Հարցեր լուծողը
Ինչպես երրորդմասցի երեխաների նկարների հիման վրա ստեղծվեց Երևանի ամենափախած զրուցարանը և ինչու դա օգնեց լուծել բակի միանգամից մի քանի խնդիր։
Տեքստը՝ Լուսինե Ոսկանյանի
Լուսանկարները՝ Skillshop, Լիլիթ Միդոյանի
ԵՐԵՎԱՆ #53 | 2019
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հանրային տարածքների ծրագրի պատասխանատու Լիլիթ Միդոյանը պատմում է Skillshop արվեստանոցի անսովոր կերտվածքի մասին:
«Գաղափարը ճարտարապետական ինչ-որ նմուշի միջոցով բակային մշակույթը զարգացնելն է: Քաղաքների միջև և քաղաքի ներսում միգրացիայի հետևանքով բակերում բնակչության կազմը փոխվում է։ Արդյունքում՝ հարևանական կապերը խզվում են։ Մեր նպատակն էր վերականգնել մարդկանց՝ իրար հետ ժամանակ անցկացնելու մշակույթը»,- ասում է Լիլիթ Միդոյանը:
Նրա դիտարկմամբ՝ բակերը նման են «միկրոկոսմոսների». այդտեղ է խտացված ամբողջ հասարակությունը. ներկայացված են բոլոր տարիքային շերտերը, սեռերը, բոլոր սոցիալական խմբերում գտնվող մարդիկ: Եթե բաժանենք տարածքները չորս մեծ խմբի՝ մասնավոր, կիսամասնավոր, կիսահանրային և հանրային, բակերը կարող ենք դասակարգել կիսահանրայինի մեջ։ Դրանց հանդեպ վերաբերմունք ձևավորելն ավելի հեշտ է, քանի որ բնակիչների կողմից պատասխանատվության զգացումը դրանց հանդեպ ավելի մեծ է։ Ի տարբերություն այգիների, որոնք հանրային են և մարդկանց մոտ կարծիք կա, որ դրանց խնամքով պետք է զբաղվի բացառապես քաղաքապետարանը կամ համայնքապետարանը։ «Քանի որ ճարտարապետական կողմը ինձ համար անձամբ շատ կարևոր է եղել, խոսեցինք Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի հետ ու խնդրեցինք ցանկ ճարտարապետական առումով կարևոր, բայց անտեսված, վտանգված շենքերի»:
Ուսումնասիրություններից հետ ընտրվեց Չեխովի փողոցի 23-րդ շենքի բակային տարածքը, որտեղ չկար ոչ մի բան՝ ոչ լուսավորություն, ոչ խաղահրապարակ, ոչ ջուր, ոչ նույնիսկ պարզապես նստարաններ: Կարճ ասած՝ փողոցի ամենաանխնամ բակն էր:
«Մենք չէինք ուզում պարզապես մի ճարտարապետական նախագիծ անել, մեզ համար կարևոր է քոդիզայնը, այսինքն՝ մարդկանց իրենց բակի ձևավորման սկզբնական փուլից ներգրավելը, — բացատրում է Միդոյանը։ — Որպես առաջնային շահառու, որքան էլ տարօրինակ թվար առաջին հայացքից, ընտրեցինք երեխաներին, որովհետև իրենք ու տարեցներն են հիմնականում շատ ժամանակ անցկացնում բակերում»:
Երեխաների համար այդ տարածքի 3D նկարներ պատրաստեցին, տվեցին գունավոր մատիտներ ու խնդրեցին ինչ-որ բաներ ներկել դրա վրա: Ըստ նրանց նկարածների՝ Skillshop արվեստանոցը ստեղծեց տաղավարի դիզայնը՝ մետաղյա ձողերից ստեղծված ալիքավոր, ֆուտուրիստական ծածկ և մի քանի նստարան․ առաջին հայացքից ավանդական երևանյան զրուցարաններից այդքան տարբեր, բայց նույն ֆունկցիան կատարող (թեպետ, առանց նարդու սեղանի):
Սակայն ամեն ինչ չսահմանափակվեց տաղավարով: Քանի որ երեխաների մեծ մասը ճոճանակ էր նկարել, ծրագիրը միջոցներ տրամադրեց նաև դրա ստեղծման համար: Տաղավարը սարքելու և ճոճանակը դնելու շնորհիվ համատիրություն բյուջեի միջոցներով ջուր քաշվեց և բակում նաև ցայտաղբյուր տեղադրվեց (որովհետև երևանյան բակը բակ չէ առանց պուլպուլակի): Եվ վերջապես, որպես վերջնական շտրիխ, ՄԱԶԾ էներգոարդյունավետ լուսավորության ծրագրի ֆինանսավորմամբ տարածքը նաև լուսավորվեց: Այդպես, ընդամենը մեկ տաղավարով հնարավոր եղավ միանգամից մի քանի կարևոր հարց բարձրացնել և լուծում տալ։
ՄԱԶԾ հանրային տարածքների ծրագրի պատասխանատուի խոսքով՝ հետագայում նմանատիպ ծրագիր կարող է իրականացվել Նուբարաշենի տարածքում: