Ինչո՞վ օգնեմ
Ոսկե ծիրան

Ինչո՞վ օգնեմ

Ոսկե ծիրանը չէր ապրի առանց տասնյակ ու հարյուրավոր կամավորների։

Տեքստը՝ Ամալի Խաչատրյանի


Լուսանկարները՝ Ոսկե ծիրանի արխիվ, Բիայնա Մահարի


ԵՐԵՎԱՆ #55 | 2019

Ոչ թե ձրի աշխատանք, այլ ճակատագրական մեկ շաբաթ․ Ոսկե Ծիրանի կամավորներից շատերն են փառատոնից ոգեշնչված Թատերականի կինոյի բաժինն ընտրել, հենց այս օրերին են նրանցից շատերը լավագույն ընկերներին կամ նույնիսկ ամուսիններին հանդիպել։ Ոմանք էլ աշխատանքի հարցում են կողմնորոշվել․ բավական է միայն նշել, որ փառատոնի ներկայիս տնօրենը ժամանակին կամավորությունից է սկսել։ ԵՐԵՎԱՆը զրուցել է Ոսկե Ծիրանի նախկին ու ներկա կամավորների հետ, պարզել կամավոր լինելու պատճառներն ու առավելությունները։ (Հեղինակը նաև վերհիշել է սեփական փորձը)։

 

Կամավոր լինելը վայելք է

Փառատոնի թիմի անդամների մեծ մասը նախկին կամավորներ են․ աշխատանքային հարցազրույցներ այստեղ չեն լինում, թիմին սովորաբար միանում են աչքի ընկած կամավորները, որոնք վաղուց ծանոթ են ներքին խոհանոցին։ Փառատոնի ներկայիս միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը 2008–2009 թվականների կամավորներից է։ Վարյան երանությամբ է հիշում 2008-ը, երբ ինքը դեռ նոր էր ընդունվել Թատերական ու դիմել էր կինոփառատոնին կամավոր լինելու համար։ Ինչպես ասում է նա (ու հաստատում են մյուս բոլոր կամավորները)՝ փառատոնն ամենաշատը սիրում ու վայելում են հենց կամավորները։

 

«Քանի որ որպես կամավոր մեզ վրա մեծ պատասխանատվություն չկար, կամավորներս փառատոնի ամեն մի վայրկյանը վայելում էինք, որովհետև ցերեկն աշխատում էինք, հետո դիտում էինք ֆիլմերը, իսկ երեկոյան միասին լավ ժամանակ էինք անցկացնում։ Ամեն տարի, երբ փառատոնը վերջանում էր, բոլորիս մոտ շատ խոր դեպրեսիա էր սկսվում, թե ինչ ենք անելու մինչև մյուս տարի։ Մինչդեռ փառատոնի հիմնական կազմը չէր հասկանում մեր տրագիկ մոտեցումը, բոլորն ասում էին՝ երբ է վերջանալու փառատոնը․ այլևս չեն դիմանում։ Երբ կողքից էի նայում միջազգային բաժնի ղեկավարին կամ տոմսերով ու հյուրանոցներով զբաղվող աշխատողին, կարծում էի, որ նրանք աշխարհի ամենահետաքրքիր գործն են անում և ինչպես կարող են երազել, որ փառատոնը շուտ վերջանա։ Տարիներ անցան, ու ես հիմա արդեն երազում եմ, որ փառատոնի վերջին օրը շուտ գա ու վերջանա», — ժպտալով պատմում է Վարյան։

 

 

Վարյայի համար փառատոնի ամենալավ կողմերից մեկը նաև ընկերներ ձեռք բերելն էր, ասում է՝ իր ամենամոտ ընկերներին հանդիպել է կամավորության տարիներին։ Նրա ամուսինը նույնպես կամավոր է եղել. փառատոնի շրջանակում են հանդիպել, երբ Վարյան արդեն թիմի անդամ էր, իսկ ամուսինը՝ դեռ կամավոր։

 

Փառատոնն ամեն տարի 100–150 կամավորական հայտ է ստանում, որից ընտրվում են 80–90-ը։ Նրանք հնարավորություն ունեն ազատ ընտրելու բաժինը, որտեղ ցանկանում են աշխատել, առավելություն ունեն անվճար դիտելու ֆիլմերը և մասնակցելու վարպետության դասերին։

 

