՞ս գնացել հիվանդանոց»։ Ես էլ պատասխանում էի՝ հենց լվացքս անեմ, վերջացնեմ, կգնամ։ Մի օր եկավ, տեսավ լվացել եմ, ժավել դրել, մնում է փռելը. հարևանուհուս ասացի՝ քանի որ գործս վերջացրել եմ, արդեն կարող եմ գնալ ծննդաբերելու։ Ասածիս հետ համընկավ. հենց այդ գիշեր էլ ցավերս բռնեց, գնացինք «Էրեբունի» հիվանդանոց։ Գիշերվա 4-ն էր, երեխան շտապում էր, համարյա լիֆտի մեջ էր ծնվում։ Շատ արագ ու հեշտ անցավ ծննդաբերությունը, ժամը 5-ի կողմերը ծնվեց։ Ասացին, որ այդ օրվա ծննդաբերածներին պարգևատրում են տալու, իբր ամենքին 100-ական դոլար։ Ինձ չհասավ, իհարկե։ Դեռ սպասում ենք (հեղ. – ծիծաղում է), որոշ մարդկանց ոնց որ տվել էին գումարը։
«Այո»-ն՝ ծննդատնից
Մայրիկը. Առանձնապես այդ օրվա վրա չէի ֆիքսվել, բայց դե ցանկալի էր՝ նման հիշարժան օր ծնվեր երեխաս։ Հիվանդանոցում եկան, շնորհավորեցին մեզ. չեմ հիշում՝ կոնկրետ ովքեր էին, այսպես ասած, իշխանավորներից էին։ Այդ օրը հենց քվեարկության օրն էր, ծննդատուն տուփ բերեցին, այդտեղ էլ քվեարկեցինք ու թերթիկը գցեցինք տուփի մեջ։ Իհարկե, մինչ այդ էլ էի պատրաստվում գնալ հանրաքվեի. մեր ընտանիքը շատ ակտիվ մասնակցում է քաղաքական բոլոր իրադարձություններին, շատ պարտաճանաչ ենք։ Չգիտեի, որ ծննդատանը քվեարկելու հնարավորություն կունենանք. հաճելի անակնկալ էր։
Այդ օրվանից ամեն ինչ շատ մանրամասն չեմ հիշում։ Հիշում եմ միայն, որ ուրախ էի, որ վերջապես այդ փորից ազատվեցի ու ամեն ինչ հետևում մնաց։ Իմիջիայլոց, ձեզ ասեմ, որ աղջիկս բնույթով անկախության նման է, մանկուց էլ շատ անկախ է՝ ծնված օրվան համահունչ։ Ինքն իր հոգսը հոգում է, տան բյուջեի վրա հեչ չի ծանրացել, ընդհակառակը, ինքն է տուն բերում։
Խմե՛նք հանրապետության կենացը
Աղջիկը (Նարե). Այդ օրը միշտ առանձնահատուկ է։ Քույրիկիս ծնունդը, օրինակ, օգոստոսի 16-ին է, նրա ծնունդն էլ ենք միշտ նշում, բայց ավելի շատ ընտանիքով ենք նշում։ Իսկ իմ ծնունդը սաղովի, ազգովի ենք նշում։ Ընդհանուր տոն է բոլորի համար, իսկ ինձ համար կրկնակի տոն է։ Քանի որ այդ օրը դպրոց չկա ու չենք աշխատում, դա նույնպես դրական հետք է ունենում։
Ես սիրում եմ իմ ծնունդը նշել, սիրում եմ, երբ ուշադրությունն ինձ վրա է, սիրում եմ, որ այդ օրը շրջապատված եմ հարազատ մարդկանցով։ Միայն չեմ սիրում, որ առաջինը խմում են երկրի անկախության կենացը, իսկ իմը՝ երկրորդը։ Դա հայրիկիս մշտական ձեռագիրն է. նա շատ հայրենասեր է։ Մի անգամ է եղել, որ Հանրապետության հրապարակում նշեմ ծնունդս, բայց քանի որ ամբոխային տեղեր շատ չեմ սիրում, կլաուստրաֆոբիաս բռնեց ու այլևս քաղաքում չնշեցի։ Դժվար էլի հրապարակում նշեմ, բայց հրավառությունները միշտ նայում եմ։
Մայրիկը. Նարեն 1-ին կամ 2-րդ դասարան էր։ Բնականաբար 90-ականներին ոչ բոլորս էինք կարողանում ճոխ ապրել, մի հատ սեղան էինք գցում, այն էլ բարեկամների համար։ Այդ անգամ ես Նարեին հատուկ զգուշացրել էի՝ ծնունդը միայն բարեկամներով ենք նշելու, ինքն էլ համաձայնվել էր։ Մի ժամ հետո դուռը զանգեցին ու հայաթի բոլոր երեխաները, մոտ 20 հոգի, շարվեշարան եկան Նարեի ծնունդին. նա բոլորին հրավիրել էր։ Ինչ ունեի-չունեի հանեցի դրեցի սեղանին, ուտելիքը կերան, տորթը կերան ու գնացին։ Երեկոյան բարեկամները եկան, ստիպված մնացորդներով յոլա գնացինք։
Մե՜ր Հայրե՜նիք, ա՜զատ, ա՜նկախ
Աղջիկը. Դեռ փոքրուց սիրում էի ամեն ինչ ինքնուրույն անել։ Չորս-հինգ տարեկան էի, արդեն մենակ էի իջնում բակ խաղալու, չէի սիրում, երբ ինչ-որ մեկն ինձ ուղղորդում էր, ասում՝ ինչ անել։ Հիմա էլ եմ այդպիսին, ու դա արտահայտվում է ամեն ինչում։
Այսքան ժամանակ միայն մի մարդու եմ հանդիպել, որ նույն օրն է ծնվել՝ ընկերուհուս քույրիկն է։ Ինքն էլ է տենց անկախ ու գժավարի աղջիկ՝ ինձ նման։ Կարծում եմ՝ այդ օրն իր ազդեցությունն ունենում է։ Փոխկապված է, ազատությունն իմ մեջ ինչ-որ չափով կար, բայց երբ ամեն տարի լսում ես՝ «Երկրի նման ազատ ես», «Երկրի նման անկախ ես» արտահայտությունները, իր նստվածքը թողնում է։
Ի դեպ, անձնագիրս պետությունն է նվիրել։ Սեպտեմբերի 21-ի նախօրեին եկան դպրոցից ինձ հանեցին և ուղարկեցին ՕՎԻՐ։ Ես նախատեսել էի՝ կես տարի հետո անձնագիր հանել, դրա համար դեռ ստորագրություն չունեի: Այդ պահին անհասկանալի ինչ-որ խզբզանք արեցի, որն էլ մինչև հիմա մնացել է վրաս։ Սեպտեմբերի 21-ին պաշտոնական արարողություն եղավ անձնագրայինում, կարծեմ թաղապետն էր ներկա, նա հանձնեց անձնագիրս։
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ
Մայրիկը. 1991-ի սեպտեմբերին դեռ լույս ու հույս կար, որ ամեն ինչ լավ է լինելու։ Նարեի ծնվելուց հետո Հայաստանում սկսվեցին ծանր օրերը. նոյեմբերից արդեն լույս չունեինք, մինչդեռ պետք էր կաթ տաքացնել, տակաշորերը լվանալ, չորացնել, արդուկել… Չնայած տարբերակ ունեցել ենք երկրից հեռանալու։ Ամուսինս ծրագրավորող է, Կանադայից աշխատանքի հրավեր էին ուղարկել, բայց մենք, իհարկե, չենք գնացել։
Աղջիկը. Հայրիկս շատ հայրենասեր է։ Որ փոքր էի, չէի հասկանում՝ եթե կա հնարավորություն ավելի լավ կյանք ունենալու, ինչպես կարելի է բաց թողնել։ Հիմա ինքս էլ ունեմ Հայաստանից գնալու հնարավորություն, բայց ցանկություն չկա։ Տարիների ընթացքում սկսում ես գնահատել երկրի առավելությունները. ճիշտ է՝ շատ բաներ կան, որ կուզեմ փոխվի Հայաստանում, բայց միանշանակ տեսնում եմ երկրի առաջխաղացումը, պոտենցիալը, ու հասկանում եմ՝ Հայաստանից լավ տեղ ինձ համար չկա։
Մայրիկս չի կարողացել մասնակցել հանրաքվեին` ծննդատանն էր, բայց հայրիկս և մյուս հարազատներս իրենց ներդրումն ունեցել են այդ օրվան։ Երբ ծնվեցի, հայրս մորս համար անակնկալ էր պատրաստել. ծննդատան պատուհանից դուրս նայելիս մայրս նրա ձեռքին պաստառ է տեսել, որի վրա գրված էր՝ «Անկախ Սոնան ծնվեց»:
Ծննդյանս օրվա առանձնահատկությամբ պայմանավորված՝ ինչ ինձ հիշում եմ, միշտ հպարտության զգացողություն եմ ունեցել: Դա կարևորվեց նաև առաջին անձնագրիս ստանալով, որը ինձ հանձնեցին հանդիսավոր պայմաններում Կառավարության շենքի բակում: Օրվա խորհուրդն անդրադարձել է նաև բնավորությանս վրա՝ տեսակով շատ անկախ եմ։ Շատ եմ սիրում ծննդյանս օրը և երկրիս համար դրա նշանակությունը: Հաճելի է, երբ պետության անկախության հետ միաժամանակ ես մեծանում, նույն տարիքին ես:
Երբ ամբողջ երկրում տոն է, իհարկե, փոքր-ինչ խնդիր է լինում ծննդյանս օրն անհատապես նշել, քանի որ այդ օրն ամբողջ հանրապետությունն է տոնում, բայց ոչ պակաս հետաքրքիր: Ի դեպ, մինչև 12 տարեկանս պարային համույթով ինքս միշտ մասնակցել եմ տոնական այդ համերգներին։ Հետագայում արդեն ծննդյանս օրը նշելու համար Անկախության օրվանից մեկ ամիս առաջ նախապես նշելու տեղ էի ամրագրում: Անկախ տարեթվից, շատ տարաբնույթ եմ նշել օրս, միշտ հետաքրքիր ու գունեղ:
Իսկ ընդհանրապես, անկախություն բառն ինձ համար ուժ ունի. կարծում եմ՝ ցանկացած արտաբերած բառ օդում հենց էնպես չի սավառնում, կպչում է իր նշանակետին։ Ինձ համար անկախությունն ինքնուրույնություն է, վստահություն, ազատություն, առանց որոնց ոչ մի էական բարձունքի կամ ձեռքբերման չես հասնի։
Սահմանամերձ Սարիգյուղում ենք ապրել, որտեղ ծննդատուն չկա, տեղի կանայք ծննդաբերում էին կամ հարևան Սևքարի ծննդատանը, կամ Իջևանում: Մայրիկս արդեն երկրորդ բալիկին էր սպասում, և որոշում է այս անգամ Սևքարում ծննդաբերել, բայց հասնում են ծննդատուն, պարզվում է՝ բժիշկը գնացել է մասնակցելու հանրաքվեին ու ասել՝ եթե ծնունդ լինի, ուղարկեն Իջևան: Այսպես ես ծնվում եմ Իջևանում: Հարազատներն ու հարևանները ծնողներիս խորհուրդ են տվել ինձ Ազատուհի անվանել, բայց նրանք որոշել են չփոխել նախօրոք ընտրված անունը: Մայրս միշտ ափսոսում է, որ ծննդյանս օրը չի կարողացել մասնակցել հանրաքվեին և միանգամից ուղղում ինքն իրեն՝ իսկ ինչո՞ւ ափսոսալ, չէ՞ որ հայրենիքին լավագույն նվերն էր իմ ծնունդը:
Ես ինքս ինձ Աստծո ընտրյալ եմ համարում. ծննդատնից դուրս գրելուց հետո (5-6 օրական եմ եղել) գյուղ գնալու ճանապարհին մեր մեքենային է բախվում մեկ այլ մեքենա, բայց հայրիկիս արագ կողմնորոշվելու շնորհիվ բոլորս փրկվում ենք: Ճակատագրի հեգնանքով, սակայն, 16 տարեկան չկայի՝ հայրս մահացավ ավտովթարից…
Ինչքան մեծանում եմ, ծննդյանս օրվա նշանակալի լինելն ավելի տպավորիչ է դառնում: Նույնիսկ սկսել եմ պատկերացնել, որ կգա ժամանակ, երբ ես չեմ լինի, բայց անկախ Հայաստանը միշտ կլինի: Այդ ամենին նպաստելու համար իմ փոքրիկ լուման կլինի այն, որ ինչ անեմ, հնարավորինս լավ անեմ:
Այդ օրը տանը նստել չեմ սիրում. ինչ ինձ գիտեմ՝ միշտ մի միջոցառման մասնակցել եմ: Հիմա էլ երեխաներիս հետ եմ դուրս գալիս` նրանց բացատրելով, որ սա ազգային տոն է, կարևոր օր:
Անձամբ ինձ համար անկախությունն ազատության և ինքնուրույնության բազմապատկումն է, գերադրական աստիճանը: Անկախ լինել, նշանակում է մի՛շտ լինել այդպիսին:
Հենց ծննդյանս օրը հայրիկս մեզ ծննդատնից տուն է տարել. ճանապարհին մեզ բոլորիս հորս հորաքույրն է դիմավորել, որն Անկախության առթիվ հենց գյուղի կենտրոնում մատաղի միս էր եփում: Այդ օրը հարազատներս 7 գառ են մատաղ արել, եփել հենց գյուղի կենտրոնում ու բաժանել մարդկանց: Ասում են՝ շատ տոնական եռուզեռ էր, մարդիկ մեծ ոգևորվածությամբ էին քվեարկում անկախանալու համար…
Մերոնք անունս ընտրել են հատուկ գրքից, այդ օրվա շատ տարածված անուններից խուսափելու համար: Չնայած դրան՝ պապիկս ինձ գրեթե միշտ Անկախուհի էր անվանում: Այս օրը ծնվելն ինձ համար տարբերվող է, ինչու ոչ, պարտավորեցնող, ոգեշնչող, իհարկե հաճելի, քանի որ ուշադրությունը մի փոքր ավելին է: Կարծում եմ՝ այդ օրը ստիպում է ավագ սերնդին ցույց տալ, որ անկախության սերունդն ավելի լավն է դարձնելու Անկախ Հայաստանը:
Ծննդյանս օրերից հատկապես հիշարժան էր 20-ամյակս. հատուկ միջոցառում էր, որտեղ հնարավորություն ունեցա շփվելու Արաքս և Տիգրան Մանսուրյանների հետ, միջոցառման ընթացքում լինելու Նիկոլայ Ծատուրյանի «գործընկերը»:
Մեկ-մեկ կատակում եմ, թե ծննդյանս օրը Հանրապետության հրապարակում հատուկ համերգ եմ կազմակերպել և հրավիրում եմ բոլորին մասնակցելու: Ինձ համար հատկապես կարևոր է հոգեպես լինել անկախ, անկախ ընտրության, տեղաշարժի հարցում, նաև սեփական կարծիքն արտահայտելու: Պետության անկախության բացակայության դեպքում վերոնշյալ բոլոր կետերը կորցնում են իմաստը, հետևաբար ամեն գնով պետք է պահպանել երկրի անկախությունը:
Սեպտեմբերի 21-ի առավոտյան եմ ծնվել, և մայրս հանրաքվեին չի մասնակցել:
Ծնողներիս խոսքով՝ այդ օրվա տղա նորածիններին դրամական պարգև էին տալիս, բայց աղջիկ ծնվեց: Նրանք ուզում էին անունս օրվան համահունչ՝ Ազատուհի դնել, բայց հետո մտափոխվեցին: Տեսնում ես, որ այդ օրվա համար չորսբոլորը պատրաստություն են տեսնում, բեմ զարդարում, համերգներ կազմակերպում: Չնայած այդ ամենը հենց ինձ համար չէ, այլ տոնի առթիվ է, բայց միևնույն է՝ ուրախ առիթ է, նաև այն, որ այդ օրը բոլորը ժպտում են: Ինքս ծննդյանս օրերը սովորաբար հարազատներիս հետ եմ անցկացնում կամ էլ աշխատանքի վայրում՝ Երևանի կոնյակի գործարանում եմ աշխատում, և դա խաղողի մթերման շրջանն է:
