Ինչո՞ւ դառնալ գիտնական և ինչի՞ն լինել պատրաստ գիտական ոլորտ մտնելիս
Եթե մտորում եք՝ արժե՞ արդյոք խորանալ գիտության մեջ, ապա ուշադրություն դարձրեք «Գիտուժ» նախաձեռնության խորհուրդներին։
Նկարազարդումները՝ Վալենտինա Պալատուրյանի
ԵՐԵՎԱՆ #85 | 2024
Գիտությունը միայն աշխատանք չէ, այն առաջին հերթին ճանաչողության ամենահիմնավոր դրսևորումն է
Գիտությունը սկսվում է անկեղծ հետաքրքրվածությունից։ Դա ճշմարտությունը հետազոտելու առանցքային, իսկ երբեմն միակ ճանապարհն է։ Գիտությամբ զբաղվել են երեկ, զբաղվում են այսօր և շարունակելու են զբաղվել այնքան ժամանակ, քանի դեռ մարդկությունն ունի անպատասխան մնացած հարցեր, իսկ աշխարհը ձգտում է զարգացման։
Գիտությունը պահանջված է, քանի դեռ կա աշխարհն ավելի լավը դարձնելու երազանքը
Անկախ երկրի զարգացվածության աստիճանից, գիտությունը պետք է դարձնել առաջնային և զարգացնել պետական մակարդակով։ Պատճառը հստակ է։ Գիտությունն այն երաշխիքն է, որը երկարաժամկետ հեռանկարում ապահովում է պետության կայուն զարգացումը, տնտեսական աճն ու անվտանգությունը։ Մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին կիրառելի և արդյունավետ լուծումներ կարող են առաջարկել միայն գիտությունը, գիտությամբ զբաղվող մարդը։
Պատրաստ եղի՛ր ամեն օր բարդ խնդիրներ լուծել
Ավելի ճիշտ է ասել՝ ոչ թե պատրաստ եղիր, այլ ձգտիր լուծել ամենաբարդ խնդիրները։
Դժվարություններից վախենալը վերջին բանն է, որ պիտի բնութագրի որևէ գիտնականի։ Կախված ոլորտից և գիտակարգից՝ Հայաստանում մարտահրավերները բազմաշերտ են՝ սկսած տեխնիկական խնդիրներից մինչև համակարգային ռազմավարության բացակայություն։ Սարքավորումներ գնելու խիստ անբարենպաստ օրենսդրական կարգավորումները տեխնիկական մարտահրավերների մեկ օրինակ են միայն։ Ինչ վերաբերում է հոլիստիկ ռազմավարության մշակմանը, ապա այս դեպքում պետք է հստակ հասկանալ, որ միայն ճկուն, հստակ խնդիրներ առանձնացնող և պատվերներ ձևակերպող ազգային գիտական ու ինովացիոն ԳՀՓԿ համակարգը կարող է հանգեցնել երկրի համար առանցքային խնդիրներին գիտահենք լուծումներ գտնելուն։
Այստեղից էլ խորհուրդ՝ օգնի՛ր լուծել ամենաբարդ խնդիրներից մեկը. Հայաստանում ստեղծել և զարգացնել երկրի կարիքներն ու նպատակները սպասարկող գիտական ու ինովացիոն համակարգ։
Գիտությունը պահանջում է անմնացորդ նվիրում. եթե չես պատրաստվում դառնալ քո գիտակարգում ամենամրցունակ գիտնականը, ապա այլ մասնագիտություն ընտրի՛ր
Գիտնականի արդյունավետությունն առաջին հերթին անկեղծության և մեծ նվիրման, հետո անդադար աշխատանքի ու պատասխաններ փնտրելու արդյունք է։
Մեր օրերում գիտությունն ամենևին էլ չի սահմանափակվում միայն ֆիզիկական տարածքով։ Հեղինակավոր ամսագրերում հետազոտական հոդվածներ գրելու, միջազգային գործընկերների հետ համագործակցելու համար Հայաստանից հեռանալ պետք չէ։ Մյուս կողմից՝ Հայաստանում գիտական էկոհամակարգը զարգացնելու միակ ճանապարհը հենց Հայաստանո՛ւմ այդ խնդիրների մասին բարձրաձայնելն ու դրանց լուծման մաս դառնալն է։ Առանց գիտնականի ակտիվ ու անմիջական մասնակցության որևէ փոփոխություն չի կարող երկարաժամկետ և թիրախային լինել։
Գիտության հանրահռչակում. հասարակության հետ արդյունավետ հաղորդակցությունը հաջողության գլխավոր գրավականներից է
Հասարակության հետ ուղիղ և բաց երկխոսությունը գիտնականի համար կարևոր է ճիշտ այնքան, որքան գիտական համայնքում ներկայանալի և փաստարկված քննարկումները։ Այս առումով, գիտական համայնքի և հասարակության միջև փոխադարձ վստահությունն առաջին պարտադիր պայմանն է։ Ի վերջո, ավարտական փուլում գիտական արդյունքի հիմնական սպառողը հենց հասարակությունն է։ Իսկ առաջնային փուլերում հասարակությունը պետք է առնվազն պատկերացում կազմի՝ ինչ է գիտությունը, թե ինչ խնդիրներ է լուծում գիտնականը, ինչ մարտահրավերների է բախվում, ինչ կարիքներ ունի։ Այս առումով կարևոր է, որպեսզի գիտնականը բաց չթողնի հասարակության հետ հաղորդակցվելու որևէ պատեհ առիթ և փարատի հնարավոր մտավախությունները։ Ավելին, հասարակության հետ շփումներում պետք է առանձնակի կերպով շեշտադրել գիտության անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում։
Գիտությունը չի լինում հայկական, ամերիկյան, կամ էլ իտալական. գիտությունը միջազգային է
Անշուշտ, գիտությունը չի սահմանափակվում պետական սահմաններով, լեզվական կամ այլ պատնեշներով։ Գիտությունը միջազգային է, տարբեր գիտակարգերում գրանցած ձեռքբերումները՝ ևս։ Բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ պետությունը պետք է հրաժարվի սեփական կարիքների գնահատմամբ և հստակ մշակված ռազմավարությամբ գիտական և ինովացիոն էկոհամակարգ ստեղծելու խիստ կարևոր տեսլականից։ Նման համակարգի ստեղծումը նշանակում է, որ գեներացված գիտական արդյունքն ուղղակիորեն նպաստելու է տվյալ երկրի խնդիրների լուծմանը։
Շփվի՛ր ապագա գիտնականների հետ
Գիտությամբ զբաղվելը պետք է դառնա ամենագրավիչ և հեռանկարային մասնագիտություններից մեկը։ Այս առումով չափազանց կարևոր է երեխաների մեջ սերմանել գիտության հանդեպ հետաքրքրություն և սեր հենց մանկապարտեզից ու դպրոցից։ Սերտ կապի և հստակ օրինակների միջոցով պետք է նպաստել Հայաստանի համար առաջնային համարվող գիտակարգերի ընտրությանը։ Գերնպատակն է խթանել հետաքրքրասիրությունը և քննադատական մտածողությունը։ Արդյունքում կրթել սերունդ, որը կարող է լուծել դժվարին խնդիրներ և դիմակայել մարտահրավերներին։