Հայկականը նորաձև է
Ֆեշն

Հայկականը նորաձև է

«Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանը և ՀԿ-ի համահիմնադիր Էլեն Մանուկյանը ԵՐԵՎԱՆին պատմել են հայաստանյան նորաձևության ներկայի մասին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Առնոս Մարտիրոսյանի

 

ԵՐԵՎԱՆ #75 | 2022

#Ֆեշն

 

Հոդվածը գրվել է «Տնտեսական հնարավորություններ՝ Արևելյան գործընկերության երկրներում տեքստիլի ոլորտում մրցունակության և կայունության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության Reconomy տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագրի և HELVETAS Շվեյցարական միջհամագործակցության աջակցությամբ:
 

Հայաստանի հետ աշխատում են բազմաթիվ օտարերկրյա ընկերություններ

Վերջին տարիներին հայկական նորաձևությունը զգալի զարգացում է ապրել՝ ճանաչելի և հասանելի դառնալով հասարակ սպառողի համար, ինչն ընդամենը մեկ տասնամյակ առաջ կարող էր անիրական թվալ։ Վերջին շրջանում հայ դիզայներների աշխատանքները մարդկանց զգեստապահարանի անբաժան մասն են դարձել, իսկ տեքստիլ գործարանները շարունակաբար ներդնում են նոր մոտեցումներ, տեխնոլոգիաներ ու միջազգային փորձ։


Արտադրող ընկերություններն ամեն ամիս ավելացնում են իրենց աշխատատեղերը ոչ թե հինգով կամ տասով, այլ մի քանի տասնյակներով: Աճել են նաև արտահանման տեմպերը։ Նույնիսկ կան հայկական ընկերություններ, որոնք աշխատում են միայն միջազգային շուկաների հետ։ «Առաջին հայացքից կարող է թվալ, որ արտահանումը և միջազգային գործընկերների հետ աշխատանքը ծառայում է միայն ֆինանսական նպատակների,- ասում է Էլեն Մանուկյանը,- բայց այն նաև հնարավորություն է տալիս գործարաններին վերապատրաստել իրենց աշխատակիցներին, բարձրացնել արտադրողականությունը և ներդնել լավագույն միջազգային փորձը»։ 

 

 


Յուրաքանչյուր միջազգային պատվերի հետ գալիս է նաև համապատասխան անձնակազմ, որը վերահսկում է արտադրանքի որակը և ընթացքում սովորեցնում տեղական թիմին աշխատել նոր ոճով ու որակով։ Այս աշխատակիցները, մնալով Հայաստանում, նպաստում են հայկական տեքստիլ ոլորտի զարգացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ արտադրողների համար՝ էլ ավելի մեծաքանակ և բարդ պատվերներ ընդունելու տեսանկյունից։ 


Այս պահի դրությամբ Հայաստանում գործում է շուրջ 30 խոշոր գործարան, որոնցից յուրաքանչյուրն ունի 200-ից մինչև 1000 և ավելի աշխատատեղ։ Այս գործարանների մեծ մասը գտնվում է մարզերում, ինչն էլ իր հերթին տանում է ավելի լայն արդյունքների, ոլորտի ապակենտրոնացմանն ու մարզային զարգացմանը։ 

 

 

Գլխավոր խնդիրը համապատասխան աշխատուժի պակասն է

Թեև կա պահանջարկ, բայց առկա է հմտությունների, գիտելիքների ու մասնագետների պակաս։ Վահան Խաչատրյանը վստահ է, որ խնդիրն այստեղ նաև գործատուի և կրթական հաստատությունների միջև երկխոսության պակասն է: «Այդ կապը հաստատելու նպատակով մենք այցելել ենք կրթական հաստատություններ, փորձել կապեր ստեղծել, կատարել հարցումներ կարիքների վերաբերյալ ու տրամադրել այդ ինֆորմացիան պետությանն ու գործատուներին»,- ասում է նա։ Մասնագետների պակասը զգալի ազդեցություն է ունենում ոչ միայն գործարանների, այլև հենց դիզայներների վրա։ Նրանցից շատերը չեն կարողանում արագ զարգանալ, քանի որ արտադրանքի ստեղծման բոլոր էտապներն ինքնուրույն են անում, նույնիսկ եթե չունեն համապատասխան գիտելիքներ։ 


Փորձելով լրացնել առկա բացերը՝ ՀԿ-ն պարբերաբար վերապատրաստման ծրագրեր է իրականացնում դիզայներների համար։ Նրանց սովորեցնում ենք բիզնես հմտություններ, սոցիալական հարթակների ճիշտ կառավարում, ֆինանսական գիտելիքներ, կառավարում և նման այլ գիտելիքներ, որոնք այլ պայմաններում առանձին մասնագետների աշխատանքի տիրույթում կլինեին։ 

 

 

Խոշոր գործարանները սկսել են աշխատել հայ դիզայներների հետ

Նախկինում գործարանները հրաժարվում էին աշխատել հայ դիզայներների հետ՝ պարզաբանելով, որ պատվերները փոքրաքանակ են և ֆինանսական տեսանկյունից ոչ եկամտաբեր։ Բայց այսօր «Նորաձևության և դիզայնի պալատի» թիմի խոսքով՝ այս խոչընդոտը հաղթահարված է և շատ դիզայներներ ակտիվ համագործակցում են գործարանների հետ, քանի որ հաջողվել է ձևավորել այն գաղափարախոսությունը, որ դրանով նրանք նպաստում են հայկական նորաձևության պահանջարկի ավելացմանը և «Արտադրված է Հայաստանում» բրենդի կայացմանը։ 


Այս ընթացքում նաև աշխատանք է տարվում կառավարության հետ, մշակվում է տեքստիլի զարգացման հնգամյա ռազմավարություն։ Վերջինս հիմնված է ոչ միայն աշխատատեղերի ավելացման, այլև հավելյալ արժեքի ստեղծման վրա, որի հիմքում ընկած է աշխատավարձի, որակյալ արտադրանքի բարդության և արտադրողականության բարձրացումը: