Հասանելի ներդրումներ, պատասխանատու ներդրումային միջավայր. հարցազրույց Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանի հետ
Apricot Capital-ի գործադիր տնօրենը՝ այն մասին, թե ինչպես է ընկերությունը դարձնում ներդրումներնավելի հասանելի՝ միաժամանակ կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։
Հարցազրույցը՝ Մարգարիտ Միրզոյանի
Լուսանկարները՝ Apricot Capital
Պարոն Գևորգյան, վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ներդրումային ընկերությունների թվի և ակտիվության զգալի աճ։ Apricot Capital-ը շատ կարճ ժամանակում դարձավ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը։ Ի՞նչ գործոններ են նպաստել դրան, և ի՞նչ ծառայություններ է առաջարկում ընկերությունը։
Վերջերս մեր հայրենակիցները և հարևան երկրների բնակիչներն ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում ներդրումային ոլորտի նկատմամբ, և ավելի շատ մարդիկ են ցանկանում ծանոթանալ արժեթղթերի շուկային։
Apricot Capital-ում մեր նպատակն է նրանց հասանելիություն տալ անհրաժեշտ գործիքներին ու գիտելիքներին՝ թույլ տալով կայացնել իրազեկված ներդրումային որոշումներ` առավել բարենպաստ պայմաններով։ Մեր համոզմամբ, յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա կառուցելու իր ֆինանսական ապագան և բազմապատկելու իր կապիտալը տարբեր ֆինանսական գործիքների միջոցով։ Հենց այդ պատճառով մենք ձգտում ենք առաջարկել մրցունակ միջնորդավճարներ՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի և արտերկրի քաղաքացիներին և ընկերություններին մուտք գործել համաշխարհային շուկաներ և ներդրումներ կատարել բազմազան ներդրումային գործիքներում, ինչպիսիք են բաժնետոմսերը, ETF-ները, պարտատոմսերը, արտարժույթները, ֆյուչերսները, օպցիոնները, կառուցվածքային պարտատոմսերը և այլն։
Մենք նաև էապես պարզեցրել ենք ներդրումներ սկսելու գործընթացը՝ հանելով նվազագույն գումարի պահանջը, տրամադրելով առցանց՝ անմիջապես մեր կայքից հաշիվ բացելու հնարավորություն և մշակելով հարմարավետ բջջային հավելված ցանկացած պահի և վայրում ներդրումներ կատարելու համար։
Բացի այդ, մենք սկսել ենք «Էփրիքոթ Ակադեմիա» նախաձեռնությունըը, որը մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հիմնաքարն է։ Ակադեմիան առաջարկում է ներդրումների մասին անվճար առցանց նյութեր, ներառյալ հոդվածներ, փոդքասթներ և ներդրողի բառարան, որոնք տալիս են պատկերացում ներդրումների աշխարհի մասին՝ ծանոթացնելով հիմնարարից մինչև խորացված հասկացություններին։ Մենք նաև տրամադրում ենք 14-օրյա դեմո հաշիվ, որտեղ սկսնակ ներդրողները կարող են գործնական հմտություններ ձեռք բերել՝ առանց իրական դրամական միջոցները ռիսկի ենթարկելու։
Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր մասնագիտական թիմի և ռազմավարական գործընկերությունների շնորհիվ այսօր մենք ամուր դիրքեր ունենք ոլորտում՝ կայուն հաճախորդների բազայով, և արդեն իսկ գտնվում ենք միջազգային ընդլայնման փուլում։
Ակնհայտ է, որ ընկերությունը կարևորում է ներդրողների կրթությանը։ Ինչպե՞ս է սա դրսևորվում գործնականում։
Այո, անշուշտ։ Այդ առումով կարող եմ նշել վերջերս Newmag հրատարակչության հետ համագործակցությամբ Մորգան Հաուզելի համաշխարհային բեսթսելլեր «Փողի հոգեբանությունը» մեր մայրենիով թարգմանելու և հրատարկելու ծրագիրը։ Այն կհարստացնի ներդրումների ու անձնական ֆինանսերի թեմայով հայալեզու գրականությունը։
Այս ամենի հետ մեկտեղ, մենք սերտ համագործակցում ենք խոշոր ընկերությունների հետ՝ իրականացնելով ներդրումային գրագիտության դասընթացներ նրանց աշխատակիցների համար։ Կրթության հանդեպ այս հանձնառությունը խորապես արմատավորված է նաև մեր կորպորատիվ մշակույթում։ Մենք մշտապես խրախուսում ենք թիմի անդամների շարունակական զարգացումը՝ կանոնավոր կերպով ապահովելով նրանց մասնակցությունը միջազգային ֆորումներին և համաժողովներին, որտեղ նրանք ծանոթանում են ոլորտի վերջին զարգացումներին և առաջադեմ փորձին։
Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս միջազգային մակարդակի ներդրումային փորձառությունը հասանելի դարձնել հայկական շուկայում։
Դուք նշեցիք Apricot Ակադեմիան, էլ ինչպե՞ս է Apricot Capital-ը նպաստում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործին։
Մենք հպարտ ենք, որ «Արև–երեխաներ» ՀԿ-ի գլխավոր աջակիցն ենք։ Այս կենտրոնը Դաունի համախտանիշ ունեցող երեխաների և երիտասարդների համար բազմաթիվ կրթական ու ժամանցային ծրագրեր է իրականացնում։
Այս և մյուս նախաձեռնությունները կյանքի ենք կոչում Ամարյան բարեգործական հիմնադրամի միջոցով, որի համահիմնադիրը Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանն է։ Օրինակ, 2024-ին հիմնադրամը «Պրիմավերա» հիմնադրամի հետ համագործակցությամբ դասական երաժիշտների համար անվճար կրթական տեսանյութեր է ստեղծել, աջակցել է Casekey 2024 ուսանողական մրցույթի Ակադեմիա ծրագրին, և օգնել է Գորիսում միայնակ տարեցների համար ցերեկային ժամանցի և խնամքի կենտրոն հիմնելու գործին։ Մեզ համար կարևոր է կորպորատիվ սոցիալական ծրագրերի միջոցով հանրության համար օգտակար և կարևոր ծրագրերին աջակցելը։
Նայելով դեպի ապագան՝ որո՞նք են Apricot Capital-ի հիմնական առաջնահերթությունները։
Հայաստանում վերջերս զգալիորեն աճել է այսպես կոչված մանրածախ ներդրողների թիվը։ Դրանք սովորական մարդիկ են, ովքեր ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց խնայողությունների կառավարումը և դասական գործքիներից բացի օգտվել նաև այլ գործիքների տված հնարավորություններից։ Նրանց սկսել են ավելի ու ավելի շատ հետաքրքրել բաժնետոմսերը, որոնք կարող են ավելի բարձր եկամուտ բերել, ու պետական պարտատոմսերը, որոնք ունեն հարկային արտոնություններ։ Բնականաբար, այս գործիքները, ավելի մեծ եկամուտ ստանալու հնարավորությունից զատ, նաև կրում են ներհատուկ ռիսկեր։
Այս սեգմենտի համար մեր գլխավոր նպատակն է մարդկանց տալ պարզ ու հասկանալի տեղեկատվություն՝ պատասխանատու կերպով ներդրումների աշխարհը բացահայտելու համար։ Միաժամանակ, մենք շարունակում ենք աշխատել խոշոր հաճախորդների՝ մեծ կարողություն ունեցող անհատների հետ, ինստիտուցիոնալ հաճախորդների հետ, որոնք հետաքրքրված են ավելի բարդ գործիքներով, ինչպիսիք են կառուցվածքային պարտատոմսերը կամ ներդրումային ֆոնդերը։
Մենք լավատես ենք Հայաստանում ներդրումային մշակույթի ապագայի հարցում ու հավատում ենք, որ ներդրումների հանդեպ աճող հետաքրքրությունը դրական կանդրադառնա մեր երկրի տնտեսական զարգացման վրա։