Երիտասարդները հանուն համայնքի զարգացման. երկամյա ծրագիրը գրանցում է տպավորիչ արդյունքներ
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով մարզաբնակ 200 երիտասարդներ աշխատանքի անցնելու կամ սեփական բիզնեսը հիմնելու հնարավորություն ստացան։
HSBC Խումբ
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի մայր ընկերությունն է,որի գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը իր հաճախորդներին ծառայություններ է մատուցում աշխարհի 62 երկրներում և տարածաշրջաններում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2023թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 3,041 միլիարդ ԱՄՆ դոլար:
HSBC Հայաստան
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2022 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 321 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
«Օրրան» ԲՀԿ
«Օրրան»-ը բարեգործական հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2000 թվականին: Նրա առաքելությունն է խոցելի խմբերի երեխաներին հավաքագրել փողոցից և ներգրավել կրթական, մշակութային և արհեստագործական գործունեության մեջ, ինչպես նաև աջակցել միայնակ և կարիքավոր տարեցներին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.orran.org
HSBC Խմբի կողմից ֆինանսավորվող և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երիտասարդները հանուն համայնքի զարգացման» երկամյա ծրագրի ավարտն ազդարարվեց Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպված միջոցառմամբ, որին ներկա էին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը, ծրագրի շահառուները և այլ հյուրեր:
Նախաձեռնությունն ի սկզբանե նպատակ ուներ բարձրացնել Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի սահմանամերձ համայնքներում բնակվող և սոցիալապես անպահով երիտասարդների զբաղվածության մակարդակը` նպաստելով նրանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը և սոցիալական ներառմանը։ Ծրագրում ընդկրկվեցին նաև Արցախից տեղահանված 16-35 տարեկան երիտասարդներ, ովքեր, մասնագիտական հմտությունների զարգացմանը զուգընթաց, ծանոթացան նաև բիզնեսի կառավարման, ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկություններին և բարձրացրեցին ֆինասական գրագիտության մակարդակը։ Կիրառելով ձեռք բերված գիտելիքները` ծրագրի շահառուները պատրաստեցին և ներկայացրեցին իրենց բիզնես նախագծերը, որոնցից լավագույն 25-ը ստացան ֆինանսական աջակցություն` գաղափարի իրականացման նպատակով:
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը կարևորեց ծրագիրը` նկատելով, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ձեռք բերել հմտություններ` հետագայում արժանապատիվ աշխատանք ունենալու համար։
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ երիտասարդներից շատերն իրենց համայնքներում գտել են աշխատանք, ոմանք էլ հիմնել են սեփական բիզնեսը: Վերոնշյալն ինձ ոգևորում է, քանի որ նպաստում է ծրագրի գլխավոր նպատակի իրագործմանը` աղքատության հաղթահարմանը մարզերում»,- մեկնաբանեց Արմինե Հովհաննիսյանը:
HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյան
Միջոցառմանը կազմակերպված տոնավաճառի (բիզնես Էքսպո) ընթացքում ծրագրի շահառուները հնարավորություն ունեցան հյուրերին ներկայցնել իրենց աշխատանքները և վաճառել դրանցից մի քանիսը:
«HSBC-ն ողջ աշխարհում ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն` աջակցելու այն համայնքներին, որտեղ գործունեություն է ծավալում: Հայաստանում հիմնադրման առաջին իսկ օրերից մեր բանկը, համագործակցելով բարեգործական կազմակերպությունների հետ, իրականացնում է ծրագրեր` համայնքների կյանքում դրական ազդեցություն ունենալու և սոցիալապես անապահով խմբերին հույս պարգևելու նպատակով: «Օրրան»-ի հետ մեր համագործակցությունն արտացոլում է այս հանձնառությունը: Վստահ եմ, որ այս ծրագիրը հիմք կծառայի մարզերում զբաղվածության ապահովման համար` ունենալով երկարաժամկետ դրական ազդեցություն տեղի բնակիչների կյանքում», հավելեց HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: