Իգոր Գուրովիչ․ «Ամենօր նկարելը ինքնակարգապահության փորձառություն է»
«Ահա մի զրույցը» ժամանակակից արվեստին նվիրված նախագիծ է, որը մեկնարկում է AHA collective համադրողական գրասենյակը Երևան ամսագրի համար։ Նախագիծը ներկայացնում է համադրողների և արվեստագետների միջև զրույցների շարք։ Յուրաքանչյուր զրույց ծնվում է AHA collective-ի կողմից ստեղծած մի ցուցադրությունից և ծավալվում ըստ թեմայի և զրուցակիցների։
Հարցազրույցը՝ Արուսյակ Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Դանիիլ Պրիմակի
«Գուրոն. գծանկար, կարպետ, ազդագիր»
AHA collective
23.03-03.05.2026
Հասցե` Մոսկովյան 31, 2րդ մուտք, 2րդ հարկ
Բաց է ամեն օր` երկուշաբթիից շաբաթ
Ժամեր` 16։00-ից 19։00-ը և այլ ժամերի նախնական պայմանավորվածությամն
Նախագծի երկրորդ զրույցը արվեստաբան Արուսյակ Հովհաննիսյանի և արվեստագետ Իգոր Գուրովիչի միջև է։ Զրույցը կայացել է «Գուրոն․ գծանկար, կարպետ, ազդագիր» ցուցադրության շրջանակում, որը բացվել է AHA collective-ի ցուցասրահում 2026 թվականի մարտի 23-ին և կգործի մինչև մայիսի 3-ը։ Ցուցադրությունը ազգությամբ ռուս, հայաստանաբնակ արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում։ Ներկայացվող շարքերը միավորում են Հայաստանում բնակություն հաստատելու ընթացքում ստեղծված գծանկարների, ազդագրերի և գոբելենների շարքեր։

Արուսյակ Հովհաննիսյան. Ռուս֊ուկրանիական պատերազմի սկզբից Մոսկվայից տեղափոխվել եք Հայաստան և Երևանում հիմնել եք Մոսկվայի Դիզայնի դպրոցի նոր մասնաճյուղը։ Այս նախաձեռնությունը կառուցված է Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն համալսարանի դիզայնի դպրոցի հետ գործընկերության հիման վրա, որտեղ դուք դասավանդել եք ավելի քան տասնհինգ տարի։ Մտորելով Հայաստանում որպես դասախոս ձեր ներկայիս փորձի մասին՝ ինչպե՞ս կնկարագրեիք ռուսական և եվրոպական դիզայնի կրթության տարբերությունները, և ի՞նչ դիրք կարող է Հայաստանը զբաղեցնել դրանց միջև։
Իգոր Գուրովիչ. Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն համալսարանի դիզայնի դպրոցի կրթությունը չի զիջում եվրոպականին։ 2021 թվականին դպրոցը մտավ աշխարհի լավագույն 100 դիզայն ակադեմիաների շարքը։ Եվ սա հետխորհրդային տարածքում միակ դիզայն ակադեմիան է, որը հայտնվել է լավագույնների թվում։ Երևանի մասնաճյուղը զարգանում է ճիշտ նույն չափանիշներով, ինչ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ նույն կրթական ցանցով և նույն դասախոսներով։ Գումարած երևանյան դիզայն համայնքի ամենահարգված և արժանի ներկայացուցիչները։ Դա մեր դպրոում ստեղծված նոր ուսումնական ծրագրի շնորհիվ է։ Սա մեր յուրահատկությունն է և բերեցինք Երևան։ Դասախոսների կեսը երևանից են, կեսը՝ մոսկվայից։ Ուրախ ենք, որ հրաշալի երևանից դիզայներներ և մտածողներ՝ Գարեգին Մարտիրոսյանը, Վահան Ստեփանյանը, Այա Հակոբյանըմեր դասախոսներն են։ 3 տարվա ընթացքում մենք իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր Հայաստանի մասին և Հայաստանի համար։ Կա բաց պորտֆոլիո, որտեղ կարելի է գտնել մեր ուսանողների աշխատանքները՝ deziiign.com կայքում։ Այնտեղ կան և՛ երևանցիներ, և՛ մոսկվացիներ, և՛ Սանկտ Պետերբուրգից ու Նիժնի Նովգորոդից ուսանողներ։ Մեկ անգամ տեսնելն ավելի լավ է, քան հարյուր անգամ լսելը։
Ես մեծ սպասելիքներ ունեմ մեր ուսանողներից։ Ինձ թվում է՝ նրանք համատեղում են նախագծման եվրոպական մոտեցումը և հայկական կիրքն ու պատմության նկատմամբ ուշադրությունը։ Հուսով եմ, որ մի քանի տարի անց մենք կտեսնենք արդյունքները և դպրոցը կդառնա կարևոր իրադարձություն հայկական մշակութային դաշտում։
Ի՞նչ դասավանդման մեթոդաբանություն եք կիրառում։
Առաջինը և ամենակարևորը՝ մենք՝ դասախոսներս և ուսանողները, ազատ մարդիկ ենք։ Մենք կարող ենք ազատորեն ընտրել թեմաներ, արտահայտչականության ռազմավարությունների լուծումներում։ Դասախոսները չեն պարտադրում ուսանողներին իրենց հայացքները, այլ` օգնում են զարգացնել նրանց տաղանդները և հարգանքով են վերաբերվում ուսանողի կարծիքին։ Հաղորդակցությունը կառուցված է ոչ թե որպես պրոֆեսորի և ուսանողի հարաբերություն, այլ այնպես, ինչպես դա լինում է իրական դիզայն համայնքում՝ գեղարվեստական ղեկավար և սկսնակ դիզայներ։ Արդեն առաջին կուրսերից փորձում ենք ուսանողներին ներգրավվել իրական դիզայն միջավայրի մեջ՝ իրական նախագծերով և հստակ խնդիրներով։

Ինչպե՞ս են հայկական կերպարվեստի ավանդույթը ներդրվում ուսումնական գործընթացում, քանի որ աշխատում եք երիտասարդ սերնդի հետ։ Տեսնո՞ւմ եք արդյոք հայկական դիզայնի ինքնության ձևավորման ներուժ, և որ կողմերն եք կարևոր համարում թիրախավորելու և զարգացնելու համար։
Ինձ թվում է, որ չնայած հարուստ կերպարվեստային ավանդույթին, հայկական տպագրությունը, հայկական կերպարվեստի առանձնահատկությունները ոչ ոք չի փորձել ներդնել համաշխարհային դիզայնի համատեքստում։ Եվ մեր բազմաթիվ նախագծեր նվիրված են հայկական և համաշխարհային փորձառությունները միավորելու փորձին։ Մենք փորձում ենք հասկանալ և կանխատեսել, թե ինչ տեսք կարող է ունենալ, օրինակ, եվրոպական կողմնորոշում ունեցող Հայաստանի գրաֆիկական դիզայնը 2050 թվականին։
Ինչպե՞ս կնկարագրեիք Ռուսաստանում հետխորհրդային համատեքստը, երբ սկսեցիք ձեր մասնագիտական կարիերան։ Ի՞նչ վերափոխումներ էին տեղի ունենում։ Ի՞նչ տարբերություններ և նմանություններ եք տեսնում հետխորհրդային հայկական համատեքստի հետ։
Հետխորհրդային դիզայնը Մոսկվայում այն էր, ինչ հորինեցին 25-ամյաները։ Մենք ամենամեծահասկ էինք համարվում, և մեր պատվիրատուներն էլ 25-ամյաներ էին, որոնք նոր բիզնեսներ էին բացում և նրանք էլ էին ամենամեծահասակ համարվում Ռուսաստանում դա երիտասարդության հաղթանակն էր ծերության դեմ։ Կրքի և փորձի հաղթանակը ձանձրույթի և վախի դեմ։
Դուք կրթություն ստացաք Ավտոմոբիլային դիզայնի ֆակուլտետում, ապա աշխատեցիք թատրոնում որպես դիզայներ։ Թատրոնում աշխատելը ձեզ հնարավորություն տվե՞ց ընդլայնել ձեր գեղարվեստական մոտեցումը։
Ցանկացած նոր մեդիա, իհարկե, ընդլայնում է հորիզոնը և տալիս է նոր սյուժետային կառուցվածքներ ու նոր ռազմավարություններ։ Մոսկվայում ես իմ ուսանողներին ուղարկում էի թատրոններում աշխատելու, որպիսի նրանք ունենային ազատության նոր փորձ և տարածք։

