Ինչպես ապրեց և ինչու փակվեց «Իլիկը»
Փակում

Ինչպես ապրեց և ինչու փակվեց «Իլիկը»

2023 թվականի վերջում փակվեց ևս մեկ լեգենդար երևանյան նստավայր՝ «Իլիկը»։ «Իլիկի» հիմնադիր Անահիտ Սահակյանը պատմել է արտ-սրճարանի անցած ուղու, իսկ դրա մշտական այցելուները՝ այն մասին, թե ինչու են միշտ հիշելու «Իլիկը»։

 

Տեքստը՝ Մարիամ Ալոյանի

 

Լուսանկարները՝ Իլիկի ֆբ-էջից

 

ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆ, հիմնադիր

 

 

Ինչպես բացվեց

«Իլիկը» բացվել է 2016 թվականին շատ պատահաբար: Ես աշխատանք չունեի, բայց ձեռագործ իրերով էի զբաղվում, ու ընկերներիցս մեկը ասաց՝ արի մի տարածք գտնենք, որը կդառնա ձեռագործ իրերի խանութ: Պետք է լիներ երկու փոքր սեղան՝ սուրճի համար: Ես այդ առաջարկը լուրջ չընդունեցի, որովհետև այդ ժամանակ շատ էի խոսում ընկերներիս հետ, եթե աշխատանքի տեղ իմանաք, ինձ էլ ասեք, ու ամեն մեկս որևէ երազանքի մեջ էր ընկնում, մենք շատ էինք երազում և «Իլիկի» բացվելն էլ երազանք էր թվում ինձ համար: 

 

Ես շատ եմ սիրում հայտարարություններ նայել ու մի հայտարարության մեջ տեսա, որ վարձով տարածք կար Մաշտոց-Պուշկին փողոցների մոտ, արագ գնացի, տեսա, ու մի օրվա մեջ վարձեցինք տարածքը: Մի օրվա մեջ իմ կյանքը լրիվ փոխվեց: Հետո շատ կարճ ժամանակում, անկախ իմ պլաններից, «Իլիկը» լրիվ այլ բան դարձավ: Ավելի շատ գնացող-եկող մարդիկ են ձևավորել «Իլիկը», քան ես:


Երեք տարի աշխատեցինք Մաշտոցի վրա, հետո մի տարի ընդմիջում արեցինք: Այս ընթացքում Նար-Դոսի վրա փոքրիկ սրճարան բացեցինք, քովիդի պատճառով փակեցինք, ու, ի վերջո, այս տարածքը վարձեցինք: Համարյա 7.5 տարի կանք:

 

 

Ովքեր էին գալիս

«Իլիկը» ինքնաբերաբար այնպիսի մի տեղ դարձավ, որ հիմնականում երիտասարդներ էին գալիս ու արվեստի հետ առնչվող մարդիկ: Մի հարթակ էր ստեղծվել, որտեղ մարդիկ մի քիչ ավելի անմիջական էին իրար հետ շփվում, ծանոթանում, դա «Իլիկում» ավելի հեշտ էր ստացվում, քան մյուս տեղերում, ըստ իս: 

 

Որպես հաճախորդ՝ շատ բարդ մարդիկ էին, որովհետև հիմնականում ստեղծագործող մարդիկ էին, չէին կաշկանդվում իրենց կարծիքը հայտնել, իրենց վերաբերմունքը ցույց տալ: Դուք էլ գիտեք, այս ընթացքում չափազանց ծանր իրավիճակներով անցանք, և դա, իհարկե, շատ արտացոլվում էր նաև «Իլիկի» ներսում: Այդ մարդիկ իրենց մեջ կորիզն էին պարունակում, որը հետոյի համար կարևոր է լինելու: 

 

Մեծ մասին շատ սիրում եմ, իմ հարազատների պես են դարձել ինձ: Կապի մեջ ենք անընդհատ, կան մարդիկ, որոնց հետ կոնֆլիկտներ եղան, բայց իրենց մեծ մասին էլ շատ սիրում եմ: Ես շատ եմ փոխվել «Իլիկի» շնորհիվ ու կարծում եմ՝ մարդիկ էլ: Անկախ մեզնից ինչ-որ բան փոխվում էր, մենք իրար վրա ազդում էինք: Ես մեծ հույս ունեմ, որ կապը կմնա մարդկանց հետ: Կյանքը ցույց կտա: 

 

 

 

Ինչու փակվեց

Քանի որ փոքր հասարակություն ենք, ու այսպիսի տեղեր գնացող մարդիկ քիչ են, շուտ են լճանում այս տեղերը, ոնց որ անընդհատ նույնը լինի: Դժվար է անընդհատ թարմ պահել, հետո եթե տեղը ինչ-որ մի անձի շուրջ է կառուցվում, այդ անձն էլ է սպառվում: Կամ պիտի այնքան խելք ու կարողություն ունենալ, որ կարողանաս ինքդ քո անձից դուրս մի տեղ ստեղծես, կամ պիտի ուրիշ մի բան մտածել: Իմ դեպքում հենց դա ինձ խանգարեց. իմ շուրջ կառուցված հարթակ էր «Իլիկը»: Ուզում էի՝ ինքը որպես բիզնես էլ գործեր, իրեն արդարացներ, բայց անխուսափելիորեն ազդում էր հենց այդ մթոլորտի վրա, ուստի հրաժարվում էի: 

 

Նմանատիպ տեղերը որպես բիզնես կարող են լինել, եթե ֆինանսական կախվածության մեջ չլինես: Եթե վարձի, տարածքի ու գումարի խնդիր չունենաս, հաստատ ավելի հեշտ կլինի: Մենք շատ սուղ միջոցներով ենք սկսել ու գոյատևել ենք անընդհատ, որը շատ խանգարում էր, իհարկե: Եթե լավ ֆինանս ունեցող մեկն անի սենց բան, հաստատ ավելի կհաջողի: Նման տեղերում բիզնեսի կանոնները շատ են խախտվում, ու դու չես կարող չոր հաշվարկով բիզնես անել: 

 

 

Փակման արձագանքները

Նախատում էին, մեղադրում էին, ափսոսում էին շատ: Ես էլ եմ շատ ափսոսում, բայց հույս ունեմ՝ ինչ-որ նոր շունչ կունենա: Բողոքողները 20-30 տարեկան մարդիկ են, ես մտածում եմ, որ դա կարող է մյուս կողմից առիթ լինի նրանց համար, որ իրենք որևէ հետաքրքիր բան մտածեն: Իրականում, փորձում եմ հասկանալ՝ ի՞նչ էր «Իլիկը», որովհետև կյանքս լրիվ փոխեց: 

 

Չիմացա՝ ոնց եկավ, ոնց գնաց: Ժամանակ չունեցա հասկանալ, վերլուծել, թե դա ինչ էր, ինչ եղավ: Վերջերս մտածում եմ, որ անհնար բաներից է «Իլիկի» նման մթնոլորտը երկար պահել, երբ դու անընդհատ քեզ համոզելով պահում ես, բայց դու հասկանում ես, որ ինչ-որ աբսուրդ բան ես անում, աբսուրդ է կատարվում: Բայց այդ աբսուրդը նաև մարդկանց պետք է, քեզ պետք է, ու դու ամեն կերպ փորձում ես դա պահել: Ինձ դուր է գալիս տենց մտածելը «Իլիկի» մասին, չնայած շատ եմ ափսոսում, որ չկա «Իլիկը», կուզեմ, որ լինի:

 

Փակման օրը

Ես մի տասը օր սարսափով էի սպասում այդ օրվան, «Իլիկը» մի քանի անգամ է փակվել, մարդիկ նույնիսկ ծաղրում էին, նաև ունեինք հավատարիմ հաճախորդներ, ովքեր ամեն օր գալիս էին ու ասում՝ այսօր փակվու՞մ է «Իլիկը»: Նախորդ փակման ժամանակ՝ 2019 թվականին, այնքան շատ մարդ կար, ու այդ ամենը մե՜ծ աղմուկի մեջ եղավ, հետո վերջում՝ կռիվ: Այն ժամանակ ավելի թեթև էի տանում այդ կռիվները, հիմա՝ չէ: Այս անգամվա փակման օրից էլ շատ էի վախենում, բայց ամեն ինչ լավ անցավ: 

 

«Իլիկի» վերջին օրը․ բանաստեղծական ընթերցումներ

 

Այլ փակումներ

Ես շոկ ապրեցի, որ իմացա «Արտ Բրիջն» էլ է փակվում, կարծեմ «Վան Գոգն»  էլ է փակվում, հիշում եմ «Լույս» գրախանութը, որը ևս փակվեց: Մշակութային միտքը ձևավորող տեղերը մի տեսակ արագ փակվեցին: Ցավալի է, իհարկե, մտածում եմ, որ նման տեղերը անհրաժեշտ են, այդ տեղերում են ծնվում նոր մտքերը, հասարակությունն այդտեղ է բացվում: Բայց «Իլիկի» փակումը այդքան ծանր չեմ տանում: 

 

Կարծում եմ՝ շատ ճիշտ էր իր փակվելու ժամանակը, միայն ես չեմ դա ասում, մարդիկ էլ էին ասում, որ «Իլիկն» ինքն իրեն սպառել էր, կամ պետք էր նոր լիցք կամ պետք էր փակվել, դառնար այլ բան: Հուսով եմ՝ մեկ այլ բան կդառնա, մի քիչ ավելի հավաք, ավելի հստակ մի բան: 

 

 

 

ՀՈՒՇԵՐ

 

Դավիթ Ստեփանյան, ռեժիսոր

«Իլիկը» աշխույժ տեղ էր։ Հաճախ կարող էիր պատահաբար հանդիպել արտասահմանից կարճ ժամանակով վերադարձած բարեկամներիդ։ Զբոսաշրջիկներ էին լինում աշխարհի տարբեր ծայրերից, որոնց հետ զրույցի էիր բռնվում։ Առհասարակ դիպվածական զրույցների կամ անծանոթների հետ շփվելու հավանականությունը շատ մեծ էր։ Մի տեսակ կայարանի էր նման, որտեղ մշտական աշխատողներ/այցելուներ կային, բայց նաև ով ասես կարող էր անցնել պահի բերումով։

 

Նաև շատ կոնտրաստային էր ամեն ինչը։ Անունը հուշում է, որ ժողովրդական արվեստի գործեր էին վաճառում, բացի սրճարան լինելուց։ Սակայն հաճախ էին այցելում ժամանակակից արվեստի համայնքի մարդիկ, որոնք փեղկերին շարված կուժ ու կուլային, ձեռագործին հակառակ մթնոլորտ էին ստեղծում իրենց վարքով։ Հնչում էր ռոք, երբեմն դասական երաժշտություն, բայց ուշ ժամերին, երբ շատերն արդեն հարբած էին, ռաբիզը երբեմն գլուխ էր բարձրացնում։ Մի խոսքով՝ «Իլիկում» կա՛մ պիտի ուրախ լինեիր, կա՛մ էլ տխուր․ անզուսպ տեղ էր և բնականաբար՝ դրականն ու բացասականը մարդկանց միջից դուրս էր ժայթքում։

 

Եվ իհարկե՝ ասում ենք «Իլիկ», առաջին հերթին հասկանում ենք Անահիտ։ Երբ նա տեղում չէր լինում, պտույտը կանգ էր առնում, «Իլիկը» դառնում էր առանց կոֆեինի սուրճի նման մի բան։ Երևի նա իսկապես հոգնեց, այդ պատճառով էլ փակվեց «Իլիկը»։

 

 

Դավիթ Բալասանյան, կոմպոզիտոր, դաշնակահար

«Իլիկը» սովորական ակումբ չէր։ Էնտեղ հավաքվում էին բազմաթիվ հետաքրքիր մարդիկ, մասնավորապես, արվեստագետներ ու արվեստին մոտ մարդիկ։ Այդ մարդկանց ներկայությունն ու բացակայությունն էր ստեղծում տվյալ օրվա մթնոլորտը։ Երբ հաճախորդը ասելիք ու բովանդակություն ունի, քո՝ էնտեղ իր հետ անցկացրած ժամանակդ նույնքան հետաքրքիր ա ու ոգևորող։ «Իլիկը» կենդանի օրգանիզմ էր, որը երբ շատ էր ծխում ու խմում՝ թունավորվում էր։ Երբ շատ էր մեծամտանում ու չարանում՝ կռիվներ էր անում։ Էնտեղ անգամ պատերին կախված լավ ու վատ նկարներն էին ներգործում քեզ վրա։ Հարբեցողները գլուխդ էին տանում, երաժիշտները կամ նվագում էին, կամ դաշնամուրն էին ջարդում։ Ամեն մեկն իր չափով ինքնարտահայտվում էր, այդ իմաստով այդ ակումբը բավականին ազատ միջավայր էր ինքնարտահայտվելու համար։ 

 

Բոլորն իրար ծանոթ էին, շատերը մտերիմ, ու, մեծ հաշվով, դու քեզ այդ ծանոթ միջավայրում ապահով էիր զգում մինչ այն պահը, երբ մեկը համը չէր հանում իր ագրեսիվ պահվածքով ու շիշը տալիս գլխիդ։ «Իլիկն» ապրեց իր գեղեցիկ ու տգեղ ժամանակները, «Իլիկը» դիմակայեց այնքան, որքան կարողացավ, ու ամեն մեկին տվեց թե լավն ու վատը, ամեն մեկն իր հերթին «Իլիկին» տվեց իրենից մի լավ ու մի վատ բան։ Շնորհակալ եմ Անահիտ Սահակյանին «Իլիկում» անցկացրած հրաշալի պահերի համար։ Անահիտը այն քչերից էր, ով կարողացավ մի հարկի տակ հավաքել իրարից այդքան տարբեր ու միևնույն ժամանակ նույն կերպ մտածող բազմաթիվ մարդկանց։ Նա փորձեց երկխոսել ու այդ երկխոսությունը որոշ չափով իրեն հաջողվեց։ Ապրի՛ Գրիգոր Խաչատրյանը․․․

 


 

Վահան Խաչատրյան, ռեժիսոր

Առաջին անգամ «Իլիկ» գնացինք, երբ այն դեռ չէր բացվել։ Երևի թե հեռավոր 2016 թվականն էր: Երևի թե գարուն էր կամ ամառ, լավ չեմ հիշում։ Աշխարհը դեռ չէր տառապում վիրուսներից ու պատերազմներից, մարդիկ ավելի հպարտ էին ու քիչ էին մտածում վատ բաների մասին։ Պուշկին-Մաշտոց խաչմերուկում, երկրորդ հարկում, շորերի խանութի անմիջապես կողքին նոր տեղ էր բացվում, որը առաջին հայացքից թվում էր թե ձեռագործ իրերի խանութ ու սիրուն սրճարան պիտի լիներ, արդյունքում դարձավ քաղաքի մշակութային կյանքը փոխող, կառուցող կարևորագույն մի կետ։ 

 

Հետո, արդեն երբ սրճարանը նոր էր բացվել, մի սովորական երևանյան գիշեր քայլում էի փողոցով, փնտրելով հարազատ վայր, որտեղ կարող էի նստել ու հանգստանալ։ Նախաամանորյա օրեր էին ու ճանապարհին տեսա «Իլիկը»։ Հիշեցի, նորից մտա։ Հեռվում, առանձին գտնվող փոքրիկ սենյակում, պատուհանի տակ նստած էին մարդիկ, տաքանում էին պլիտայի կողքը և քննարկում, թե ամանորյա բդի քանի տարբերակ կարող է լինել։ Ամեն ինչ շատ հարազատ էր, մարդիկ, խոսակցություններն ու ձմեռային սառը օդը կոտրող պլիտայի տաքությունը։ Դրանից հետո որոշեցի, որ միայն այդտեղ եմ գալու։ 

 

Ու այդպես մնաց։ «Իլիկում» շատ լավ ու շատ վատ օրեր եմ ունեցել, տխրել եմ, ուրախացել, կռվել, բարիշել, նորից կռվել ու նորից բարիշել։ Բայց ընդհանուր իմ կյանքի շատ կարևոր մի շրջան կապված է այդ տեղի հետ, և դա իմ մի մասն է, ինչպես և այն բոլոր մարդիկ, ում ես այնտեղ հանդիպել եմ, ընկերացել եմ, սիրել եմ, չեմ սիրել, ինձ չեն սիրել ու սիրել են։ 

 

 

Արթուր Աթայան, երաժիշտ

«Իլիկը» Երևանի քիչ տեսանելի, բայց շատ կարևոր տեղերից մեկն էր: Բանն այն է, որ մի անգամ «Իլիկ» գնալուց հետո կամ հավերժ սիրահարվում էիր, կամ այլևս ոտք չէիր դնում այնտեղ: Սիրահարվողներն էլ իրար նման չէին. առաջադեմներ և քյարթուներ, պոետներ և քննադատներ, աջեր և ձախեր, անփորձ ջահելներ ու վաստակաշատ ծերեր, երջանիկ ընտանիքներ ու անճար ալկոհոլիկներ: Էս բազմազան ամբոխի կենտրոնում Անահիտն էր, որ հաջողացնում էր բոլորի համար լինել սիրելի մամայի պես. միշտ մի լավ բան էր ասում, մի բան հյուրասիրում, այնպես էր անում, որ քեզ հատուկ զգաս: 

 

Տարիների ընթացքում «Իլիկը» դարձավ թեթև ընդմիջելու և ուժեղ խմելու, բուռն բանավեճերի, պոեզիա կարդալու և մինչև ուշ գիշեր նվագելու, ընկերներիդ սպասելու ու նոր մարդկանց բացահայտելու վայր, որտեղ ժամանակն ուրիշ ձև էր հոսում: «Իլիկի» հասցեն փոխվում էր, բայց մի շունչ կար, որ միշտ նույնն էր՝ «Իլիկը» սրճարան չէր, տուն էր, ու այսպիսի տեղ Երևանում այլևս չկա: Սա գրելիս զարմանում ու անհարմար եմ զգում, որ անցյալ ժամանակն եմ օգտագործում, բայց համ էլ հիշում եմ, թե ինչ հասկացա «Իլիկի» փակման օրը՝ անպայման նորից կբացվի, գուցե տարիներ անց, բայց կբացվի, որովհետև չի կարող Երևանում «Իլիկ» չլինել: 

հավելյալ նյութեր