Հարություն Խաչատրյան․ «Երևանում աղմուկը շատացել է»
Կինոռեժիսոր, 2011 թ. ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր Հարություն Խաչատրյանը՝ Երևանին սիրահարվելու ու սիրելու մասին։
Տեքստը՝ Լենա Գևորգյանի
Լուսանկարը՝ Մարիամ Լորեցյանի
ԵՐԵՎԱՆ #48 | 2018
13 տարեկան էի, երբ առաջին անգամ Ախալքալաքից Երևան եկա: Բավականին երկար ու վատ ճանապարհ էր, ավտոբուսներն էլ փոքր ու անհարմար։ Շատ էի ուզում տեսնել Մասիսը, բայց սկզբում չերևաց:
Եկել էի Երևանում սովորելու, Չարբախում էի ապրում: Փորձում էի թատերական ու մանկավարժական ինստիտուտների ռեժիսուրայի ֆակուլտետ ընդունվել, բայց չէր ստացվում, որովհետև անհասկանալի ու արագ էի խոսում: Ինձ էլ ասում էին, որ ռեժիսորն այդպես խոսելու իրավունք չունի, որովհետև դերասանները չեն հասկանա: Յոթերորդ տարին նոր ընդունվեցի, բայց՝ խոսքս շատ չփոխվեց:
Սիրահարվեցի ու սիրեցի Երևանում, ընտանիք կազմեցի Երևանում, երեք երեխաներս ծնվեցին Երևանում ու յուրաքանչյուրի ծնունդը քաղաքի ինչ-որ մասի հետ կապ ունի:
Կոնդի հետ շատ կապված էի: Առաջին ֆիլմերիցս մեկը հենց այդ տարածքի մասին է: Մինչև ֆիլմի նկարահանումը շատ անկյուններով եմ զբոսնել, բազմաթիվ մարդկանց հետ ծանոթացել: «Դվին» հյուրանոցի տարբեր հարկերում սենյակներ էինք վերցրել՝ վերևից նայում ու նկարում էինք: Շատ մարդկանց տեսա, շատերին սիրեցի։ Շատ էի ափսոսում, որ նման պայմաններում էին ապրում՝ կարգին մարդիկ էին:
Տերյանը, Թումանյանը, Սպենդիարյանը, Թամանյանը Երևանից չէին՝ եկել ու ստեղծել են քաղաքի երաժշտությունը, գրականությունը, արվեստը: Կարևորը՝ մարդու նվիրվածությունն է փողոցների ու շենքերի իմաստին ու խորությանը: Ասում են՝ «եկան, մեր Երևանը փչացրեցին»: Ես հակառակը կասեմ՝ «մենք գալիս ենք,Երևանը կառուցում ենք, իսկ դուք՝ երևանցիներդ, այն քանդում եք»: Որովհետև քաղաքը երևանցունն է, վախով չի վերաբերվում Երևանին, իսկ ամեն ախալքալաքցու համար այն սրբություն է: Ինչպե՞ս կարելի է սրբությունը տրորել:
«Ոսկե Ծիրան» փառատոնի շնորհիվ Երևանը հեքիաթային քաղաք սարքեցինք: Աշխարհի մեծագույնները մի շաբաթով գալիս են ու փորձում ենք ցույց տալ Երևանի գեղեցիկ կողմերը: Իսկ ամեն ինչի մեջ հնարավոր է գեղեցիկ տեսնել, եթե մեջդ արհամարհանք, չարություն չկա, եթե մյուսներին վերևից չես նայում:
Ֆիլմեր ունեմ, որտեղ նկարահանել եմ Երևանի խմողներին, մուրացկաններին ու կարող եմ ասել, նրանց մեջ այնքան լավ ու գեղեցիկ մարդիկ կան:
Հիմա տեղափոխվել ենք կինոյի տան շենք։ Շատ եմ սիրում այս կառույցը, որովհետև ժամանակին լավագույն կինոդիտումները հենց այստեղ էին լինում: Ուսանողական տարիներին մի կերպ ներս էինք մտնում, անցքերից փորձում էինք փակ դիտումներին մասնակցել, մեզ դուրս էին շպրտում, իսկ մենք նորից վերադառնում էինք: Եկա ու տեսա, որ 30 տարի առաջ իմ իմացած Կինոյի տնից համարյա բան չի մնացել: Դահլիճի վերանորոգումից սկսեցինք ու հասանք կինոդիտումների վերականգնմանը: Ինձ համար սա երազանքային ներդրում էր: Չգիտեմ՝ ինչու՞, բայց կինեմատոգրաֆիստները հավատացին ինձ, որ կկարողանամ ինչ-որ բան փոխել:
Աշխաբադում, հայկական մշակույթի օրերի ընթացքում, մի փողոց տեսա՝ հրաշալի գեղեցկություն ունեցող պողոտա՝ բարձրահարկ շենքերով, շատրվաններով, այգիներով: Պարզվեց՝ այդտեղ մարդիկ չեն ապրում: Ամեն երեկո միացվում են շենքերի լույսերը ու զբոսաշրջիկներին թվում է, թե հրաշալի թաղամաս է: Բայց ցուցադրական քաղաքը ու՞մ է պետք: Քաղաքը մարդիկ են կերտում:
Երևանը ոգեշնչում է ինձ: Ամեն անգամ, երբ ֆիլմերում քաղաքին եմ անդրադառնում, ինձ համար նոր բաներ եմ բացահայտում: Ինձ պարզապես կինոռեժիսոր չեմ համարում՝ սոցիոլոգ եմ: Եթե չկա խնդիր, ուսումնասիրման նյութ՝ ֆիլմ չեմ նկարահանի: Զվարճացնելու կամ ինչ-որ բան գովազդելու ցանկություն չունեմ, ես պետք է խնդիրը ցույց տամ:
Երևանում աղմուկը շատացել է, կուզեի, որ ուսումնական հաստատությունները քաղաքից դուրս լինեին, որովհետև կենտրոնում սովորելը խանգարում է մտածելուն, կենտրոնանալուն, փիլիսոփայելուն, լռելուն: Շատերին ասում եմ՝ լռել սովորեք, չեն հասկանում: Դա չի նշանակում, որ պետք է չխոսեն: Պարզապես, եթե սովորում ես լռել, նաև կարողանում ես մտածել:
Երևանը միակերպ չի: Նույնիսկ ամենասիրահարված տղամարդն ու կինը մեկ սիրում են իրար, մեկ՝ ցանկանում են, հետո զզվում են իրարից, կռվում են: Բայց դա չի նշանակում, որ իրար չեն սիրում: Միակերպ սեր չկա: