Ինչու մասնակցել «Ուշացած Վարդավառ 2024» ճամբարին
Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը Դիլիջանում կանցկացվի «Ուշացած Վարդավառ 2024» երիտասարդական ճամբարը։ Պատմում ենք, թե ինչու է պետք դրան մասնակցել (եթե 12-ից 25 տարեկան երիտասարդ եք Հայաստանի ցանկացած մարզից):
Գրանցվելու հայտաձևը՝ https://bit.ly/4ah8BWp
Ընդհանուր տվյալներ
Ճամբարը տեղի կունենա Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում։ Տևելու է 5 օր, որոնց ընթացքում 300 մասնակիցների համար կկազմակերպվեն մրցութային միջոցառումներ, հմտությունների զարգացմանն ուղղված աշխատարաններ ու հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ։
Ով է կազմակերպում
Ճամբարը կազմակերպում է «Ալիքը» երիտասարդական նախաձեռնությունը, որն իր հերթին ծնվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում։ «Ալիքի» նպատակն է բացահայտել Հայաստանի բոլոր մարզերից 12-ից 29 տարեկան երիտասարդների ներուժն ու հետաքրքրությունները և ստեղծել միջավայրեր (ակումբների, վիրտուալ քննարկումների և ինտերակտիվ հանդիպումների ձևաչափերով)` ինքնակազմակերպման և ինքնարտահայտման համար։ Նախաձեռնությունը երիտասարդներին առաջարկում է միանալ հմտությունների ու կարողությունների զարգացմանն ուղղված ամենատարբեր ոլորտներն ընդգրկող ակումբների, ձեռք բերել նոր ծանոթություններ՝ ՀՀ տարբեր մարզերից, ստանալ կամավորության փորձ, առաջնորդել և կիսվել իրենց լավագույն փորձառությամբ։
Ինչպես դիմել
Ճամբարին մասնակցությունն իրականացվելու է մրցութային կարգով։ Հայտաձևում ընտրելով իրենց «Հերոսին», ցանկացողները պետք է պատրաստեն հոլովակ, որն էլ կընդգրկվի մրցութային փուլում։ Մրցութային փուլը կհաղթահարեն այն մասնակիցները, որոնց հոլովակները կհամապատասխանեն նախապես նշված չափանիշներին: Մրցույթի կարևորագույն պայմաններից է սեփական օգտահաշվում տեղադրել տեսահոլովակը, որը հենց մրցույթի առաջադրանքն է, իսկ այլ օգտահաշիվներում տեղադրված հոլովակները չեն կարող դիտարկվել։