«Եթե մի անգամ նվագել եք, այլևս չեք կարողանա պոկվել»
Հոբբի

«Եթե մի անգամ նվագել եք, այլևս չեք կարողանա պոկվել»

Ինչպե՞ս ՏՏ ճարտարագետը, իրավաբանն ու լուսանկարիչը որոշեցին որպես հոբբի նվագել էլեկտրոնային երաժշտություն և ո՞ւր դա նրանց բերեց։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ Գոռ Կրոյանի․ Նորայր Չիլինգարյանի արխիվ

#Ռեյվ

Նորայր Չիլինգարյան, ՏՏ ճարտարագետ 

 

Խավարոտ էլեկտրո 

Ես տեխնոլոգիաների սիրահար եմ, բայց սիրում եմ դրանց մեջ եղած մշակույթը։ Ես զգում եմ, թե ինչպես է տեխնոլոգիան ազդում էսթետիկայի վրա։ Ես նույնիսկ կասեի, որ հենց տեխնոլոգիան է կանխորոշում էսթետիկան։ Դա ճշմարտություն է նաև էլեկտրոնային երաժշտության համար։ Սկզբից մենք ստացանք տեխնոլոգիան՝ էլեկտրականությունը, այնուհետև պարզեցինք, թե ինչպես դրա միջոցով ստանալ ձայներ, իսկ այսօր կարողանում ենք այդ ձայներից երաժշտություն ստանալ։ 

 

Այն երաժշտությունը, որն իմն է, բավական խավարոտ է, տանում է անդերգրաունդ։ Այն շատ ուրախ բան չէ, սինթեր կան մեջը բավական շատ, ռոմանտիկ տեքստեր չկան, նույնիսկ կարող եմ ասել, որ հիշեցնում է շամանների թմբուկի հարվածները, որոնք քեզ տրանսի մեջ են գցում։ Այն երաժշտությունը, որը ես սիրում եմ, գուցե նաև հուսահատության մասին է, մեր կեցության մասին, որն ընդհանուր առմամբ շատ ուրախ բան չէ, բայց նվագելը թույլ է տալիս զգալ և ընդունել այդ ամենը։ Կարելի է ասել՝ փրկում է։ Երբ դու ընդունում ես իրողությունը, այն քեզ օգնում է ապրել։ 

 

 

 

Սկիզբը 

Սկիզբը շատ բարդ էր, չէի հասկանում՝ որտեղից կարող եմ սկսել։ Ում հարցնում էի, թե ինչպես ես դարձել դիջեյ, բոլորն ասում էին, որ այս կամ այն ծանոթն է իրեն սովորեցրել, իսկ ես նման ծանոթ չունեի։ Ի վերջո, ինքս սովորեցի։ Փոքրուց սովորել եմ փորձել այնքան, մինչև ստացվի ու երևի դա էլ ինձ օգնեց վստահություն ունենալ, որ, միևնույն է, ձևը կգտնեմ։ 

 

Այդպես մոտ կես տարի ինքնուրույն պարապեցի տանը, իսկ հետո ընկերներիցս մեկն ինձ ծանոթացրեց Էդուարդ Աղաջանյանի հետ, որը պետական գործից բացի նաև էլեկտրոնային երաժշտությամբ է զբաղվում։ Իրեն սկսեցի հարց ու փորձ անել։ Նա էլ հարցրեց՝ արդյոք կարո՞ղ եմ նվագել, ի՞նչ երաժշտություն եմ լսում։ Տվեցի, որ լսի մի քանի գործ, հենց տեղում դեքերի վրա մի քանի բան նվագեցի, նա էլ ասեց, որ եկող ուրբաթ օրը նվագելու է, կարող եմ գալ՝ որպես warm up։ Ուրբաթը երեք օրից էր լինելու, գնացի մի քանի օր իրենց սարքավորումների վրա պարապեցի ու նվագեցի։ Ինձ համար անսպասելի էր, որ հաջող ստացվեց, չնայած որ մի քանի սխալ թույլ տվեցի, բայց, միևնույն է, ստացվեց։ 

 

Սկզբում չգիտեի ընկերներիս հրավիրել, թե ոչ։ Ուզում էի, որ մարդիկ գան ոչ թե նրա համար, որովհետև ինձ են ճանաչում, այլ քանի որ նրանց դուր է գալիս իմ նվագած երաժշտությունը։ Հայաստանում մարդկանց ականջը դեռ չի սովորել էլեկտրոյի ու սինթերի հնչողությանը և այս երաժշտությունն իրենց մոտ ասոցացվում է անորակ տժիկների հետ, որոնք իրոք գոյություն ունեն։ Իմ կողմից երկար աշխատանք պահանջվեց, որպեսզի փոխեմ մարդկանց պատկերացումները։

 

Առանց լսարանի ճնշման

Այսօր հիմնականում նվագում եմ Բոհեմնոցում, բացի այդ, շաբաթը մեկ ՏՏ ուղղվածության համայնքի anonradio-ի ուղիղ եթերում եմ։ Այնտեղի լսարանը ինձ հոգեհարազատ է, քանի որ ինքս ՏՏ ոլորտից եմ, բացի այդ, մեր մեջ որոշակի հեռավորություն կա, ինչն ինձ համար ավելի հաճելի է նվագելիս, երբ ինքդ քեզ հետ ես նվագում և չես զգում լսարանի ճնշումը. դու նվագում ես այն, ինչ ուզում ես։ 

 

Ես սիրում եմ էլեկտրոնային երաժշտությունը, բայց այն չի կարող դառնալ իմ հիմնական զբաղմունքը, քանի որ ես ինձ լավ եմ զգում, երբ ստեղծարարը վարձատրվող չէ։ Դու չունես կախվածություն քո ղեկավարներից, նվագում ես պարզապես այն, ինչ քեզ դուր է գալիս։ Ցանկացած իրավիճակում ստեղծարարն անձնական ոլորտի հարց է։ 

 

 

Լիլիթ Միդոյան, իրավաբան, նախագծերի համակարգող

 

Կոմպով նվագող աղջիկը

Էլեկտրոնային երաժշտություն հնարավոր է նվագել դեքերի, վինիլային նվագարկչի կամ կոնտրոլերների միջոցով։ Հիմա ես երկուսին էլ տիրապետում եմ, բայց սկզբնական շրջանում համակարգչով ուղղակի լավ երգեր էի դնում, ինձ էլ միշտ հարցնում էին՝ դու էն կոմպով նվագող աղջիկն ե՞ս։ 

 

Մոտ յոթ-ութ տարի առաջ ընկերներիցս մեկի սրճարան հրավիրել էինք դիջեյ Anais Paws-ին։ Հատուկ դեքեր էինք բերել իր համար ու ինձ մոտ էլ հետաքրքրություն առաջացավ, խնդրեցի մի քիչ բացատրի ինչն ինչոց է։ Սկզբի համար պարզեցի, որ դնում ես մի երգը, հետո մյուսը, փորձում ես մեկի բիթերը մյուսի հետ հաշվելով ճիշտ համադրես ու նման այլ բաներ։ Դա իմ առաջին հանդիպումն էր դեքերի հետ, բայց այդ ժամանակ շատ չկենտրոնացա էլեկտրոնային երաժշտությամբ զբաղվելու մտքի վրա։

 

 

 

Դեքերի առաջ

Երբ սկսեցի Միրզոյան գրադարանում որպես մենեջեր աշխատել, հավաքույթների ժամանակ երաժշտության պատասխանատուն ես էի, հիմնականում դնում էի օլդ սքուլ հիփհոփ։ Երգերը միացնում էի Youtube-ի միջոցով, բայց, միևնույն է, փորձում էի սահուն անցումներ ստանալ, միքսելու փորձեր էի անում, որ ուղղակի միացնել անջատելով չլիներ։ Այդ շրջանում Արա Ասլանյանն առաջարկեց, որ նվագեմ իր կազմակերպած ZAKAYF-ների ժամանակ։ Հենց այդ իվենթներից մեկից էլ սկսվեց իմ, այսպես ասած, դիջեյինգի կարիերան։ 

 

2019 թվականին Անկախության տոնի առիթով ZAKAYF-ը Գյումրիում էր, և ես նվագողներից մեկն էի։ Այդ օրն ուղղակի ֆանտաստիկ անցավ, երևի երբևէ այդքան լավ ժամանակ չէի անցկացրել։ Աննկարագրելի ցուրտ էր, բայց բոլորը երջանիկ էին ու պարում էին։ Այդ օրվանից ինձ սկսեցին հրավիրել շատ տարբեր տեղերից։ Այդ ժամանակ ես չէի համարում, որ լուրջ դիջեյությամբ եմ զբաղված, քանի որ ZAKAYF-ի ժամանակ DJ pro ծրագրով էի նվագում, որով առանց կոնտրոլեր միացնելու էլ կարող ես միքսել ձեռքով, ամենապարզ էֆեկտները ստանալ։ 

 

Բայց դա դեռ սկիզբն էր։ Հաջորդ հիշարժան պահը երևի թե Silent Disco միջոցառումն էր, այդ ժամանակ հայտնվեցի հենց դեքերի դիմաց, ինչը, անկեղծ ասած, ինձ բավական լարեց, քանի որ դեքերի վրա հենց հիփհոփ նվագելը բավական բարդ գործ է։ Անկախ իմ լարվածությունից, միևնույն է, լավ անցավ, շատերը հավեսով լսեցին իմ երաժշտությունը։ 

 

Ավելի լուրջ 

Նույն շրջանում, երբ, ի դեպ, ինքնամեկուսացման օրերն էին, մտածեցի, որ արժեր ավելի խորանալ այս ամենի մեջ։ Պոլիգրաֆի ժողովրդի հետ բավական մտերիմ էի, գնացի իրենց մոտ մի քանի դասի, որ հմտություններս զարգացնեմ։ Ամեն ինչ գնալով լրջանում էր, Ունկնդիրի ժամանակ նվագեցի, բայց մինչ այդ կազմակերպիչներն ինձնից սեթ էին խնդրել, որը, ի դեպ, այսօր soundcloud-ում բավական շատ լսումներ ունի։

 

Դրանից հետո արդեն շատ տեղերում սկսեցի նվագել և այն, ինչ նվագում եմ այսօր, լիովին տարբերվում է առաջվա ռեպերտուարիցս։ Իմ այսօրվա թեման հաուս, աֆրոհաուս ու նման երաժշտությունն է։ 

 

Հետաքրքիր է, որ բավական շատ մարդիկ ինձ գիտեն որպես դիջեյ ու, անկեղծ ասած, ինձ դա երբեմն նյարդայնացնում է։ Դու տարիներով կարիերա ես ստեղծում և հետո, շատ կարճ ժամանակում, մարդիկ քեզ սկսում են ճանաչել մի բանով, որը ուղղակի որպես հոբբի ես դիտարկում։ Մասնագիտությամբ իրավաբան եմ, հիմա աշխատում եմ որպես նախագծերի համակարգող UNDP-ում, այսինքն՝ դիջեյության հետ ոչ մի անմիջական կապ չեմ ունեցել։ Պարզապես միշտ սիրել եմ երաժշտությունը։ 

 

Երկխոսության մեջ

Ինձ համար նվագելը երկխոսություն է իմ ու լսարանի միջև։ Ես ունեցել եմ փորձ նվագելու թվով շատ քիչ մարդկանց համար և իրականում դա ինձ դուր չի գալիս։ Դու սկսում ես խառը բաներ նվագել, ինչպես կանեիր, եթե տանը պարզապես ինքդ քո համար Youtube-ով իրար հետևից երգեր շարեիր։ Երբ կան մարդիկ ու դու սկսում ես հասկանալ, թե ինչ են նրանք ուզում լսել այդ պահին, ինչ պիտի նվագես հաջորդը, ինչ էմոցիաներ են նրանք զգում, հենց դա է այս զբաղմունքի լավագույն մասը։ Դու կտրվում ես ամեն բանից ու, հավատացեք, եթե մի անգամ նվագել եք, այլևս չեք կարողանա պոկվել։

 

 

Գոռ Կրոյան, լուսանկարիչ 

 

Առաքյալները

Կա էլեկտրոնային երաժշտության սիրահարների մի սերունդ, ովքեր նվագում են իրենց հաճույքի ու շատ փոքր լսարանների համար։ Նրանցից մեկի շնորհիվ էլ հայտնվեցի էլեկտրոնային երաժշտության ու միքսինգի մեջ։ Արտյոմ Ասատրյանը, որը հենց այդ սերնդի էլեկտրոնային երաժշտության առաքյալներից մեկն է, ինձ բացատրեց, որ երաժշտությունները համադրելով հնարավոր է մի ամբողջ պատմություն մատուցել։ Նույնիսկ եթե դու չունես լսարան և կարողանում ես ինքդ քո համար այդ պատմությունը ճիշտ ստանալ, դա արդեն շատ լավ է։ Նրանից էլ վարակվեցի նվագելու գաղափարով։ 

 

Ինքս երաժշտության սիրահար եմ և սկսեցի տանը փորձարկումներ անել։ Քովիդային մեկուսացված շրջան էր, ժամանակ շատ կար։ Սկզբում բնականաբար ոչինչ չգիտեի, մինորը մաժորի հետ էի խառնում, չնայած լավ նվագողները դրանից էլ են կարողանում որակյալ բան ստանալ։ Լուսանկարչության մեջ էլ կարող ես կոմպոզիցիայի կանոններից դուրս գալ, բայց դա քո որոշումն է, պետք է իմանաս ինչպես ճիշտ մատուցես։ Նույնն էլ երաժշտության դեպքում է։ Դու կարող ես խախտել կանոնները, բայց պետք է դա հասկանալով անես։

