Haypost Tower
Մի աշտարակ, որ ցնցեց համացանցը։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ Հայկ Կարապետյանի ֆբ-էջից, Վիքիպեդիայից
«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայփոստի» գլխավոր շենքի (Սարյան 22) վերակառուցման պետական ծրագրի մասին, որը ներկայացվել է քաղաքապետարանին: «Մեր աշխատավայրը, մեր ապագան. այս նախագծից ստացված շահույթով վերակառուցելու և արդիականացնելու ենք Հայաստանի փոստը։ Մեր երազանքների Հայփոստը սկսվում է հենց այս նախագծից»,— նշել է նա։
Պարզվում է, «Հայփոստը» զարգացման ծրագիր է մշակել, որի շրջանակում նախատեսվում է վերանորոգել կենտրոնական մասնաշենքը, ինչպես նաև կառուցել նորը։ Ըստ Կարապետյանի, «Հայփոստի» հին շենքը չի քանդվելու, բայց վերանորոգվելու ու համալրվելու է նորակառույց, ավելի ժամանակակից ու ավելի բարձրահարկ մասնաշենքով։ Շենքերը կապված կլինեն կամուրջներով։
Նախագիծը, որի հեղինակը ճարտարապետ Արմեն Շատվորյանն է, արդեն ներկայացվել է Երևանի քաղաքապետարանին ու ՀՀ կառավարությանը, սակայն այն դեռ հաստատված չէ, ինչպես իր հերթին նշել է Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում։ Գրառման մեջ նա նշել է, որ «Հայփոստի ներկայացուցիչների և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել այս տարվա սեպտեմբերի 17-ին: Այնուհետև նախագիծը քննարկվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ նկարում երևացող էսքիզը, ըստ էության, չի հաստատվել: Հասկանալի է, որ նախագիծը չի ստացել նաև ճարտարապետա-հատակագծային առաջադրանք և շինթույլտվություն: Պետական սեփականություն հանդիսացող Հայփոստիի գլխավոր մասնաշենքի վերաբերյալ այս կամ այլ ծրագրերը հետագա քննարկման առարկա են»։
Շենքի հետ կապված կան նաև այլ մասնավոր նախագծեր, բայց «Հայփոստը» հուսով է, որ կընտրվի իր նախագիծը, որն, իրենց հաշվարկով, Հայաստան կբերի 25 մլն դոլար ներդրում իսկ պետական բյուջեից որևէ գումար չի ծախսվելու: Նախատեսվում է նոր կառուցված շենքը ծառայեցնել ի շահ «Հայփոստի» ապագայի։ Նորացված շենքը կվերածվի բիզնես կենտրոնի իսկ երկրորդ մասնաշենքում հնարավոր է լինի նույնիսկ հյուրանոց։ Այս ամենով հանդերձ հասարակության շրջանում կան շատ հակասական կարծիքներ նախագծի վերաբերյալ։ Ավելի ճիշտ՝ այն հիմնականում դուր չի գալիս երևանցիներին։
Ճարտերպետներից շատերը ևս հանդես եկան կարծիքներով՝ շեշտելով հատկապես այն, որ նախագիծը հաշվի չի առնում մի շարք քաղաքաշինական նորմեր Երևանի ծանրաբեռնվածության, տրանսպորտի, բնակչության խտության, ինժեներական կոմունիկացիաների և ԱԻՆ-ի կամ շտապ օգնության հասանելիության տեսանկյունից։
Ինչպես արդեն բազմիցս ականատեսն ենք եղել՝ կառուցվում են շենքեր, որոնք չեն ինտեգրվում քաղաքի ընդհանուր քաղաքաշինության մեջ և քաղաքաշինական նորմերը պահպանվում են լավագույն դեպքում կառույցին մոտ շառավղով։ Նման կառույցներն առանձին վերցված գուցե և խնդրահարույց չեն, բայց մի շարք խնդիրներ են ստեղծում ամբողջի մեջ։ Մյուս կողմից՝ անհասկալի է, թե ինչու է նախատեսվում «Հայփստի» արդիականացումն անել այնպես, որ նախկին շենքը մնա նոր, էսթետիկ առումով բավական ճչացող բարձրահարկ կառույցի ստվերում։
Միևնույն ժամանակ կառույցը հակասում է նաև Կոնդի արդիականացման ընդհանուր ծրագրի հետ ու ընդամենը կետային լուծում է առաջարկում։ Խնդիրը ճարտարապետները տեսնում են ոչ թե ճարտարապետի առաջարկի մեջ, այլ քաղաքապետարանի մոտեցման մեջ։ Երևան քաղաքն ընդհանուր չի դիտարկվում և բիզնես նախագծերի պարագայում որպես կանոն տրամադրվում են բիզնեսին նախընտրելի տարածքները։ Քաղաքապետարանը չունի ուղղորդված քաղաքաշինական մոտեցում։ Այս և շատ այլ հարցեր ակտիվորեն քննարկվում են հասարակության շրջանում։ Այնուամենայնիվ, չմոռանանք, որ նախագիծը հաստատված չէ։