Կամավորի օրագիրը․ Վարյա Հովհաննիսյան

Այն, որ կամավոր լինելն ամենահավես «հաստիքն» է փառատոնի ընթացքում, փաստում են մեզ հետ զրուցած բոլոր կամավորները, բայց Վարյայի հիշողություններն ունեն նաև «դաժան» օրեր։ Վարյայի կամավորության առաջին տարին նրան վստահել էին հրավիրատոմսերի վրա կարգերի տեղերը գրելու գործը։ Թվում է՝ հեշտ է, բայց նա ամեն ինչ խառնել էր իրար ու փչացրել էր արդեն տպագրված, պատրաստի հրավիրատոմսերը․ թվերը սխալ էր գրել։

 

Փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը

 

 

«Կինոփառատոնի ծրագրերի տնօրենը՝ Միքայել Ստամբոլցյանը, շատ էր բարկացել ինձ վրա։ Դա իմ կամավորական աշխատանքի առաջին օրն էր ու ես արցունքներն աչքերիս գնացի տուն և կարծեմ այդ տարի համարյա ոչ մի գործ չարեցի։ Բայց մեկ տարի անց նորից դիմեցի ու սկսեցի աշխատել ֆիլմերի սուբտիտրավորման վրա։ Այն ժամանակ սուբտիտրերը հենց ֆիլմերի վրա էինք դնում մինչև ցուցադրությունը։ Աշխարհի ամենատաղտկալի գործն է, որովհետև չնայած դիտում ես ծրագրի մեծ մասը, բայց նայածդ ֆիլմից ոչ մի նորմալ բան չես հասկանում։

 

Մի ֆիլմում սուբտիտրեր տեղադրելիս նկատեցի, որ թարգմանիչ Զավեն Բոյաջյանը վերնագիրը սխալ է դրել։ Իհարկե, Զավեն Բոյաջյանի թարգմանություններն ամենալավն են ու քննարկման ենթակա չեն, բայց այդ անգամ գուցե նա ֆիլմը դիտելու հնարավորություն չէր ունեցել, իսկ ես այն ամբողջովին դիտել էի ու հասկացել, որ նրա թարգմանած «Խոհարարական պատմությունը» (cooking history), ոչ թե խոհարարական պատմություն էր, այլ պատմությունն էր եփվում, ու պետք է լիներ «Պատմությունը եփելով»։ Ես ինձնից շատ գոհ էի այդ տարի, որ 17 տարեկան կամավոր եմ ու Զավեն Բոյաջյանի թարգմանությունն ուղղել եմ»,- պատմում է Վարյան։

 

Սեփական ու մյուսների փորձով

Երկրորդ կուրսը նոր էի ավարտում, 2014-ն էր, երբ ընկերուհիս ասաց՝ Ոսկե Ծիրանը կամավորներ է ընդունում։ Նա կինոփառատոնի «հին գայլ» կամավորներից էր, խորհուրդ տվեց ընտրեմ առավոտյան ինֆո կենտրոնում աշխատանքը, որ լանչից հետո հերթս փոխանցեմ մյուսներին ու գնամ անվճար ֆիլմեր նայելու․ լավ ֆիլմերը հիմնականում երեկոյան ժամերին էին ցուցադրում։

 

Օրը սկսվում էր տեղեկատվական կենտրոնում օրաթերթերն ու ժամանակացույցերը դանդաղ ու սիրուն դասավորելով, հետո ժպտալով պատասխանում էի հյուրերի հարցերին, հանդիսատեսին օգնում էի կողմնորոշվել, մեկ-մեկ էլ ականջ էի դնում լուրջ մասնագիտական խոսակցություններին, մինչև որ հերթս զիջում էի մյուս կամավորներին։ Առավոտից կարդում էի օրաթերթերը, նախօրոք ընտրում էի, թե որ ֆիլմերն եմ նայելու ու հերթով օրը 3–4 ֆիլմ էի դիտում։ Մյուս կամավորները հիմնականում Թատերական ինստիտուտից էին, ֆիլմերը նայելուց առաջ ու հետո քննարկում էինք, փորձում էինք հասկանալ ֆիլմերի տողատակերը․ հավես էր ոլորտի մարդկանց հետ ֆիլմեր նայելը։

 

