Կանոններ կենտրոնական մարտկոցային սիստեմի հեռախոսային ապարատներից օգտվելու համար, 1934թ.
Կապ

Կանոններ կենտրոնական մարտկոցային սիստեմի հեռախոսային ապարատներից օգտվելու համար, 1934թ.

Մի դրվագ Երևանի հեռախոսային պատմությունից։

Կանոնները հրապարակվել են Երևանի հեռախոսային ցանցի աբոնենտների ցուցակի գրքույկում։ Սկզբում ներկայացված է հեռախոսային ապարատից օգտվելու մանրամասն ձեռնարկ («Ստանալով կենտրոնական կայանի պատասխանը՝ «կենտրոն» կանչողը հայտնում է պահանջվող բաժանորդի №-ը, խոսելով հստակ ձայնով, առանց բարձրացնելու ձայնը, պահելով մանրախոսն ուղիղ բերանի դեմ», կամ «Բաժանորդը զանգը ստանալուց հետո հանում է հեռախոսային փողակը լծակից, դնում է ականջին և սկսում է խոսել։ Խոսակցությունը վերջացնելուց հետո փողակը կախում է կամ դնում է իր տեղում»), իսկ աբոնենտների ցանկից անմիջապես առաջ գրված են նաև հեռախոսային էթիկայի ընդհանուր կանոնները (որոնցից շատերը թերևս կիրառելի են նաև այսօր)։
 

1․ Ոչ մի դեպքում հեռախոսուհու հետ վիճաբանության մի մտնի, դա կխանգարի թե՛ քեզ և թե՛ ուրիշներին։ 


2․ Խոսելու ժամանակ փողակի շնուրը մի՛ տրորիր։ 


3․ Բողոքներով հեռախոսուհուն մի՛ դիմիր, այլ ցանցի վարչության ավագ հերթապահ, կամ վնասվածքների բյուրոյին։


4․ Հեռախոսուհուն, իր պարտականությունների կատարման ընթացքում մի՛ վիրավորիր, դա հանցանք է և դրա համար կենթարկվես պատասխանատվության և հեռախոսդ կընդհատվի։ 


5․ Հետևի՛ր, որպեսզի այն ժամանակ, երբ չես խոսում, հեռախոսի փողակը կախված կամ դրված լինի իր տեղում, այլապես խախտած կլինես հեռախոսային օրենքը և հեռախոսդ կընդհատվի, իսկ դու կտուգանվես։ 


6․ Հանի՛ր փողակը միայն այն ժամանակ, երբ զանգահարումը վերջանում է։


7․ Նախ իմացի՛ր №-ը, հետո վերցրու փողակը։ 


8․ Փողակը լծակի վրա դնելիս հետևի՛ր, որպեսզի նա հավասարապես տեղավորվի լծակի երկու ծայրերին, այլապես կենտրոնը քեզ չի պատասխանի։ 


9․ Հեռախոսուհուն ասա՛ միայն հեռախոսի №-ը. ավելորդ խոսքեր մի՛ ասա։ 


10․ Բաժանորդի կամ կենտրոնի կանչելու ժամանակ լծակը մի թրխկացրու, որովհետև այդ հանգամանքը վերջանշան է։ 


11․ Ցանկացածդ №-ը ցուցակում չգտնելու դեպքում դիմի՛ր տեղեկատու բյուրոյին, հեռախոս № 250: 


12․ Հեռախոսի վճարը մուծի՛ր ժամանակին, եթե ոչ՝ տույժ կվճարես։ 


13․ Հեռախոսով խոսել չիմացողին մի՛ թույլ տուր մոտենա ապարատին։ 


14․ Եթե ուզում ես մի խոսակցությունը վերջացնելուց հետո մյուսը սկսել, պետք է փողակը կախես, մի րոպե սպասես, հետո մյուսը սկսես։ 


15․ Խնդրվում է երեխաներին և հարբած մարդկանց թույլ չտալու հեռախոսի մոտ։ 


16․ Որոտի և փոթորիկի ժամանակ հեռախոսային կենտրոնական կայանի աշխատանքը դադարեցվում է։ 


17․ Որքան հնարավոր է հեռախոսով կարճ խոսի՛ր։ 


18․ Կենտրոնից մի՛ հարցրու ժամը քանիսն է, նրան արգելված է պատասխանել։ 


19․ Հեռախոսային բոլոր հարցերով կարելի է դիմել հեռ. ցանցի գրասենյակ՝ Ամիրյան փողոց № 9, կամ հեռախոս № 1:

 

 

ՍԱԿԱԳՆԵՐ

Բանվորների և ծառայողների հեռախոսներ. հիմնավորում՝ 31 ռուբլի, տարեկան բաժնեվճար՝ 114 ռուբլի։ Պետական և կոոպերատիվ հիմնարկ-ձեռնարկների, նույնը կուսակցական և պրոֆեսիոնալ կազմակերպությունների շենքերի հեռախոսները. հիմնավորում՝ 36 ռուբլի, տարեկան բաժնեվճար՝ 156 ռուբլի։ Ընդհանուր և կոլեկտիվ օգտագործման հանրային տեղերում (դեղատներ, ակումբներ, հանրակացարաններ և այլն). հիմնավորում՝ 55 ռուբլի, տարեկան բաժնեվճար՝ 264 ռուբլի։ 
 

հավելյալ նյութեր