Ինչ նվիրել մոտիկներին Ամանորին, մաս 1
Մոտալուտ տոներին ընդառաջ ԵՐԵՎԱՆի թիմն ու լուսանկարիչ, հավես նվերներ անելու մեծ սիրահար Բիայնա Մահարին խորհուրդ են տալիս, թե ինչպես և որտեղից կարելի է հայկական արտադրության ոչ պարզունակ նվերներ գտնել սիրելի մարդկանց համար։
Տեքստը՝ Բիայնա Մահարու
Ամանորի՝ շատերիս համար ամենասիրված տոներից մեկը լինելու գլխավոր գրավականը, կարծում եմ, ինչքան էլ սիրուն է` տոնածառը չէ, ինչքան էլ բարի է` Ձմեռ պապիկը չէ, և նույնիսկ ինչքան էլ համով է` բուդը չէ։ Անանօրի ամենասիրուն մասը իրենք են՝ փոքր ու մեծ, նյութական և էմոցիոնալ, ձեռագործ ու գործարաններում ծնված` նվերները: Ամենակարևոր, հավերժական հարցին` թե ո՞րն է ավելի հաճելի, նվեր ստանա՞լը, թե՞ նվիրելը, մենք չենք կարողանա պատասխանել, բայց այ՝ ինչ նվիրել այս տարի ձեր սիրելիներին, ընկերներին, երեխաներին և իհարկե սիքրեթ սանտաներին` օգնել կփորձենք:
Երեխաներին
Իհարկե, սկսում ենք թերևս ամենաշատ նվեր ստացող խմբից։ Եթե երեխան ձեր անմիջական ժառանգն է, ապա հավանաբար դուք արդեն ստացել եք պահանջների մի մեծ ցուցակ, այնպես որ կքննարկենք «ուրիշի երեխայի» դեպքը. մենք ի սրտե կարծում ենք, որ երեխայի համար ամենալավ նվերը գիրքն է. Օրինակ` «Զանգակ» գրախանութում, որտեղ բացի գրքերից ուրիշ մանր-մունր ժպտացնող նվերներ էլ կգտնեք, աշխատողները կպատմեն, որ հեքիաթը ինչի մասին է ու կօգնեն գնել ամենահարմար հայերեն գրքերը։

Մեր կողմից խորհուրդ ենք տալիս ամենափոքրիկներին նվիրել Լիլիթ Ալթունյանի «Կապույտ Աղվեսը», որի նկարազարդումները ուսումնասիրելը կարդալուն հավասար հաճույք կլինի, մի քիչ ավելի մեծ` արդեն դպրոց գնացող և ինքնուրույն կարդալ սովորած բալիկների հրաշալի առաջին գիրք կդառնա Նունե Թորոսյանի «Փափլիկստանը», իսկ արդեն փորձառու՝ 10 տարեկան և ավելի մեծ ընթերցողի համար արկածային գրականության դուռը կարող եք բացել «Վիշապաքարի գաղտնիքը» շատ երևանյան ֆենթըզիով, որը, ինչպես հուշում են չինացիները, մանավանդ արդիական կլինի 2024-ին (որը վիշապի տարի է):

Եթե նվերի հասցեատերը դեռ փոքրիկ է, կարող եք օգնել իրեն կարդալ սովորել, օրինակ «Այլ Կերպի» «Չոփ-Չոփիկ» տառերով, որոնցով բալիկը կկարողանա լոգարանի պատերին տեքստային ինստալյացիաներ ստեղծել:

Եթե բալիկը այնքան փոքր է որ գրքերը առայժմ նախընտրում է բառացիորեն կրծել, «Կուբի» հավաքածուները, որոնք պատրաստված են մեծ սիրով ու խնամքով, էկոլոգիապես մաքուր և ամենափոքրներին չվնասող նյութերով, կլինեն ամենասիրված նվերը դեռ շատ երկար, քանի որ շնորհիվ բալանսի տարբեր խնդիրների, իրենցով խաղալ հավես է ոչ միայն բալիկներին, այլ նաև իրենց ծնողներին և տատիկ պապիկներին։

Եթե կարծում եք, որ բալիկներին ամեն դեպքում արժի նաև սիրուն հագնված խաղալ ու կարդալ, հայկական «Լալունցը»` առօրյային հարմար շորերով, «Մորին»` բնական կտորներից և մինիմալ նուրբ դիզայնով պատրաստված հագուստով, «Մեսանին»` ավելի թիթիզ շորիկներով ու «Թուզը» իր բնական ներկերով ներկված թելերով գործած տաքուկ գլխարկներով ամենափոքրերի համար լավագույն զգեստապահարանը կհավաքեն: Չմոռանաք նաև «Շարանը»` գործած շորիկների, ինչպես նաև սիրուն ծածկոցների, և այլ բալիկներին ուրախացնող բաների ամենահին բրենդերից մեկը, ինչպես նաև հart.republic-ը երիտասարդ բրենդն իր տաքուկ մերինո բրդից ոչխարիկներով ու ոզնիներով ասեղնագործած ժակետներով ու սվիտերներով.

Լալունց

Mesani
Չնայած ճանաչում ենք մեծերի, որոնք այս երկու բրենդից էլ իրենք իրենց նվերներ են գնել, լուրջ մարդիկ ասում են, որ սա պետք է մնա երեխաների կատեգորիայում: Anush_handmade-ն ու Zoo handmade-ը շատ բարի խաղալքների լավագույն օրիկաներն են. Anush-ի մոտ կգտնեք գործած ձիուկներ, էլֆեր, դինոզավրներ, և այլ հրաշքներ, Zoo-ում՝ կարված շատ տարբեր իրական ու հորինված կերպարներ։

Anush Handmade

Zoo Handmade
Մեծերին
Եկեք ձև չանենք, որ ամեն ինչ նորմալ է, և ուրեմն այս տարի ամենացանկալի նվերներից մեկը կլինի Ազատազէնի կրակելու նվեր-քարտը, որը կարող է լինել ինչպես հրավեր միասին օր անցկացնելու, այնպես էլ մեր իրականությունում ուղղակի ռեալ օգտակար նվեր:

Եթե ձեր բախտը բերել է ու ձեր ընկերներն իմոնցից շատ են սիրում սեղանի խաղեր` վերջին տարիներին հայկական սեղանի խաղերի շուկան այնպիսի աճ է ապրել, որ մեր երկրի տնտեսությունը զարմացած նայում է ու նախանձում. նույնիսկ եթե ձեր բոլոր ընկերներն արդեն «Այլ կերպ» ունեն, գրախանութներում կարող եք տեսնել անծայրածիր տեսականի ցանկացած տրամադրության համար:
Կավի բումը նույնպես բավական տպավորիչ է, ցավոք, քանակը միշտ չէ, որ վերածվում է որակի: Այնուամենայնիվ, օրինակ` clay art-ից կարող եք գնել ոչ միայն սիրուն, այլև որակյալ ափսեներ ու բաժակներ (եթե ուզում եք՝ ձեզ հիշեն ամեն համով բան ուտելուց կամ ըմպելուց):

Եթե ձեր ընկերը կամ ընկերուհին ձեզ «էն օրը» պատմում էր՝ ոնց է ուզում այս տարվանից սկսել սարեր բարձրանալ, կամ վաղուց գիտեք, որ հետաքրքրվում է հայքինգով, «Լեռնեցիի» բավական մատչելի ու ոլորտի շատ մասնագետների գովասանքներին արժանացած ամենագնաց ոտնամանները լավագույն նվերը կլինեն Նոր տարուն:

Չուզենալով բաժանել նվերները ըստ սեռերի, ամեն դեպքում չենք կարող չընդունել, որ այս աշխարհում արական սեռի ներկայացուցիչների համար նվեր գտնելը միշտ բարդ պատմություն է։ Նման դեպքերում կաշվե իրերը երբեմն կարող են փրկօղակ դառնալ: Akash leathercrafts նորաստեղծ բրենդը առաջարկում է բնական կաշվե գոտիներ և դրամապանակներ, ավելի փորձառու Arats-ում նույնպես կգտնեք գոտիներ և դրամապանակներ, նորից կաշվից, բայց այլ մոդելներով և նաև գունավոր կաշիներով։

Akash

Khurma
Առանձնահատուկ խնամքով պատրաստված Khurma-ի դրամապանակներն ու համակարգչի ուսապարկերը կգերեն ձեզ և կստիպեն մտածել Ամանորին նաև ինքներդ ձեզ նվեր գնելու մասին: Կաշվե պայուսակներով և դրամապանակներով կուրախացնի նաև Դիլիջանի անտառներում ծնված «Մի Կաշին»։

Մի կաշի
Ավելի ծաղկավոր պայուսակների սիրահարներին Մախմուրը պատրաստ է զարմացնել իր բազմազան տեսականիով, իսկ Embroidery by Khanumian-ը նրբագեղ ասեղնագործ ծաղիկներով, որոնք այնքան կենդանի են, որ մի պահ թվում է՝ բույրն էլ հեսա կզգաս:

Makhmur

Քանի հասել ենք պայուսկաներին, թելը բաց չթողնենք ու հիշենք նաև baaags-ի ուսապարկերը, որոնք արդեն շատ տարիներ ուրախացնում են իրենց աճող տեսականիով և հաճելի որակով, ժամանակակից, տրամադրություն բարձրացնող ու հարմար:

Հանգիստ թողնենք պայուսակները ու անցնենք խնամքին․ Cooshe’n-ի հետ լողանալը սովորական առօրյայից դարձել է նուրբ արվեստ, վաղեմի «գուբկան» էլ առաջվանը չէ, այստեղից կարող եք գնել բուսական, պիլինգ անող, մերսող լոգանքի պարագաներ, որոնք լավ նվեր կինեն հա՛մ ինքնուրույն, հա՛մ համադրած, օրինակ` որևէ լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցի հետ:

Լոգանքից հետո ի՞նչը կարող է ավելի շատ ուրախացնել, քան փափլիկ խալաթը, որի մեջ կարելի փաթաթվել ու զգալ քեզ լավ հյուրանոցում։ Բամբակյա որակյալ խալաթները ձեզ կսպասեն «Մուլտի Տեքստիլում», այստեղից կարող եք նաև գնել որակյալ և գեղեցիկ անկողնային պարագաներ։

Մարմնի համար օգտակար բաներից անցնենք հոգու համար օգտակարներին․ «Դանդելիոնն» արդեն երևի բոլորը գիտեն, պապյե մաշեից պատրաստված կյանքով լի իր խաղալիքները առաջին հայացքից տոնածառի համար են նախատեված, իսկ փաստացի ամանորը անցնելուց հետո էլ հանել չես ուզում, և այդպես մնում են քո հետ կլոր տարի:


Համեղ նվերների թոփը այս տարի գլխավորում են փախլավաները. կարծում ենք՝ իմաստ չկա խորհուրդ տալ կոնկրետ որտեղից, ցավոք, դժվար չի լինի գտնել ձեզ մոտիկ բնակվող Արցախի փախլավան պատրաստողին: Սիրուն նվեր կամ նվերի հավելում կարող են դառնալ նաև «ՆախշՏունի» տարբեր չափերի գաթաները, որոնք այնքան սիրուն են, որ ուտելը միշտ ուղեկցվում է մեղքի զգացողության առողջ չափաբաժնով:

Սուրճի սիրահարների համար Hayk Coffee Roasters-ից կարող եք քմահաճ սրճընկերոջ համար գնել տեղում բոված սուրճի զանազան տեսակներ, գեղեցիկ բրենդավորված փաթեթավորմամբ:

love.handmade.nam-ի բետոնե ժամացույցները շատ լավ նվեր են նրանց համար, ովքեր գնահատում են առօրյայում սիրուն բաներ տեսնելը, չէ՞ որ ամեն անգամ գեղեցիկ բան տեսնելուց կյանքը երկարում է։ Չնայած, այդ օրինաչափությունը հենց նոր հորինեցի, ի՞նչ վատ առիթ է շրջապատել ձեզ և ձեր սիրելիներին գեղեցիկ իրերով։
Լավ նվեր է նաև լավ երաժշտությունը: Ցավոք, այս թվային դարում այն նվիրելը դժվարացել է, բայց եթե ձեր բախտը բերել է ունենալ վինիլի սիրահար ընկերներ, կարող եք գնալ garage vinyl store, կամ եթե ունեք ցանկություն և ժամանակ, փորձել շաբաթ կամ կիրակի վաղ առավոտյան ուղևորվել Հրազդան մարզադաշտ, և բախտը փնտրել այնտեղի «քրչի բազառում»: Բացի վինիլներից, այնտեղ կարող եք գտնել շատ գեղեցիկ վինտաժ լամպեր և շատ այլ իրեր, որոնք պոտենցիալ ունեն շատ յուրահատուկ նվեր դառնալու:

Տպավորություններ
Օրինակ նյարդերը վերջնականապես քայքայած կամ սեփական առողջությունը անտեսող ընկերոջը կարելի է նվիրել յոգայի դասընթացներ՝ «Շունչ» կամ «Լույս» ստուդիաներում, միգուցե ձեր նվերը նրան ստիպի կյանքին ուրիշ կողմից նայել։

«Լույս»
Վաղուց իր արվեստի պոտենցիալը չիրականացնող մարդուն` կավի կամ նկարչության դասընթացներ, օրինակ` Arvesta studio-ից:

Խոհարարական դասընթացների նվեր քարտերը կարող են լինել լավ նվեր և արդեն փորձառու խոհանոցային գուրուներին, և նրանց համար, ովքեր նոր են սկսել մենակ ապրել և ում պահանջվում է մի փոքր բրդել ուտելիքի նոր աշխարհ ներխուժելու համար: Նման դասեր օրինակ առաջարկում է Yeremyan Аcademy-ն, որտեղ բացի պրոֆեսիոնալ խոհարարական երկարատև դասընթացներից հաճախ կարող եք հանդիպել 2-4-օրյա հետաքրքիր դասեր:

Եթե «գումարը խնդիր չի», ապա առաջարկում ենք ուշադրություն դարձնել ուղղաթիռով կամ օդապարիկով թռիչքի նվեր քարտերով զարմացնել ամենաչզարմացողներին, օրինակ՝ Skyball-ից:

Ինչ չնվիրել
Կենդանի։
Չնվիրելու ցուցակն, իհարկե, ավելի մեծ է, բայց չգիտես ինչու՝ հենց կենդանիների բախտը Ամանորին ամենաքիչն է բերում: Հմայիչ սպիտակ նապաստակների ձագուկները բանտիկով տուփից դուրս գալուց մի ամիս անց բոլորին նյարդայնացնում են ու ուղարկվում են ֆերմա՝ չախոբիլի դառնալու, մեծ ականջներով շունիկները ընտանիքի հոր կողմից առավոտյան շուտ տարվում են «ձոր կորցնելու», փիսիկները պարզապես անհետանում են։

Հեղինակի շնիկ Եվան
Կենդանի կարելի է նվիրել միայն այն մարդուն, որի հետ դուք դա շատ անգամ քննարկել եք, որ ապրում է տանը, որտեղ բոլոր տան անդամները իրազեկված են, կամ դուք գիտեք, որ իրենք նույնպես երազում են այդ նվերի մասին։ Այլապես դուք խաղում եք կենդանի էակի ճակատագրի հետ, էակի, ով զգում է, մտածում է, տխրում է, կապվում է, իսկ հետո հայտնվում՝ լավագույն դեպքում մենակ, ամառանոցում ծառից կապված, քանի որ ուղղակի «մեծացավ», իսկ ավելի հաճախ հանդիպող վատ դեպքում՝ ուղղակի դրսում։
Կենդանին ամենալավ նվերն է, բայց միայն այն ժամանակ երբ սպասված է։
Հույս ունենք, որ մի փոքր օգնեցինք ձեզ կողմնորոշվել այս բարդ կապիտալիստական աշխարհում: Թող ձեր նվիրած բոլոր նվերները երջանկացնեն հասցեատերերին, և թող ձեզ նվերներ նվիրողին էլ այս տարի ճիշտ պահին այցելած լինի նվերների ամենակարող մուսան: