Հայերն ու քաղաքից-դուսը
Բանաստեղծ և զբոսաշրջային բիզնեսի վետերան Կարեն Անտաշյանը պատմում է, թե ինչպես Հայաստանում ձևավորվեց ներքին տուրիզմը և ինչու մեզանից շատերն այդպես էլ չսովորեցին քաղաքից դուրս հանգստանալ այնպես, որ բնությունը չկրի անդառնալի կորուստներ։
Տեքստը՝ Կարեն Անտաշյանի
ԵՐԵՎԱՆ #63 | 2020
ԱՄԵՆԱՎԱՏ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ
Երբ կորոնապոկալիպսիսի բերումով սկսեց բուռն աճ գրանցել ներքին տուրիզմը, ես սարսափեցի։ Տուրիստական ծառայությունների ոլորտում մեկ տասնամյակից ավելի իմ փորձը հուշում էր, որ հայերն ամենավատ տուրիստներն են։ Ներքին տուրիզմի բումը կանխատեսում էր հակամշակույթի վերածված մեր վատագույն վարքագծի դրսևորումների ծավալումն արդեն հայտնի ու հասանելի տեսարժան վայրերից ու հանգստավայրերից դեպի ավելի ծպտված, դժվարամատչելի ու զուտ դրա շնորհիվ քիչ թե շատ մաքուր ու անաղարտ մնացող մեկնակետեր։ Վատի սպասումն ու կանխատեսումն իրենց երկար սպասեցնել չտվեց՝ համացանցում սկսեցին հայտնվել օրինակ Լոռու մարզում գտնվող հազվագյուտ կարմիրգրքային ջրաշուշանների փնջերով մարդկանց նկարներ, աղբակույտային նորագոյացութուններ, կասկածելի համբավ և անհասկանալի պատմամշակութային ու հոգևոր բովանդակություն ունեցող վայրերում գերկուտակումներ և այլն։
Ինչո՞ւմն է բուն խնդիրը, ինչո՞ւ է «այստեղով հայեր են անցել» բնորոշումը վատով արժանին մատուցում հայ ներքին զբոսաշրջիկին։
ՈՉ ՀԵՌՈՒ ՏՈՒՐԻԶՄ
Սովետական երկաթե վարագույրը, հանրապետության բլոկադան անբարյացակամ հարևանների կողմից ու աշխարհագրական բնական կղզիացածությունը, ճանապարհների վատ վիճակն ու տրանսպորտային ներքին ցանցի անմխիթար վիճակը, ազգային ինքնության ընկալումը խիստ սահմանափակ խորհրդանիշերով, բնության մասին տարրական գիտելիքների բացակայությունը, սոցիալական ծանր պայմաններն ու ուրախության (երբեմն անգամ տխրության) ցանկացած առիթ ուտելխմելու հանգեցնելու ավանդույթն այն հիմնական գործոններն են, որ բնորոշում են մեր տեղ գնալու մշակույթը։
Հետսովետական Հայաստանի առաջին երկու տասնամյակում բնակչության հիմնական մասի համար բնորոշ էր հարաբերական նստակյացությունն ու միայն սեփական բնակավայրի հարակից վայրերի այցելությունը, իսկ հեռու տեղ գնալը միայն բարեկամներին այցելելու ֆորմատով էր կամ տուրիզմի անվան տակ արտագաղթելու հնարքները։
Մեր հայրենակիցներից շատերի համար իրենց հատուկենտ զբոսաշրջային փորձառությունները սահմանափակվում էին դպրոցական էքսկուրսիաներով, որտեղ, իհարկե, սննդի սպառումը միշտ ավելի առանցքային է եղել, քան կրթական-մշակութային-բնապահպանականը։ Ներքին տուրիզմի առանձին դաս է արշավական տուրիզմը, որը ֆիզիկական բարձր պատրաստվածություն ու որոշակի կոնկրետ հետաքրքրություններ ենթադրելու բերումով էլի մնում էր իբրև երիտասարդների շատ նեղ շրջանի տուրպրոդուկտ։
ՍՐԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Սակայն 2000-ականներին սկզբից դանդաղ, բայց աննահանջ քայլերով սկսեց զարգանալ ներգնա տուրիզմը, այսինքն՝ արտասահմանցիների այցը Հայաստան զբոսաշրջության նպատակով, որը սկզբում, ճիշտ է, հիմնականում ծածկվում էր սփյուռքահայ տուրիստներով, բայց այնուամենայնիվ սկսեց քիչ-քիչ ձևավորել հյուրընկալության միջազգային ստանդարտներին բնորոշ մշակույթ՝ համեմված ազգային առանձնահատկություններով և արդյունքում շուրջ երկու տասնամյակ անց մենք վստահաբար ունենք տարածաշրջանի զբոսաշրջային ամենաբարձր մակարդակի սպասարկումը։ Այսպիսով ներքին տուրիզմի խթանման առաջին ու ամենակարևոր գործոնը ներգնա տուրիստական մշակույթի ձևավորումն էր։ Թեպետ միջին վիճակագրական հայը մինչև հիմա մի տեսակ քամահրական ու հեգնական վերաբերմունք ունի օտարազգի զբոսաշրջիկի հանդեպ ու մի տեսակ կասկածի տակ է առնում Հայաստան այցելելու պարսիկի, ռուսի, ամերիկացու, ֆրանսիացու կամ արաբի բարի միտքը, բայց ամեն դեպքում մեր աչքը քիչ-քիչ սկսեց սովորել տուրիստական կոկիկ ավտոբուսներին, գեղեցիկ հյուրանոցներին, ուսապարկով ու ֆոտոխցիկով զինված մարդկանց ներկայությանը։
Հաջորդ լուրջ գործոնը տեղաշարժման ազատության հաղթահարումն էր էականորեն էժան գազով մեքենաների բումի շնորհիվ։ Գազի բալոնով օպելը դարձավ միջին վիճակագրական հայ ընտանիքի տնօրինած տնտեսության կարևոր ատրիբուտը, որ տանելի ներդրումով ապահովում էր կյանքի որակի էական բարելավում։
Սրանք անուղղակի գործոններ էին, այ ուղղակի գործոն էր առաջարկի ձևավորումը։ Այսպիսով վրացական Քոբուլեթին սկսեց դառնալ ներքին տուրիզմի առանցքային խորհրդանիշը, տեղ, որի այցելությամբ մենք սկսեցինք աչքաբացվելով քաղաքակրթվելու դժվարին, բայց անհրաժեշտ աշխատանքը։ Եգիպտոսի, Թուրքիայի ու Դուբայի էժան օլ-ինքլուզիվ փաթեթներն ամեն դեպքում անհասանելի մնացին միջինին հարող ու ցածր սոցիալական խավերի, այսինքն բնակչության մեծամասնության համար։
Կարեն Անտաշյանը խորոված է պատրաստում քաղաքից դուրս (բայց վերջում ամեն ինչ հավաքում է)
Ներքին տուրիզմի իսկական բում առաջացրեց սոցիալական փաթեթների պետական ծրագիրը, որով որոշակի ոլորտների բյուջետային աշխատողներ պետությունից ֆիքսված գումար էին ստանում հանգստի վրա ծախսելու նպատակով։
Այս հանգամանքը միանգամից սեզոնային էժան հանգստյան տների բում առաջացրեց և շարունակում է մնալ ներքին տուրիզմին սպասարկող տուրիստական ենթակառուցվածքների ողնաշարը։ Իբրև ժամանց մի տեղ գնալու մշակույթն ամրապնդեց հավաքովի խմբերով ռեգուլյար տուրիստական երթուղիների ի հայտ գալը, երբ մի քանի հազար դրամով կարելի է գնել տոմս և մեկ օրվա մեջ խմբի հետ գիդի ուղեկցությամբ այցելել մեկ տուրիստական երթուղու վրա տեղակայված մի քանի տեսարժան վայրեր։
ՏԱՂԱՎԱՐԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄ
Սակայն այս սաղմնային ու էական զարգացումներին զուգահեռ ներքին զբոսաշրջիկի համար անշեղորեն ձևավորվեց ու ցավալիորեն ամրապնդվեց մի հակա-տուրպրոդուկտ, որն էլ մեզ բարեվարքություն սովորեցնելու փոխարեն ամրապնդեց ու կուլտիվացրեց այն ամենը, ինչ մեզանում բացակայում էր իբրև տուրիստների։
