Նորայր Սարգսյան․ «Հանրապետություններից երրորդը», հատված վեպից
Ապրիլի 15-ին՝ ժամը 19։30-ին, «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում տեղի կունենա Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» գրքի («Անտարես» հրատարակչություն) շնորհանդեսը։ Ներկայացնում ենք մի հատված գրքից։
Վեպը Հայաստանի անկախության շրջանի հոգեբանական պատկերն է պատերազմից հետո՝ մարդկային պարզ հարաբերությունների դրվագումներով։ Հանրապետություններից երրորդը՝ դարերով երազածը, չափազանց սիրելի ու մոտ, բայց երբեմն հոգեբանորեն այնքան հեռու, ասես առասպել լինի: Բնորոշ կերպարներ, տաղտկալիորեն ծանոթ ու կրկնվող կենցաղ ու առօրյա, ստի և պաթետիզմի գերակայությամբ մարդկային շփումներ ու հարաբերություններ, ժամանակներին հատուկ սիմվոլներ։
Սամվելյանը շատ հին պատմություն էր, բայց այն պատմություններից, որ ինչքան էլ ժամանակ անցնի, չեն հնանա այնքան, որ ցավի զգացումը մեղմվի։ Ու տղերքի համար հիմա այս պատմությունը հիշելը այնքան էլ մխիթարող բան չէր։ 2002-ի աշխարհի խաղերից հետո բոլորը հիվանդացան ֆուտբոլով։ Լատինաամերիկյան սերիալները ու առաջին իսկ խաղում թուրքերին հաղթելը ուրիշ այլընտրանք չէին թողնում, և բոլորը՝ վեցից տասը տարեկան տղերքը, ուղղակի սիրահարվեցին Բրազիլիայի ազգային հավաքականին ու հատկապես Ռոնալդոյին։ Ու այդ համընդհանուր էյֆորիայի պայմաններում, երբ բոլորի սիրած թիմը հաղթեց մեկը մյուսի հետևից բոլոր մրցակիցներին ու, ամենակարևորը, կիսաեզրափակչում ևս մեկ անգամ՝ թուրքերին, ակտիվացան անգամ անհավես ծնողները, ու որոշվեց բակի ֆուտբոլի դաշտը վերանորոգել, նորմալ ներկով գծանշել, անգամ գոլերի հարցը լուծեցին ցանցով, ամեն ինչով։ Իհարկե, ցանցերը իրենք գողացան Փյունիկի դաշտերից։
Սամվելյանին ոչ ոք չէր ճանաչում, իսկ դա Երևանում չլինող բան էր։ Ոչ ոք նրա հետ չէր ծառայել, 90-ականներին բիզնես չէր արել, նրա հորը, եղբորը ոչ ոք Սոչիում պատիվ չէր տվել, մի խոսքով՝ երկնքից իջած մի այր՝ կապույտ Սատուրն մեքենայով։ Թվում էր՝ նրա հետ կապված ոչ մի սովորական բան չկար, ամեն ինչ անսովոր էր, նոր էր, հետաքրքիր ու ձգող։ Որտե՞ղ էր ապրում՝ ոչ ոք չգիտեր, ինչո՞ւ էր գալիս իրենց շենք՝ ոչ մի միտք։ Սկզբում ընկերացավ թաղի մեծերի հետ, չնայած նրանցից ջահել էր, հետո սկսեց անհավանական հետաքրքրությամբ նայել տղերքի խաղացած ֆուտբոլը ու մտերմացավ նրանց հետ, չնայած նրանիցից բավականին մեծ էր։ Նրա ո՛չ անունը, ո՛չ տարիքը ոչ ոք այդպես էլ չիմացավ։ Մի քանի օր ֆուտբոլը նայելուց հետո էլ սկսեց խորհուրդներ տալ, ու շատ կարճ ժամանակ անց բոլորը սկսեցին խաղալ Սամվելյանի համար։ Ամեն գոլից հետո բոլորի հայացքները Սամվելյանի ուղղությամբ էին։
- Հայկո՛ ջան, էդ ձեռնոցները, որ առել հագել ես, ու՞մ ես ուզում խաբես, տե՛ղդ թթվի, քար դնենք, ավելի քիչ գոլ կանեն։
Ինչպես ասում են, ցանկացած էյֆորիայի ժամանակ գալիս են այդ էյֆորիայից օգուտ բռնողները, ոնց Ամերիկայում ոսկու տենդի ժամանակ ամենաշատ փողը իրականում աշխատեցին bar-երի տերերը, որոնք ջին էին ծախում ոսկի փնտրողների վրա, որովհետև եթե երազանքների հեշտ կատարում ես փնտրում, ջինը քեզ կգտնի ավելի շուտ ու քացու տակ կգցի՝ վերցնելով վերջին կոպեկդ։ Այդպես էլ Սամվելյանը բռնեց էյֆորիայի՝ իր փայ օգուտը։
- Մարդ ա հինգ հազար կբերեք, մուծումը անեմ, որ թաղերի ֆուտբոլի առաջնությանը մասնակցեք։
Հետո տասը հազար՝ գնդակների ու համազգեստի համար։ Վերջում էլ՝ ամիսը հինգ հազար պարապմունքների համար։ Բայց այսպիսի գործերում կարևոր է ճիշտ որսալ գնացքից թռչելու պահը, և երբ արդեն խոստացված առաջնության օրը մոտենում էր, և ավարտին էին մոտենում նաև տղերքի ծնողների համբերությունն ու փողերը, Սամվելյանն անհետացավ։
Առաջին մի քանի օրը ոչ ոք չնկատեց դա, հետո սկսվեց անհամբեր սպասման շրջանը, որը տևեց ևս մի քանի օր։ Իսկ հետո, երբ խոստացված առաջնության օրն էլ տղերքը առանց մի տոկոս կասկածի հավաքվել ու սպասում էին ավտոբուսին, որը իրենց պիտի տաներ Գյումրի առաջին խաղի համար, որի փողերը, իհարկե, վաղուց հավաքվել ու տրվել էին Սամվելյանին, մեծերը իրար գլուխ հավաքվեցին։ Քննարկում էին, թե ով պիտի հայտնի ծանր լուրը։ Այդ պարտականությունը իր վրա վերցրեց Հայկոյի հայրը․
- Տղե՛րք, հլը եկե՛ք, բան եմ ասում։
- Հա՛, Աշո՛տ ձյա, ի՞նչ կա, Սամվելյանը զանգե՞լ ա, ուշանում ենք է, - սպասումից դողում էր Կարոն։
- Սամվելյանը չի գալու, էլ կյանքում չի գալու։
- Ի՞նչ ա եղել։
- Էն կապույտ Սատուրնը հիշու՞մ եք։
- Հա՛, բա ոնց։
- Դրանով գլորվել ա ձորը։
Աշոտը խաբեց այնքան բնական, որ անգամ թաղի մեծերը խառնվեցին իրար։
- Ո՞նց, հիվանդանոցո՞ւմ ա։
- Չէ՛, ֆսյո, մեռել ա,- կարճ կապեց, որովհետև սուտը կարճ պիտի կապես, Գարինչայի ձախ ոտի նման կարճ է ստի ոտը։
Ու այդպես կոտրված տղերքը քայլում էին դաշտից դուրս, երբ մեծերից մեկը գոռաց։
- Բա էսօր ֆուտբոլ չե՞ք խաղալու։
- Ու՞մ հետ խաղանք։
- Խոսքի՝ մեր, մի հատ ձեր տրինեռի խաթր կրեք մեզ։
Ֆուտբոլը կատաղի գնաց, ու տղերքը հաղթեցին իրենց հայրերին, ու այս պատմությունը այսպես սիրուն էլ պիտի ավարտվեր, եթե չլիներ թաղի խանութի տեր Հակոբը, որը մի օր խմած սկսեց անիմաստ խոսել տղերքի վրա։
- Արա՛, ձեռներիցդ մենակ թաղը փչացնելն ա գալիս, որ ասես՝ նենց մի բիթի տղա եք, կասես՝ էլի հա։ Հավ եք էլի։
- Էդ խի՞ ենք հավ որ։
- Տո՛, ով ոնց հասնի խաբում ա, Սամվելյանը ձորը ընկավ, չէ մի չէ, խաբեց թռավ էլի։