AHA collective-ում ցուցահանդեսը ձեր առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում։ Ներկայացնում ենք վերջին 4 տարիների աշխատանքները, որոնք ստեղծվել են Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ընթացքում՝ գծանկարներ, ազդագրեր, կարպետներ։ Ձեր արվեստային մտածողությունը ոգեշնչված է ռուսական կոնստրուկտիվիզմից, որը 1920-30-ական թվականների պատմական ավանգարդի դրսևորումներից մեկն էր։ Ինչպե՞ս եկաք այս ուղղությանը։ Արդյո՞ք կոնստրուկտիվիզմին վերադառնալը հետխորհրդային Ռուսաստանում ոլորտի միտում էր, թե՞ անձնական գեղարվեստական որոնումների արդյունք։
Այնուամենայնիվ, ես դա չէի անվանի ռուսական կոնստրուկտիվիզմի ավանդույթին հետևելը։ Ես միշտ, և հիմա էլ, տարված եմ եղել այս հոսանքի մեկնաբաններով և մեկնիչներով։ Հետաքրքրված եմ նաև տեղական ազգային դպրոցներով, օրինակ՝ 1930-ականների Շանհայի դպրոցով։ Ինձ դուր է գալիս, որ այս համակարգը կենդանի է, և դրա ներսում կարելի է դեռ փորձարկել ու հասնել հուզականորեն շատ տարբեր արդյունքների։
AHA collective-ում ձեր ցուցահանդեսի մի մասը ներառում է Noor Family-ի համար վերջին 4 տարիների ընթացքում ստեղծված ազդագրերը՝ գրեթե 12 տարվա համատեղ աշխատանքի արդյունք։ Ինչպե՞ս ծնվեց այս համագործակցությունը, և ինչո՞ւ է Ձեզ համար կարևոր նման երկարաժամկետ հարաբերություններ պահպանելը հաստատության հետ։
Մարդիկ, որոնց հետ աշխատում ես 12 տարի, իսկ ծանոթ ես 20, արդեն ոչ թե ընկերներ են, այլ հարազատներ։ Ինձ համար, ինչպես և Noor-ի սեփականատերերի համար, սա կարևոր աշխատանք է։ Մոսկվայում շատ են պաշտոնական տեքստերը։ ԵՒ՛ պետությունը, և՛ քաղաքապետարանը խոսում են քաղաքացիների հետ։ Noor-ի նախագիծը քաղաքացու զրույցն է քաղաքի հետ։ Եվ մենք կարծում ենք, որ քաղաքացու ձայնը կարևոր է։
Երկար ժամանակ ազդագրեր ստեղծելուց հետո սկսեցիք աշխատել տեքստիլի և գորգերի հետ։ Ինչպե՞ս հասաք դրան, ի՞նչ նոր հնարավորություններ է տալիս նյութը, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ձեր գեղարվեստական մոտեցման մեջ։
Գոբելենները՝ ամեն ինչ Հայաստանում ապրելու շնորհիվ է։ Չեմ կարծում, որ Մոսկվայում կզբաղվեի դրանով։ Ինձ շատ լավ է աշխատել Երևանում։ Ազդագրերում, և գրքերում ավելի շատ արև կա, ավելի շատ ազատություն, ավելի հանգիստ հեգնանք։ Նաև գոբելեններում, որոնք շարունակություն են իմ ազդագրի հետ աշխատանքի։

Ազդագրային արվեստից տեքստիլին անցումը հարցեր է բարձրացնում նյութականության հետ ձեր հարաբերության վերաբերյալ։ Ի՞նչ է բամբակը, որպես միջոց, բերում Ձեր գեղարվեստական լեզվամտածողությանը, ինչ չի կարող բերել թուղթը։ Հյուսման գործընթացում ձգում է ձեզ ձեռքի աշխատանքի ինտիմությունը, թե՞ մեխանիկական հյուսումն է, որ նոր հնարավորություններ է բացում։ Ինչպե՞ս են գործվածքը, շերտավորումը և գույնը ընդլայնում ազդագրային արվեստի սահմանները։
Ազդագիրը անցողիկ հայտարարություն է։ Փողոցում արևի ու անձրևի տակ կախված՝ այն արագ մեռնում է։ Գոբելենում մարմնավորված նույն հայտարարությունն ստանում է այլ նշանակություն և այլ կյանք։ Սա փոխանցման արտասովոր հրապուրիչ գործընթաց է։ Եվ սա նոր փորձ է ու նոր գիտելիք, այն ինչ կյանքը լցնում է իմաստով։
Հնարավորություն ունեցե՞լ եք ուսումնասիրել հայկական գորգերի հարուստ գեղարվեստական համակարգն ու ներուժը։ Ձեր գոբելեններում ներառե՞լ եք կոնկրետ գույներ կամ խորհրդանշական հղումներ։
