Հայոց փոդքասթինգի պատմությունը
Փոդքասթինգ

Հայոց փոդքասթինգի պատմությունը

Փոդքասթինգը մեդիայի բավական երիտասարդ ճյուղ է, որի ողջ կյանքը տեղավորվում է 21-րդ դարի երկու տասնամյակների մեջ։ Հայաստանում էլ փոդքասթների պատմությունը չունի շատ հեռու գնացող պատմություն, փոխարենը դա թույլ է տալիս բավական հստակ ֆիքսել այդ ճանապարհը։ Մեր խնդրանքով դա արել է «Հետք» փոդքասթի հեղինակ Սամսոն Մարտիրոսյանը։

Տեքստը՝ Սամսոն Մարտիրոսյանի


ԵՐԵՎԱՆ #60 | 2020

Ձանձրույթը Գյումրիում

2015-ին ավարտեցի մագիստրատուրան, դուրս եկա գործից, ու գնացի հետ հայրական քաղաք՝ Գյումրի։ Մոտակա ժամանակները նպատակ չունեի ուսումս շարունակելու ու դեռ չէի կողմնորոշվել, թե որ մասնագիտական ճանապարհով էի ուզում առաջ շարժվել ու որ ուղղությամբ։

 

Քաղաքն էլ առաջվանը չէր. մանկության ընկերներից մարդ չէր մնացել. գրեթե բոլորը արտագաղթել էին, իսկ շփման շրջանակս շատ էր նեղացել՝ Երևանում անցկացրած տարիների ընթացքում որոշ կապեր մոռացվել էին, մյուսները՝ խզվել։ Երևանում իրադարձություններով լի կյանքից հետո Գյումրիում ժամանակը կանգ առավ. անսովոր շոգ ամառը, անվերջ ձգվող երկար օրերը, պարապությունը, մեկուսացումն ու կամավոր գործազրկությունը դանդաղ փոխեցին իրականությունս, ու հայտնվեցի տարօրինակ վակումում։ Մի քանի ամիս անց հասկացա, որ իրականությունս չփոխելու դեպքում կճահճանամ։

 

Ընկերներիցս Ջինը (իրականում՝ Արփինեն) այդ ժամանակ նույնպես հետաքրքիր տրանսֆորմացիաներ էր ապրում։ Առաջարկեցի փոդքասթ սկսել՝ համաձայնեց։ Ի՞նչու հենց փոդքասթ։ Որովհետև դրա համար մեզանից ռեսուրս չէր պահանջվում, համ էլ ես փոդքասթ շատ էի սիրում ու հաճախ էի լսում։

 

Ջինն աշխատել էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ռադիոյում, որն այլևս չէր գործում, բայց այդտեղ կար աուդիո ձայնագրման և խմբագրման տեխնիկա։ Գրասենյակի վերածած՝ սև տուֆից սեփական տան երկրորդ հարկում ունեինք մեր սիրած վայրը՝ սպունգով ձայնամեկուսացրած պատերով «բուդկան»: Այն այնքան փոքր էր, որ համակարգիչը, ձայնագրիչն ու երկու աթոռ հազիվ էին տեղավորվում։ Ձմռանը սրանց ավելացավ նաև էլեկտրական «պլիտան»։ Առանց երկար մտածելու ու խորանալու փոդքասթի անունը դրեցինք First Armenian Podcast: Հստակ ձևաչափ չէինք ընտրել. տեղում թեմա էինք որոշում, միացնում էինք ձայնագրիչն ու զրուցում։ Թեմաները շատ բազմազան էին՝ սկսած հանրային տրանսպորտից վերջացրած բուսակերությամբ։

 


First Armenian Podcast-ի ամենաշատ լսումներով էպիզոդը

 

Առաջին էպիզոդը լույս տեսավ 2015-ի հոկտեմբերին։ Ընդհանուր առմամբ ձայնագրեցինք ու Յութուբում հրապարակեցինք 16 էպիզոդ։ Ամենաշատը լսել էին բարբառների մասին էպիզոդը, որի ընթացքում խոսում էինք մեր բարբառով ու քննարկում Հայաստանի այլ բարբառները։

 

Հինգ ամսից և՛ Ջինը, և՛ ես աշխատանք գտանք, իսկ որոշ ժամանակ անց նա տեղափոխվեց Երևան, ու փոդքասթն անցավ երկրորդ պլան։ Պարբերաբար մտածում էինք վերսկսելու մասին, բայց այդպես էլ չշարունակեցինք։

 

Ինչպես խոսեց տպագիր մամուլը

First Armenian Podcast-ը ստեղծելու առաջին փորձից չորս տարի անց ես նորից սկսեցի զբաղվել փոդքասթինգով։ Բայց այս անգամ այն ուղղակի հոբբի չէ, այլ մասնագիտական գործունեություն։ Հիմա ես աշխատում եմ «Հետք» ինտերնետային թերթում ու անցած սեպտեմբերին հրապարակեցի «Հետքի» նույնանուն փոդքասթի առաջին թողարկումը։

 

Մոտ 30 րոպե տևող աուդիո պատումների միջոցով ներկայացնում եմ մեր արած հետաքննություններն ու բացահայտումները, զրուցում եմ հետաքննող լրագրողների հետ, որոնք պատմում են հոդվածներում չներառված մանրամասներ, լուսաբանում եմ սոցիալական, քաղաքական և հանրությանը հուզող այլ թեմաներ։

 

Ու «Հետքը» միակ թերթը չէ, որն ունի փոդքասթ տարբերակ։ Ընդհանրապես, միայն լրատվամիջոցները չեն, որ փոդքասթներ են ստեղծում։ Այս տարվա ընթացքում կարելի էր նկատել, թե ինչպես է փոդքասթ լսելու մշակույթը դանդաղ քայլերով հասնում Հայաստան։ «Երևան» ամսագրի այս համարն էլ դրա վառ ապացույցն է։

 


Two Songs a Week | Դիանա Մնացականյան

Ինձ համար փոդքասթը լիցքաթափվելու հիմնական միջոցն է՝ իմ անձնական Մարս մոլորակը։ Այստեղ բարձրաձայնում եմ այն թեմաները, որոնք չէի քննարկի ընկերոջս հետ 15 րոպեում սուրճ ըմպելիս։ Տարիներով փախնում էի իմ մոլորակը, իսկ հետո մտածեցի, որ կարելի է կիսվել։ Two Songs a Week-ն այն վայրն է, որտեղ կարող եմ լինել այն, ինչ կամ. չէ՞ որ կյանքում բոլորս տարբեր դերերով ենք ներկայանում։ Ես երկար ժամանակ աշխատել եմ հեռուստատեսությունում և գիտեմ՝ ինչ է կադրը, բայց միշտ ուզել եմ կադրի մյուս կողմում լինել։ Այնտեղ, որտեղ իմ հանգստության գոտին է։ Փոդքասթը ստեղծում է տրամադրություն, իսկ ես հենց դա էի փնտրում։
Եթե ինձ հարցնեին, թե ինչի մասին է իմ փոդքասթը 3–4-րդ էպիզոդներում, չէի կարողանա ասել, բայց հիմա գիտեմ, որ այն հարգանքի տուրք է բնությանն ու մարդկանց։ Ես մարդկանց շատ եմ սիրում, սիրում եմ ուսումնասիրել, թե ինչպես է աշխատում մարդու ուղեղը, երբ նա հուզվում է կամ ստեղծագործում։ Վերաբերվում եմ մարդկանց որպես բնության կատարյալ ստեղծագործություն։
Թեմաները շատ տարբեր են, դրանց բոլորին միավորում են իմ հետաքրքրությունները։ Կրթությամբ լեզվաբան եմ՝ ռուսերենի, ռուս գրականության և անգլերենի մասնագետ, նաև հետաքրքրվում եմ բանահյուսությամբ ու փորձում եմ հասկանալ, թե ինչպես են այն օգտագործվում տարբեր երաժշտական ժանրերում, հասկանալ, թե ինչպես են միս ու արյուն ստանում ժողովրդական և այլ մեղեդիները։ Երաժշտությունն արտահայտվելու ձև է, և ամեն մարդ արտահայտվում է իր ձևով։

