Հայկ Բիանջյան․ Երևանի մահն արձանագրողը
SOS Երևան

Հայկ Բիանջյան․ Երևանի մահն արձանագրողը

ԵՐԵՎԱՆ-ը զրուցել է լուսանկարիչ Հայկ Բիանջյանի հետ, որը տարիներ շարունակ վավերացրել է պատմական Երևանի դանդաղ վախճանը։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի


Լուսանկարները՝ Հայկ Բիանջյանի արխիվից

 

ԵՐԵՎԱՆ #68 | 2021

#ՀինԵրևան #SOSԵրևան

Կորսված Երևանի ու խղճի մասին

Լուսանկարել սկսել եմ 2003-ից։ Հենց լուսանկարչությունն ինձ բերեց ակտիվիզմի։ Սկզբում դու լուսանկարիչ ես, պարզապես ֆիքսում ես քաղաքում կատարվողը, հետո հասկանում ես, որ միայն լուսանկարելը քիչ է։ Այդ ժամանակն անցավ-գնաց, հիմա Երևանն անճանաչելի փոխվել է, հիմա եթե որևէ մեկին ցույց տաս այն հին լուսանկարները, չի հավատա որ դա նույն քաղաքն է։ 

 

Համենայն դեպս իմ խիղճը հանգիստ է։ Այն ժամանակ մենք համախոհներով պայքարում էինք լուրջ պետական ապարատի դեմ, որն ուղղակիորեն մարդկանց դուրս էր շպրտում իրենց տներից ու աչքի առաջ քանդում տունը։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ ամեն բան այնքան արագ էր տեղի ունենում, որ ես հազիվ էի հասցնում վազել մի քանդվող կառույցից մյուսը։ Կար նույնիսկ ժամանակ, երբ ժապավենով էի նկարում, հետո ստիպված տպում էի գոնե ամենափոքր չափսով։ 

 

Հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ մեծ ջանք, ժամանակ ու գումար եմ ծախսել այդ ամենի վրա, բայց երբևէ չեմ փոշմանում, սիրել եմ այն, ինչ արել եմ։ Ու ժամանակի հետ արածս էլ ավելի մեծ արժեք է ձեռք բերում։ Հիմա, այսպես ասած, թոշակի եմ անցել, բայց դեռ շարունակում եմ հետևել, թե ինչ է կատարվում մեր քաղաքում ու թե քաղաքաշինական խնդիրներն ինչպես են լուծվում։ 

 

Անձամբ ինձ համար Երևանն անվերադարձ կորսված քաղաք է։ Ինչքան էլ որոշ անկյուններ դեռևս լավն են, բայց քաղաքի մեջքը կոտրված է, պատմական կենտրոնը՝ ոչնչացված։ Պարզապես եկեք ընդունենք այդ փաստը։ Մեկը գա էս քաղաք, չիմանա, կկարծի, թե Երևանը զավթվել է օտարի կողմից ու քանդվել։ Բայց չէ, հենց մենք էլ արել ենք դա։ Մենք ուղղակի շենքեր չկորցրեցինք, մենք պատմություն կորցրեցինք, հիմա քայլում եմ քաղաքում՝ հատուկենտ հարազատ անկյուններ կան։ 

 

 

Լուսանկարելը կարևոր է

Կարծում եմ, շատ կարևոր է լուսանկարել կորցրածն ու կորստի պահը։ Կարևոր է, որպեսզի նոր սերունդն այդ նույն սխալը չկրկնի։ Կարևոր է ֆիքսել այն, ինչ քչերին է հայտնի։ Ես լուսանկարել եմ բաներ, որոնք տեղի են ունեցել շատ քիչ մարդկանց աչքի առաջ և շատ կարճ ժամանակահատվածում։ 

 

Ասենք՝ Բուզանդի փողոցում մի քանի բնակիչ ականատես եղան դեպքերին, բայց շատերն անգամ չգիտեին էլ, թե ինչ է կատարվում քաղաքում։ Այդ ֆիքսածը կարող է հետագայի հզոր զենք լինել տարբեր ձևաչափերով։ Առայժմ ես կայք եմ ստեղծել, ֆիլմ պատրաստել, լուսանկարների արխիվիս մեծ մասն էլ դեռ մշակված չէ։ Ահռելի քանակ է։ Այդ ամենն ապացույցն են այն բանի, թե ինչ է եղել երբեմնի Երևանում և թե ինչպես է քանդվել։ Դրանք արձանագրված հիշողություններ են։ Ինքս էլ որպես լուսանկարիչ աճեցի այս տարիների ընթացքում, որովհետև իրական լուսանկարչությունը հենց փողոցում սովորեցի։ 

