Հայկական ռեպի ֆոտոպատմությունը Կարեն Խաչատուրովից
Լուսանկարիչ Կարեն Խաչատուրովը 2024 թվականից նկարում է հայկական հիփ-հոփի ներկայացուցիչներին։ Այս պահին նախագծի շրջանակում նկարահանվել է արդեն ավելի քան 40 արտիստ, սակայն Կարենն ասում է՝ ցանկը դեռ շատ հեռու է ամբողջական լինելուց։ ԵՐԵՎԱՆը խոսել է հեղինակի հետ և ուսումնասիրել կադրերից մի քանիսը։
Լուսանկարները՝ Կարեն Խաչատուրովի
Նախագծի վերջնական նպատակը ֆոտոգիրքն է, որտեղ ժամանակագրական սկզբունքով կներկայացվեն տարբեր սերունդների հայ ռեպերները։ Գիրքը նախատեսվում է հրատարակել 2027 թվականի վերջին՝ «Հայ Տղեքի» մասին գեղարվեստական ֆիլմի թողարկմանը զուգահեռ։ Նախատեսվում են նաև ցուցահանդես և հնարավոր է՝ նաև համերգներ՝ նախագծի մասնակից արտիստների մասնակցությամբ։
Կարենի հետաքրքրությունը թեմայի նկատմամբ նոր չէ։ Նա ինքն է մեծացել հիփ-հոփ լսելով և այժմ փորձում է լուսանկարչության միջոցով պահպանել այն միջավայրը, որի մասն է եղել որպես ունկնդիր։

Galife

«Շարքը սկսեցի, որովհետև հետաքրքրված եմ հիփ-հոփով, միշտ լսել եմ ու մեծացել այդ մշակույթին հետևելով։ Որպես լուսանկարիչ ինձ համար կարևոր է, որ մեր տեղական մշակույթը լուսաբանվի, արխիվացվի ու մնա՝ ռեպը մյուս տեղական ժանրերից ոչնչով պակաս կարևոր չի»,— ասում է նա։
Առաջին հանդիպումը հայկական ռեպի հետ Կարենը հստակ հիշում է։ «Հայ Տղեքի» առաջին ալբոմն էր, որը լսել է ընկերոջ մեքենայում։ «Հենց նույն օրը գնեցի կասետը ու հետո բոլոր դասընկերներիս համար միացնում էի, որ լսեն»։

Կարան Խաչատուրովը՝ իր նախագծի հերոսների հետ
Ֆոտոնախագծի մեկնարկում էլ, իհարկե, առաջին տողում դասականներն էին՝ Միշո, Հտ Հայկո, Կար։ «Հետո արդեն նոր աշխարհ բացվեց ու հասկացա, որ շատ տաղանդավոր դեմքեր կան, ու իմ համար արդեն դառավ ազարտի նման մի բան, - հիշում է Կարենը, - Շատ անուններ կարող եմ տալ․ Քառյոթ, Էնոմենալ, Դանակ, Միշտ հասարակ, Դավ, Զոր, Jlc, Inadu, Galife, Edworld․․․ թող ներեն ում անունը չտվեցի, բայց իրոք տաղանդավոր դեմքերը շատ են»:
Նախագծի համար Կարենն ունի արտիստների նախնական ցուցակ, բայց այն մշտապես համալրվում է։ Կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ ճանաչելիությունը չդառնա ընտրության հիմնական չափանիշ։
«Երբ նոր արտիստ եմ հայտնաբերում, ով ներդրում ունի հայկական ռեպի մեջ, անպայման կապվում եմ իր հետ։ Նպատակս հնարավորինս շատ արտիստների ներգրավելն է՝ անկախ նրանց ճանաչելիության մակարդակից, ու հնարավորության սահմաններում ժանրը շատ լայն շրջանակով արխիվացնել՝ լուսանկարների, գրքի և ցուցահանդեսի տեսքով»։
.jpeg)
Danak
.jpeg)
Stepo, Shelbie
Նկարահանումների համար նույնպես միասնական ձևաչափ չկա։ Լուսանկարները կարող են արվել արտիստների բակերում, տներում, տարբեր քաղաքային միջավայրերում, բայց ամենահաճախ հանդիպող լոկացիաները ձայնագրման ստուդիաներն են։ Այսպիսով շարքը վավերագրում է ոչ միայն դեմքերը, այլև այն վայրերը, որտեղ այսօր ստեղծվում է հայկական ռեփը։
Կարենի կարծիքով՝ հայկական ռեպը դեռ հաճախ դուրս է մնում տեղական մշակույթի մասին ավելի լայն խոսակցություններից։ «Մարդկանց մեծ մասը, երբ լսում է՝ ռե՞պ, հայերե՞նով, դրանից այն կողմ չի գնում ու չի խորանում։ Բայց մայրենի լեզվով ռեպ մատուցելն այդքան էլ հեշտ բան չէ։ Իմ կարծիքով՝ կան արտիստներ, որոնք ժամանակի ընթացքում իրենց ասելիքով ինչ-որ դրական բան կփոխանցեն մարդկանց»։

Inadu
.jpeg)
Enomenal, Efo, Vaheh
Նա չի փորձում ռեպը իդեալականացնել, բայց միանշանակ վստահ է, որ ժանրը վաղուց դարձել է ժամանակի ու քաղաքի կենդանի փաստաթուղթ՝ լեզվով, միջավայրով, թեմաներով ու մարդկանցով։
2027-ին նախատեսվող ֆոտոգիրքը պետք է ամփոփի այս երկարատև աշխատանքը։ Իսկ մինչ այդ շարքը շարունակվում է՝ նոր արտիստներով, նոր վայրերով ու հայկական հիփ-հոփի դեռ չարխիվացված պատմություններով։