 

 

 

Էլեկտրո սոլֆեջիո

Այդպես ներքաշվեցի պրոցեսի մեջ։ Երբեմն Լիլիթ Միդոյանի հետ մեր տնից ուղիղ եթերներ էինք կազմակերպում։ Կամերան դնում էինք, ճիշտ մթնոլորտ ստեղծում երաժշտության միջոցով ու գնում լայվ։ Մեզ ուրախացնում էր այն միտքը, որ հնարավորություն ունենք մարդկանց տալ նույն էմոցիաները, որոնք ստանում ենք այդ ստեղծագործություններից։

 

Հետո որոշեցի ավելի լուրջ զբաղվել։ Namaste ստուդիայում ծանոթացա Թեոյի հետ, որը պրոֆեսիոնալ երաժիշտ է Կոմիտաս լեյբլից, վրացական Basiani ակումբի հոսթերից, ով իր սեփական երաժշտությունն է գրում։ Նրա հետ խոսելու արդյունքում հասկացա, որ դեռ ոչինչ չգիտեմ էլեկտրոնային երաժշտության մասին։ Ու շատ լավ էր, որ հասկացա։ 

 

Սկսեցինք պարապել իր ստուդիայում, զրոյից սովորել։ Կարելի է ասել՝ սոլֆեջոյի եմ գնում, խորքային ուսումնասիրում երաժշտությունը։ Այդ գիտելիքը կարող է քեզ տանել շատ տարբեր տեղեր, օրինակ՝ ռոք կամ ջազ։ Իմ դեպքում ես վստահ եմ, որ կգնամ տեխնոյի ճանապարհով։ Ինձ հիացնում է, որ սինթեզի միջոցով ստացված հասարակ ձայնը կարող ես մշակել ու հասցնել այն վիճակի, որ քեզ գցի մեդիտացիայի մեջ։ 

 

Միքսինգն ու դիջեյինգն ինքնանպատակ բաներ չեն։ Դրանք լավ հիմքային գիտելիք ստանալուց հետո մարդկանց որակյալ պատմություններ բերելն ու լավ տեղեր տանելն է։ Դու կարող ես նույն երաժշտությունը լսել սեթի մեջ և զգալ մի բան, իսկ կարող ես նույնը լսել առանձին Spotify-ում և ամբողջությամբ այլ բան ստանալ։ 

 

Սկսեք նոտաներից

Բոլոր սկսնակներին խորհուրդ կտամ իրենց ճանապարհը սկսել ամենասկզբից՝ նոտաներից, քանի որ միքսինգն այդ գիտելիքի տրամաբանական շարունակությունն է։ Ի վերջո, ցանկացած երաժշտություն կարելի է միքսել, բայց պիտի սկսես ակունքնեից։ Օրինակ՝ գնեք փոքրիկ դաշնամուր, միացրեք այն Ableton-ին, մի ձայն ընտրեք, և սկսեք տարբեր էֆեկտներ տալ, խաղալ նրա հետ։ Եթե լսում եք մի երաժշտություն և զգում եք, որ այն մեկ այլ ստեղծագործության տրամաբանական շարունակությունն է, գցեք այն, օրինակ՝ Spotify-ի առանձին պանակի մեջ։ Ես մի հինգ գործ իրար հետ հավաքում եմ, նվագում և ձայնագրում եմ, գցում եմ Soundcloud ու երբեմն ուղարկում եմ ընկերներիս։ Ինքս ունեմ դեքեր, բայց այս պահին սինթեզի միջոցով եմ նվագում՝ բիթերի վրա թիքեր եմ դնում, հետո նոտաներ ու ստանում այն, ինչ ուզում եմ։ Հիմնականում դա մելոդիկ տեխնո է, հաուս։ Մի խոսքով, շատ երաժշտություն լսեք, որ ձեր լսողությունն էլ սրվի, կարևոր ձայներ ըմբռնի։ 

 

Այսօր մենք ունենք բոլոր ռեսուրսները տանն ինքնուրույն երաժշտությամբ զբաղվելու համար։ Այս դարում միակ պակասող բանը կենտրոնացման պակասն է։ Պետք չէ նպատակ դնել հասկանալու, թե էլեկտրոնային երաժշտությամբ զբաղվելը քեզ ուր է տանելու։ Երաժշտությունն ունիվերսալ, տիեզերական մի բան է, քեզ պետք է միայն գիտակցել, որ էլեկտրոնային ձայնը կարող է երաժշտություն ստեղծել։ 

 

հավելյալ նյութեր