 

Վաղ շրջան

2005-ից ի վեր, երբ Oxford American Dictionary բառարանը փոդքասթ բառն ընտրեց տարվա բառ և 2006-ից այն ավելացրեց բառարանում, փոդքասթինգն Արևմուտքում զարգացավ արագ տեմպով՝ վերջին տարիների ընթացքում սահմանելով ռեկորդներ թե՛ փոդքասթների, թե՛ փոդքասթ լսողների քանակի առումով։ Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ հիմա ցանկացած ճաշակի ու հետաքրքրության տեր մարդու համար կա համապատասխան փոդքասթ։

 

 

Հայալեզու փոդքասթինգն էլ ունի զարգացման որոշ հետագիծ, որը կփորձեմ համառոտ ներկայացնել։ Սա, իհարկե, հեշտ գործ չէ. հնարավոր է՝ որոշ փոդքասթներ ներառած չլինեմ, ինչի համար հեղինակներից ներողություն եմ խնդրում։

 

Ինչպես արդեն նշեցի, First Armenian Podcast-ի անունը դնելուց մի թեթև փորփրել էի փոդքասթ լսելու հավելվածները, դրանցում հայալեզու փոդքասթ չէի գտել ու դրա համար էլ հենց այդպես էի անվանել։ Հետո պարզվեց, որ այն էդքան էլ First չէր։

 

Եթե համարենք, որ փոդքասթը ենթադրում է տարածման որոշակի տեխնոլոգիա ինտերնետային կայքերում, RSS-ով ու փոդքասթ լսելու հավելվածներով (կարճ ասած՝ ոչ կենտրոնացված ձևով տարածվող աուդիո պատումներ), ապա հայալեզու փոդքասթների պատմությունը սկսվում է վաղ 2000-ականներից, երբ ինտերնետը սկսեց կամացկամաց հասանելի դառնալ երկրում և հատկապես մեծ թափ ստացավ 2009-ին նոր պրովայդերի՝ Յուքոմի ի հայտ գալով։ Հիմա փոդքասթը գոնե պետք է հասանելի լինի ամենատարածված Apple Podcast կամ Google Podcasts հավելվածներում, բայց տարիներ առաջ այդպես չէր։

 

Առաջիններից էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Անիվ հետաքննություններ» հաղորդաշարը, որը սկսեց տարածվել 2004-ից։ Հաղորդման լրագրողներից մեկը՝ Նարինեն, այս հոդվածը գրելու համար ինձ տրամադրեց մի քանի էպիզոդ։ Ու բացատրեց. «Այս հաղորդումն «Արձագանք» ռադիոյով հեռարձակվող «Անիվ» talk show-ի շարունակությունն էր։ Որոշեցինք նոր ֆորմատով շարունակել, քանի որ լսարանը բավականին մեծ էր, մեզ վերահեռարձակում էին նաև մարզային ռադիոկայանները Գյումրիում, Վանաձորում»։ Առաջին հետաքննությունը Ջերմուկի պայթող շշերի մասին էր։ 2004-ին հեղինակներն անդրադարձել են վերջերս մեծ աղմուկ բարձրացրած թեմային՝ արել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի մասին էպիզոդ։ «Բացի ինտերնետով տարածելուց, այն հեռարձակում էր նաև Հանրային ռադիոն», — ավելացրեց Նարինեն։

 

 