 

Պայքարելու իմաստ միշտ կա

Եթե չպայքարեինք, այժմ չէր լինի այն արխիվը Երևանի մասին, որն այժմ ունեմ, չէին լինի պայքարի այն միտումները, որ այժմ կենտրոնացվում են, օրինակ, Ֆիրդուսի շուրջ։ Գուցե մեր արածը շատ քիչ արդյունք է տվել, բայց մենք ձեռքներս ծալած չենք նստել։ Ես կարող էի գլուխս կախ գնալ, աշխատել, չմտածել այդ ամենի մասին, ժամանակ չվատնել, բայց ոչ, դա կարևոր էր, դա կարևոր էր Երևանի համար, ինձ համար, երեխաներիս համար։ 

 

Հաճախ եմ լսել «Բա քո քյարը ո՞րն ա»։ Քյար չկա, դոկումենտալ լուսանկարչության համար նման բան առհասարակ չկա ու պայքարը պիտի նման բաներ չենթադրի։ Կան իհարկե մարդիկ, որ շահ են հետապնդում ակտիվիզմով, սակայն կա իսկական երևանցու մի տեսակ, որն ուղղակի ասում է՝ «հերիք է իմ քաղաքը գողանաք ինձնից»։ Լինում են հիասթափություններ, բայց եթե գոնե մի փոքր հնարավորություն կա ինչ-որ բան փոխելու, պետք է պայքարել։

 

 

Եվ այնուամենայնիվ, լուսանկարե՞լ, թե՞ պայքարել

Էմոցիոնալ առումով բավական բարդ է հանդիպել անտարբերության։ Երբ դու բարիկադից այն կողմ պայքարում ես, իսկ անցորդները նույնիսկ այդ կողմ չեն նայում ու չեն հետաքրքրվում, թե այդ ինչ է կատարվում։ Պասիվ ու անտարբեր լինելն ամենավատ բանն է։ Ես հաճախ եմ հանդիպել անտարբերության դեռ Բուզանդի փողոցում պայքարի ժամանակ, հետո էլ՝ Մաշտոցի պուրակում։ 

 

Վերջինն իհարկե հաջողված էր, քանի որ արդեն սոցցանցեր կային, հեշտ էր շատ բան կազմակերպել, բայց Բուզանդում 10-15 հոգի էինք, մեկ էլ բնակիչները, և մեր ձայնը լսելի չէր։ Առավոտյան ժամը 7-ին հանկարծ բնակիչները զանգում էին, թե՝ Հայկ ջան, արի, քանդում են։ Ի՞նչ կարող էի ես անել, միայն լուսանկարել, ֆիքսել կատարվողը։ Մի քանի անգամ նույնիսկ չկարողացա գնալ։ Զուտ հոգեբանորեն ծանր էր տեսնել այդ ամենը։ 

 

Ու այդ պահերին ծանր երկընտրանքի առաջ ես լինում․ պարզապես լուսանկարել, թե էդ ֆոտոխցիկը մի կողմ թողնել ու պայքարել մինչև վերջ։ Անհնար է այդքան անտարբեր լինել։ Հիշում եմ, Աֆրիկյանների շենքի մոտ, Տիգրան Համասյանի համերգի օրը ոստիկանների հետ բախման ժամանակ ես էլ չդիմացա ու այդ քաշքշուկի մեջ մտա, ինձ գետնին գցեցին։ Շատ էմոցիոնալ պահեր էին։ 

 

Երբեմն մտավորականներ են խոսում, թե՝ «վա՛յ, մեր Երևանը», եղբայր, բա ու՞ր էիք այն ժամանակ, գայիք, կանգնեիք մեր կողքին։

 

