Բարև, Honey
Խմիչք

Բարև, Honey

Երևանի կոնյակի գործարանը ներկայացրեց համահոտային նորարարական շարքի հերթական ըմպելիքը՝ ARARAT Honey-ն։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի

 

Լուսանկարները՝ Երևանի կոնյակի գործարան

#Գործընկեր #ARARAT

Երևանի հուլիսյան շոգից պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկը, թերևս, Արամ Մնացականովի «Մինա» ռեստորանում զովացուցիչ կոկտեյլի ըմպումն է։ Հատկապես, եթե այդ կոկտեյլի հիմքում  ARARAT-ի համահոտային նորարարական շարքի նոր՝ չորրորդ ըմպելիքն է՝ ARARAT Honey-ն, որն ընդամենը օրեր առաջ է մտել շուկա։ Եվ ահա, մեղրային այս ըմպելիքը գավաթում համեմված է պրոսեկկոյով ու սառույցով։ 

 

Առաջին ծանոթությունը տեղի է ունենում Spritz կոկտեյլի միջնորդությամբ՝ որպես ապերիտիվ։ Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը միանգամից խոստովանում է, որ դեռ մի քանի տարի առաջ նրան դժվար կլիներ համոզել, որ կարելի է գործարանի արտադրանքը սպառել ոչ մաքուր վիճակում։ Բայց վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ ARARAT-ի ըմպելիքների հիմքով հրաշալի կոկտեյլներ են ստեղծվում, որոնք միանգամայն լիարժեք փոխանցում են դրանց որակները։ 

 

Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը, արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը և գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը

 

 

Սրանում, իհարկե, մեծ դեր է խաղացել 2019-ից մեկնարկած համահոտային շարքը` ծիրանի, սուրճի, բալի և ահա նաև մեղրի համերով։  

 

ARARAT Honey-ի մասին պատմում է Համլետ Անտոնյանը․ «Ինչպես կոնյակը, մեղրը բնության այն եզակի պարգևն է, որը ևս ստացվում է կուպաժի՝ տարբեր ծաղիկների ու բույսերի նեկտարների համադրությամբ։ Այնպես որ, դեռևս տարիներ առաջ օրակարգ բերված գաղափարն ունի նաև գեղեցիկ խորհրդանշական իմաստ»։ Չնայած մեղրի տարբեր տեսակներն ունեն էապես տարբերվող ծագում, համ, հոտ և բույր, գործարանի թիմին հաջողվել է ստանալ այնպիսի միահյուսում, որը լրացուցիչ երանգներ կհաղորդեր թե՛ կոնյակին, թե՛ մեղրին։ 

 

Մեղրային նոր ըմպելիքը համտեսվեց, իհարկե, նաև մաքուր տեսքով՝ հիմնական ուտեստի հետ։ 30% թնդություն ունեցող ARARAT Honey-ն առանձնանում է ARARAT-ին բնորոշ ոսկեգույն, բաց սաթե երանգով։ 

 

Հաջորդ տարբերակը՝ սառույցով։ Սրա համար ամենից հարմար կոնտեքստը աղանդերն է։ Ի դեպ, հատուկ այս հանդիպման համար «Մինայում» առաջարկեցին յուրահատուկ աղանդեր․ բալով մատուցված վանիլային պաղպաղակի վրա ցողվեց մի փոքր նույն մեղրային ըմպելիքից։

 

ARARAT Honey

 

Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանն էլ այդ ընթացքում հպարտությամբ պատմեց, որ ARARAT-ի համահոտային շարքի արտադրանքը սպառման ծավալներով դարձել է և արդեն մի քանի տարի պահմանում է աշխարհում առաջին հորիզոնականը՝ «Ներմուծված համահոտային բրենդի» դասում (և սա բնավ չափազանցություն չէ՝ կա ալկոհոլային ոլորտի IWSR միջազգային հետազոտական ընկերության թարմ հաշվետվությունը)։

 

ARARAT Honey-ով ցողված պաղպաղակը

 

ARARAT Honey-ն պետք է որ շարունակի այս միտումը։ Ի դեպ, արդեն այս շաբաթվա վերջում նոր ըմպելիքը անմիջականորեն կմոտենա սպառողներին․ ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին կենտրոնի մի քանի վայրերում կհայտնվեն փոփ-ափ տաղավարներ, որտեղ կմատուցվեն ինչպես մաքուր ARARAT Honey-ն, այնպես էլ դրա հիմքով պատրաստված կոկտեյլները։ Երևանյան շոգն այդ ուղեկցությամբ հաստատ ավելի տանելի կդառնա։  

հավելյալ նյութեր