Ընդհանուր առմամբ, հեղինակները պատրաստել են 7–8 էպիզոդ։ Հաղորդման վերջին էպիզոդը հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին է եղել, որը Հանրայինի եթերով այդպես էլ չի հեռարձակվել։

 

Ինտերնետի տարածմանը զուգահեռ սկսեց զարգանալ նաև բլոգերությունը։ 2007-ից հեռարձակվող «Հայկական բլոգոսֆերա» փոդքասթը, ինչպես հաղորդավարն է ասում բացման խոսքում, բլոգ աշխարհի «քննարկումների, դեպքերի ու դեմքերի» մասին էր։ Մինչև 10 րոպե տևողությամբ էպիզոդում հաղորդավարն ընթերցում էր բլոգերների գրառումները ու լսարանին ծանոթացնում ակտիվ քննարկվող թեմաներին։ Հաղորդումը պատրաստող կայքի խմբագիրը՝ Գեղամ Վարդանյանը, ասաց, որ «հայերենով բլոգ վարելը համեմատաբար նոր երևույթ էր, քանի որ ավելի տարածված էր պրակտիկան, երբ հայաստանցին ռուսերեն կամ անգլերեն էր բլոգ վարում… Հաղորդումը բլոգը պոպուլյար դարձնելու համար էր ու մեդիայի այդ համեմատաբար նոր տեսակը հետազոտելու յուրահատուկ գործիք էր»։

 

Այս փոդքասթի մի փոքր ձևափոխված տարբերակն էր «Ցանցառներ ռադիո» հաղորդումը, որ հեռարձակվում էր 2011-ից: Փոդքասթում խոսում էին շաբաթվա ցանցային նորությունների, ինտերնետային քննարկումների ու այդ ժամանակ նոր-նոր պոպուլյար դարձող BarCamp-երի ու այլ tech միջոցառումների մասին։

 

20 տարի առաջ՝ 2000-ին, արձակագիր Լևոն Խեչոյանը եվրոպական 21 երկրներից 103 այլ գրողների հետ մասնակցում է մի ծրագրի, որի ընթացքում գրողները գնացքով ճանապարհորդում են ամբողջ Եվրոպայով՝ սկսելով Պորտուգալիայից։ Ճանապարհորդության արդյունքում նա գրում է «Եվրոպայի երկաթե ճանապարհներին» էսսեն։ Իսկ 2009-ին այն դառնում է աուդիո պատում՝ «Մարդկանց Եվրոպա» խորագրով։ Լևոն Խեչոյանն իր ճանապարհորդությունից հիշարժան դեպքեր է պատմում, խոսում է իր տպավորությունների մասին։ «Այն ժամանակ դոկումենտալ ռադիոն, կարծես, դառնում էր պոպուլյար, հիմա այս չորս մասից բաղկացած աուդիո հաղորդումը կարելի է համարել դոկումենտալ փոդքասթ», — պատմում է լրագրող Նարինե Սաֆարյանը։

 

Մոտավորապես 2009-ից սկսած ինտերնետով տարածվում են նաև «Ազատություն ռադիոկայանի» հաղորդումները։ Դրանք հիմնականում նորություններ են, բայց ռադիոկայանն ունի նաև այլ հեղինակային հաղորդումներ, որոնցից մեկն է Գևորգ Ստամբոլցյանի «Նորագույն պատմություն» դոկումենտալ շարքը, որը «ներկայացնում է այն ուղին, որ անցել է Երրորդ հանրապետությունը վերջին երեք տասնամյակներին»։

 

Հայաստանի հանրային ռադիոյի եթերն ինտերնետով լսելու հնարավորություն նույնպես կա, ունեն նաև Soundcloud հաշիվ, բայց, ցավոք, Հանրայինը չունի ալիք Apple Podcasts, Google Podcasts և այլ հավելվածներում։ Փոխարենը Հանրայինի և այլ հայկական ռադիոալիքների եթերը հասանելի է Յուքոմի բջջային հավելվածի Ժամանց բաժնում։