Սա այսպես կոչված «հանգստյան գոտիներում» տեղակայված այսպես կոչված «տաղավարների» վարձույթն է սեփական կամ տեղում պատվիրվող սնունդով հետագա ուտել-խմելու նպատակով։ Հայաստանի գողտրիկ բնության հուշարձանների համար բնապահպանական իսկական չարիք ու մեր հայրենակիցներին քաղաքակրթելու իմաստով իսկական ձախողում դարձած այս տաղավարային կոմպլեքսները նախաձեռնող տղերքի ջանքերով սկսեցին գրավել բոլոր հնարավոր կիրճերի ու գետակների ափերը, տեսարժան վայրերի մերձակայքը, մերձքաղաքային արվարձանները և այլն՝ ամենուր երկինք հղելով խորովածի սրբազան ծուխը, բազմապատկելով գետեր, ձորակներ և ճամփեզրեր թափվող աղբը, նաև ձայնային աղբը՝ կիրճերը լցնող փսիխոդելիկ ռաբիզի դեցիբելներով։
Սոցիալական ամուր և բազմաշերտ կապեր պահպանելու հակումով, ասել-խոսելու, իրարով հետաքրված լինելու մեր ազգային չքնաղ խառնվածքը սկսեց վերածվել իրար հետ ուտելու, շա՜ատ, շա՜ատ ուտելու և համարժեք խմելու, կասկածելի որակի բարձր քոքած երաժշտության տակ թռվռալու ավանդույթի։ Ներկայումս այս տաղավարային կազմակերպված գաստրոօրգիաներն ու ինքնագործ ընտանեկան պիկնիկները հայկական ներքին տուրիզմ ասվածի հիմնական մասն են կազմում։ Սրանք կարող են ուղեկցվել ավանդական ու էդ պահին պոպուլյար որևէ այցելավայր մտնելու հետ, բայց առանցքում իհարկե ուտելն է։ Արդյունքում օպել աստրայի համար հասանելի Հայաստանի բոլոր անտառներում, լճերում, գետափնյա տեղերում, ձորակներում, կիրճերում, բացատներում, պուրակների ու անգամ միայնակ կանգնած ծառերի ստվերներում համառորեն շարունակում են կուտակվել պոլիէթիլենից տոպրակները, պլաստիկ ու ապակյա շշերը, բիչոկները, մեկանգամյա օգտագործման սպասքը և այն ամենը, ինչ բնությունը զորու չէ սեփական ուժերով մարսելու։
Ինքնատիպ ու շքեղ կենսաբազմազանությամբ եվրոպացի գիտակներին ու էսթետներին գերած մեր բնությունը շարունակում է մութ ու լղոզված մնալ մեր բնակչության մեծամասնության համար՝ եթե ծաղիկ տեսան, պետք է քաղեն, եթե սողուն տեսան, պետք է սատկացնեն, եթե թռչուն տեսան, պետք է խփեն ուտեն, եթե ծառ տեսան, պետք է անունները փորագրեն վրան, հետո տակը կրակ անեն, եթե գետակ, լճակ տեսան՝ պետք է փորձեն բոլոր հնարավոր միջոցներով որսան ձկներին, եթե միջատ տեսան՝ նավսյակի լխճեն սեփական անգիտության ու վախի բերումով, վայրի կաթնասուններ, ցավոք, արդեն գրեթե չեն էլ հանդիպում, և այս ամենը բարձր քոքած աուդիոաղբի ուղեկցությամբ։
ՄԻ՛ ԱՐԵՔ ԱՅՍՊԵՍ
Ահա, այս էր վախս, երբ ինքնաբուխ ու հախուռն ներքին տուրիզմը սկսեց կազմակերպվել ու խրախուսվել զանգվածայնորեն։
Միջին վիճակագրական հայն իր բնության ու պատմամշակութային ժառանգության անգետ թշնամին է, իրենից վտանգ է ներկայացնում սերունդների ժառանգության ու կենսամիջավայրի համար։
Առանց նրան կրթելու ու պատրաստելու, առանց ոստիկանական հատուկ ստորաբաժանում ստեղծելու ու կոշտ վերահսկելու նրա համար չի կարելի ասֆալտապատել դժվարամատչելի ճանապարհները, նրան չի կարելի խրախուսել, որ մեկնի ճամփորդության իր երկրին ծանոթանալու, քանի որ նա զուտ մարդկային ճանաչողության, բնության հետ ներդաշնակության կարիք չունի, անմիջականորեն իրենը չհանդիսացող բաների հանդեպ հոգատարության ու հանրային բարեվարքության մշակույթ չունի, նա բարբարոս ու վայրենի սպառող է ու դեռ չի հասունացել քաղաքակրթության ամենակարևոր պրոդուկտներից մեկի՝ ճամփորդության սուբյեկտ լինելու համար։