«Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խաղահրապարակի բացումը
Մայիսի 4-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղի ունեցավ նոր՝ «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խորագրով հանրային խաղահրապարակի պաշտոնական բացման արարողությունը։ Նախագիծն իրականացվում է «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ և «Փեյփր» ընկերության աջակցությամբ։
Լուսանկարները՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի
Այս նախագիծը «Կերոն» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող հանրային խաղահրապարակների ստեղծման նախաձեռնության շարունակությունն է։ Նախորդ երկու խաղահրապարակները՝ «Կարմրախայտ․ թաքնված գետի գաղտնիքները» (Օղակաձև այգու 6-րդ հատված, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ) և «Վիշապագորգ․ կենաց ծառի հիշողությունը» (Խաչքարերի պուրակ, Հանրապետության հրապարակի հարևանությամբ) արդեն իսկ ձևավորել են նոր չափանիշներ հանրային խաղային տարածքների զարգացման մեջ՝ միավորելով քաղաքային միջավայրը, մշակութային ժառանգությունը և երեխաների ստեղծարար մտքի զարգացումը։ Նոր խաղահրապարակը ևս ստեղծվել է միջազգային չափանիշներին համապատասխան և հանդիսանում է անվտանգ, ներառական և ստեղծարար հանրային միջավայր՝ նախատեսված 3–12 տարեկան երեխաների համար։


Մոտ 700 քմ մակերես ունեցող խաղահրապարակն առանձնանում է իր թեմատիկ լուծումներով: Այն ոգեշնչված է հայկական գիտական մտքով և ստեղծված է այնպես, որ երեխաները խաղի միջոցով բացահայտեն գիտության աշխարհը։ Տարածքի կենտրոնական տարրը 6 մետր բարձրությամբ խաղային աշտարակն է, որի շուրջ է կառուցված ամբողջ խաղային սցենարը՝ ներառելով ինտերակտիվ տարրեր՝ նվիրված ֆիզիկայի, աստղագիտության և ինժեներիայի կարևոր գաղափարներին։
Խաղահրապարակը բաղկացած է մի քանի թեմատիկ գոտիներից․ հիմնական աշտարակի հատվածում նախատեսված են ցանցեր, սահուղիներ և գիտական պանելներ, որոնք խորհրդանշում են հայտնագործությունն ու նորարարությունը։ Ներկայացված է առանձին գոտի՝ ինտերակտիվ լուծումներով փոքր լաբիրինթով, որը խրախուսում է երեխաների ուսումնասիրողական մոտեցումն ու տրամաբանական մտածողությունը։


Խաղահրապարակը պարունակում է ներառականության տարրեր՝ ապահովելու հավասար հնարավորություններ բոլոր երեխաներին։ Այն միավորում է խաղը և կրթությունը՝ նպաստելով երեխաների ֆիզիկական, սոցիալական ու մտավոր զարգացմանը՝ միաժամանակ նրանց ներկայացնելով գիտության հայ մեծերի ձեռքբերումները։
Բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և «Փեյփր սթորի» ընկերության գործադիր տնօրեն Կարինա Այվազովան։