Հրաժեշտ Մոսկվային
Թրևագիր

Հրաժեշտ Մոսկվային

ԵՐԵՎԱՆի խնդրանքով դիցաբան-հրապարակախոս Միքայել Զոլյանը պատմել է, թե ինչպես էր ապրում իրեն ծանոթ Մոսկվան՝ Ուկրաինայում պատերազմի առաջին օրերի ընթացքում, և ինչպես էին հարյուրավոր մոսկվացիներ իր հետ ուղևորվում Երևան՝ Նոյյան տապան հիշեցնող ինքնաթիռով։

Տեքստը՝ Միքայել Զոլյանի

 

ԵՐԵՎԱՆ #75 | 2022

 

1    - Պատերազմ կլինի՞։ 
- Հա։ Դե, չգիտեմ, դժվար է ասել։


2    Դժոխք


3    Ձեր քարտը չի աշխատում, երևի որովհետև ռուսական չէ։ 


4    Հիմա այդպես պատահում է, մի երկու ժամից կաշխատի։ 


5    Գնա այնտեղ, որտեղ վախենալու է։ 


6    Կայսրությունը պետք է մեռնի։


7    Հիմա բոլորը Երևան են թռնում։ 


8    - Ո՞րտեղով կարող եմ անցնել։ 
- Գաղափար չունեմ։ 
- Շնորհակալություն։ 


9    Լցվե՜լ են։

А мир говорит:
Как ты можешь быть так спокоен?
Надвигается шторм, который
Разорвет саму суть бытия.
А я, говорю:
Мир, ты не понял:
Да, надвигается шторм.
Шторм — это я.

 

Борис Гребенщиков, «Не Судьба»

 

 

Ես գործերով պետք է գնայի Մոսկվա, բայց ուղևորությունն անընդհատ հետաձգվում էր։ Վերջապես տեղ հասա, երբ Ուկրաինայում պատերազմի սկզբից մի շաբաթ էր անցել։ «Վախտ ես գտել գնալու», ասում էին ընկերներս։ «Դե ոչինչ, զատո մարտի մեկին եմ գնում», ասում էի ես։ Ու բացատրում էի, որ այս տարի այդ օրն էր ընկնում Մահա Շիվարատրին՝ ինդուիզմի մեջ Շիվա աստծո տոնը։ Այդ օրն ինձ ոչինչ չի կարող պատահել, ասում էի ես, իբր կատակով, բայց հոգու խորքում գիտեի, որ այդպես էլ կա։


Այն որ պատերազմն Ուկրաինայում անխուսափելի է, ես հասկացել էի դեռ հունվարին։ Ռուս ընկերներիս տանը հանդիպել էի մի տղայի, ով ռազմական թղթակից էր, նոր էր վերադարձել Ղազախստանից։ Բեղավոր և ակնոցավոր տղան, տեսքից տիպիկ մոսկվացի հիփսթեր, պատմում էր, թե ինչ ահավոր էր տեսնել տեղի ունեցածի հետևանքները՝ այրված տներ, դիակներ փողոցում։ Հետո անցանք Ուկրաինային։ Միանգամից հարցրեցի ամենակարևորի մասին. «Будет война?»։ «Да», առանց հապաղելու պատասխանեց նա, և ինքն էլ վախեցավ իր վստահությունից։ «Ну не знаю, трудно сказать» 1, փորձեց ինքն իրեն համոզել։ Հետո բացատրեց, որ հենց դրա պատճառով գինի է խմում, որ մոռանա այդ ամեն ինչի մասին, և դիմեց ընկերուհուն, ով ինձ հարցուփորձ էր անում Շրի Լանկայի տուրիստական արժանիքների մասին, «Пойдем домой, а?»։ «Можно тебя обнять?»,- հարցրեցի տխուր տղային և նրա լավատես ընկերուհուն։ Էլ ի՞նչ կարող էի անել նրանց համար։


Փետրվարի 23-ի գիշերը ոչ մի կերպ չէի կարողանում քնել։ Ընդհանրապես ես լավ եմ քնում։ Բայց այս անգամ չէր ստացվում։ Նման բան եղել էր երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը։ Այն ժամանակ քնեցի միայն առավոտվա վեցին-յոթին, և մի երկու ժամից արթնացա, քանի որ հեռախոսս անընդհատ դռռում էր։ Բացեցի Տելեգրամը և իմացա, որ պատերազմ է սկսվել։ Հետո ծանոթներիցս շատերն էին ասում, որ այդ գիշերը չէին քնել։ Այս անգամ հաջողվեց քնել ժամը 3-4-ին։ Երբ արթնացա ու իմացա, որ Ուկրաինայում պատերազմ է սկսվել, մի տեսակ արդեն էլ չզարմացա։

 

***
Ինքնաթիռը հսկայական, կիսադատարկ «բոինգ» էր։ Պատերազմի պատճառով Ռուսաստանի հարավի օդային տարածքը փակ էր, և մենք թռնելու էինք երկար ճանապարհով՝ Կասպից ծովի և Ղազախստանի տափաստանների վրայով։ Ես նստած էի պատուհանի մոտ, լսում էի հեռախոսիս երաժշտությունը և հիանում տեսարաններով։ «So, so you think you can tell heaven from hell?»,- հարցրեց ինձ Մասիսը Գիլմորի ձայնով, երբ ինքնաթիռը պոկվեց գետնից։ «Here Comes the Sun»,- ավետեց Ջորջ Հարիսոնը, երբ ինքնաթիռը բարձրացավ ամպերից վերև և արևի շողերը պատեցին երկինքը։ «For slavery fled, o glorious dead, when you fell in the foggy dew»,- Շինեդ Օ՛Քոննորի ձայնով երգում էին Կովկասյան լեռներն իռլանդական ազգային-ազատագրական մի հին երգ։ Հետո բերեցին նախաճաշը, և սկսվեցին Կասպից ծովն ու ղազախական տափաստանները։ 

 


Մոսկվայում առաջին իսկ պահից տարօրինակ զգացում ունեի։ Սկզբից չէի հասկանում, թե ինչ է, հետո հասկացա։ Ստալինի օրոք Խորհրդային Միության կարգախոսներից էր «Կառուցենք սոցիալիզմ առանձին վերցրած երկրում»։ Հիմա էլ այնպիսի տպավորություն էր, որ սոցիալիզմի փոխարեն առանձին վերցրած երկրում աշխարհի վերջն է պատրաստվում։


Իհարկե, այս աշխարհի վերջը, ինչպես և վայել է քսանմեկերորդ դարին, վիրտուալ և թվային էր։ Փողոցներում ամեն ինչ նորմալ էր, միայն մարդիկ և մեքենաներն են սովորականից մի փոքր քիչ, մեկ էլ շատ էին փակված «օբյեկտները» (բայց դե դա էլ երևի քովիդի հետևանքն էր): Բայց հենց մտնում էիր ինտերնետ, աշխարհի վերջի նախանշաններն ակնհայտ էին դառնում։ Ամեն ժամ նորություններ էին գալիս այն մասին, որ Արևմուտքը նոր պատժամիջոցներ է սահմանել, որ այսինչ ընկերությունը թողնում է Ռուսաստանը, կամ որ այլևս հասանելի չէ այս կայքը կամ այն սոցիալական ցանցը։ Դե էլ չեմ ասում, որ «ռուս-ուկրաինական մարտերը Խարկովի մատույցներում» վերնագրերն ապոկալիպտիկ հակաուտոպիայի ժանրից էին թվում։ 

 


Ֆեյսբուքը սկզբից վատ էր աշխատում, հետո ընդհանրապես անջատվեց, միայն «մեսենջերն» էր աշխատում, այն էլ՝ օրը մի ժամ։ Չգիտես ինչու, ֆեյսբուքը սկսում էր աշխատել միայն Սթարբաքսներում։ Երևի ամերիկյան շպիոններին այդպես էր հարմար, ենթադրեցի ես։ Մի փոքր ավելի լավ էր աշխատում Տելեգրամը։ Երբ միանում էին սոցցանցները, տեսնում էի, որ ինձ գրում են իմ ռուս ընկերները, հարցեր տալիս Հայաստանից, որոնց պատասխանները ես չգիտեի։ Դե, օրինակ, ես որտեղի՞ց իմանամ, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր շունիկին, որին ինքնաթիռով բերում են Երևան և հետո մեքենայով տանում Թբիլիսի։

 

***
Առաջին իսկ օրը գնացի իմ սիրած Փրայմ ցանցի սրճարան, որ ուտեմ իմ սիրելի սաղմոնով ռոլը։ Հայկական բանկի քարտս չաշխատեց։ Շեկ, կլոր դեմքով ակնոցավոր աղջիկը հուսալքված ձայնով ասաց «ваша карта не работает, наверно потому что она не российская» 3: Քանի որ ես կանխատեսել էի այդ իրավիճակը, վճարեցի դեռ Երևանում գնված ռուբլիներով։ «Заходите еще», ասաց աղջիկը նույնքան ողբերգական տոնով։ Ես բարձրաձայն խոստացա, որ կմտնեմ, բայց մտքումս ինքս ինձ ասացի, որ իրականում չեմ խոստանում։ Որոշեցի առնել ռուսական սիմ-քարտ, որ հեռախոսով ինտերնետ մտնեմ։ Ամեն ինչ արեցի, ինչպես պետք էր, բայց ինտերնետը չմիացավ։ «Странно»,- նկատեց վաճառողը։ «Сейчас так часто бывает»,- բացատրեց նրա ընկերը,- «через пару часов заработает» 4: Սիմ-քարտն իրոք սկսեց աշխատել, բայց հաջորդ օրը։


Մարդկանց հետ խոսակցությունները շատ տարբեր էին։ «Ամեն ինչ ճիշտ են անում մերոնք, տեսե՞լ ես ամերիկացիների բիոլաբորատորիաները»,- ասում էր ծանոթներիցս մեկը՝ նախկին զինվորական։ «Դե թող փակեն սահմանները, Հնդկաստանն արդեն խոստացել է, որ դեղեր մեզ կմատակարարի, Չինաստանը՝ տեխնոլոգիաներ», ասում էր մեկ ուրիշը՝ լրագրող-միջազգայնագետ։ Նա նաև ինձ հավաստիացրեց, որ միջուկային պատերազմ չի լինի, քանի որ «դե հո չեն գժվել»։ Այս փաստարկն ինձ մի քիչ հանգստացրեց։ Բայց ոչ բոլոր ծանոթներս էին այդքան վստահ։ Պատկառելի տարիքի մի կին, ստաժավոր այլախոհ, լրիվ այլ կողմից էր նայում այս ամենին՝ «Ես Կրեմլից մի քանի կիլոմետրի վրա եմ ապրում, բայց արդեն սկսում եմ մտածել, որ եթե ամերիկացիք խփելու են Կրեմլին, թող խփեն, ես մեծ կին եմ արդեն, մենակ թե պրծնենք սրանցից»։ Եվս մի ծանոթ, նախկին սպորտսմեն, տարիքով, բայց լավ պահպանված (երևի սպորտն էր օգնել) պատմեց, որ վերջերս դադարել է շփվել իր երկվորյակ եղբոր հետ, «потому что он крымнашист»։

 

 

***
Տեղի ունեցողի ամենաընդգրկուն, անգամ մետաֆիզիկական բացատրությունը տվեց իմ մանկության ընկերը։ Նա արդեն մի քսան տարի է Մոսկվայում է ապրում, դե արանքներում էլ, ինչպես ցանկացած իրեն հարգող մոսկվացի «էլեկտրոնշչիկ», Գոայում և Բարսելոնում։ Հանդիպեցինք «Да» սուպերմարկետի մոտ։ «Ապե, հլա նայի, որ հակառակ կողմից ես նայում, ի՞նչ ա ստացվում»։ «Ад?» 2, հարցրեցի ես։


Ստանդարտ հայեցի «բարլուս-ինչկա-էլինույնտներնեք» ծիսական հարցերից հետո կտրուկ անցանք ամենակարևորին։ «Ապե, էս ի՞նչ ա կատարվում»,- հարցրեցի ես, քանի դեռ կանգնած էինք խցանման մեջ (աշխարհի վերջը աշխարհի վերջ, բայց Մոսկվայի տրանսպորտային իրավիճակը քիչ է փոխվում)։ «Ապե, գիտե՞ս Շիվան ինչի մասին ա»,- հարցրեց ընկերս, և գերմանուհի տատիկից ժառանգած կապույտ աչքերը փայլեցին։ Ես գիտեի։ Հնդկական դիցաբանության սրբազան եռյակից ինձ միշտ ամենաշատը գրավում էր հենց ինքը՝ Մեծն Տեր Շիվան, տիեզերքի ավերման և փոխակերպման աստվածը։ «Դե էդ ա, ապե», եզրափակեց ընկերս։

 

***
Թռիչքիս օրը որոշեցի մի լավ ման գալ իմ սիրած Մոսկվայով, քանի դեռ Շիվան գործի չէր անցել։ Իմ ծրագիրն էր՝ անցնել Մոսկվայի՝ ինձ համար պատմական վայրերով, «նա վսյակի» հրաժեշտ տալ։ Օրինակ, տեսնել Պուշկինսկի կինոթատրոնը, որտեղ ժամանակին ռեժիսոր քույրս ինձ իր հետ տարել էր Մոսկվայի կինոփառատոնի բացման, իսկ ես լկտիաբար քնել էի ֆիլմի ժամանակ։ Ցույց էին տալիս Ալեքսեյ Ուչիտելի «Զբոսանք» ֆիլմը, սկիզբը և վերջը լավն էին, մեջտեղի մասը չեմ հիշում, քանի որ քնած էի։ Փողոցի մյուս կողմում էլ Մոսկվայի առաջին «Մաքդոնադլսը», որի «Մակկաֆեում» շատ անգամ խմել եմ զզվելի սուրճ, որն ինձ օք էր թվում, որովհետև մի շատ սիրուն ու բարի աղջկա հետ էի խմում։ Իսկ հետո, անցնել Հին Արբատով և ոտքով հասնել «Կիևսկայա» մետրոյի մոտի «Սթարբաքսին», որտեղ առաջին անգամ լուրջ վեճ ունեցա նախկին կնոջս հետ՝ չիզքեյքի պատճառով։ Այն ժամանակ նա դեռ նախկին չէր, անգամ կինս չէր, բայց հիմա հասկանում եմ, որ այդ չարաբաստիկ չիզքեյքն էր, որ դրեց մեր բաժանման հիմքը։ Բայց, դե, սիրելի ընթերցող, համաձայնվի՛ր, որ անընդունելի է պնդել, որ սոված չես ու ուտելու բան չես ուզում, իսկ հետո խժռել չիզքեյքի հալալ կեսը։

 


Սկսեցի Մոսկվայի հիփսթեր համայնքի սիրելի վայրից՝ «Ցվետնոյ Բուլվար» մետրոյի մոտի առևտրի կենտրոնից։ Վերևի հարկի «Ռեսպուբլիկա» գրախանութում գրքերի վերնագրերը զրուցում էին հետս։ «Иди туда, где страшно» 5,- ասում էր ինչ-որ հոգեբան։ «Gimme some truth»,- ասում էր Ջոն Լենոնը մեկ այլ գրքի շապիկից։ «Империя должна умереть» 6,- պատասխանում էր Միխայիլ Զիգարի գրքի շապիկի վրայից Նիկոլայ Երկրորդը։ Նրանք կարծես փորձում էին համոզել, որ իրենց տանեմ հետս Երևան։ Բայց այդ գրքերը շանս չունեին։ Նախորդ օրն արդեն առել էի «Присутствие Шивы» գիրքը, և գիտեի, որ հարցերիս պատասխաններն այնտեղ կգտնեմ, էլեկտրոնշչիկ ընկերս՝ վկա: 

 


Փոխարենը որոշեցի հիփսթերական ֆուդ կորտից առնել վեգանական տիրամիսու և նույնքան վեգանական կրեմ բրյուլե։ Չէ՞ որ աշխարհի վերջն էր մոտենում, և այլևս իմաստ չուներ սահմանափակվել միայն մեկ դեսերտով, առավել ևս վեգանական։ Վեգանական դեսերտները ոչնչացնելուց հետո մոտեցա մի սեղանիկի, որտեղ վաճառում էին կանեփով սուրճ և կանեփով թեյ։ Որպես արտադրական կանեփի մեծ սիրահար, չէի կարող անցնել այդ ամենի կողքով և պատվիրեցի կանեփով սառը թեյ։ Պարզվեց որ երիտասարդ աշխատակցուհին գաղափար չուներ, թե ինչպես պետք է սարքել կանեփով թեյը, քանի որ այդ օրն իր աշխատանքի առաջին օրն էր, ես էլ՝ առաջին հաճախորդն էի։ Սկզբից ուզում էի ասել «ոչինչ» ու գնալ, բայց աղջիկը տրամաբանական փաստարկ բերեց «должна же я научиться»։ «Вы спешите?»,- ավելացրեց նա։ Ասացի, որ առանձնապես չէ, բայց ցանկալի է մինչև երեկո թեյս պատրաստ լինի, որովհետև Երևան եմ թռնում։ «Да, сейчас все в Ереван улетают» 7, անվրդով տոնով նկատեց կանեփառուսուհին։


Վերջապես, կանեփով սառը թեյս պատրաստ էր, և ես, իսկական մոսկվացի հիփսթերի պես էկոլոգիապես մաքուր թղթե ձողիկով այն խմելով, քայլեցի դեպի մետրո։ Մետրոյի մոտ պարզվեց, որ ստորգետնյա անցումի մուտքը փակ էր։ Այդ օրը ընդդիմադիրները պլանավորել էին հակապատերազմական ակցիաներ, և ոստիկանները փակել էին ճանապարհը։ «А где тут можно пройти?» հարցրեցի «բռոնիկով» ռուսգվարդիականին։ «Не могу знать», մռայլ պատասխանեց ոստիկանը, բայց քանի որ ջահել տղա էր, մի տեսակ մարդկային հնչեց։ «Спасибо» 8, ասացի ես, և, հիշեցի, որ «спасибо» նշանակում է «спаси Бог»։ Մտքումս ավելացրեցի. «էհ, ախպեր ջան, Աստված տա, քեզ Ուկրաինա չուղարկեն»։ 

 


Օրվա վերջում հասա «Բելառուսկի» կայարան։ Քանի անգամ եմ այստեղից նստել գնացք, որ գնամ Շերեմետյեվո օդանավակայան։ Առաջ կայարանի դիմացի հրապարակում միշտ ինչ-որ բան էին բզբզում, քանդում-սարքում։ Հիմա վերակառուցումն ավարտել էին, հրապարակը շատ գեղեցիկ էր։ Ինստագրամի համար մի երկու նկար արեցի, բայց լավ չստացվեց, լույսը քիչ էր։ «За мною зажигали города, глупые, чужие города, там меня любили, только это не я»,- երգում էր ականջակալներիս մեջ Наше Радио-ն։ 


Մտա ներս՝ մտածելով որ ուշացել եմ գնացքից և պետք է սպասեմ հաջորդին։ Պարզվեց, որ գնացքն էր ուշացել հինգ րոպեով, և հիմա նոր էր շարժվում, կարծես ինձ էր սպասում։ Երևի Գանեշան էր բզբզացել՝ խոչընդոտներ վերացնող աստվածը, մտածեցի ես։ Հիշեցի, որ Գանեշային պատկերում էին փղի գլխով, և դրանից հիշեցի երևանյան գազանանոցի դժբախտ փիղ Վովային, ում գնդակահարեցին, երբ նա խելագարվեց և փախավ վանդակից։ Վովան փախստական էր Ուկրաինայից. երբ 1941-ին պատերազմը հասավ Ուկրաինա, կրկեսի փիղ Վովան և նրա վարժեցնող Իվանը քայլելով եկան հասան Երևան։ «Հետաքրքիր բան ա ուղեղը,- մտածեցի ես,- որտեղից որտեղ հասա»։

 

***
Ինքնաթիռն այս անգամ էլ «բոինգ» էր, բայց լեփ-լեցուն։ Միայն իմ կողքի տեղն էր ազատ մնացել։ Երևի տիեզերքն այդպես է դասավորել, որ հարմար նստեմ, մտածեցի ես և շնորհակալություն հայտնեցի Շիվային։ Ուղևորների մեծ մասը ռուսներ էին։ Հիմնականում երիտասարդ, լավ հագնված։ Շատերը ընտանիքներով էին, փոքրիկ երեխաներով, շունիկներով ու կատուներով, մեծ և բազմաթիվ ճամպրուկներով։ Այս պատկերը շատ անսովոր էր։ Ինձ զգում էի ոչ թե «բոինգի», այլ Նոյյան տապանի ուղևոր։ Ընդ որում, ի տարբերություն մյուսների, ինձ Նոյյան տապանի տոմս հասնում էր ի ծնե։ Դե, ի վերջո, պետք է մի առավելություն ունենա՞ր Հայաստանում ծնվելը, թե՞ չէ։