Ի տարբերություն ինձ՝ Հայկ Հակոբյանը տարիներ շարունակ է կամավոր եղել ու փառատոնի խաթր ընդունվել Թատերական։ 12-րդ փառատոնից մինչև հիմա կամավոր է Ոսկե Ծիրանում․ հիմնականում տեխնիկական թիմի անդամ էր, իսկ վերջին երկու տարիներին թիմի ավագն է։

 

«Մեր թիմի աշխատանքն ամենակարևորներից մեկն է։ Մեր գործը սկսվում է փառատոնի բացումից մի քանի օր շուտ և վերջանում ավարտից մի քանի օր հետո։ Տեխնիկաներն ենք տեղափոխում, պոստերներն ենք փակցնում, ձևավորում և դասավորում ենք ամեն ինչ այնպես, որ այդ մեկ շաբաթը անցնի հետաքրքիր, գեղեցիկ ու ջերմ մթնոլորտում»,-պատմում է Հայկը։

 

Բացի տեխնիկական ու ինֆո կենտրոնի աշխատանքերից, փառատոնում կա նաև առավոտյան թերթերը սրճարաններին բաժանելու գործ, որը 2014–2017-ին մեծ պատվով կատարել է Շաքե Սիմոնյանը։ Պետք էր ամեն առավոտ շուտ արթնանալ, վազել թերթերի հետևից ու դրանք արագորեն բաժանել սրճարաններին։ Այնքան շուտ, որ դեռ ոչ մի այցելու հասցրած չլիներ առանց օրաթերթի նորությունների մնալ։

 

«13 տարեկան էի, երբ առաջին անգամ մայրիկիս և մորաքրոջս հետ գնացի Ոսկե Ծիրանի ֆիլմ դիտելու։ Այնքան շատ էի տպավորվել միջավայրից, որ ես էլ ցանկացա լինել այդ իրադարձության մի մասնիկը: Չնայած, որ մասնագիտությամբ ընդհանրապես կապ չունեմ թատրոնի և կինոյի հետ, այնուամենայնիվ ինձ գերում է արվեստի հետ կապված փառատոնային միջավայրը»,- պատմում է Շաքեն։

 

 

Փառատոնից ոգևորված

Շաքեն ու Հայկը նույն խոսքերն են կրկնում. կինոփառատոնի կամավոր լինելը շատ բան է տալիս՝ նոր ընկերներ, որակով ֆիլմերի շատ երկար ցանկ, բազմաթիվ գիտելիքներ, անմոռանալի օրեր։

 

«Փոքր տարիքից շատ եմ սիրել կինոյի աշխարհը, միշտ հետաքրքիր է եղել նկարահանման պրոցեսը, բարդությունները, ստացված արդյունքը։ Դժվար եմ պատկերացնում ինձ առանց ֆիլմի․ փառատոնին մասնակցելու պատճառներից մեկը հենց սա է։ Ոսկե Ծիրանը տալիս է ահռելի քանակությամբ գիտելիք ու տեղեկություն ֆիլմի մասին, ես Թատերականի ուսանող եմ, ու հենց փառատոնն է հիմք հանդիսացել, որ ընտրեմ այդ ինստիտուտը և կինոօպերատորի մասնագիտությունը։ Փառատոնը կամավորներին սեր է տալիս դեպի կինոն», — պատմում է Հայկը։

 

Փառատոնի պատանի կամավորների մեծ մասն է Հայկի նման Թատերական ինստիտուտն ընտրել, իսկ ես քանի որ մասնագիտությունս արդեն ընտրել էի (լրագրությունը), փառատոնից հետո զսպեցի կինոյի ուղին բռնելու ցանկությունը։ Բայց այդ տարվա ոգևորության արդյունքում մի կարճամետրաժ վավերագրական ֆիլմ էի նկարել (իմ արևին) ու ամեն տեղ ասում էի, որ ոգեշնչվել եմ Ոսկե Ծիրանի վավերագրական ֆիլմերից ու դրանց ռեժիսորների հետ հանդիպումներից։

 

Շաքեն նույնպես կինոյով չի շարունակել, բայց փառատոնն օգնել է կինոն ու կամավորությունն ավելի շատ սիրել։ «Ոսկե Ծիրանը ֆիլմեր սիրողների համար է, որոնք պատրաստ են մեկ շաբաթ վազվզել արվեստում, թափառել մի ֆիլմի պատմությունից մյուսը, շփվել տաղանդավոր հյուրերի հետ և իրենց ջանքերը չխնայել փառատոնի անխափան ընթացքի համար», — ամփոփում է Շաքեն։