Ի՞նչ անել Դուբայում․ ուղեցույց
Արձակուրդ

Ի՞նչ անել Դուբայում․ ուղեցույց

Դուբայում հրաշալի եղանակ է (27-29 աստիճան, հաճելի ամառ), չեղարկվել են քովիդային բոլոր սահմանափակումները (կարիք չկա ՊՇՌ-թեստերի կամ պատվաստումների), իսկ տեսարժան վայրերը շատանում ու շատանում են։ Ահա մի քանի հուշում՝ Դուբայում հանգիստ պլանավորողների համար։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

#Գործընկեր

Սուր զգացողություններ և ակտիվ հանգիստ

 

Deep Dive Dubai

Դուբայը չէր լինի Դուբայ, եթե չսահմաներ ռեկորդ նաև այս ոլորտում․ Deep Dive Dubai դայվինգային լողավազանն ունի 60,2 մետր խորություն և այդ ցուցանիշով գերազանցում է իր բոլոր նմանակներին։ Այստեղ պարապում են փորձառու դայվերները, ինչպես նաև կարող են իրենց ուժերը փորձել սկսնակները (նրանց թույլ են տալիս սուզվել մինչև 11 մետր խորության վրա, մնացածը՝ պրոֆեսիոնալների համար է)։ Որպեսզի ստորջրյա լոգանքն ավելի հետաքրքիր լինի, ավազանի մեջ մի ամբողջ քաղաք է կառուցված՝ մեքենայով, բիլիարդի սեղանով, նստարաններով և այլն։ Այդ ամենի հետ, իհարկե, արժե լուսանկարվել։ 

 

 

HERO OdySea

Դուբայն, անշուշտ, գեղեցիկ է բարձր երկնաքերերից, բայց պակաս հետաքրքիր չէ զմայլվել քաղաքով ծովից։ Օրինակ՝ փոքրիկ մոտորանավակներով ջրային զբոսանքի ընթացքում, որը սկսվում է նորակառույց Dubai Harbour Marina նավահանգստում, ապա անցնում Burj Al Arab հյուրանոցի, Palm Jumeirah ձեռագործ կղզու և Atlantis, The Palm հանգստավայրի մոտով։ Բացի այդ, սա կատարյալ հնարավորություն է նայել քաղաքին, բայց կտրվել քաղաքային աղմուկից։ 

 

 

Sky Views Dubai        

Դուբայի, թերևս, ամենահայտնի կառույցը աշխարհի ամենաբարձր շենք համարվող Բուրջ խալիֆա աշտարակն է։ Բայց դրանով հիանալու լավագույն միջոցներից մեկը հարևանությամբ գտնվող Sky View Dubai ատրակցիոնին մասնակցելն է։ Եթե, իհարկե, չեք վախենում բարձրությունից։ Այստեղ, 219,5 մետր բարձրությունից նախ կարելի է պարզապես վայելել Observatory կոչվող դիտահարթակը, հետո՝ սահել ամբողջությամբ թափանցիկ Glass Slide սղարանով և վերջապես՝ զբոսնել Edge Walk հարթակով, որտեղ չկան ճաղեր, իսկ դիտորդները կարող են (միանգամայն անվտանգ) ճոճվել օդում՝ վայելելով Բուրջ Խալիֆայով սքանչելի տեսարանը։ 

 



 

Արվեստ և թանգարաններ

Ապագայի թանգարան 

2022 թվականի փետրվարին իր դռները բացած կառույցն արդեն իսկ հասցրել է ապշեցնել իր հայեցակարգով, չափերով ու կատարմամբ, և զարմանալի չէ, որ National Geographic—ի կողմից ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ 14 թանգարանների ցանկում։ Ապագայի թանգարանը զարմացնում է արդեն դրսից՝ իր շրջանաձև կառուցվածքով և գեղեցիկ արաբական գրություններով։ Դրանցից մեկն ասում է․ «Ապագան պատկանում է նրանց, ովքեր կարող են պատկերացնել, նախագծել ու կյանքի կոչել այն»։ Իսկ ներսում, ինչպես և խոստանում է անվանումը, ամեն ինչ նվիրված է ապագային (ըստ թանգարանի հեղինակների՝ բավական հետաքրքիր ու բազմաշերտ)։ 

 

 

Infinity des Lumières՝ Dubai Mall-ում

Դասական արվեստի մուլտիմեդիական ցուցահանդեսներն այսօր թրենդային են ամբողջ աշխարհում։ Dubai Mall-ում բացված Infinity des Lumières ցուցասրահը աշխարհում խոշորագույնն է՝ 2700 քմ մակերեսով։ Այժմ ընթացող իմերսիվ ցուցահանդեսում ներառված է 130 վիդեպրոեկտոր և 58 բարձրախոս, որոնց միջոցով կենդանություն են առնում Կանդինսկու, Գաուդիի և Կլեեի ստեղծագործությունները։ Միանգամայն աննկարագրելի փորձառություն է՝ անկախ արվեստի նախասիրություններից։ Իսկ հետո կարելի է անցնել անծայրածիր մոլում շոփինգի։ 

 

 

Alserkal Avenue արվեստի թաղամաս | Le Guepard | Oo La Lab

Էմիրությունների գլխավոր արտ-կենտրոնը ձևավորվել է նախկին արդյունաբերական համալրի տեղում։ Այժմ այստեղ գործում է ավելի քան 40 ցուցասրահ, պարային ստուդիաներ, սրճարաններ, և նույնիսկ մեկ արտհաուսային կինոթատրոն (որի դահլիճի մուտքի վերևում դիտողներին դիմավորում է «Նռան գույնից» մի հսկա կադր)։ 

 

Ժամանակակից արվեստով հիանալուց հետո, առանց Ալսերկալից հեռանալու կարելի է սնվել Le Geopard ֆրանսիական սրճարանում։ Այստեղ ձեզ կառաջարկեն դասական ֆրանսիական խոհանոցի ժամանակակից մեկնաբանություն՝ միախառնված միջազգային խոհանոցի հետ։ Իսկ երեք դահլիճի բաժանված սրճարանի ինտերիերն ինքնին ուշադրության է արժանի՝ որպես թաղամասին հարիր արվեստի գործ։ 

 

 

Եվ վերջապես, ինչպե՞ս արվեստով շրջապատված չստեղծել մի բան սեփական ձեռքերով։ Օրինակ՝ օծանելիք։ Դա կարելի է անել Oo La Lab-ում։ Այս օծաելիքային լաբորատորիայում կարելի է օգտվել արդեն մշակված բանաձևերից, կամ էլ կերտել սեփական, անկրկնելի բույրը (փորձառու միքսոլոգի օգնությամբ)։

 

 

Մադամ Տյուսոյի թանգարան

Աշխարհի ամենահայտնի թանգարանային բրենդերից մեկը ներկայացված է նաև Դուբայում։ Այն գտնվում է գեղատեսիլ Բլուվոթերս կղզում և այցելուներին ներկայանում է շուրջ վեց տասնյակ մոմե քանդակներով։ Եթե ինչ-որ պատճառներով երազում էիք սելֆի ունենալ Չինաստանի նախագահ Սի Ցին-Պինի կամ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ահա ձեր շանսը։ Տեղում են նաև իրականից անտարբերելի Ջեկի Չանը, Կրիշտիանու Ռոնալդուն, Լեո Մեսսին, Քայլի Ջենները և շատ այլ աստղեր։ 

 

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ

 

Global Village

Դուբայի համաշխարհային էքսպոն արդեն փակվել է, բայց էմիրությունում կա ևս մի վայր, որտեղ մի տեղում հանդիպում են ամենատարբեր մշակույթներն ու երկրները՝ Global Village տոնավաճառը, որն իր դռները բացել է արդեն 27-րդ անգամ։ Տոնավաճառում գործում է շուրջ 27 տաղավար, որոնք ներկայացնում են տարբեր երկրներ։ Ամեն տաղավարում կարելի է գտնել կոնկրետ երկրին բնորոշ ամենատարբեր ապրանքներ։ Ամբողջ ընտանիքով գունեղ ու զվարթ երեկո անցկացնելու հրաշալի հնարավորություն է։ Առավել ևս, որ Global Village-ում ամեն օր տեղի են ունենում տասնյակ համերգներ ու շոուներ, ինչպես նաև գործում է հինգ տասնյակից ավելի սրճարան ու ռեստորան, որոնք շարունակում են տոնավաճառի գաղափարը ու ներկայացնում են աշխարհի տարբեր խոհանոցներ։ Մասնավորապես, ուշադրություն դարձրեք Naseem Beirut ռեստորանին, որտեղ ներկայացված է լիբանանյան խոհանոցի ողջ բազմազանությունը։ 

 

 

Dubai Safari Park

Եթե ձեզ թվում էր, որ սաֆարին մի բան է, որ արվում է Աֆրիկայում, դուք ճիշտ էիք։ Բայց դա չի նշանակում, որ Դուբայում չեն կարող ստեղծել Աֆրիկայի սեփական անկյունը՝ դրան հատուկ կլիմայով, բնությամբ ու կենդանական աշխարհով։ Dubai Safari Park-ը հենց այդպիսի ձեռագործ վայր է։ Այստեղ կան արաբական, ասիական և աֆրիկյան տարածքներ, ինչպես նաև բուն սաֆրին, որն անցնում է այդ բոլոր կողմերով։ Ամենատարբեր կենդանիներին՝ փղերից ու կոկորդիլոսներից մինչև առյուծներ ու հովազներ, կարելի է տեսնել արգելոցով շրջող մեքենայից, իսկ հետո արժե օգտվել կենդանիներին խնամելու ծառայությունից․ ռնգեղջյուրները, ընձուխտները և հատկապես լեմուրները (ափսոս, որ չեն երգում ինչպես Magadascar անիմացիոն բլոքբասթերում) հաճույքով կօգտվեն ձեր առաջարկած սնունդից։ Զբոսայգում կան նաև թիթեռների այգի, մանկական տարածք ու մի քանի ռեստորան․ իդեալական ժամանց ընտանիքի համար։                   

 

 

     

 

Ռեստորաններ

Bombay Bungalow

Dubai Marina ծովափնյա մարդաշատ աղմկոտ թաղամասը հարուստ է ամենատարբեր տեսակի սրճարաններով ու ռեստորաններով, և ընրությունը բնավ հեշտ չէ։ Այդուհանդերձ, եթե վաղուց մտածել եք իսկական հնդկական խոհանոց համտեսելու մասին, ապա հենց այստեղ կարող եք կանգ առնել Bombay Bungalow ռեստորանում․ հնդիկ շեֆ-խոհարար Հարի Նայակի հիմնած ռեստորանն առաջարկում է հնդկական խոհանոցի բոլոր գլխավոր ուտեստները։ Որպեսզի կասկած չմնա, թե որքան հեղինակավոր է այս տեղը, նշենք, որ 2022-ին Bombay Bungalow-ն ստացել է Big Gourmand կոչումը, որը տրվում է Միշլենի ուղեցույցի կողմից՝ հասանելի գներով բարձրորակ ռեստորաններին։ 

 


The Farm

The Farm-ը գտնվում է շատ ավելի խաղաղ, քաղաքային աղմուկից կտրված վայրում՝ Al Barari անապատում գտնվող օազիսում։ Ռեստորանը շրջապատված է բնական լճակներով, գետերով ու այգիներով։ Այս ամենը հակտապես շլացուցիչ է բացօթյա հատվածում։ Ինչ վերաբերում է ճաշացանկին, ապա եվրոպական ու ասիական շեշտադրումով միջազգային խոհացը կգոհացնի բոլորին։ Հրաշալի հնարավորություն է շունչ քաշելու և էներգիա հավաքելու՝ հերթական դուբայական արկածներից առաջ։