Ծննդյանս օրվա հետ կապված ունեմ նաև երկու գեղեցիկ հիշողություններ։ Ամուսինս մի տարի ոսկե մատանի նվիրեց և ամուսնության առաջարկ արեց։ Եվ դրա առաջին տարին մեր աշխատանքային ավտոբուսի մեջ մեծ փափուկ խաղալիք էր բերել և անակնկալ մատուցել:
Բերդում եմ ծնվել, ծննդյանս օրը մայրիկս շտապում էր Երևան՝ մասնակցելու հանրաքվեին, բայց, երևի, ես ուզում էի հենց այդ նշանակալի օրը ծնվել՝ մեր Հանրապետության օրը. արդյունքում մայրս ճանապարհից հետ վերադարձավ: Նա, իհարկե, մասնակցեց հանրաքվեին և իր «Այո»-ն ասաց ծննդատանը: Պատմում է՝ մայրանալը և անկախ հայրենքի ունենալն իր համար կրկնակի ուրախություն էր:
Սովորաբար ծննդյանս օրը նշում եմ հարազատներիս և ընկերներիս հետ՝ ուրախ միջավայրում: Շատ հաճելի է, որ իմ օրը տոն է բոլոր հայրենակիցներիս համար: Խնջույքիցս հետո հաճախակի մասնակցում եմ Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգներին և այդ տոնական տրամադրությունը նույնպես փոխանցվում է ինձ:
Անկախ Հայաստանի Հանրապետության հետ ծնվելն ինձ համար և՛ մեծ պատիվ է, և՛ հպարտություն, և՛ մեծ պարտավորություն: Հայրենիքիս հարատև անկախություն եմ մաղթում, ուզում եմ, որ բազում սերունդներ վայելեն անկախության բերկրանքը: Ինձ համար ուղեցույց են Գարեգին Նժդեհի այս փառավոր խոսքերը՝ Անկախ Հայրենիք ունենալն իրավունքից զատ նաև Պարտականություն է, Ազգի ուրույն հանճարն անկաշկանդ աճում և ստեղծագործում է միայն բացարձակ անկախության մեջ…
Մայրս իմ պատճառով չի մասնակցել հանրաքվեին: Սկզբում տան առօրյա գործերով է եղել զբաղված, հետո էլ հանկարծ ծննդաբերական ցավեր է ունեցել: Իսկ հետո ծննդատանը պարզվել է, որ այդ օրը ծնվածների համար ինչ-որ պետական նվերներ կան նախատեսված։ Բայց ինձ ճիշտ օրը գրանցելու համար հիվանդանոցում մաղարիչ էին ակնարկել։ Մայրս չէր տվել ու ինձ գրանցել էին ամսի 22-ին։ Իսկ մի ուրիշի իմ փոխարեն այդ օրը. նախորդը օրը ծննդաբերածներից շատերն էլ ուզում էին իրենց օրը դարձնեն 21։ Բայց ամբողջ կյանքս, միևնույն է, իրական օրն ենք նշել տարեդարձս՝ սեպտեմբերի 21-ին։
Մինչ ամուսնանալս գրեթե միշտ ծնունդս նշելու էի գնում Հանրապետության հրապարակ, հիմա արդեն ընտանիքիս հետ տանը։ Ի վերջո, ես կարծում եմ, որ ոչ թե ծնված օրն է արժեք կամ կարևորություն տալիս մարդուն, այլ մարդն ինքն է արժևորում իր ծննդյան օրը: Իսկ ազատությունն Աստծուց մարդուն տրված ամենամեծ պարգևն է: Լավ է, որ մեր պետությունն էլ ունի Ազատություն։