Հյուսիսային պողոտա 2001-2006
Նորագույն պատմության ամենախոշոր ու ամենասկանդալային շինարարությունը Երևանում։
Տեքստը՝ Մարգարիտա Միրզոյանի
Լուսանկարները՝ Հայկ Բիանջյանի, Ֆոտոլուր
ԵՐԵՎԱՆ #68 | 2021
Հարցի էությունը
Հյուսիսային պողոտան Ալեքսանդր Թամանյանն ուրվագծել էր դեռ 1924 թվականին՝ Երևանի առաջին գլխավոր հատակագծում։ Գաղափարն այն էր, որ հյուսիսից հարավ անցնող պողոտան Երկաթուղային կայարանից մինչև Կոմիտաս ձգվող երկար առանցքի կարևոր հատվածն էր լինելու։ Այդ տարիներին Երևանում ակտիվ քաղաքաշինական գործունեություն էր իրագործվում։ Կառուցվել էր ներկայիս Հանրապետության հրապարակը, օպերային թատրոնը և ակնհայտ էր, որ այդ ամենն իրար կապող ճանապարհի կարիք կա։
Սակայն Թամանյանին իր կյանքի օրոք չհաջողվեց իրականացնել այդ նախագիծը։ Քաղաքային իշխանությունները գաղափարին վերադարձան 60-ականներին, ապա 80-ականներին, երբ մի քանի մրցույթ անցկացվեց, բայց կառուցապատման տարբերակներից և ոչ մեկն այդպես էլ չհասավ բուն շինարարությանը։
Պողոտային վերադարձան անկախացումից մի քանի տարի անց․ 2000 թվականին այդ ժամանակվա Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց կառուցապատման նոր ծրագիր։ Երկու տարի անց նախագիծը վերջնականապես հաստատվեց և սկսեց իրագործվել։
Չնայած հեղինակների հղումներին թամանյանական գաղափարին՝ Հյուսիսային պողոտան իր ներկա պարամետրերով էականորեն տարբերվում է թամանյանական Երևանի հատակագծում առկա պողոտայից` շենքերի հարկայնությամբ, ճարտարապետական լուծումներով, գունային ներդաշնակությամբ, պողոտայի լայնությամբ, կանաչ գոտիների ծավալով և այլն:
21-րդ դարում Երևանի ամենախոշոր կառուցապատումը նաև ամենախնդրահարույցն էր․ հանուն նոր շահութաբեր նախագծի վերացվեց Երևանի կենտրոնի պատմական մի ամբողջ շերտ, իսկ տարածքի բնակիչները ստիպված եղան զիջելու իրենց տները - բազմաթիվ մասնագետների կարծիքով - ոչ համարժեք գումարի դիմաց։ Ակտիվիստները փորձում էին պայքարել մի կողմից պատմամշակութային ժառանգության, մյուս կողմից՝ բնակչության իրավունքների համար։
Պողոտայի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2007 թվականին, թեև շինարարական աշխատանքները շարունակվում էին դեռ մի քանի տարի դրանից հետո։
ԻԶԱԲԵԼԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ
Աղյուսե շենքը
Հյուսիսային պողոտայի գործընթացն առաջին քաղաքացիական նախաձեռնությունն էր, որին լրջորեն մասնակցեցի։ Ծնողներիս տան դեմ դիմաց՝ Տերյան-Պուշկին խաչմերուկում, կար մի աղյուսե շենք։ Պատուհանիցս երևացող ամենագեղեցիկ տունը հենց այդ աղյուսե շինությունն էր, և ես անընդհատ նկարում էի այն։ Այդ տունը շատ հին և տարբերվող ճարտարապետություն ուներ, գեղեցիկ փայտե պատշգամբներ և աստիճաններ։ Ինձ համար կյանքը դա էր։
Գրականության մեջ հեղինակները հաճախ նկարագրում են իրենց շրջապատող աշխարհը։ Ես նկարագրում էի այդ շենքը։ Տեսնում էի ինչպես են վիճում կամ մի սեղանի շուրջ նստում այդ տան բնակիչները, ինչպես են մեծանում նրանց երեխաները։ Ես մեծանում էի այդ տան հետ ու լավ կլիներ, որ նաև ծերանայի նրա հետ։
Հենց այդ տան մարդկանց հետ տեղի ունեցածը փոխեց իմ կյանքը՝ տանելով ինձ մասնագիտական և մարդկային այլ ուղղվածությամբ։ Ես իրավաբանության հետ կապ չունեի, բայց այդ անկարողության զգացողությունը, որը վերապրեցի, անզորությունը սիստեմի առաջ ինձ ստիպեց կրթվել այդ ոլորտում, որպեսզի փորձեմ կանխել նման դեպքերը։
Այդ տան կանանցից մեկը քաղցկեղ ուներ և շատ ծանր վիճակում էր։ Հիշում եմ, երբ հերթական անգամ եկան նրանց տնից հանելու, մենք բոլորս իջել էինք և հարևաններով կռիվ էինք տալիս ԴԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ։ Այդ կինն այդպես էլ չհամաձայնեց զիջել իր տունը, բայց այդ ընթացքում իր ինքնազգացողությունը վատացավ։ Շտապ օգնությունը նրան տարավ հիվանդանոց։ Նա այդպես էլ չվերադարձավ, իսկ նրանց տունը քանդեցին։
Բարիկադները
Այդ շրջանում նաև ակտիվացան քաղաքացիական նախաձեռնությունները ու զուգահեռաբար ուշադրությունը սևեռվեց Աբովյան 14/1 շենքի (այսօրվա «Ալեքսանդր» հյուրանոցի) պահպանման հարցին։ Ահագին պայքարեցինք այս շինության համար, ստորագրահավաք կազմակերպեցինք, մեր դիմումը ստորագրեցին Սիլվա Կապուտիկյանը, Վարազդատ Հարությունյանը և այլոք, ինչը հնարավոր դարձրեց պահպանել շենքի ֆասադային հատվածը։ Այլ բան, որ այսօր այդ ֆասադի վրա շատ տգեղ շինություն է կառուցվել, և մեր ընկեր ճարտարապետների մի մասը համարում է, որ ավելի լավ է քանդեին։
Հետո սկսվեց Բուզանդի փողոցի շենքերի պատմությունը։ Այնտեղի բնակիչներն ու փաստաբաններն ակտիվ պայքարում էին սեփականության իրավունքների ճանաչման համար։ Այդ օրերին ծանոթացանք հենց բնակիչների հետ, լուսանկարիչ Հայկ Բիանջյանի հետ, ում աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպեցինք տներից մեկում։ Մի պահ Բուզանդում նույնիսկ բարիկադներ տեղադրվեցին, մի ակցիայի ժամանակ էլ մարդիկ իրենց վրա կախել էին պատմական շենքերի լուսանկարները և ցույցեր էին իրականացնում։
2000-ականները և ազատ հասարակությունը
Հյուսիսային պողոտան մի տարվա պատմություն չէր։ Այս պայքարը տարբեր փուլեր է ունեցել․ մարդիկ փոխվում էին, միանում էին նոր մասնակիցներ, իսկ ոմանք այլևս չէին վերադառնում։
Հիմա հետ հայացք գցելով՝ կարծում եմ, որ հնարավոր չէր լինի այդ պահին վերջնական հաջողության գալ։ Քաղաքի այդ հատվածը տնտեսական օգուտի մեծ ներուժ ուներ։ Բացի այդ, որոշումը կայացրել էր հենց ինքը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դա լոկալ, փոքր որոշում չէր։ Կար շատ մեծ ճնշում։
2000-ականներին չկար այսօրվա ազատ հասարակությունը։ Պայքարի մեջ մտնող խմբերը շատ փոքր էին։ Ամենաշատը 30-50 մարդ, որոնցից ակտիվ էինք միայն 10-12-ը։ Հայաստանի ամենառեպրեսիվ տարիներն էին, մեծ դիմադրության հնարավորություն գրեթե չկար։ Չէր եղել 2008-ի շարժումը և դրանից հետո մարդկանց մեջ ձևավորված վստահությունը, որ մի բան կարելի է փոխել։
Վերջնական արդյունքի չէինք գալու, բայց և անհնար էր ծալած ձեռքերով նստել։ Իրավաբանների աշխատանքն իր արդյունքները բերեց։ Նրանց շնորհիվ բնակիչներից շատերը փոխհատուցում ստացան, և դա նախադեպ եղավ, որպեսզի հետագայում նման դեպքերը պակասեն։ Կարծում եմ՝ մեր գործն էլ որոշակի իմաստ ուներ, քանի որ այդ բնակիչներն իրանց միայնակ չէին զգում։ Ճիշտ է, եղան բնակիչներ, ովքեր վերցրին իրենց գումարները և հեռացան։ Բայց այդ ամենի մեջ կային մարդիկ, ովքեր չէին ուզում գնալ՝ լքելով իրենց պապական տունը։ Նրանց համար այդ տները քանակ ու քառակուսի մետր չէին, այլ հիշողություն և պատմություն էին։ Ճիշտ ինչպես իմ՝ Տերյան-Պուշկինի խաչմերուկի աղյուսե տանն ապրող հարևանների համար։
Երբ նրանց տնից դուրս էին շպրտում, նրանք տեսնում էին, որ կան մարդիկ, ովքեր նրանց կողքին են և աջակցում են իրենց։ Հուշարձանների հետ կապված ևս հնարավոր եղավ փոքր, բայց որոշ բաներ փրկել։ Իհարկե շատ ավելի քիչ, քան հնարավոր կլիներ, եթե ավելի մեծ հանրային հետաքրքրություն, ճնշում և քաջություն լիներ։
ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Քաղաքաշինարար
Առաջին փորձ
2003 թվականն էր, ես ավարտում էի համալսարանը, երբ Օպերայի շրջակայքում սկսվեց բուռն կաֆեաշինության ժամանակաշրջանն, մասնավորապես սկսեցին կառուցել «Ատլանտիկը»։ Այն առաջին հիմնավոր կառույցն էր այդ տարածքում, մինչ այդ ժամանակավոր շինություններ էին տեղադրվում։ Այստեղ հիմնական սուտը այն էր, որ մարդկանց ասել էին, թե հեղեղատարի հարցն են լուծում։ Մի քանի հոգով ցույցի նման մի բան կազմակերպեցինք, նույնիսկ պոստերներն առ այսօր ինձ մոտ պահպանված են։ Իրականում բավական քիչ քանակությամբ մարդիկ եկան մասնակցելու, բայց հանրային դժգոհությունը կարողացանք ցուցադրել։
Քաղաքը մերն է
Երբ Հյուսիսային պողոտան հաջողվեց քանդել և տարհանել մարդկանց, կառավարության մոտ միտում կար շարունակել այդ գործընթացը։ Գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց Գլխավոր պողոտայի նախագիծը, ըստ որի քանդվում էին հուշարձաններն ու կրկին խախտվում էր բնակիչների սեփականության իրավունքը։
Հյուսիսային պողոտայի քանդման օրերը լավ չեմ հիշում. 1999 թվականն էր, դեռ ուսանող էի և պարզապես հասկանում էի, որ վատ բան է տեղի ունենում, բացի այդ, այնտեղ իրավիճակը մի քիչ այլ էր։ Մարդու իրավունքների, սեփականության իրավունքների հետ կապված գործընթացներ էին տեղի ունենում, հուշարձաններն արագ քանդեցին, և նույնիսկ ժամանակ չեղավ մի բան անելու, ձեռնարկելու։ Մեծ ընդդիմություն չեղավ, ինչը չեմ կարող ասել Գլխավոր պողոտայի քանդման օրերի մասին։
