«Հանրապետություններից երրորդը». նոր ժամանակների ուղեղային մորմոք
Նոր գիրք

«Հանրապետություններից երրորդը». նոր ժամանակների ուղեղային մորմոք

ԵՐԵՎԱՆի գրական փորձագետ Արաքս Սաֆարյանը՝ Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» վեպի մասին։

Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի

 

Լուսանկարը՝ Նորայր Սարգսյանի ֆբ-էջից

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ կլիներ, եթե, ասենք, Հոմերոսին, Բերիային և մի շարք պատմական ու դիցաբանական կերպարների բերեինք ու երրորդմասցի շարքային ձկնավաճառի հետ ներառեինք մի պատմության մեջ։ Ոչ, սա դևի մասին անեկդոտների շարքից չի։ Ուրեմն ի՞նչ է, պարզապես խառնաշփո՞թ։ Չէ, չէր կարող ամեն ինչ այդքան պարզ լինել։ Լավ, իսկ եթե մոգական ռեալի՞զմ, վե՞պ։ Վեպ։ Անունն էլ՝ «Հանրապետություններից երրորդը», հեղինակ՝ Նորայր Սարգսյան։ Թեև ասում ենք Հանրապետություններից երրորդը, բայց գուշակելու կարիք էլ չկա՝ որ երկրի մասին է խոսքը։ Այդուհանդերձ, եկեք հասկանանք՝ որտեղից ենք սկսում։

 

Ճիշտը ցենտրիզմն ա. պիտի կենտրոն գնամ, վերադառնամ սկզբին, գնամ դեպի արմատներս։

 

Սկսում ենք նրանից, որ «Հանրապետություններից երրորդը» Նորայր Սարգսյանի թեև երկրորդ գիրքը, բայց առաջին վեպն է պատերազմի, հետպատերազմյան իրականության և դրա մեջ ապրող մարդկանց մասին։ «Հանրապետություններից երրորդը» գիրք է, որ հայելու պես ցույց է տալիս այն, ինչ ունենք, ինչ ունեցել ենք անցյալում կամ ընդհակառակը՝ չենք ունեցել երբևէ։ 

 

Վեպի նարատիվը, հարուստ ֆլեշբեքերով, զանզան հղումներով և հումոր-հեգնանքով, մի ընդհանուր պատմություն է, որ հորինում է հեղինակը՝ Նորոն, ոտքի վրա, երբ Երոյի և մյուս ընկերների հրավերով գնում էր իրեն անհայտ տեղ՝ Իթակե՝ խմելու։ Ճանապարհին հանդիպում է տարօրինակ մի մարդու՝ Բերիային, որի դրդմամբ էլ սկսում է հորինել։ 

 

Հոմերոսի ստերը, Աքիլլեսի կրունկները, Թաթայի կռունկները վկա՝  եկեք անցնենք առաջ։

 

Բերիան կասեր՝ տոշնի պատմի նենց, ոնց եղել ա

Գիրքը բաղկացած է չորս մասից, որոնցից յուրաքանչյուրը, լինելով առանձին ինքնուրույն պատմություն, հատման ընդհանուր կետեր ունի մյուսների հետ։ Բանն այն է, որ բոլոր կերպարները ապրում են միևնույն ֆիզիկական և գաղափարական հարթության վրա, ամենքը՝ իր տեսանկյունից։ Վեպը Հայաստանի անկախության շրջանի հոգեբանական պատկերն է, և ըստ այդմ էլ՝ նրա կերպարներին կարելի է բաժանել մի քանի «գաղափարական» սերնդի։

 

Առաջինը Արամ… էէ՜, Պետրոսն է։

 

Պետրոսը երբևէ ո՛չ ձուկ էր բռնել, ո՛չ էլ առավել ևս երեխա ուներ։ Եվ, ընդհանրապես, երբևէ ոչ մի կին նրան ինքնակամ չէր տրվել, առանց փողի չէր կպել նրա անընդհատ պլոկվող յուղոտ սև մաշկին, որը նմանվում էր օձի կիսամեռ կաշվի փոխելուց մի քանի րոպե առաջ կամ ձկան թեփուկների։ Իսկ հոտը, ձկան այդ չանցնող զզվելի հոտը, որին ինքը սովորել էր, բայց ուրիշ ոչ ոք չէր կարող սովորած լինել։

 

Առաջին հայացքից յուղոտ մաշկով այս մարդը ոչնչով աչքի չընկող ձկնավաճառ է, երկրորդից՝ նույնպես։ Բայց ամեն բան փոխվում է պատերազմից հետո, երբ Հանրապետություններից երրորդում յուրաքանչյուր բան՝ կանաչ զինվորական հագուստի հեռավոր նմանությամբ, ազատամարտիկի կարգավիճակ է ստանում։ Նույնն էլ պատահել էր Պետրոսի հետ, երբ մի օր երկուսին երկուս էր գումարել ու պարզել, թե որն էր վերջին շրջանում մարդկանց՝ իրենից առևտուր անելու շարժառիթը։ Պետոյին էլ դե հո մահապարտի կամ կամավոր գրված զինվորի խրոխտ ոգին չէ՞ր, որ սազելու էր։ Տակը միայն մաշված զինովրական հագուստն ու հին գլխացավերից կապված ճակատն էր մնում։ 

 

Ի վերջո, ու՞մ է վատություն անում, ինքը շատ փող է աշխատում, լավ է իր համար, մարդկանց թվում է՝ կռված մարդուց են ձուկ առնում, ձուկը ավելի համեղ է դառնում, մարդիկ՝ ավելի հանգիստ։

 

Ասել է, թե Մոսկվիչը Մերսեդես դարձնելու գաղտնիքը այլևս հայտնի է։ Բայց զինվորի անունն ու դերը շահարկելու Պետոյի բոլոր փորձերը՝ հետո, իսկ հիմա եկեք հասկանանք, թե այդ ինչպես պատահեց, որ հենց այս կիսագրագետ ձկնավաճառի գլխին երրորդ աչք բացվեց։ Կատակ չեմ անում, իսկական երրորդ աչք։ Ինչու՞ չէ. մոգական ռեալիզմ ենք խոսում։ 

 

- Ի՞նչ տեսար, Պետրո՛ս, էդ աչքովդ, ի՞նչ տեսար, էդ ի՞նչ էիր խոսում, մեր երկրի վերջը ի՞նչ պիտի լինի։ Խոսա՛, Պետրո՛ս, խոսա՛, ի՞նչ տեսար։

…Պետրոսը բացեց իր երեք աչքերն ու հանգիստ ասաց…

 

Աստղերը չէ, բնաբաններն են հուշում 

Պետրոսների հետ արդեն ամեն ինչ պարզ է, իսկ թե ի՞նչ էր կատարվել երիտասարդ սերնդի կյանքում, որը իսկապես անցել էր պատերազմների միջով ու կորցրել կյանքը ապրելու ճանապարհը, հուշում է երկրորդ գլխի բնաբանը։

 

Սամուրայը նշանակետ չունի, միայն ճանապարհ։ Իսկ սամուրայի ճանապարհը մահն է։

Խորհուրդ սամուրային

 

Ի դեմս Կարոյի՝ այս սերունդը ծնվել էր Երրորդ հանրապետության հետ զուգահեռ։ Նրա հետ միասին նույն մանկական տրավման էր ստացել։ Պարտվել էր մանկության ֆուտբոլի առաջնությունը՝ առանց նույնիսկ խաղը սկսելու, առանց հասկանալու, որ խաբվել է։ Հետո պատերազմել էր, կրել ֆիզիկական ու հոգեկան ծանր վնասներ ու կորցրել կյանքը ապրելու ձևը։ 

 

Հաճելի էր հատկապես, որ տանը մարդ չկար, ու ոչ մեկին, այլևս ոչ մեկին պետք չէր պատմել իր հերթական վնասվածքի մասին։ Ոչ ոք չէր նայում նրան, և փաստորեն ոչ ոք չէր նայում նրան կարեկցող հայացքով։

 

