Հայկական վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ ՀԲԸՄ-ում
Կինո

Հայկական վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ ՀԲԸՄ-ում

PlatformDoc նոր նախաձեռնությունը շարունակում է հայկական վավերագրական ֆիլմերի իր ամենամսյա ցուցադրությունները ՀԲԸՄ-ում: Ներկայացնում ենք մոտակա ցուցադրությունները։

Ավելի մանրամասն ցուցադրությունների մասին

#Կինո

ԱՊՐԻԼԻ 30 | Արման Այվազյանի «Քարեր» և «Ճայը» կարճ ֆիլմերը

2020-ի արցախյան դաժան պատերազմն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարով, և Հայաստանը ստիպված էր Ադրբեջանին հանձնել իր վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Դրա հետևանքով այս տարածքներում ապրող հազարավոր հայեր ստիպված էին լքել իրենց տները։ «Քարերը» (2023, 16ր.) տարածքների հանձնման վերջնաժամկետից օրեր առաջ մի խումբ կամավորականների մասին է, որոնք վտանգելով իրենց կյանքը, մտնում են Լաչինի շրջան, որպեսզի փնտրեն և ոչնչացումից փրկեն հայկական խաչքարերը։

 

 

​«Ճայը» (2021, 14ր.) նկարչի մասին է, որին չտրվեց նկարչի կյանքով ապրել։ Նկարիչը հայրն է, ում պատմությունը պատմում է որդին։

 


 

ՄԱՅԻՍԻ 21 | Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզը»

Ֆիլմը պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին: Այն փաստագրություն է և կառուցված է միայն իրական փաստերի հիման վրա: Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի եվրոպացի հինգ հումանիստ և միսիոներ կանայք են, իրական մարդիկ, ովքեր տեսել են հայ ժողովրդի կոտորածները: Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմնադիրները: Նկարահանման վայրեր՝ Նորվեգիա, Շվեդիա, Դանիա, Էստոնիա, Գերմանիա, Լիբանան, Հունաստան, Արևմտյան Հայաստան, Սիրիա, Թուրքիա, Հայաստան։

 

 


 

ՀՈՒՆԻՍ | Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանը» ֆիլմը

Ֆիլմը պատմում է տաղանդավոր հայ նկարիչ Վահան Անանյանի դրամատիկ կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին: Վահանը, ծնվելով Երևանում և հիասթափվելով հայաստանյան իրականությունից (երկրաշարժ, պատերազմ, խորհրդային կարգերի փլուզում), հեռանում է և ստեղծագործում Տալլինում, Կիևում և Օդեսայում:

Վահանի անժամանակ հիվանդությունից և մահվանից հետո նրա աճյունը բաժանվում է երեք մասի և հուղարկավորվում Տալլինում, Օդեսայում և Երևանում, իսկ ստեղծագործական ժառանգությունը և աշակերտները մնում են հեռուներում:

 

 



ՀՈՒԼԻՍ | Երիտասարդ ռեժիսորների երկու կարճ ֆիլմ Արցախի պատերազմի մասին


«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ։ ԵՐԿՈՒ ԵՐԵԽԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ» (2021, ռեժիսոր Ալեքսի Պազումյան) 24 րոպեանոց ֆիլմը Լեռնային Ղարաբաղում ծնված երկու հայ երեխայի մասին է: Սամվելն ու Ավոն ընդամենը տասը տարեկան են, բայց նրանք արդեն տուժել են իրենց փոքր, չճանաչված հանրապետության և Ադրբեջանի միջև ծավալված պատերազմից: 2016-ին արդեն ռմբակոծվելուց և քառամյա հարկադիր տարագրությունից հետո երեխաներն ու նրանց ընտանիքները նոր էին վերաբնակվել հայրենի գյուղի նոր տներում: Բայց Թալիշը Ադրբեջանի սահմանից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա է:

 

«ԼՈՒՅՍԵՐ»  (2022, 30ր. ռեժիսոր Շողեր Պետրասյան)  ֆիլմը 44–օրյա պատերազմի ժամանակ կամավորական աշխատանքներ կատարած երեխաների և պատերազմի հետևանքով հարազատ բնակավայրը կորցրած երեխաների մասին է։

 

 



ՕԳՈՍՏՈՍ | Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք» ֆիլմը


Հասարակության կողմից անտեսված մի խումբ միայնակ տարեցներ Հայաստանից համախմբվում են սիրողական պարախմբում և յուրաքանչյուր միջոցառման ժամանակ ապացուցում են, որ դեռ կարող են երազել, սիրահարվել, զարմանալ և զարմացնել։ Ֆիլմը նկարահանվել է 2015 թվականին։ 

 

հավելյալ նյութեր