Այդպես էլ եղավ այն, ինչ եղավ, հիմա ունենք անկանոն կառուցապատումներ ու ճարտարապետություն, որ դժվար է ասել, թե ինչ է։ Մի պահ կար, որ մեկը մյուսի հետևից «փրկենք սա, փրկենք նա», հանրային տարածքները զավթվում էին, կառուցապատվում, այգիները վերածվում ինչ-որ մեկի «օբյեկտի»։  

 

 

Քանդված շենքեր ու քանդված հիշողություններ

2015-ին ընկերներիցս մեկը հարցրեց, թե որն է այդ քանդված շինություններից ամենացավալի կորուստն ինձ համար։ Ասացի, որ Փակ շուկան է։ Իմ մանկության մի մասը գնաց այդ շուկայի հետ։ Երբ փոքր էի, պապիկիս հետ ամեն կիրակի գնում էինք այդ շուկան գնումներ կատարելու։ Ես էլ կուզեի իմ երեխաների ձեռքը բռնած գնալ այնտեղ ու զգալ նույն միջավայրը։ Իհարկե, չի կարելի անընդհատ հիշողություններով ապրել, բայց երբեմն ցանկություն է առաջանում վերադառնալ հին ժամանակներ։ Նույնիսկ երբ վերանորոգում ենք մեր բնակարանը, կան իրեր, որ չենք նետում աղբամանը, որովհետև դրանց հետ կապված են թանկ հիշողություններ։ Քաղաքն էլ մեր բնակարանն է։ 

 

Իհարկե, բոլորս էլ ուզում ենք, որ Երևանը ժամակակակից քաղաք լինի, բայց ոչ այդ գնով։ Հիմա ինձ համար Փակ շուկան այլևս գոյություն չունի։ Միայն ֆասադն է մնացել։ Դա էլ մի ուրիշ հիվանդություն է․ պահպանել ֆասադը։ Կամ էլ պահպանել քարերը, իբր հետո վերականգնելու նպատակով։ Վառ օրինակ՝ Աֆրիկյանների շենքի քարերն այժմ թափված են Մալաթիա թաղամասում։ Մյուս ամենացավալի կորուստն ինձ համար հենց Աֆրիկյանների շենքն է։ Իհարկե, այդ շենքի հետ մանկության հուշեր չեն կապում ինձ, սակայն 2004-ին հենց այդ շենքի բակում եմ բացել իմ առաջին լուսանկարչական ցուցահանդեսը։ Այն ժամանակ Հյուսիսային պողոտայի կառուցման հարցը դեռ նոր էր սկսվել ու այդ լուսանկարները հենց Աֆրիկյանների բակային միջավայրում ցուցադրեցի, շատ ազդեցիկ ստացվեց։ Շատ չանցած այդ հոյակապ շենքն էլ լկտիաբար քանդվեց։ 

 

Ակտիվիզմը միայն փողոցում բղավելը չէ

Հատկապես Աֆրիկյանների շենքի հարցում մենք հասկանում էինք, որ շատ բան անել չենք կարող, բայց մեր պայքարը չէր սահմանափակվում միայն փողոցում բղավելով։ Մենք մեր գումարներով որոշեցինք միջոցառում կազմակերպել այդտեղ՝ բակում, վերաիմաստավորել այն, ցույց տալ, որ այն դեռ կարող է ապրել։ Մաքրեցինք շենքը, նույնիսկ ֆասադի քարերը, դուրս տարանք հավաքված աղբը, մասնակիցներից մեկն իր սեփական միջոցներով լուսարձակներ տրամադրեց ու շենքը լուսավորվեց։ Նույնիսկ կարմիր գորգ փռեցինք։ Լիլիթ Պիպոյանն ու Էդիկ Բաղդասարյանը համերգով հանդես եկան, անգամ մարդկանց կառքով էինք ուղեկցում դեպի շենք, որպեսզի ինչ-որ չափով վերստեղծեինք 19-րդ դարի շունչը։ Վերջում էլ Աֆրիկյանների ընտանիքի մասին ֆիլմ ցուցադրեցինք։ Մի հիանալի բան ստացվեց։ Ու սա երևի մեր պայքարի ամենալուսավոր կետն էր։ Բայց դե գիտեինք, որ շենքը միևնույն է քանդվելու է։ 

 

