Իգոր Գուրովիչի առաջին անհատական ցուցադրությունը Երևանում
Ցուցահանդես

Իգոր Գուրովիչի առաջին անհատական ցուցադրությունը Երևանում

AHA collective-ի ցուցասրահում մարտի 23-ին բացվեց ազգությամբ ռուս արվեստագետ և գրաֆիկ դիզայներ Իգոր Գուրովիչի «Գուրոն․ գծանկար, կարպետ, ազդագիր» ցուցադրությունը, որը կգործի մինչև 2026 թվականի մայիսի 3-ը։ Սա Գուրովիչի առաջին անհատական ցուցադրությունն է Հայաստանում և արտացոլում է 2022 թվականից ի վեր Հայաստանում բնակվելու ընթացքում իր ստեղծած թղթե, տպագիր և կարպետների շուրջ 30 աշխատանքներ։

#Արվեստ

Գուրոն. Գծանկար, կարպետ, ազդագիր / AHA collective

Ցուցասրահի հասցե` Մոսկովյան 31, 2րդ մուտք, 2րդ հարկ

Ցուցասրահը բաց է ամեն օր` երկուշաբթիից շաբաթ ժամը 16։-00-ից 19։00-ը և այլ ժամերի նախնական պայմանավորվածությամբ

Ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 3-ը 

1967-ին Ռիգայում ծնված արվեստագետն այսօր համարվում է ժամանակակից գրաֆիկական արվեստի կարկառուն դեմքերից մեկը, ով զարգացնում է ռուսական պատմական ավանգարդի շունչը եւ այն վերաիմաստավորում խիստ ժամանակակից տեսողական լեզվով։ Աշխարհով մեկ ճանաչում գտած իր հնչեղ ազդագրային հորինվածքները կառուցված են ֆոտոմոնտաժի, միջմշակութային հղումների եւ տեսողական լարվածության վրա։

 

Չնայած Գուրովիչի ազդագրային արվեստը տասնամյակներ ի վեր շարունակում է գրավել թատրոնի, կինոյի, երաժշտության, ցուցադրությունների և մշակութային միջոցառումների լայն լսարաններին աշխարհով մեկ, նրա վառ և փոխաբերական տեսողական լեզուն նոր արտահայտություն է սկսել գտնել հյուսածո գործվածքների մեջ՝ Concept Carpet Lab-ի հետ համագործակցությամբ:

 

 

Ցուցադրությունը ստեղծում է թվայինի և գործվածքի միջև ազդեցիկ առերեսում` միաժամանակ բացահայտելով արվեստագետի գործունեության ավելի մտերիմ կողմը: Պատերազմի պատճառով Ռուսաստանից արտագաղթած լինելով՝ արվեստագետը դիմել է թղթի վրա մատիտով նկարելու ամենօրյա կարգապահությանը` ստեղծելով գծագրային շարք, որն ընթերցվում է որպես անմիջական գրաֆիկական օրագիր։

 

Ցուցադրությունը մարտահրավեր է նետում այցելուներին վերծանելու բազմաշնորհ արվեստագետի խաչբառերն ու խաչմերուկները, որտեղ ռուսական ավանգարդի, 20-րդ դարի սկզբի Շանհայի դիզայնի և 20-րդ դարի վերջի եվրոպական կերպարվեստի հղումները զրուցում են արվեստագետի սեփական փորձի և Հայաստանի ու աշխարհի փոփոխվող իրականությունների հետ։ 

հավելյալ նյութեր