Սա մի սերունդ է, որ ստիպված է ամեն երեկո լսել զինվորների կենացը որոճացող բերաններով կանգնող մարդկանց, չհիշել 2020-ի հոկտեմբերը, Թալիշը, Գռադի արկը, կորցրած ձեռքը։

 

Ճակատագիր, որ ողջ հանրապետությանն էր բաժին հասել։

 

Հայաստանի Հանրապետությունը մի թռչուն է…

…որը համատարած քաոսից չի ձերբազատվի, քանի դեռ սովետից ժառանգած պաթետիզմը կա։ Ու բոլոր նրանք, որ պայքարելու են ապրելու համար մի օր առերեսվելու են անկարողությանը։ Որովհետև Երրորդ հանրապետությունը այլևս մարտիկի պատերազմ չի մղում, և որովհետև նրա գլխում անընդհատ զրնգալու է. 

 

Լաց մի՛ եղիր կնոջ նման այն բանի համար, ինչը չես կարողացել պաշտպանել տղամարդու պես։

 

Եթե կարճ՝ սա էր չորրորդ գլխի Գնդապետի հոգեվիճակը՝ Երրորդ հանրապետության քաղաքացիների ևս մի խմբին հատուկ։ Հենց Գնդապետն էր, որ գրքում որպես հետին պլան անդադար հնչող հայրենասիրական կիսաթուրքական վայնասունի համընդհանուր նողկանքն էր ապրում և որպես փրկություն՝ փոթորկվում ծխախոտի կարոտով մի ահարկու։

 

… թամադան ասաց՝ մեր հերոսների անձնազոհության շնորհիվ է, որ ահա այսօր այստեղ հայկական ընտանիք է ստեղծվում, հայերեն խոսք է ասվում, հայկական երգ ու պար է լինելու ու հայկական մեծ տոնախմբություն. կարծես հերոսները հատուկ իր համար էլ զոհվել են։ Ամենաարգը կողմնորոշվում են շոումենները։ Գնդապետը տեղում նստած արդեն իսկ սկսեց պատկերացնել, թե ինչ թեթևությամբ թամադան սկզբում կխմեր թուրքերի կենացը, եթե նրանք հասած լինեին Երևան, կամ ռուսների, եթե որոշեն ամեն դեպքում ավարտել այս թատրոնը։

 

Եվ էլի, հենց Գնդապետն է փորձելու փրկել «Երազ»-ի անանուն տղեկին, որը հավանաբար երկրի սիմվոլն է։ Իսկ արդյո՞ք հնարավոր է փրկել նրան։

 

Երազը կապույտ է եղել մի ժամանակ։ Բայց ի՜նչ ժամանակներ են դրանք եղել՝ ոչ ոք չգիտի։

 


Տրոյական ձին ու՞ր, ԵրԱԶ-762-ը՝ ու՞ր

Միգուցե թվա՝ «Հանրապետություններից երրորդը» երկիրը միֆականացնելու փորձ է։ «Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք»։ Բայց ավելի շուտ այստեղ միֆը կերպարների ապրելակերպ է, իդեոլոգիա և միաժամանակ պատումը կառուցելու տեխնիկա։ 

 

Միֆերին հավատալը հեշտ է, հատկապես, երբ իրական կյանքում հույսի նշույլներ չկան. հուսահատ մարդկանց փախուստը փրկություն է թվում։ Բայց արդյո՞ք դա իսկապես փրկություն է։ 

 

Եվ մյուս կողմից՝ վեպի պատումը առաջ տանողը հենց միֆն է, հորինվածքը՝ որպես անցնելիք ճանապարհի լուսաշարք, որ պատմական ժամանակաշրջաններ ու դեմքեր է ամփոփում։ Եվ այս կոնտեքստում բնավ էլ կարևոր չէ՝ ո՞վ էր ի վերջո Երոն։ Կարևորը՝ լսող լինի։

 

Եվ ինչպես Բերիան կասեր.

 

- Դու պատմի, պատմողը պատմում ա, լոսղը լսում ա, գրողը գրում ա, - լավ էլ ջոկում ա շունը։

 

հավելյալ նյութեր