Հայկական երաժշտության ու պարի յուրահատուկ սինթեզով «Արևի մարդիկ» ժամանակակից բալետը
Բալետ

Հայկական երաժշտության ու պարի յուրահատուկ սինթեզով «Արևի մարդիկ» ժամանակակից բալետը

Ալ․ Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում նոյեմբերի 10-ին, ժամը 19:00-ին կցուցադրվի «Արևի մարդիկ» ժամանակակից բալետային ներկայացումը։

Բալետը ստեղծվել է խորեոգրաֆ Վալերիա Կասպարովայի և հայկական «Rozen Tal» ռոք խմբի հիմնադիր Արմեն Եդիգարյանի ստեղծագործական համագործակցության արդյունքում։ Այս ներկայացումը միավորում է բեմական շարժումը, կենդանի երաժշտությունը և հայկական ինքնությունը՝ ստեղծելով եզակի սինթեզ պարի ու ռոք երաժշտության միջև։ Խորեոգրաֆիան հիմնված է հայկական պարի հարուստ ավանդույթների վրա՝ ժամանակակից մեկնաբանությամբ, իսկ «Rozen Tal»-ի երաժշտությունը՝ հագեցած հզոր կիթառային ռիֆերով և մեղեդային շնչով, ընդգծում է պարի էմոցիոնալ խորությունը և դրամատուրգիան։

 

«Արևի մարդիկ» խորեոդրաման ներկայացնում է մարդու և արևի խորհրդանշական կապը՝ որպես հավատքի, հոգևոր լույսի ու վերածննդի աղբյուր։ Ներկայացումը խոսում է արմատներին վերադառնալու, ինքնության պահպանման և ապագայի հանդեպ վստահության մասին՝ ժամանակակից բալետի լեզվով:

 

««Արևի մարդիկ»՝ ներկայացումը հայ ժողովրդի ապագայի հանդեպ հավատքի խորհրդանիշն է, միասնության և համախմբվածության կոչ։ Այն հզոր մանիֆեստ է, որը միավորում է մարդկանց սրտերն ու հոգիները՝ հիշեցնելով, թե որքան կարևոր է վերադառնալ սեփական արմատներին, բայց միևնույն ժամանակ ստանձնել պատասխանատվություն սեփական կյանքի համար և հաստատ քայլել դեպի ապագա»,-նշում են նախաձեռնության հեղինակները։ 

հավելյալ նյութեր