ՀայԱրտի վերաբացումն ու ARé-ի վերադարձը
Ցուցահանդես

ՀայԱրտի վերաբացումն ու ARé-ի վերադարձը

ARé կատարողական արվեստների փառատոնի բացումը Բոչկեքում։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

ARé կատարողական արվեստների փառատոնի ծրագիրը

Երևանցիների կողմից «Բոչկեք» ու «Կլորներ» անունները ստացած «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի շենքը, ցավոք, երկար տարիներ որպես այդպիսին մնալու ու ծառայելու վերջին ճիգերն էր կատարում։ Այժմ կենտրոնը ոչ միայն վերաբացվել է, այլ նաև հյուրընկալել է ARé կատարողական արվեստների փառատոնը։ ԵՐԵՎԱՆը զրուցել է «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի նորանշանակ տնօրեն և ARé կատարողական արվեստների փառատոնի հիմնադիր Մարինե Կարոյանի հետ։

 

Խորենացի-Մաշտոց խաչմերուկում 70-ականներին կառուցված «Կլորների» շենքը նախագծվել է Ջիմ Թորոսյանի և Գևորգ Արամյանի կողմից։ Պոստմոդեռնի անցման շրջանի այս կառույցը նախատեսված է եղել որպես Ժամանակակից արվեստների թանգարանի նոր մասնաշենք, իսկ այժմ այստեղ գործում է «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը, որը վերաբացվեց հենց երեկ՝ ազդարարելով նաև ARé կատարողական արվեստների փառատոնի բացումը։ 

 

 

Արթնացում

Մարինե Կարոյանը յուրահատուկ ջերմությամբ է խոսում հատկապես շենքի, տարածքի մասին․ «Այն ոչ միայն բացառիկ է իր ճարտարապետությամբ, այլև բովանդակությամբ։ Այն, ցավոք, 15 տարի քուն էր մտել և այն էլ այնքան խորը, որ թե արվեստասեր հասարակությունը և թե արվեստագետները կարծելս մոռացել էին այս տարածքի մասին։ Այժմ այն վերադարձնելու ցանկություն ունենք և ջանք չենք խնայում դրա համար։ «ՀայԱրտը» պետք է վերածվի մի բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնի, որը ունակ կլինի իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան գործունեություն՝ այդ ստանդարտներին համապատասխան բովանդակությամբ»,—նշում է Մարինե Կարոյանն ու խոստանում, որ ուղղվածությունների առումով չի լինելու ոչ մի սահմանափակում և միակ բանը, որի հանդեպ խստապահանջ է լինելու՝ որակն է։

 

«ՀայԱրտը» նոր է բացվել, բայց արդեն իսկ իր ծրագրերն ունի։ Բաց է նաև համագործակցության համար։ Ցավոք շենքը բազմաթիվ խնդիրներ ունի։ Սուղ միջոցներով արված կոսմետիկ վերանորոգումը բավարար չէ միջազգային չափանիշներից խոսելու համար։ Հիմնային վերանորոգումը երկար տարիներ անուշադրության մատնված շենքին պարզապես անհրաժեշտ է։ Մարինե Կարոյանը տխրությամբ է նշում այն խորհրդանշական զուգահեռը, որը նկատել է «Կլորների» շենքի և Անկախ Հայաստանի ճակատագրերի միջև։ 

 

 

 

Ինչ-որ բան անելու տարածք

ARé կատարողական արվեստների 7-րդ փառատոնն ի տարբերություն նախորդ տարիների այս անգամ չի լինելու շրջիկ ձևաչափով։ Կարճ ասած՝ ARé-ն անցնում է նստակյաց ռեժիմի հենց «ՀայԱրտ ում» ։ Փառատոնի այս տարվա խորագիրն է՝ «Արանքում»։ Դե, Մարինե Կարոյանը դա բացատրում է այն զգացողությամբ, որ մենք կարծես մնացել ենք այստեղի ու հետոյի, փուլերի, շարժումների ու փոփոխությունների արանքում և որ զրկված ենք հետոն տեսնելու հնարավորությունից, որ մոլորված ենք անհայտի, անորոշի ու վախերի մեջ․ «Շարժումն անհրաժեշտ է, բայց սահմանափակ, փոփոխությունն անխուսափելի է, բայց նվազագույն»: Ահա այդ արանքից ելքեր փնտրելու և դուրս գալու փորձ է ARé-ն։ Մյուս կողմից՝ ARé-ն նպատակ ունի վերաիմաստավորելու և վերակոնտեքստավերելու «Կլորները»։ Այն, ըստ Մարինե Կարոյանի, պետք է վերածվի ցանկացած պահի ինչ-որ բան անելու տարածքի։ Ահա թե ինչու «ՀայԱրտում» պերֆորմանսներ կիրականացնեն ոչ միայն արվեստագետները, այլև այցելուները։ Օգտագործվելու է ողջ շենքը, դուրսը, ներսը, վերևն ու ներքևը։ Հանրային պերֆորմանսները կլինեն հաճախ՝ ընդհուպ մինչև ամենահասարակ գրատախտակի վրա կավճով գրված երկխոսությունները կամ շենքի ակուստիկ հնարավորությունների օգտագործմամբ «բամբասանքի կլոր» պերֆորմանսը։  Մի խոսքով՝ ամեն ինչ դեռ առջևում է։

 

«Մազալու տարածք է»,—ասում է Մարինե Կարոյանն ու խոստանում ոչ միայն վերականգնել տարածքի հիշողությունն այլև վերադարձնել ճարտարապետությունը մարմնով զգալու հնարավորությունը։