 

Մեր օրեր

Ես ուսումնասիրել եմ միայն հայալեզու փոդքասթները, բայց եթե փորձենք ընդլայնել շրջանակը, կգտնենք ավելի շատ հայկական փոդքասթներ, պարզապես դրանք հիմնականում անգլերեն են։ Հիմա հայալեզու փոդքասթների թիվը նախկին տարիների համեմատ մի քանի անգամ աճել է։

 

Միայն 2019-ի ընթացքում ստեղծվել է շուրջ 25 հայալեզու փոդքասթ։ Անդրադառնամ նրանց, որոնք ակտիվ են և պարբերաբար ավելացնում են նոր էպիզոդներ։

 


Urish Football | Ռոբերտ Մարկոսյան

Փոդքասթը ևս մի հնարավորություն է խոսելու ոլորտում իմ հետաքրքրություններից՝ ավելացնելով և ձեռք բերելով նոր լսարան։ Ֆորմատը հասանելի է ավելի մեծ լսարանի համար։ Բացի այդ, հենց փոդքասթ ձայնագրող մարդու գործն ավելի հեշտ է։ Վլոգինգը շատ ավելի շատ ժամանակ է պահանջում՝ կազմակերպելուց սկսած, ավարտած մոնտաժային աշխատանքներով։ Բացի այդ, չես կարողանում զուգահեռ այլ բաներով զբաղվել։ Իսկ փոդքասթի համար լավ միկրոֆոն ես ունենում, թեթև դիզայն ես անում և պատրաստ է։ Պրակտիկ է, կարող ես կողքից միացնել, լսել ու ոչինչ բաց չես թողի։
Իմ փոդքասթը սպորտի մասին է. խոսում ենք տարբեր թեմաներից, այդ թվում՝ ցավոտ։ Հայկական ու համաշխարհային ֆուտբոլ, դրա շուրջ պտտվող լիքը հարցերով։ Վերջերս խոսեցինք մեր ընկերոջ՝ Երվանդի մասին, ում բանտարկել էին ՖինլանդիաՀայաստան խաղից հետո, և նա մի քանի շաբաթ անցկացրել էր Տուրկու քաղաքի բանտերից մեկում։ Այդ թեման հենց մեր զրույցից հետո մեծ տարածում ստացավ: Կարծում եմ՝ մեր ամենակարևոր էպիզոդներից էր։

 

Լրատվականներից փոդքասթներ ունեն Hetq-ը, Azatutyun-ը, CivilNet-ը, Mediamax-ը, Infocom-ը, Media.am-ը և EVNReport-ը։ Տպագիր ամսագրերից «ԵՐԵՎԱՆ»-ը և «Regional Post Caucasus»-ը թերևս միակն են, որ ունեն փոդքասթ։

 

Երաժշտական ուղղվածություն ունեցող փոդքասթներից կարելի է առանձնացնել մի քանիսը։ «Փնթի խողովակը» հայկական ալտերնատիվ սուբկուլտուրաների և դրանց դեմքերի մասին է։ Հեղինակը խորքային հարցազրույցներ է անում երաժիշտների հետ և փորձում բացահայտել նրանց։ Մեկ այլ երաժշտական փոդքասթ է Caucasus All Frequency-ն, հեղինակները երկու երաժիշտներ են, մեկը՝ ազգությամբ հայ, մյուսը՝ Վրաստանում բնակվող ամերիկացի։ Նրանք երաժշտության միջոցով ուսումնասիրում են կյանքն ու մշակույթը կովկասյան տարածաշրջանում, և, ինչպես իրենք են նշում, «փորձում ենք ամբողջական և խորը նկարագրել կյանքը Կովկասում երաժշտության և ձայնի միջոցով», նրանց էպիզոդները և՛ հայերեն են, և՛ անգլերեն։ Իսկ Post Rabiz-ը «փոդքասթ է ռաբիսի մասին ռաբիսից հետո»։ Հեղինակը բացահայտում է ռաբիսի շուրջ քննարկումներն ու բանավեճերը, փորփրում է արխիվներն ու հրապարակում մինչ այդ չհանրայնացված ռաբիսի ձայնագրություններ, կարդում է պոեզիա։ «Post Rabiz-ը» կարելի է համարել նաև sound art. 2 Songs a Week-ը շատ հանգիստ տրամադրություն ունեցող փոդքասթ է. հեղինակը կիսվում է երաժշտությամբ, պատմություններով, սա one-person ձևաչափի հեղինակային փոդքասթ է։

 

Հետաքրքիր են նաև տարբեր անհատների ու խմբերի կողմից ստեղծված փոդքասթները, որոնց թեմաները բազմաբնույթ են։ Օրինակ, «Ականջօղը» առաջին ֆեմինիստական հայալեզու փոդքասթն է, որի հեղինակներն «ինքնակոչ ֆեմ-աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ»։

Ականջօղի թարմ թողարկումներից մեկը

 

«Լսեք լսելու մասին» փոդքասթի հեղինակը 14-ամյա Արամն է, ով լսողական խնդիր ունի ու որոշել է իր փոդքասթի միջոցով պատմել «ամեն ինչ՝ կապված լսողության խնդրի, այդ խնդիրը կրողների և այդ խնդրի լուծումների մասին»։ Ակտիվ է նաև «Սև բիբար» հարթակի փոդքասթը, որը ձախական պրիզմայով վերլուծում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները։ «Անկանոն» փոդքասթը բարդ է դասակարգել որևէ ուղղվածություն ունեցող փոդքասթների շարքում. հեղինակն ասում է, որ «թեմաներն էլ իրենց հերթին էնքան տարբեր են, որ մարդ չի իմանում՝ որից սկսի ու որով ավարտի»։ «Պոդկաստ» փոդքասթի հեղինակներն ընկերներ են, որոնք պարբերաբար ձայնագրում են իրենց զրույցները, նույնպես չունեն հստակ թեմաներ. պատմում են, ինչպես իրենք են ասում, «աբիշնի ժիզնեննի» անձնական պատմություններ, քննարկում են հայաստանյան իրականությունում կատարվող իրադարձություններ ու ունենում են հյուրեր։

 

 

Վերջերս ակտիվացել են նաև ՏՏ ոլորտում աշխատող անհատներն ու ընկերությունները։ Այսպես, Technoworld փոդքասթում զրուցում են «տեխնոդեմքերի» հետ, լուսաբանում հայկական ու համաշխարհային ՏՏ իրադարձություններ։ «Ցանցառներ ռադիոն» վիդեո փոդքասթ է, տարածվում է Յութուբով, ուղիղ եթերով, առանց խմբագրումների։ Հեղինակները պատմում են, թե ով ինչ խնդրի լուծման վրա է տառապել ու քննարկում են tech իրադարձություններ։ Նրանցից մեկը՝ Նորայր Չիլինգարյանը, ինձ ասաց, որ «արտահայտված լինելու ցանկություն կա… սկզբունք կա՝ պետք ա չբացատրենք, այլ խոսենք, ինչպես խոսում ենք իրար հետ»։

 

Կան հայալեզու այլ փոդքասթներ նույնպես, բայց, ցավոք, դրանք այդքան ակտիվ չեն, որոշները, ըստ էության, նոր էպիզոդներ էլ չեն ձայնագրում։ Անկեղծ ասած, երբ Ջինի հետ սկսեցինք մեր զրույցները ձայնագրել, դժվար էր պատկերացնել, որ մի քանի տարի անց աուդիո լրագրությունը կդառնա իմ հիմնական աշխատանքներից մեկը։

 

Մեր փոքր «բուդկայում» ունեցած փորձառությունն իմ առջև բացեց այն դարպասները, որոնք տանում էին դեպի փոդքասթինգի աշխարհ։