Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութի հազվագյուտ գրքերն ու ձեռագրերը՝ Հայաստանում
Գիրք

Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութի հազվագյուտ գրքերն ու ձեռագրերը՝ Հայաստանում

Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութի հազվագյուտ գրքեր և ձեռագրեր աճուրդից գնվել և նվիրաբերվել են «Կերոն» զարգացման հիմնադրամին «Wilco» ընկերության կողմից

Փարիզի Սամուելյան Արևելյան գրախանութի հազվագյուտ և արժեքավոր հավաքածուն, որն արդեն 95 տարի հանդիսանում է Փարիզի հայ համայնքի մշակութային կենտրոնը, 2025 թվականի հունիսի 11-ին աճուրդի էր հանվել:  

 

Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութը (Librairie Orientale Hrant Samuelian) հիմնադրվել է լրագրող և արևելագետ Հրանտ Սամուելյանի կողմից 1930 թվականին Փարիզի Լատինական թաղամասի կենտրոնում: Նրան հաջողվել էր գնել մեծ գրադարանի սեփականատեր, պոլսահայ Պալենցի հին գրքերի հավաքածուն։ Գրատունը համարվում է աշխարհի ամենաերկար գործող հայկական գրախանութներից մեկը և նշանավոր է իր հազվագյուտ ձեռագրերով, հին գրքերով և արժեքավոր նյութերով, որոնք ներկայացնում են հայկական մշակույթի և պատմության կարևորագույն դրվագներ։ Գրախանութը ղեկավարել են հիմնադիր Հրանտ Սամուելյանը մինչև իր մահը՝ 1977 թվականը, ապա նրա երեխաները՝ Արմեն Սամուելյանը և Ալիս Ասլանյանը։ Սակայն 2016 թվականին գրախանութը փակվել է, իսկ 2025 թվականին Սամուելյանի ժառանգները որոշում են աճուրդի հանել գրախանութում պահպանվող հազվագյուտ գրքերի և ձեռագրերի ամբողջ հավաքածուն, որը մեծ արժեք է ներկայացնում հայկական մշակույթի և պատմության համար։  

 

2025 թվականի հունիսի 11-ին Փարիզի աճուրդում հայտնվեցին այնպիսի արժեքավոր գրքեր և ձեռագրեր, ինչպիսիք են Մաշտոցի ծիսարանները, Գրիգոր Նարեկացու «Նարեկ. Գիրք Աղոթքից» 1782 և 1829 թվականների տպագիր օրինակները, հեքիմարաններ և տարբեր ժողովածուներ, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես հայ միջնադարյան մշակույթի, այնպես էլ ժողովրդական բժշկության ուսումնասիրության համար։ 

 

 «Wilco» կապիտալի կառավարման ընկերությանը, որը Հայաստանում գործում է 2002 թվականից, հաջողվել է մասնակցել աճուրդին և ձեռք բերել «Սամուելյան» գրախանութի հավաքածուից 17-19րդ դարերի 13 տպագիր գիրք և 5 բացառիկ ձեռագիր։

 

 

Ձեռք բերված հազվագյուտ գրքերն ու բացառիկ ձեռագրերը Wilco ընկերությունը փոխանցել է «Կերոն» զարգացման հիմնադրամին՝ որպես վստահելի կառույց, որն իր հիմնական առաքելությանը զուգահեռ իրականացնում է մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման նախաձեռնություններ։  

 

 «Այս հազվագյուտ գրքերն ու ձեռագրերը պատմական հիշողության և ավանդույթի կրողներն են։ Դրանց ձեռքբերումն ու վերադարձը հայկական մշակութային միջավայր մենք դիտարկում ենք որպես ներդրում այդ ժառանգության պահպանման և այն ապագա սերունդներին փոխանցելու գործում։ Կարծում ենք, որ երկրի երկարաժամկետ զարգացումը կապված է ոչ միայն տնտեսության և ներդրումների, այլև մշակութային և մտավոր ժառանգության պահպանման հետ», - նշել է «Wilco» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Բելիշևան: 

 

Յուրաքնչյուր նվիրաբերված նմուշ, անկախ իր բովանդակությունից, ստեղծման վայրից և ժամանակից, առանձնակի կարևորություն ունի: Վերը նշված ձեռագրերից երկուսը ծիսարաններ են, որոնք կիրառվել են եկեղեցիներում տարբեր արարողությունների ժամանակ: Իբրև ծիսարաններ՝ Մաշտոցները լավագույնս արտահայտում են ինչպես ծեսի բովանդակությունը, այնպես էլ ժամանակի ընթացքում դրանում կատարված փոփոխությունները, որոնք մի զգալի չափով տեղի են ունեցել այլ եկեղեցիների հետ հարաբերությունների ազդեցությամբ: Այդ իմաստով Մաշտոց ձեռագրերը կարևոր աղբյուր են ինչպես եկեղեցական ծեսի և ծիսական կյանքի, այլ նաև միջեկեղեցական և ներեկեղեցական բազմաշերտ հարաբերությունների ուսումնասիրման համար: Եվ այդ իմաստով յուրաքանչյուր Մաշտոց ծիսամատյան ունի առանձնահատուկ կարևորություն:  

 

Սույն ձեռագրերից հատկապես մեծ արժեք են ներկայացնում հեքիմարանները, որոնք ժողովրդական բժշկության աղբյուրներ են: Այս ձեռագրերը, որպես կանոն, եզակի են, քանի որ յուրաքանչյուր բժիշկ ինքն է կազմել իր մատյանը: Յուրաքանչյուր միավոր ունի իր առանձնակի տեղը միջնադարյան բժշկության տեսանկյունից: Հեքիմարաններն անփոխարինելի նշանակություն են ժողովրդական մշակույթի և դրա տարբեր դրսևորումների, օրինակ՝ առօրեականության պատմության ուսումնասիրման համար, ինչը միջազգային կարևորություն ունեցող և խիստ արդիական թեմատիկ ուղղություն է հումանիտար գիտությունների ոլորտում: 

 

«Մենք անչափ մտահոգ էինք Սամուելյան գրախանութի անգին ժառանգության ճակատագրով և մեզ համար մեծ ուրախություն էր, որ Wilco ընկերությանը հաջողվեց ձեռք բերել բացառիկ գրքերից որոշները և մեզ նվիրաբերել: Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս եզակի ձեռագրերի պահպանման ու դրանք ապագա սերունդներին  հասանելի դարձնելու գործին և անչափ հպարտ ենք, որ կարող ենք լինել այս կարևոր մշակութային ժառանգության պահապանները»,- նշում է «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:

հավելյալ նյութեր