Հայկական պատմությունները և բեռլինյան էկրանները
Կինո

Հայկական պատմությունները և բեռլինյան էկրանները

Մինչ աշխարհն ուշի ուշով հետևում է Կաննի կինոփառատոնի նորություններին, մենք հետադարձ հայացք ենք նետում այս տարվա Բեռլինալեին, որտեղ պաշտոնական ծրագրում ընտրված էր միանգամից երկու հայկական կինոնկար։ Կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը դիտել է դրանք Բեռլինում ու պատմել իր տպավորությունների մասին։

Տեքստը՝ Սոնա Կարապողոսյանի

 

Լուսանկարները՝ Բեռլինի կինոփառատոնի

#Կինո

Այս տարին հաջող է սկսել հայկական կինոյի համար: Հունվարից հեղինակային կինոյի ամենահայտնի փառատոների ծրագրերում հայտնվում են Հայաստանում արտադրված կամ հայազգի ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր. Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում (IFFR) ցուցադրվեց ուզբեկ ռեժիսոր Ալի Խամրաևի «Փարաջանովի մանուշակագույն քամին» (The Lilac wind of Parajanov, 2025) արխիվային վավերագրական ֆիլմը, որը համարտադրված է Հայաստանի հետ, Փարիզի հեղինակավոր Cinema du Reel վավերագրական փառատոնի ծրագրում է ամերիկահայ ռեժիսոր Արման Երվանդ Թուֆենկյանի «Ծխի ձևով» (In the manner of smoke, 2025) ֆիլմը, Կոպենհագենի CPH:DOX -ում ցուցադրվեցին Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (My Sweet land, 2024), ինչպես նաև դանիացի երաժիշտներ Լուիզ Գորմի և Կատինկա Ֆող Վինդելևի «Ոչ մէկ տեղ գնաց» (Gone is nowhere, 2025) ֆիլմ-ներկայացումը, որ նվիրված է Հայոց ցեղասպանությանը և հումանիստ Կարեն Յեփփեի գործունեությանը (նա հարյուրավոր կանանց ու երեխաների է փրկել 1915թ.-ին): Ֆիլմին զուգահեռ ներկայացվեցին նաև հայ լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի «Փրկվածները» (Survivors) ֆոտոշարքը:

 

Տպավորիչ էր հայկական ներկայացվածությունը Բեռլինի 75-րդ կինոփառատոնում: Ի հավելումն, Բեռլինալե տաղանդների (Berlinale Talents) ցանկում ներգրավված ռեժիսոր և արվեստագետ Նելլի Բեն Հայում-Ստեփանյանի, փառատոնի հիմնականում ծրագրում ներկայացված էր երկու հայկական ֆիլմ` Քրիստինե Հարությունյանի «Երազելուց հետո»-ն (After Dreaming, 2025) և Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» (My Armenian Phantoms, 2025): Երկու ֆիլմերն էլ Բեռլինալե Ֆորում բաժնում էին, որը հայտնի է որպես փորձարարական և այլընտրանքային կինոնմուշներ ներկայացնող պլատֆորմ:

 

«Երազելուց հետո»-ն երիտասարդ ռեժիսոր Քրիստինե Հարությունյանի առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմն է, որ համարտադրություն է Հայաստանի, Ամերիկայի և Մեքսիկայի միջև: Քրիստինեի նախորդ կարճամետրաժ ֆիլմը` «Աշխարհը» (World, 2021), որ համաշխարհային պրեմիերա էր ունեցել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, գլխավոր մրցանակի արժանացավ «Ոսկե ծիրանում»` առաջացնելով հանդիսատեսի հակասական արձագանք: Թե՛ «Աշխարհում», թե՛ «Երազելուց հետո»-ում ռեժիսորը մարտահրավեր է նետել հայ կնոջ կերպարի պատկերման կարծրատիպերին և նոր շունչ հաղորդել իր հերոսուհիներին: 

 

«Երազելուց հետո»

 

Այս լիամետրաժ աշխատանքում Հարությունյանը նաև պատմում է հետպատերազմյան երկրի անբաժան մաս կազմող հայրիշխանական միջավայրի, թունավոր առնականության մասին, քննում դրա փխրությունը` հակադրելով այն վերոնշյալ ոչ կարծատիպային կանացիության պատկերման ու ներփակում այս ամենն անվերջանալի երազի սահմաններում:

 

Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը փառատոնի Berlinale Special բաժնում էր: Սա ռեժիսորի առաջին միջազգային հաջողությունը չէ. նրա նախորդ ֆիլմերը` «Անթեղը» (Embers, 2012), «Ձյուն կար»-ը, (Those from the Shore, 2017), «Կանանց գյուղը» (Village of Women, 2019) ներկայացվել ու մրցանակների են արժանացել Լայպցիգի, Բուսանի, Բոստանի և այլ կինոփառատոներում: Ի հավելումն այս վավերագրական ֆիլմերի, այս պահին Թամարան ավարտում է իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի «Արամի երկրի» (Save the Dead, 2025) աշխատանքները: 

 

Ինչպես Ստեփանյանի նախորդ վավերագրական ֆիլմերը, «Իմ հայկական ուրվականները» ևս հյուսվում են ռեժիսորի հիմնական թեմաների շուրջ` արտագաղթ ու կորուստ, անցյալի ու ներկայի մասին մտորումների համադրություն, նոստալգիա և դեպի ապագա շարժվելու կամք: Զուգակցելով իր հիշողություններն ու անձնական պատմությունները հայկական կինոյի տարբեր նմուշների հատվածների հետ, ռեժիսորը նաև հարցադրումներ է անում կինոժառանգության արժեքի ու դրա մոռացության վտանգի մասին: Ֆիլմը նվիրված է ռեժիսորի հոր` դերասան Վիգեն Ստեփանյանի հիշատակին, որը ռեժիսորի համար ամփոփում է իր մեջ ողջ հայկական կինոն: «Իմ հայկական ուրվականները» Ստեփանյանի սիրո խոստովանությունն է հայկական կինոյին, որը կազմում է վերջինիս աշխարհի անքակտելի մասը:

 

«Իմ հայկական ուրվականները»

 

Հետաքրքիր էր հետևել օտարերկրյա հանդիսատեսի` հայկական ֆիլմերի արձագանքին: «Երազելուց հետո»-ն, որ ավելի շատ հարցեր էր առաջացրել, քան տվել պատասխաններ, արժանացավ գլխավորապես դրական արձագանքի և գրախոսվեց տարբեր հեղինակավոր մեդիահարթակների կողմից, այդ թվում` Variety, Filmmaker և այլն: Կարևոր նպատակի ծառայեց «Իմ հայկական ուրվականները» ֆիլմը, որը դիտելուց հետո բոլորը չափազանց հետաքրքրված էին և ուզում էին տեսնել հայկական դասական կինո: 

 

Օտարերկրյա հանդիսատեսի նմանատիպ արձագանքը, ինչպես նաև տարբեր միջազգային փառատոներում  հայկական ֆիլմերի աճող թիվը փաստում են, որ հայկական կինոյի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն, իսկ հայկական կինեմատոգրաֆը սկսել է ստեղծել միջազգային ստանդարտներին համապատասխանող կինոարտադրանք: Սա թույլ է տալիս հավատալ, որ գալիք ամիսները լի են լինելու նոր փառատոնային հաջողություններով, ինչը բոլորիս կինոփորձառությունը դարձնելու է ավելի բազմազան ու հարուստ:

հավելյալ նյութեր