«Հրազդան» ստադիոն. Մոդեռնիզմի ճարտարապետության գլուխգործոցը». հատված գրքից
Ճարտարապետություն

«Հրազդան» ստադիոն. Մոդեռնիզմի ճարտարապետության գլուխգործոցը». հատված գրքից

Ապրիլի 15-ին Common Ground Books & Spirits-ում տեղի կունենա Newmag հրատարակչության՝ մոդեռնիզմի պատմության տեսաբան Կարեն Բալյանի «Հրազդան» ստադիոն. Մոդեռնիզմի ճարտարապետության գլուխգործոցը» գրքի շնորհանդեսը։ Ներկայացնում ենք հատված գրքից, որտեղ խոսվում է խորհրդային մոդեռնիզմի մեջ առանձնացող հայկական ճարտարապետության մասին։

Շնորհանդեսը՝ ապրիլի 15-ին

#Ճարտարապետություն

Հեղինակի մասին

Կարեն Բալյանը (ծնվ․ 1953 թ.) խորհրդահայ մոդեռնիզմի նշանավոր հետազոտող է, մոդեռնիզմի պատմության մասնագետ։ 1975-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը։ Ասպիրանտուրան և դոկտորանտուրան ավարտել է Մոսկվայում՝ Ճարտարապետության տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտում։ Թեկնածուական ատենախոսությունը նվիրված է եղել ազգային ճարտարապետության խնդիրներին: 1981-ին դարձել է ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ, 2009-ին՝ Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի անդամ, պրոֆեսոր: ԽՍՀՄ և միջազգային մրցույթների դափնեկիր է: Ճարտարապետության և քաղաքաշինության վերաբերյալ տարբեր երկրներում հրատարակված ավելի քան 100 մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ է:

«Խորհրդային կայսրության» 70-ամյա պատմությունն ակնհայտորեն իր արտացոլումն է գտել քաղաքների մոդելներում և ճարտարապետության ձևերում։ Այդ ժամանակաշրջանի երկու միանգամայն տարբեր քաղաքական փուլերը՝ խրուշչովյան «ձնհալը» և բրեժնևյան «լճացումը», քաղաքաշինության և ճարտարապետության մեջ միավորված են միևնույն «մոդեռնիզմ» ընդհանուր հասկացությամբ։ (Գորբաչովյան «վերակառուցման» կարճ հնգամյակում, իհարկե, դեռ շարունակվում էր կառուցվել մոդեռնիստականը, սակայն ձևավորվում էր մեկ ուրիշը՝ պոստմոդեռնիստականը, որը հնարավորություն էր բացում հաջորդող, հետխորհրդային ժամանակի համար)։ Ո՞րն է «մոդեռնիզմ» հասկացության իմաստը։ Կյանքի փոփոխությունը դեպի ապագան, նորը, լավագույնը։ Անշուշտ, մոդեռնիզմի սկիզբը՝ «ձնհալի» մոդեռնիզմը, և վերջը՝ «լճացման» մոդեռնիզմը, ունեին առանձնահատկություններ, նույնիսկ զգալի տարբերություններ։ Դրանք երկու տարբեր մոդեռնիզմներ էին, սակայն միևնույն ոճի երկու մասերը կամ, եթե ոճ հասկացությունը չափազանց լայն է անվանելու համար այն, ինչ եղել է, ապա մոդեռնիզմի, մասնագիտության զարգացման մեջ միևնույն ուղղության երկու մասերը։ «Ձնհալի» մոդեռնիզմը ստալինիզմի խավարից հետո կյանքի համար թեթև, լուսավոր միջավայրի ստեղծման հույսն էր, որը երկարաձգվել է ևս տասը տարի՝ պատերազմում արյան գնով ձեռքբերած մեծ հաղթանակից հետո։ Այն նոր, թեթև ու լուսավոր, ոչ սիմետրիկ ազատ ձևերի ու տարածության որոնումն էր։ «Լճացման» մոդեռնիզմը նախկին հույսերի անիրականալիության էլ ավելի մեծ գիտակցումն էր։ Հիասթափություն, անխուսափելիության զգացողություն։ Խորհրդային ներկայի տաղտուկ, միօրինակություն, վհատություն։

 

Դրանք նաև թիկունքիդ շնչող, նեոկլասիկ ձևեր ունեցող ստալինյան ոգով կառույցներն էին։ Բայց երկու ժամանակն էլ, կրկնենք, համակված են նույն՝ մոդեռնիստական ճարտարապետությամբ։

 

 

Հետխորհրդային ժամանակահատվածում «խորհրդայինի»՝ նրա գաղափարախոսության, պետականության և մոդեռնիզմի ձևերի՝ «ձնհալի» ու «լճացման», ժխտումը վերակերպվեց պոստմոդեռնիզմի ձևերի՝ իրենց արժեքային չափանիշներով, որոնց թվում չկար ոչ «ձնհալի» մոդեռնիզմի խիստ մինիմալիզմը, ոչ էլ «լճացման» մոդեռնիզմի բրուտալությունը։ Պոստմոդեռնիզմը շատ բան սկսեց ավելի վատ անել, և նրա ֆոնին երկու մոդեռնիզմից շատ բաներ սկսեցին ավելի պարզ, ավելի լավ, միաժամանակ ավելի ամբողջական ընկալվել։

 

Մոդեռնիզմի ավելի «մաքուր» և զուսպ միջավայրն ու ձևերն անցած ժամանակի հեռավորությունից հանրությունը սկսեց ավելի լավ և ավելի բարձր գիտակցել ու գնահատել։ Լավագույնը մոդեռնիզմում սկսեց որակվել «ճարտարապետության հուշարձան», որոշ առավել նշանավոր կառույցներին տրվեց «գլուխգործոց» անվանումը, ինչը յուրօրինակ «որակի նշան» էր։

 

Խորհրդային մոդեռնիզմի հսկայական տարածքում բազմաթիվ հետաքրքիր լուծումներով առանձնանում էր Հայաստանի ճարտարապետությունը, որի բազմաթիվ կառույցների թվում կային նաև իրական գլուխգործոցներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, «Մոսկվա» (ամառային դահլիճը) և «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնները, «Զվարթնոց» օդանավակայանը, Կամերային երաժշտության տունը, Մարզահամերգային համալիրը, Ռաֆայել Իսրայելյանի և Ջիմ Թորոսյանի գործերը։
Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցների թվում է Երևանի «Հրազդան» ստադիոնը։

 

Մոդեռնիզմի ժառանգությունը հսկայական է և ոչ հավասարարժեք։ Մեծ մասը համեմատաբար կարճ գոյատևման համար նախատեսված զանգվածային բնույթի կառույցներ են։ Հեռանկարում մոդեռնիզմի ֆիզիկապես մաշված կառույցների մեծ մասին սպասվում է, այսպես կոչված, ռենովացիա, որը կարող է նոր կյանք հաղորդել շատ շինությունների։ Սակայն ռենովացիան կարող է նաև արմատական ձևեր ընդունել՝ վերածվելով մոդեռնիզմի ոչնչացման ալիքի։ Դրա պատճառ կարող է դառնալ մոդեռնիզմի ճարտարապետության, որպես խորհրդային դարաշրջանի վերապրուկի, հանդեպ վերաբերմունքը։

 

Պոստմոդեռնիզմի ժամանակների պարադոքս դարձավ մոդեռնիզմի որոշ գլուգործոցների արժեքի ճանաչման հետ մեկտեղ դրանց ժխտումը։ Սկսվեց մոդեռնիզմի բազմաթիվ գլուխգործոցների ավերումը՝ լուսանցքում թողնելով բնակելի ֆոնդի, ենթակառուցվածքի, արդյունաբերական շինությունների հիմնական ծավալի ռենովացիան։ Վերոհիշյալ գլուխգործոցներից շատերը դադարեցին գործել, հայտնվեցին կիսավեր վիճակում՝ դատապարտվելով քանդման (Երևանի մոդեռնիստական ամենամեծ համալիրներից մեկը՝ Երիտասարդական պալատը, հիմնահատակ ավերված է)։

 

«Հրազդան» ստադիոնը, որը ստեղծվել է որպես իր ժամանակի հսկայական հանրային ամֆիթատրոն, այդ ժամանակից դուրս զրկվեց այդ ֆունկցիայից։ Ֆուտբոլի 70,000 ինքնամոռաց երկրպագուները, որոնք լցնում էին մարզադաշտը՝ ցանցի մեջ թռչող գնդակը տեսնելու միահամուռ պոռթկումով, նոր պայմաններում, գոյատևման դատապարտված լինելով, դադարեցին հավաքվել մարզադաշտի տրիբունաներում։ Նրանց մի մասը սկսեց հավաքվել տրիբունաների ստորին հարթակներում, որպեսզի ապրանքներ փոխանակի․ մարզադաշտը սկսեց գործել որպես տոնավաճառ։

 

Պարզվեց, որ մոդեռնիզմի շինությունների դժվար լուծելի խնդիրը դրանց վերականգնումն է։ Մաքուր բետոնե մակերեսներն առանց մշտական ուշադրության ու խնամքի, լքված վիճակում արագ խարխլվում են, կորցնում արտաքին գրավչությունը։

 

Պատկերացում է առաջանում նախկին տեսքը վերականգնելու անհնարինության, դրա համար անհրաժեշտ հսկայական գումարների մասին։ Յուրատեսակ բիզնես-պլան է ձևավորվում, ըստ որի, մոդեռնիզմի ճարտարապետությունը, փաստորեն, դատապարտված է ոչնչացման։ Թերևս դա հավասարապես վերաբերում է ինչպես տնտեսապես բարեկեցիկ, այնպես էլ ոչ այնքան բարեկեցիկ երկրներին։ 1988-ին Հոլանդիայում մոդեռնիզմի ժառանգության՝ 20-րդ դարի հուշարձանների, պահպանման նպատակով ստեղծվեց ոչ կառավարական DO CO MO MO կազմակերպությունը։ 

 

Այսօր «Հրազդան» ստադիոնը դեռ կանգուն է և պահպանում է իր վեհությունն ու արտահայտչականությունը։ Սակայն մարզադաշտը գործնականում չի օգտագործվում, և այն քանդելու ծրագրեր կան։ Հնարավոր է, որ «Հրազդանը» քանդեն, ինչպես քանդել են և պատրաստվում են քանդել մոդեռնիզմի գլուխգործոցներից շատերը։ Այդ դեպքում Երևանը կզրկվի իր լավագույն կառույցներից ևս մեկից։ Ըստ երևույթին, չի հաջողվի դիմակայել դրան։ Եվ այն, ինչը դեռ կարելի է անել, «Հրազդանը», ինչպես մյուս գլուխգործոցները, նրա պատմությունը, նրա նախկին վեհասքանչ և հրաշալի տեսքը թղթի վրա պահպանելն է։

հավելյալ նյութեր