Իմ ձեռագործ Հայաստան
Փառատոն

Իմ ձեռագործ Հայաստան

Ինչպես 21-րդ դարում ավելի լավ ներկայացնել ազգային արվեստն ու արհեստները։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ «Իմ Հայաստան» ծրագիր

 

ԵՐԵՎԱՆ #63 | 2020

 

Հավելյալ տեղեկությունների համար՝ 

www.myarmenia.si.edu 

www.myhandmadearmenia.am

#ՆերքինՏուրիզմ

Դեպի Հայաստանի մարզային համայնքներ զբոսաշրջության խթանման, արհեստների վերաիմաստավորման, ավանդույթների վերականգնման ու դրանց ժամանակակից մատուցման խնդիրների մասին խոսեցինք «Իմ Հայաստան» ծրագրի ձեռնարկությունների զարգացման ավագ մասնագետ Աշխեն Խուդավերդյանի հետ:

 

Ուսումնասիրություն և վերաիմաստավորում

Արվեստն ու արհեստը դարեր շարունակ կարևորագույն դեր են խաղացել հայ ժողովրդի կյանքում։ Բայց դրանցից չկտրվելու համար անդադար վազվզոցով և ինֆորմացիոն հոսքերով լի 21-րդ դարում անհրաժեշտ են նոր լուծումներ։  Ահա թե ինչու մի քանի տարի առաջ ծնվեց «Իմ Հայաստան» ծրագիրը, որն աջակցում է Հայաստանի մարզային համայնքներում փայտի և քարի փորագրության, տեքստիլի, ասեղնագործության, գորգագործության, կավագործության և այլ ավանդական արհեստների վերականգման գործընթացին, նպաստում դրանց ճիշտ մատուցմանը մարքեթինգի տեսանկյունից և օգնում հասանելի դառնալ գնորդին: «Իմ Հայաստան» ծրագիրը մեկնարկել է 2016 թվականից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և իրականացվում է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Ծրագրի գործընկերն է Տերյան մշակութային կենտրոն ՀԿ-ն։


Բոլոր կողմերի համար էլ մեծ պատասխանատվություն էր ծրագրի իրականացումը։ Այդ պատճառով ծրագրի հիմքում դրվեց հետազոտական աշխատանքը։ Առաջին տարում համագործակցությունը սկսվեց Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ։ Ազգագրագետների իրականացրած հետազոտություններն ու հավաքագրված պատմությունները հիմք հանդիսացան հետագա ծրագրի հիմնական բաղկացուցիչների ձևավորման համար՝ նոր ստեղծված զբոսաշրջային փորձառություններ, փառատոներ, թանգարաններ ու արհեստագործ վարպետներ։ 

 


«Ազգագրագետների և մեր մյուս փորձագետների միջոցով 5 մարզում 100-ից ավել արհեստագործի էինք ցուցակագրել, որոնց համար սկսեցինք դասընթացներ վարել մարքեթինգի, դիզայնի վերաբերյալ, սովորեցրել, թե ինչ է արհեստագործական դիզայնը, գնագոյացումը, ինչպես կատարել հաշվարկը և այլն։ Այս դասընթացների նպատակը ծրագրի և վարպետների միմյանց հետ ծանոթանալն էր։ Իհարկե, ոչ բոլոր ցուցակագրված վարպետները շարունակեցին մեզ հետ համագործակցությունը։ Այժմ 5 մարզում ունենք մոտավորապես մինչև 60 ակտիվ վարպետ, որոնց հետ ակտիվ համագործակցում ենք»,– պատմում է Աշխենը։ 


Վարպետների հետ աշխատում էր նաև «Տերյան» մշակութային կենտրոնը, օգնում, որպեսզի պատրաստվող իրերը լինեին ավելի ֆունկցիոնալ և տուրիստի համար առավել հաճելի, իսկ վարպետներն էլ չվատնեին իրենց տաղանդը՝ ստեղծելով պարզապես սովորական հուշանվերային իրեր։ Կարևորվեց այնպիսի իրերի ստեղծումը, որոնք կլինեին օգտակար, հնարավոր կլիներ դրանց օգտագործումն առօրյայում, բայց և հայկական մոտիվների, զարդանախշերի առկայության շնորհիվ կհիշեցնեին Հայաստանի մասին։

 

Բացի դիզայներներից վարպետների հետ աշխատել են նաև լուսանկարիչներ, գրաֆիկ դիզայներներ, վիդեոգրաֆներ՝ հավաքածուների ուղեկցող նյութերի պատրաստման համար։ Հավաքածուները բրենդավորվել են, ստեղծվել են տարբերանշաններ, տպագիր և օնլայն նյութեր, փաթեթավորման տարբերակներ։ Այդպիսով, վարպետները հնարավորություն են ստացել նորովի ներկայանալ զբոսաշրջային շուկայում արդեն ոչ թե առանձին աշխատանքներով, այլ ամբողջական հավաքածուներով ու բրենդով։ Սա հնարավորություն է տալիս ավանդական թվացող իրերը ներկայացնել ժամանակակից տեսքով։ Մյուս կողմից, վարպետներից շատերը վերաիմաստավորում են հայկական արհեստագործական հին ավանդույթները, այցելում թանգարաններ, ուսումնասիրում հին տեխնիկաներն ու նյութերը և հրամցնում դրանք նորովի։ Աշխատանքներ են տարվում նաև վարպետներին խանութների և պատվիրատուների հետ կապելու ուղղությամբ։  Կապեր են ստեղծվում արտերկրում հայկական դեսպանությունների, ինչպես նաև տարբեր փառատոների հետ։

 

 

Փառատոնը՝ որպես հաջողության հավաստիք

Բացի տարվող աշխատանքը, շատ կարևոր էր նաև հավատացնել վարպետներին, որ ամեն ինչ նպատակային է և անպայման արդյունք է տալու։ Ահա թե ինչու միտք առաջացավ կազմակերպել «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը։


«Սկզբնական շրջանում վարպետներից շատերը թերահավատորեն էին մոտենում ծրագրին, ասում էին՝ շատ չի վաճառվի, ինչի՞ համար պատրաստեմ, մեր գյուղում պահանջարկը չկա, մեր քաղաքում նման բան չեն ուզել և այլն։ Բայց առաջին իսկ փառատոնից հետո մարդիկ հասկացան, որ շուկան չի սահմանափակվում իրենց գյուղով, քաղաքով կամ մարզով»,– պատմում է Աշխենը։ 


Առաջին փառատոնը տեղի է ունեցել 2017-ի սեպտեմբերին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (Կասկադի հարակից այգում)։ Տեղը ևս պատահական չէր ընտրված, անշուշտ, տուրիստների մեծ հոսք ունեցող վայր էր պետք ընտրել և այդ հարցում ընտրությունը միանգամայն ճիշտ էր։ Փառատոնի ստեղծման օրից ի վեր վարպետները մեծ ոգևորությամբ են մասնակցում և նույնիսկ դիմում կազմակերպիչներին՝ տարվա մեջ երկու անգամ անցկացնելու խնդրանքով։ Շատ կարևոր էր ոչ միայն վարպետների մեջ այդ ոգևորությունն արթնացնելը, այլև այն, որ փառատոնը պետք է կրեր թե՛ կոմերցիոն, և թե՛ մշակութային բնույթ։ Անհրաժեշտ էր, որ փառատոնը ցույց տար ձեռագործի ուժը, կարևորությունն ու մշակութային արժեքը։ Ահա թե ինչու տեղում ձեռնարկվեցին փոքրիկ աշխատարաններ, որտեղ յուրաքանչյուր վարպետ այցելուներին ցուցադրում էր այն տեխնիկան, որով պատրաստել է ներկայացված իրերը։ Ամբողջ փառատոնի ընթացքում դրանք լի էին մարդկանցով և հետաքրքրված հայացքներով։  

 

 

 

Ձեռագործն ու զբոսաշրջությունը

«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը միտված է ոչ միայն օգնելու վարպետներին, այլև նոր, հետաքրքիր հնարավորություններ ստեղծելու զբոսաշրջիկների ժամանցի կազմակերպման համար։ Նախ, զբոսաշրջիկները հնարավորություն են ստանում գնելու հուշանվերային ստանդարտներից դուրս իրեր, որոնք կարող են օգտագործել հետագայում իրենց առօրյա կյանքում, միևնույն ժամանակ իրենց երկիր տանել հայկական մշակութային ժառանգության մի մասնիկ, որն առավելագույնս իրական է ու մոտ ավանդականին։ Բացի դա, հենց փառատոնի շնորհիվ զբոսաշրջիկները ծանոթանում են Հայաստանի տարբեր մարզերում ապրող ու ստեղծագործող վարպետների հետ, կապեր հաստատում, պահպանում կոնտակտները, հաճախ պատվերներ կատարում և նույնիսկ այցելում տվյալ մարզ, տեղում՝ աշխատանոցում, ծանոթանալու վարպետի ու նրա աշխատանքի հետ։ Այն արհեստագործները, որոնք կարող են իրենց աշխատանոցներում վարպետաց դասեր կազմակերպել այցելուների համար, կրկնակի խթան են հանդիսանում իրենց մարզ զբոսաշրջային հոսքերի մեծացման համար։ Այս առումով հատկանշական է կապը տուրօպերատորների հետ, ովքեր ավանդական դարձած տուրերը համալրում են այդպիսի այցելություններով ու առավել հագեցած դարձնում զբոսաշրջիկների օրը։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր մարդու համար էլ հետաքրքրական ու կրկնակի հաճելի է գնել մի իր, որի պատրաստման մեջ ինքն էլ թաթախվել ու սովորել է։
 

հավելյալ նյութեր