ՀՀ նոր կենսաչափական անձնագրի դիզայնը + մի քանի այլ օրինակներ
Փաստաթղթեր

ՀՀ նոր կենսաչափական անձնագրի դիզայնը + մի քանի այլ օրինակներ

Հայտնի է ՀՀ նոր կենսաչափական անձնագրերի տեսքը։ Առանձին ձևավորում են ստացել անձնագրի ներքին էջերը։ Ահա դրանք, ինչպես նաև աշխարհի մի քանի այլ աչքի ընկնող անձնագրային դիզայն։

#Դիզայն

Նոր անձնագրերի մասին մանրամասները հրապարակվել են վարչապետի և ՆԳ նախարարի աշխատանքային զրույցի ընթացքում։ Նոր փաստաթղթի ձևավորումը ներկայացվում է որպես հայկական ինքնության ու պետականության խորհրդանիշների ամբողջական հավաքածու՝ միավորելով պատմությունն ու ժամանակակից պատկերացումները մեկ դիզայնում։ Այն ներառում է Հայաստանի քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ հատուկ ընդգծված տառերով, որոնք խորհրդանշում են առանցքային արժեքներ՝ ազատություն, պետություն, սեր, խաղաղություն և այլ գաղափարներ։

 

 

 

 

Փաստաթուղթը կառուցված է պատմական շերտերի տրամաբանությամբ՝ սկսելով Հայկ Նահապետից և ժայռապատկերներից, շարունակելով Էրեբունու սեպագիր արձանագրությամբ և Արտաշեսյան սահմանաքարերով՝ որպես պետականության վաղ նշաններ։ Կարևոր տեղ է հատկացված նաև քրիստոնեության ընդունմանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկերով։ Միաժամանակ ներկայացված են ժամանակակից պետական ինստիտուտները՝ նախագահի նստավայրից մինչև Սահմանադրական դատարան, ինչպես նաև Երևանի քաղաքային խորհրդանիշները։ Առանձին շեշտադրում կա նաև մարզերի վրա՝ յուրաքանչյուրի բնորոշ տեսարաններով՝ Արագածից ու Խոր Վիրապից (բայց առանց Արարատի) մինչև Գյումրիի փողոցներն ու Ջերմուկի ջրվեժը։

 

 

 

Կենսաչափական նոր անձնագրերի վիզաների էջերի վիզուալների ձևավորման աշխատանքներն իրականացվել են «ՊիքսԱրտ» ընկերությունում։ Ինչպես ասվում է այս հաղորդագրության մեջ, «ընկերության հետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում կիրառել միջազգային չափանիշներին համապատասխան դիզայներական և տեխնոլոգիական լուծումներ»։ Ըստ վարչապետի ու ՆԳ նախարարի աշխատանքային քննարկման, «պատկերները հնարավորինս նույնական են իրականությանը»։ Որպես հիմք վերցվել են լուսանկարներ, որոնք համակարգչային ծրագրերի միջոցով տրանսֆորմացվել են ու վերափոխվել այսպիսի պատկերի։ 

 

 

 

Կարծիքներ

Սիրանուշ Փիլոյան, թրևլ-բլոգեր

Բոլորս էլ գիտենք Խոր Վիրապն ասոցացվում է Արարատի հետ ու Հայաստանը գովազդող նկարների թոփ 5-յակում այդ կոմբինացիան է' Արարատ+Խոր Վիրապ։ Մարդկանց մեծ մասը չգիտի ինչի է գնում Խոր Վիրապ, գիտեն գնում են Արարատը շատ մոտիկից նկարեն' այսքանը։ Վստահ եմ գիտեիք, որ մարդկանց մոտ վատ ասոցիացիաներ են լինելու, դժգոհություններ ու եթե պարտադիր չէր ի ցույց դնել, որ տեսեք Արարատը չկա, ապա կարելի էր այլ տեսարժան վայրեր օգտագործել։

 

Արսեն Շուռ Կարապետյան, ճարտարապետ

Էս ոճի ճշգրիտ նկարագրությունը երկու լեզվով գիտեմ, հայերեն չգիտեմ համարժեքը։ Ռուսերեն՝ лубочный, գերմաներեն՝ volkstümelnd։ Երբ դա իսկական ա, զիլ բաներ են ստացվում։ Երբ դա պետական մոտեցում է, դա դառնում է, մեղմ ասած, շատ վատ բան, նաև անցում ու շենքի ճակատ զարդարելուց։ 

 

Լիլիթ Մարգարյան

Անձնագրերը ստեղծվել են սահմաններ անցնելու համար, ոչ թե հանրային համբերության սահմանները ստուգելու: Կարելի՞ էր, չէ՞, հատկապես հիմա, մի քիչ համազուսպ լինել:

 

Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ

Առանձին կարելի է խոսել վատ, տրիվիալ ու սիրողական գրաֆիկայի մասին, որը պարզվեց ինչ որ հայկական հաջողված ստարտափում են արել։ Նման դեպքում, անում են պայմանական գրաֆիկա, ավելի շատ հիշեցնելով նույն բովանդակությունը, որպես pattern կամ ֆոն, բայց ոչ վատ (կամ անտաղանդ) «ներկիր ինքդ»-ի մակարդակի նկարներ։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք ԱԺ-ի շենքի դիմացի աղջկա ու շենքին համաչափությունների, Արագածի ու լեռնագնացների հարաբերակցությանը, Կասկադին ու շրջակա չեղած շենքերին, Գառնիում եկեղեցու վրա նստած զույգի չափերին։ Էլ չեմ ասում չոլի մեջտեղը լավաշ թխողներին, ու հատկապես տղամարդու դեմքին (կամ առհասարակ տղամարդիք լավաշ թխում է՞ին)։

 

Վահան Ստեփանյան, լուսանկարիչ

Եթե դուք գրաֆիկ դիզայնի հետ կապ չունեք, բայց ուզում եք ձեր հեղինակավոր կարծիքը հայտնել նոր անձնագրերի հետ կապված, հանգիստ կարող եք ասել, որ գ***ն ա։ ՈՒ դա կապ չունի ոչ շապիկի կարմիր գույնի հետ, ոչ Արարատի բացակայության, ոչ էլ թռչնատառերի հետ։ Ուղղակի նոր անձնագրերը անհետաքրքիր ու անդեմ են։ Ոնց որ AI-ով մի քանի ժամում գեներացված «ուղղակի ինչ-որ մեկին ցույց տալու համար» ապրանք։ Ոնց քսան տարի առաջ հնարավորություն ունեինք քաղաքի կենտրոնը հիանալի դարձնենք, բայց ստացվեց Հյուսիսային, նենց էլ հիմա հնարավորություն կար տպավորիչ բան ստանալ, իսկ դրա տեղը քննարկում ենք գույնն ու սարը։ 

 

 

 

 


 

Անձնագրերի դիզայնի այլ օրինակներ

 

ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների անձնագրի ներքին էջերն այնքան էլ շատ չեն (որովհետև հազվադեպ են վիզայի կարիք ունենում), բայց դրանք հերիք են՝ արտացոլելու ամերիկյան պատմության գլխավոր իրադարձություններն ու նշանավոր վայրերը (Մաունթ Ռաշմոր հուշահամալիրը, բնիկների արվեստը, և այլն)։

 

 

 

 


 

Բելգիա

Բելգիայի թագավորության անձնագրերի գլխավոր գործող անձինք կոմիքսային հերոսներն են՝ Տեն-Տենը, Սմուրֆերը և այլ կերպարներ, որոնք 20-րդ դարում դարձել են բելգիական մշակութային էքսպորտի կարևորագույն գործոն։ Էջերում պատկերված են նրանց ճանաչելի ուրվագծերը, որոնք ստանում են ամբողջական տեսանելիություն ուլտրա մանուշակագույն լույսի տակ։  

 

 

 

 


 

Ճապոնիա

Ճապոնիան էլ կարող էր անձնագրերում պատկերեր մանգաների ու անիմեների հերոսներին, բայց ոչ․ այստեղ գործի է դրվել 19-րդ դարի լեգենդար նկարիչ Հոկուսայի ժառանգությունը․ Ֆուձիի տեսարաններ, ծովի ալիք, և այլ պատկերներ, որոնք ափսոս էլ է վիզայի կնիքներով ծածկելը։ 

 

 


 

Կանադա

Կանադայում առանձնահատուկ ուշադրություն են դարձրել բնությանը։ Պատկերները երկրորդ կյանք են ստանում ուլտրա-մանուշակագույն լույսի տակ։ 

 

 

 

 


 

Նորվեգիա

Նորվեգական անձնագրերի դիզայնը մինիմալիստական է ու վեհաշուք։ Ուլտրա-մանուշակագույնի տակ հայտնվող շերտը դարձնում է այն արվեստի գործ։ 

 

 


 

Շվեդիա

Շվեդական անձնագրերի բացվածքներում պատկերված են քաղաքային համայնապատկերներ։ 

 

հավելյալ նյութեր