Կնոջս հետ շատ ենք գնում թանգարաններ և ցուցահանդեսներ, և այո, մենք տարված ենք հայկական գորգերով։ Եվ իմ որոշ գոբելեններում ուղղակի մեջբերումներ կան։ Եվ ըստ էության այս նախագիծը սկսեցի, երբ տեսա 1915 թվականի արցախյան գորգերը, որտեղ հայկական ավանդույթը միաձուլված էր գերմանական բիդերմայերի ավանդույթի հետ, և դա արտասովոր ժամանակակից էր։
Հայաստան ձեր տեղափոխությունը պայմանավորված էր պատերազմի բռնի համատեքստով։ Երևանում սկսեցիք խաչբառերի վրա նկարել՝ որպես օրագրի ձև՝ հետագծելով օտար երկրում ապրելու ձեր փորձը։ Ի՞նչ է նշանակում ձեզ համար գծանկարելու արարքը այս համատեքստում։
Ամենօր նկարելը ավելի շուտ ինքնակարգապահության փորձառություն է, որն անհրաժեշտ է ինքդ քեզ պահպանելու համար։ Ինձ համար դա այնքան էլ ստեղծագործական արարք չէ, ավելի շատ հոգեբանական։ Գուցե հատուկ ցուցադրելն էլ պետք չէ, բայց դրանք շատ շատ են։ Դա իմ կյանքի կարևոր մասն է Երևանում։

Ցուցադրում ենք ձեր գծանկարների մի քանի շարք (Վանաձոր, Երևան շարքեր)։ Ձեր գծանկարները ներառում են ճարտարապետական կառույցներ, տարբեր մշակույթների կերպարային մոտիվներ, տեքստային տարրեր, իրական և հորինված խաղային պատկերներ։ Ինչպե՞ս են ձեր ապրած փորձը Հայաստանում և այս տարբեր շերտերը միավորվում ձեր կոմպոզիցիաներում։ Ի՞նչ պատմություն կամ համակարգ եք կառուցում դրանց փոխազդեցության միջոցով։
Երբեմն ինձ թվում է, թե ապրում եմ մանկությանս կինոյում։ Շատ արև, բարի ուրախ մարդիկ։ Պարզ, ճիշտ մարդկային կյանք։ Եվ մեր կյանքը, որը կազմված է արևոտ այսօրից, հեռավոր երեկից և ապագայից, որը դժվար է պատկերացնել։ Դա է և նկարելն էլ այդպիսինն է։
Խաչբառի թուղթը ծառայում է որպես ձեր աշխատանքի մակերես։ Դրանք իրենց մեջ կրում են հավասարաչափության սկզբունք՝ հավասար տողերի խաչաձև համակցությամբ, որը գրաֆիկական դիզայնի ցանցի սկզբունքն է։ Փորձե՞լ եք հետևել այս կանոնին թե՞ խաչբառի օգտագործումը կրում է Հայաստանին վերաբերող որոշակի մշակութային հղումներ։
Այս գծանկարները իմ կյանքի օրագիրն են Կենտրոնում։ Բավականին ենթագիտակցական արվեստ է։ Եվ այո, իհարկե, Երևանում իմ կյանքն ազդում է նկարների վրա։ Դրանցում շատ ավելի շատ արև կա ու նուրբ հեգնանք։ Խաչբառերը այնքան գրավիչ են, ինչ էլ նկարես հետաքրքիր կլինի։

Ձեր կենսագրությունը հարուստ է միջազգային փորձով, խոշոր մշակութային հաստատությունների հետ աշխատանքով, բազմաթիվ ցուցահանդեսներով։ Ռուսաստանից հայաստան տեղափոխվելով ինչպե՞ս եք գնահատում հայկական արվեստի ոլորտը, և որտե՞ղ եք տեսնում դրա հիմնական աճի ներուժը։
Ամեն դեպքում 4 տարին բավարար ժամանակ չէ հասկանալու, թե ինչպես է կազմակերպված արվեստի միջավայրը, առավել ևս կանխատեսումներ անելու կամ խորհուրդներ տալու համար։ Իմ ուսանողների, Երևանում ծանոթացած նկարիչների ու դիզայներների հիման վրա տեսնում եմ հսկայական ներուժ։ Փայլուն ու տաղանդավոր մարդիկ շատ կան, բայց նաև տեսնում եմ, որ արվեստի շուկան և դիզայնի շուկան նոր են սկսում ձևավորվել, և նրանց աջակցություն է պետք։ Կամ պետությունն է, որը փորձագետների միջոցով արդյունաբերության համար մեծ թվով պատվերներ է գեներացնում, կամ հովանավորողներ, կամ համակորդներ Իսկ ամենալավը՝ ամեն ինչ միասին։ Նշված ճանապարհն անցել են բոլոր արվեստի շուկաները, ավելին՝ սա արագ գործընթաց չէ՝ 10-20 տարի է անհրաժեշտ։ Ես հավատում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են այս գործընթացները մեկնարկել։