Վարդգես Հովեյան. «Քաղաքը քո մեջ սիրի, ոչ թե քեզ՝ քաղաքում»
FairWind և Սավարշավանա ալտերնատիվ ռոք խմբերի հիմնադիր ֆրոնթմեն Վարդգես Հովեյանը պատմում է Երևանի ռիթմի ու իմաստուն լինելու, Մոսկովյանի բորդյուրը կարոտելու, քաղաքային ռաքնռոլի, «թռու» հնչեղության ու ձայնի մասին։
Տեքստը՝ Լենա Գևորգյանի
Լուսանկարը՝ Մարիամ Լորեցյանի
ԵՐԵՎԱՆ #53 | 2019
Կոմիտասի վրա էր գտնվում մեր բնակարանը։ Անգլիական թեքումով «փոսի դպրոցում» եմ սովորել՝ առաջինի «Է» (սա վրիպակ չէ — խմբ.) 40 հոգանոց դասարանում։ Այդ ժամանակվանից էլ կյանքս ավելի շատ դեպի կենտրոն տեղափոխվեց. այն ժամանակվա Պուշկինի այգում (այժմ Սիրահարների այգի) լքված նավակ-կարուսելներ կային. դասերից փախնում՝ այնտեղ էինք գնում։ Ու որքան մեծացանք, ավելի իջանք դեպի կենտրոն՝ «Յամ-Յամ», «Ջինսնոց», «Ստոպ»:
Ժամանակին կային մարդիկ, ովքեր գիտակցված ընտրություն ունեին, որի համար պիտի կարողանային պատասխան տալ՝ ինչու՞ էին լսում այս կամ այն երաժշտությունը, հագնվում ինչ-որ կոնկրետ ոճով։ Այժմ ամեն ինչ ավելի հեշտ է դարձել, դրա համար էլ գնացել ենք դեպի բնավորություն չունեցող վայրեր։ Այն ժամանակ, օրինակ, եթե ռոք էիր լսում, ուրեմն գնում էիր Կասկադ, գիտեիր՝ որտեղ են հավաքվում մարդիկ, ովքեր կիսում էին քո ճաշակն ու մոտեցումները։ Նրանց 70 տոկոսը հիմա էլ կա իմ կյանքում: Չնայած փոխվել ենք, բայց փոքրուց միասին մի մեծ կյանք ենք ապրել։
Կարոտում եմ հին գնացքի գծերը, որով հիմա Սարալանջի ճանապարհն է անցնում։ Դասերից փախնում ու այդ գծերով Կասկադ էինք իջնում՝ ժամանակ սպանելու, մինչև պարապմունքները կսկսեին։
Մետալիստները Սայաթ-Նովայի արձանի մոտ էին հավաքվում՝ շատ սյուռ էր։ Ժուռնալիստների տունը, ռայկոմի ռոք ակումբը, Զեյթունի մշակույթի տունը, որտեղ 500 դրամով համերգների էինք գնում, ՆՓԱԿ-ը, Տիկնիկայինը, որի մոտով անցնելիս սպասում էինք, որ ինչ-որ ռոք ֆեստի նոր պաստառ կտեսնենք. ամեն մի նման տեղ գնալը մեզ համար տոն էր։
Երևանի մասին մտածելիս առաջին հիշողությունը մութ ու ցուրտ տարիներն են. մարդկանց կյանքը բարդ էր, բայց հարաբերությունները՝ շատ ավելի ջերմ, քան տարիներ անց, երբ արդեն կար լույս ու պատերազմ չկար։ Հենց դժվարություններն են երևի ստիպում մարկանց վերաիմաստավորել միջանձնային հարաբերություններն ու ավելի պարզ և սիրով շփվել շրջապատի հետ:
Ինտերնետը տարածված չէր, ճաշակ զարգացնելու գործընթացը բավական բարդ էր՝ ամեն մի նոր լսած ձայնասկավառակը հաղթանակ էր, փոքր պայքար էսթետիկ զարգացման ճանապարհին:
Մարդիկ ավելի զբաղված դարձան, ավելի ինքնակենտրոնացած։ Մեր ծնողների սերունդը բավական լուրջ ու ջերմ մտերմություն էր անում թե՛ հարևանների, թե՛ հեռու բարեկամների հետ։ Հիմա շատ ավելի բարդ է ժամանակ գտնել նման տարբեր հարաբերությունները պահպանելու համար։ Քաղաքի իրական ջերմությունը զգալու համար անհրաժեշտ է շրջապատել քեզ մարդկանցով, ում հետ հաջողվում է պահպանել այն հարաբերություններն ու այն Երևանը, որ միշտ ցանկացել ենք։
Երևանում «հենգ աութը» կարող է սկսել ինչ-որ վայրում ու չորս ժամ անց ավարտվել լրիվ այլ տեղ, չնայած, այդ օրը չէիր էլ պլանավորել ինչ-որ մեկին տեսնել։ Սա մարդկային հարաբերությունների քաղաք է:
Ոչ թե քեզ քաղաքում պիտի սիրես, այլ քաղաքը քո մեջ։ Երևանը ջերմ քաղաք է, ուղղակի պիտի գտնես այն։ Երևանից հեռու ապրելով՝ ոչ թե Օպերան, կամ Հրապարակն էի կարոտում, այլ Մոսկովյանի բորդյուրը, փողոցում նվագող վիբրաֆոնիստին և այլ աննորմալ մանրուքներ, որոնք, լինելով քաղաքի սրտում, հնարավոր է և չնկատես։
Երևանի ջերմությունը թաքնված չի, ուղղակի պետք է գտնել, թե ինչն է քոնը։ Եթե նստած մտածում ես, որ քաղաքը պիտի մի բան անի, որ ինձ հետաքրքրի, ուրեմն ոչինչ էլ չի ստացվի, դա էգոիստական մոտեցում է։ Ինքդ պիտի շարժ ստեղծես։
Քաղաքը տարբեր ռեժիմներ ունի՝ կարող ես ընտրել մեծ քաղաքի ռեժիմը, որտեղ ոչինչ չես հասցնում անել։ Բայց եթե ուզում ես անջատվել, կարող ես վայելել ամենամտերիմ մարդկանց ընկերակցությունը։ Այս քաղաքն ընտրության քաղաք է:
2007 թվականն էր, 16 տարեկան էի, օգոստոսն էր, ընկերներս՝ Տիկոն, Մկոն ու Ալիկը, էկան մեր տուն։ Սեպտեմբերի 1-ին մեր մյուս ընկերոջ՝ Արեգի ծնունդն էր։ Մտածեցինք՝ կարո՞ղ ա համերգ տանք։ Մեզ թվում էր, թե նվագել գիտենք, որովհետև կիթառ կարողանում էինք բռնել։ Հինգ երգ որոշեցինք. այդ օրը «Ռեինկարնացիայի» Ռոլը համերգ ուներ «Ստոպում» ու առաջին անգամ մեր հինգ երգը նվագեցինք։ Հիմա մեր խմբի կազմը հետևյալն է՝ Տիկոն, Մկոն, Արտոն, Բենոն ու ես։
Միշտ ասում են՝ Լեննականում ռոքընռոլն ուրիշ ա՝ «Բամբիռ», «Սակվոյաժ» և ուրիշներ։ Վանաձորից էլ «Լավ Էլին», «Որդան Կարմիրը» և այլ հիանալի խմբեր։ Մենք էլ որոշեցինք երևանյան ռաքնռոլ նվագել՝ հենց «ա»-ով՝ քաղաքային լավի ու վատի մասին ֆոլքլոր։ Շարունակելով ալտերնատիվ ռոք ոճում մեր գործերը նվագել՝ հիմա երբեմն փորձում ենք նաև նոր շունչ տալ քաղաքային երգերին, երևանյան ռաքնռոլով ենք զբաղվում։
Մեր երգերի տեքստերը քաղաքային դիտակետից են դուրս գալիս։ Մեր գրած «Երևանը» պատմում է այն մասին, որ Երևանը մաժորների ու մինորների քաղաք է, որտեղ ամեն ինչ խառնված է իրար ու ինքդ պիտի կարողանաս այդ խճանկարը հավաքել՝ ստանալով քո քաղաքն ու որոշելով, թե որքան մաժորներից ու մինորներից է այն բաղկացած լինելու։
Երևանի փազլն անհնար է մինչև վերջ հավաքել՝ անդադար գործընթաց է։ Քաղաքում չպիտի միայն քեզ հարմար լինի, կողքիններիդ էլ պիտի լավ լինի, որ ինքդ քեզ երջանիկ մարդկանցով շրջապատված զգաս։
«Ամեն բացվող առավոտ» երգը շատ եմ սիրում, շուտով կթողարկենք մեր տարբերակը: Երգը մնաց «Մեր Բակից»՝ ֆիլմից, որ կարողացավ այնքա՜ն դրական էմոցիա փոխանցել մարդկանց, երբ դրա կարիքը կար։ Քաղաքում նոստալգիկ վիճակը, կարծես, քնած է։ Որոշեցինք արթնացնել։ Ռաքնռոլային գործիքավորում ունի, նաև շեփոր ենք ավելացրել՝ երևանյան շեփոր, քաղաքային թռու հնչեղություն, քաղաքի ձայնը։
Ռաքնռոլշիկ լինելու համար անպայման չի երաժշտությամբ զբաղվել, պետք է մեջդ այդ էներգիան չպակասի, իսկ դա ինձ Երևանն է տվել։
Երևանը մի խումբ մարդիկ են, որ իրար շատ սիրում են, բայց մեկ-մեկ ջղայնանում են միմյանց վրա։ Նրանք տարբեր մտածելակերպ ունեն, տարբեր ոճերի երաժշտություն են լսում, հագնվում ու հենց դրանով էլ հետաքրքիր են։ Այդ մարդկանց՝ Երևանը, պետք է կարդալ, որ հասկանաս։
Երևանը տարիքով է, կարա լռի ու հենց դրանով էլ քեզ ամեն ինչ բացատրի։ Շատ բան է տեսել, իմաստուն է, միևնույն ժամանակ գունեղ ու եռանդուն է, ներդաշնակ է քաղաքային ռաքնռոլի հետ։ Լուրջ ճանապարհ է անցել ու այն, որ քաղաքում համարյա հնություն չի պահպանվել, հենց դրա մասին է վկայում։ Բայց հենց այդ անցած ճանապարհով այն քեզ հուշում է, թե ինչ պիտի անես այս կամ այն անախորժության դեպքում։