 


Երևան գալուց հետո մի լավ քնեցի և մյուս օրը բարձրացա Հաղթանակի այգի, որ Մայր Հայաստանին զեկուցեմ, որ հետ եմ եկել և դարձյալ իր տրամադրության տակ եմ։ «She’s a femme fatale, better watch your step», — զգուշացրեցին Նիկոն և Վելվեթ Անդերգրաունդը, երբ «Արագիլ» սրճարանի ավերակների մոտից երևաց Մայր Հայաստանը։ Զգուշացումն ավելորդ էր, ես հո գիտեի, որ Մայր Հայաստանի հետ կատակ անել չի կարելի, գահավիժված պղնձե Ստալինի ճակատագրից վաղուց էի տեղյակ։ «Down on your bended knees»,- հրամայեց ծնկի գալ Լու Ռիդն իմ ականջակալներում, երբ մոտեցա արձանին։ Եղանակը լավն էր, Արարատը երևում էր բոլոր մանրամասներով։ Հասկացա, որ հույս կա, որ Աստվածուհին տրամադրված է այս անգամ էլ ներել մեզ մեր տարատեսակ եզությունները, և աշխարհի վերջն այստեղ չի հասնի, կամ, առնվազն, եթե հասնի, ապա լայթ տարբերակով։ «If there is one guy, who’d lay down his soul for you and die, I hate to say it, I hate to say it, but it’s probably me»,- երգում էր Սթինգը հեռախոսիս միջ, իսկ ես նայում էի Մասիսին և շնորհակալություն հայտնում, որ սաղ-սալամաթ հետ եմ եկել։ Նոյյան տապանի տեսությունը կարծես հաստատվում էր։

 


Զգացի, որ մեկը ձեռքը դրեց ուսիս։ Մոսկվացի հայ ծանոթներիցս մեկն էր։ Պարզվեց, որ գործուղման էր եկել պատերազմի սկզբից մի քանի օր առաջ, հետո որոշել էր արձակուրդ վերցնել և ավելի երկար մնալ Հայաստանում։ Հիմա զբաղված էր ծանոթ ռուսաստանցիներին օգնելով Հայաստանում տուն գտնել։ «Հենց հիմա տանս մի երկու հոգի ապրում են,- ասաց,- մի երկուսի համար էլ արդեն տուն գտել եմ»։ Հա, ես էլ եմ սպասում մի երկու հոգու,- ասացի ես,- բայց ասել են, որ շատ չեն մնա, մի երկու օր կհանգստանան ու կշարժվեն Գյումրի։ Երկուսս էլ համաձայնվեցինք, որ Երևանում արդեն տեղ չկա, և ռուսներին պետք է ուղղորդել դեպի այլ քաղաքներ։ «Այ, օրինակ, Գորիսը, շատ հաճելի քաղաք է»,- ասացի ես։ «Վանաձորն էլ ոչինչ»,- ավելացրեց նա։


Թվելով Հայաստանի քաղաքները՝ իջանք Կասկադ, որտեղ նրան սպասում էին տուն որոնող հերթական ռուսաստանցի ծանոթները։ Մի քիչ խոսեցի, փորձեցի տրամադրությունները բարձրացնել, բայց «понаехали тут» 9 արտահայտության մոտիվներով իմ անհաջող կատակից հետո հասկացա, որ չափն անցել եմ և գնալու ժամանակն է։ Հաջողություն մաղթեցի, ինքս նստեցի մի սրճարանում։ Սրճարանի միակ աշխատողը՝ կարմրամազ և կապուտաչյա հայուհին, անսպասելիորեն անթերի ռուսերենով պատմում էր մոսկվացի ծրագրավորողների (գուցե դիզայներների կամ քոփիթայթերների) ամբոխին Կոլումբիայի Արմենիա քաղաքի և այնտեղից բերված սուրճի մասին։ Ենթադրյալ ծրագրավորողները լսում էին զգուշավոր լավատեսությամբ։ Ես պատվիրեցի բուսական թեյ, ուսապարկից հանեցի համակարգիչն ու սկսեցի ինչ-որ տեքստ հավաքել։

հավելյալ նյութեր