Ինչպես ես դարձա «Ոսկե Գլոբուսի» ընտրող անդամ
Սեփական փորձ

Ինչպես ես դարձա «Ոսկե Գլոբուսի» ընտրող անդամ

Երևանցի կինոլրագրող, քննադատ Սոնա Կարապողոսյանն այս տարի առաջին անգամ մասնակցել է ամերիկյան «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը որպես ընտրող։ Նա պատմել է ԵՐԵՎԱՆին իր այդ փորձառության մասին։

Տեքստը՝ Սոնա Կարապողոսյանի 

 

#Կինո

Հետամանորյա շաբաթները առանձնահատուկ բերկրանք են բերում հոլիվուդյան ֆիլմերի սիրահարներին. վերջապես ժամանակն է ամփոփելու նախորդ կինոտարվա արդյունքները: Հաջորդաբար հայտարարվում են «Ոսկե Գլոբուսի», Օսկարի հավակնորդներն ու սկիզբ տալիս անթիվ դեբատների, քննարկումների, անհատական կինոցանկերի, անգամ խաղադրույքների: «Ոսկե Գլոբուսը» տեղի է ունենում հունվարին` որոշ չափով նախանշելով ակադեմիայի հնարավոր մրցանակակիրներին և ավելի բորբոքելով սպասումները: Արդեն փետրվարի վերջին տեղի է ունենում Կինոակադեմիայի մրցանակաբաշխությունն ու դնում կինոտարվա վերջակետը: Պատահեց այնպես, որ այս տարի ես իմ փոքրիկ ներդրումն ու մասնակցությունն ունեցա այս երկու կարևոր կինոիրադարձություններից մեկում` «Ոսկե Գլոբուսում»:
 

Ոչ մի կարմիր գորգ ինձ համար

…մի պահ մտածեցի, թե էլեկտրոնային փոստարկղս ենթարկվել է կիբերհարձակման, քանի որ այն լցվել էր տարբեր ֆիլմերից երգեր լսելու առաջարկներով, FedEx-ի առաքանուն հետևելու համարի և այդ նույն առաքանու ուշանալու կապակցությամբ հայցվող հինգ ներողության նամակներով, նաև ֆիլմերի հղումներով (միակ բանը, որ չէր վախեցնում): Բոլոր նամակները բացելուց և ուսումնասիրելուց հետո հասկացա` ոչ մի հարձակում չի եղել, և ես ուղղակի «Ոսկե Գլոբուսի» ընտրող եմ, ինչը նշանակում է, որ ինձ տրամադրվելու են մրցանակաբաշխությանը դիմած բոլոր ֆիլմերի մասին ամեն հնարավոր տեղեկություն:

 

2024 թվականին ամենաշատ «Գլոբուսների» (10 նոմինացիաներում) հավակնում է Գրետա Գերվիգի «Բարբին»

 

Ինչպե՞ս դա պատահեց

«Ոսկե Գլոբուսի» ընտրող դառնալը երկար է ու թղթաշատ, և ցանկացած կինոքննադատ, ով ունի կինոլրագրության ոլորտում աշխատելու մի քանի տարվա փորձ ու համագործակցում է ակտիվ մեդիա պլատֆորմների հետ, կարող է դիմում ներկայացնել` դառնալու ընտրող: Այս պահին մրցանակաբաշխության նոմինանտներին, ապա նաև հաղթողներին ընտրում են 300 կինոքննադատ 76 երկրից:  2023-ին ընտրողների ցանկը հավելվել է 11 կինոքննադատով, որոնցից մեկը ես եմ` դեռևս միակ ներկայացուցիչը Հայաստանից:

 

Ի տարբերություն մյուս դիմորդների` ես դիմում չեմ ներկայացրել, այլ ստացել եմ հրավեր՝ դառնալու ընտրող: Մինչ այդ, իհարկե, անհրաժեշտ էր ուղարկել մանրամասն տեղեկություն աշխատանքային փորձի, կինոարտադրության մեջ ներգրավվածության, կինոարյունակցական ու բարեկամանական կապերի մասին, որոնք ուսումնասիրելուց հետո միայն կդառնայի ընտրող (voter): Իմ` հրավեր ստանալու գործում կարևոր էր Armenian Film Society-ի (Հայկական կինոհասարակություն) դերը, որը կինոլրագրողական պլատֆորմ է Լոս Անջելեսում: Նրանք «Ոսկե Գլոբուսի» թիմին հայտնել էին իմ գործունեության մասին և հորդորել ներգրավել նաև հայազգի ներկայացուցիչ: 

 

Քրիսթոֆեր Նոլանի «Օփենհայմերը» նույնպես ֆավորիտների թվում է

 

Ի՞նչ է նշանակում լինել «Ոսկե Գլոբուս»-ի ընտրող

«Ոսկե Գլոբուսի» ընտրող լինելով ես հնարավորություն էի ստանում նայելու դիտարկման ուղարկված բոլոր ֆիլմերը (շուրջ 200 կինոնկար) և հեռուստատեսային սերիալները, որոնք ինձ ուղարկվում էին էլեկտրոնային հասցեով: Քանի որ սերիալներն իմ մասնագիտական հետաքրքրություններից դուրս են, ես կարող էի ընտրել` քվեարկել միայն ֆիլմերի համար, ինչը և արեցի: 

 

Բոլոր այն կինոքննադատները, ովքեր գտնվում էին Լոս Անջելեսում, ստանում էին հրավեր` մասնակցելու ֆիզիկական կինոցուցադրություններին, հաճախ նաև դրանց հաջորդող հյուրասիրություններին: Երբեմն արտադրողներն, օրինակ` Disney-ը, առաջարկում էին ցուցադրությունների գալ կրտսերների հետ, եթե ունենք այդպիսիններին: Բայց ես ապրում եմ Հայաստանում, և կարող էի դիտել ֆիլմերը միայն առցանց հղումներով, ու, չէ, ինձ մրցանակաբաշխությանը չհրավիրեցին և, չէ, ինձ չեն վճարում: Փոխարենը ես ստացա Netflix-ի անվճար գրանցում, գովազգային նյութեր` բացիկներ, բուկլետներ, ամսագրեր: 

 

Նոյեմբերի վերջին մենք ստացանք առցանց քվեաթերթիկ, որտեղ պետք էր քվեարկել 27 անվանակարգերում (իմ դեպքում` 15, քանի որ հեռուստասերիալների համար չէի քվեարկում)՝ յուրաքանչյուրում ընտրելով վեց ֆավորիտ: Քվեարկությունն ավարտելուց հետո առցանց քվեաթերթիկն անհրաժեշտ էր ուղարկել «Ոսկե Գլոբուսի» իրավաբանական բաժին, որտեղ հաշվելու էին ձայները և մի քանի շաբաթ անց հայտարարելու նոմինանտները: Դեկտեմբերի կեսին մեզ ուղարկեցին արդեն վերջնական քվեաթերթիկը, որի յուրաքանչյուր անվանակարգում ընտրելու էինք միայն մեկ ֆավորիտ: Լրացված քվեաթերթիկն ուղարկելու վերջնաժամկետը հունվարի 3-ն էր: Հաղթողներին կհայտարարեն հունվարի  7-ին:

 

«Ոսկե Գլոբուսի» մրցանաբաշխությունը 1960-ականներին

 

Ի վերջո, ի՞նչ է «Ոսկե Գլոբուսը»

«Ոսկե Գլոբուսը» հիմնադրվել է 1944թ. Հոլիվուդի միջազգային մամուլի ասոցացիայի (Hollywood Foreign Press Association) կողմից և գերազանցության մրցանակ է շնորհում տվյալ տարում կինոյի և հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար: Ի տարբերություն Օսկարի, որը մրցանակ է շնորհում միայն լիամետրաժ ֆիլմերին, «Ոսկե Գլոբուսը» դիտարկում է նաև սերիալները: Մյուս տարբերությունն Օսկարից «Ոսկե Գլոբուսի» ընտրողների կազմն է. եթե Օսկար հաղթողներին ընտրում են Ամերիկայի կինոակադեմիայի 10.000 անդամ, ապա Գլոբուսի դեպքում ընտրություն կատարում են երեք հարյուր կինոքննադատ աշխարհի տարբեր ծայրերից: Չնայած մեծ հեղինակությանը, տասնամյակներ շարունակ «Ոսկե Գլոբուսը» եղել է սկանդալների աղբյուր․ կազմակերպիչներին հաճախ մեղադրել են կոռուպցիայի, կաշառքներով կինոքննադատների ձայներ գնելու մեջ, ինչի արդյունքում թե՛ հայտնի դերասաններ, թե՛ հեռուստատեսություններ բոյկոտում էին այն: Վերջին մի քանի տարիներին քննադատվում էր մրցանակակիրներին ընտրող կազմը, քանի որ մեծամասամբ կազմված էր միջին տարիքից բարձր սպիտակամորթ տղամարդկանցից: 

 

Անցյալի բոլոր սկանդալներից և քննադատություններից խուսափելու համար վերջին երկու տարիների ընթացքում «Ոսկե Գլոբուսը» որդեգրել է ավելի թափանցիկ քաղաքականություն, համալրել է ընտրողների կազմը տարբեր ազգերի ու ռասաների ներկայացուցիչներով, կանանցով, սեռական փոքրամասնություններով: Մինչև պաշտոնապես ընտրող ճանաչվելը, բոլոր թեկնածուները ստորագրում են մի շարք փաստաթղթեր, որոնցով պատրավորվում են չընդունել նվերներ, չքննարկել իրենց ընտրությունները, չքվեարկել այն ֆիլմերի օգտին, որոնց աշխատանքներում ներգրավված են եղել: Նոր կանոնները, կարծես, գործում են:

հավելյալ նյութեր