Այդ ժամանակ մի քանի ընկերներով ներքաշվեցինք գործընթացի մեջ։ Տարբեր նախաձեռնություններ եղան՝ ամառային ճամբար կազմակերպեցինք, հենց այդ տարածքում անցկացվեց Հայկ Բիանջյանի ֆոտոցուցահանդեսը, ստորագրահավաք անցկացրինք, բարիկադներ էինք տեղադրել, որպեսզի «կարմիր բերետավորները» չկարողանան գալ և մարդկանց հանել իրենց պատկանող տներից։
Այստեղ արդեն բավական շատ քանակությամբ մարդիկ հավաքվեցին` բացառապես տարբեր մասնագիտությունների և հետաքրքրությունների տեր մարդիկ։ Շատերն արդեն գիտակցում էին, որ քաղաքը բոլորինս է, այլ ոչ թե միայն ճարտարապետներինը։
Մարդիկ էին, ովքեր սրտացավ էին և գիտեին, որ պիտի ունենան իրենց դերակատարությունն այս գործընթացում, իսկ երբ դու ցավում ես մի բանի մասին, չես նստում խոհանոցում և ասում՝ բայց էս ինչ վատ է։
Հանրային բարիք
Դեռ Հյուսիսային պողոտայի ժամանակ ոչնչացվել էր մոտ երեսուն կամ քառասուն պատմական հուշարձան։ Գլխավոր պողոտայի շուրջ ոչնչացվելու էին պատմական փողոցներ, և ըստ իս` նույնիսկ միջավայրի տեսանկյունից Գլխավոր պողոտային վերակառուցումն ավելի մեծ կորուստ էր, քան Հյուսիսայինը։
Հենց այդ օրերին ակտիվ շրջանառության մեջ մտավ «քաղաքացիական նախաձեռնություն» եզրույթը։ Պետք էր հստակ տարբերակել, որ տեղի ունեցողը քաղաքական պրոցես չէ, այլ քաղաքացիական նախաձեռնություն է, որ մենք կուսակցական չենք, պարզապես այս քաղաքը մերն է, և չենք ուզում, որ ինչ-որ անհասկանալի մարդիկ իրենց աշխատասենյակներում նստած որոշումներ կայացնեն` այս մարդկանց տեղահան անենք, ուրիշներին բերենք նրանց փոխարեն։ Այստեղ կասկածի տակ էր դրվում հանրային գերակա շահի ինստիտուտը։ Այն ենթադրում է, որ դու այդ քայլին գնում ես, որպեսզի հանրային բարիք ստեղծես, իսկ մեկ մարդու տունը փոխարինելը մեկ ուրիշի տնով, մեղմ ասած, հանրային բարիք չի։
Ավարտը
Գլխավոր պողոտայի համար պայքարն ավարտվեց ոչ միայն երբ կառավարությունը որոշակի ճնշում գործադրեց, այլ նաև երբ պարզ դարձավ, որ բնակիչների համար հուշարձանների պահպանությունընայդքան էլ էական չէ։ Նրանք ունեին փոխհատուցման և սեփականության իրավունքի խնդիր և վերջում շատ քիչ բնակիչներ մնացին մեզ հետ։ Մարդիկ, ստանալով իրենց փոխհատուցումը, հեռանում էին, ինչը խանգարեց վերջնական հաջողության գալ։ Մեզ հաջողվեց ստորագրահավաքի միջոցով իրագործման բերել Հին Երևան նախագիծը, բայց այն, ինչ դուք տեսնում եք այսօր, ընդհանրապես կապ չունի այն ժամանակվա նախագծի հետ։ Հին Երևան նախագծով ենթադրվում էր, որ Գլխավոր պողոտայի երկու կողմերում պետք է պահպանվեն պատմական փողոցներ, բայց հետագայում մի բան այնպես չգնաց, և այսօր ունենք այն, ինչ ունենք։
Ներկայումս Հայաստանում բազմաթիվ շենքեր են կառուցվում, սակայն շատ հատուկենտ են այն կառույցները, որոնք ժամանակի կտրվածքով իրենցից արժեք են ներկայացնում։ Բայց դա չի նշանակում, որ եթե Հյուսիսային պողոտան 150 տարվա կյանք կարողանա ունենալ, ինչը ըստ իս հնարավոր չէ, ուրեմն 150 տարի անց այն պիտի քանդենք։ Դա մեր սխալն է, այն պիտի մնա, և շերտերը բոլորն իրար վրա մնան։