Հերման Վահրամեանի առաջին պատմական ցուցադրությունը Հայաստանում
AHA collective-ը ներկայացնում է Հայաստանում առաջին պատմական ցուցադրությունը՝ նվիրված իրանահայ-միլանաբնակ Հերման Վահրամեանի գրաֆիկական աշխատանքներին, որը 20-րդ դարավերջի Եվրոպայի հայկական սփյուռքի առաջադեմ, բայց մինչ օրս լուսանցքներում մնացած մտավորականներից էր։
Հերման Վահրամեան․ Գրաֆիկա. 1970-1980-ականներ
Համադրող՝ Նաիրի Խաչատուրեան
AHA collective
19.04 – 19.07.2025
Ցուցադրությունը բաց է ամեն օր` երկուշաբթի օրվանից մինչ շաբաթ ժամը 4-ից 7-ը և նախնական պայմանավորվածությամբ
Պատկերասրահի հասցե` Մոսկովյան 31, 2րդ մուտք, 2րդ հարկ
Ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ, գրաֆիկական դիզայներ, մամուլի նկարազարդող, գրող, խմբագիր, հրատարակիչ և մշակութային տեսաբան Հերման Վահրամեանը (Թեհրան, 1939 - Միլան, 2009) եզակի ուղի է հարթել արվեստի տարբեր ոլորտներում։ Իր ժամանակից առաջ մտածող լինելով՝ նա սփյուռքյան կոնտեքստում և գլոբալիզացիայի դարաշրջանում մշակել է համարձակ սոցիալ-մշակութային տեսություններ, ինչպիսիք են «Մտքի սփյուռքը» և «Գաճաճ մտածողությունը», հասկացություններ, որոնք այսօր էլ խորապես արդիական են։
Վահրամեանը ծնվել է Իրանում և ճարտարապետություն սովորել Հռոմում և իր ամբողջ կյանքն անցկացրել Միլանում, որտեղ նա հիմնադրել և մշակել է համարձակ մշակութային նախաձեռնություններ։ Նա «Documenti di Architettura Armena» հայկական ճարտարապետության վերաբերյալ հիմնարար հրատարակչական շարքի շարժիչ ուժերից էր՝ Միլանի պոլիտեխնիկական համալսարանի և Հայկական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ մշակված։ Նա Մանուկեան ընտանիքի հետ սերտ համագործակցությամբ հիմնադրել է Միլանում գործող այնպիսի հաստատություններ` նվիրված փոքրամասնությունների մշակույթներին, ինչպիսիք են I/COM-ը (Ոչ գերիշխող մշակույթների հետազոտությունների ինստիտուտ, 1977) և Oemme Edizioni հրատարակչությունը (1985): Իրանում ծնված հայ կոմպոզիտոր Լյուդվիգ Բազիլի հետ նա նաև համահիմնադրել է Մյունխենում գործող MUSICAM ինստիտուտը (1981)՝ արևելքի թերներկայացված երաժշտական ավանդույթները հանրայնացնելու նպատակով։
Չնայած իր լայնածավալ ազդեցությանը արևմտյան սփյուռքի համայնքներում՝ հրատարակչությունից մինչև միջազգային գիտաժողովներ, Վահրամեանի ժառանգությունը զարմանալիորեն լուսանցնքներում է մնացել մինչ օրս։ Նրա լայնածավալ գեղարվեստական գործունեությունը, որը զարգացել է իր հրատարակչական և տեսական աշխատանքի հետ մեկտեղ, բացահայտում է խորապես եզակի գեղարվեստական լեզու, որը ձևավորվել է նրա սփյուռքյան ինքնության և արևելյան մշակութային հիմքերի վրա։
Այս նշանակալի ցուցադրությունը Երևանում առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է Վահրամեանի վաղ շրջանի գրաֆիկական աշխատանքների ընտրանի՝ 1970-ական և 1980-ական թվականներից, որոնք ստեղծվել են ամենահամեստ նյութերով՝ A4 թուղթ և տուշ: Այս գծանկարները ուսումնասիրում են արևելյան տեսողական և հոգևոր ավանդույթների` հավասարակշռության սկզբունքները: Ճարտարապետի հստակությամբ և միստիկի ներհայեցությամբ Վահրամեանի վաղ շրջանի սև-սպիտակ գրաֆիկական աշխատանքները զարգանում են գույներով և խտությամբ՝ միշտ արտացոլելով տեսանելիի և անտեսանելիի, նյութի և հոգու միջև եղած կապը։
Անտեսանելիի հետ շփվելով՝ սփյուռքահայ ճարտարապետը արտացոլում է իր կառուցած հարաբերությունները Հայաստանի հետ. մի Հայաստան, որը գերազանցում է տարածքային սահմանները՝ դառնալով «հոգևոր տարածք», ինչպես 1991 թվականին հիշում է նրա սիրելի գոծընկեր բանաստեղծ Վահէ Օշականը։
Այս երկար սպասված ցուցադրությունով AHA collective-ը հայ հանրությանը հրավիրում է բացահայտելու Հերման Վահրամեանի հարուստ գեղարվեստական ժառանգությանը և վերաիմաստավորելու 20-րդ դարի հայկական սփյուռքահայ արվեստի պատմությունը։