Դանդաղ մահ

Կարծում եմ Աֆրիկյանների շենքը լուսանկարելիս բավական մեծ աշխատանք եմ կատարել։ Շենքը նկարել եմ ամեն օր քանդման առաջին իսկ պահից՝ միևնույն դիրքից ու ստացել կադրեր, որոնք հաջորդաբար ու դանդաղ ցույց են տալիս շենքի մահը։ Ավելի ուշ այս ֆոտոշարքը վերածվեց Ռեինկարնացիա խմբի «Երևան» տեսահոլովակի։ 

 

Այդպես էր նաև Փակ շուկայի դեպքում։ Մոտակա շենքերից մեկի տանիքին տեղավորեցի տեսախցիկն ու շաբաթը մեկ ֆիքսում էի շենքի վիճակը միևնույն կետից։ Այդպես էր նաև Ամիրյան փողոցի կարմիր շենքի քանդման ժամանակ։ Ֆիքսեցի մի դիրք, որտեղից երևում էր թե՛ քանդվող շենքն ու թե փողոցը։ Ու մի տեսակ զավեշտ կար այդ կադրերի մեջ։ Մի կողմից էքսկավատորը քանդում է շենքը, պատմությունը, կարծես մարդ սպանելիս լիներ, իսկ մյուս կողմից փողոցի առօրյան, ամենօրյա անցուդարձը, կարծես ոչինչ էլ չի եղել, կյանքը շարունակվում է։ 

 

Ամենահայտնի կադրս ևս կապված է Փակ շուկայի հետ, երբ մի կերպ կարողացա մտնել արդեն բոլոր կողմերից փակված շուկան ու նկարել այն ներսից։ Այդ լուսանկարս միանգամից տարածվեց համացանցում ու մեծ արձագանք ստացավ։

 

Ամանորի շեմին էր, բոլորը զբաղված էին նախատոնական պատրաստություններով ու նույնիսկ չգիտեին, թե ինչ է կատարվում։

 

Արդեն քանդված շենքերի ֆոտոների ցուցահանդես՝ Աֆրիկյանների ակումբի շենքի բակում

 

Ուրիշների նամակները կարդալ չի կարելի

Յուրաքանյուր քանդված կառույցից փորձել եմ փրկել այն, ինչ հնարավոր է։ Հաճախ եմ գտել տան բնակիչներից մնացած իրեր, ընտանեկան արխիվ, փաստաթղթեր, լուսանկարներ։ Հավաքածուիս լավագույն նմուշները հենց այդպես են գտնվել։ Օրինակ՝ 2004-ին Բուզանդի վրա հերթական անգամ լքված տներից մեկը լուսանկարելիս  ընտանեկան մի մեծ արխիվ գտա։ Տուն տարա ու սկսեցի վերծանել։ Փոթիկյանների ընտանիքն էր։ 

 

Ուսումնասիրելով լուսանկարները՝ պարզեցի, թե ով է ընտանիքի մեծը, քանի երեխա ու թոռ են ունեցել։ Վերջում էլ մի գունավոր լուսանկար կար՝ արված պոլարոիդով։ Այդ ընտանիքի ողջ ժամանակագրությունն ափիս մեջ էր 30-ականներից մինչև 80-ականներ։ Նման մի արխիվ էլ ներկայիս «Ալեքսանդր» հյուրանոցի տեղում գտնվող տանն եմ գտել։ Երևանի հնաբնակ տիկին Լիդիայի արխիվն էր՝ լուսանկարներ, հեռագրեր, հարսանիքի հրավիրատոմսեր ու ձեռագիր նամակներ արտերկրում ապրող իր բարեկամներից։ Գիտեմ, որ ուրիշների նամակները կարդալ չի կարելի, բայց այս ամենն արդեն պատմություն է։ Նման շատ ու շատ իրեր եմ դուրս բերել Աֆրիկյանների շենքից, Ժամացույցի գործարանից, «Արագիլ» ռեստորանից և այլն։ 

 

Ինչ արած, ինձ էլ բախտ է վիճակվել փրկել ու պահպանել այդ ամենը։ Ամեն մարդ մի առաքելությամբ է լույս աշխարհ գալիս, իմն էլ երևի սա է։  

հավելյալ նյութեր