Ինչպես կարդալ Փարաջանովի կինոն. ուղեցույց
Փարաջանովի կինոյի հետ առաջին անգամ առնչվելիս տպավորվում է կադրերի չափազանց պատկերայնությունն ու սյուժետային հստակ գծի բացակայությունը, ինչը կարող է վանել, վախեցնել: Մինչդեռ ռեժիսորի լեզուն կառուցված է մի քանի հիմնական գաղափարների վրա և ոգեշնչված է արվեստի տարբեր ճյուղերից, որոնց միախառնման ու յուրաքանչյուր ֆիլմում նորովի վերաիմաստավորման շնորհիվ ծնվում է Սերգեյ Փարաջանովի կինոյի աշխարհը:
Տեքստը՝ Սոնա Կարա-Պողոսյանի
ԵՐԵՎԱՆ #86 | 2024
Փարաջանովի ֆիլմերը դիտելիս պետք է պատրաստվել կինոփորձառության, որ տանելու է սովորական կինոզգացողություններից անդին՝ տալով ավելի համապարփակ մշակութային փորձառություն, որը միախառնում է թատրոնը, կերպարվեստը, գրականությունն ու պատմությունը՝ օգտագործելով սյուրռեալիզմ, սիմվոլիզմն ու բազում այլ ժանրեր ու տեխնիկաներ: Դա նման է թանգարան այցելության՝ միշտ կարելի է հայտնաբերել նոր շերտեր և միշտ կարիք կա վերադառնալու:
Մանկությունն ու Թիֆլիսը
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում, որը 20-րդ դարի առաջին կեսին բազմազգ էր ու բազմէթնիկ: Քաղաքը տարածաշրջանի գլխավոր մշակութային կենտրոնն էր և մի երկնքի տակ էր միավորում վրացիներին, հայերին, թուրքերին, ռուսներին և այլոց: Այստեղ Փարաջանովի հայրն անտիկ իրերի խանութ ուներ, որտեղ վաճառում էր սպասք, կահույք, զարդարանքի տարբեր պարագաներ. իրեր, որոնք տասնամյակներ անց դառնալու էին ռեժիսորի ֆիլմերի և արվեստի կարևոր մասը: Փարաջանովի մայրը դաշնակահար էր ու երաժշտության ուսուցչուհի, պարի և երաժշտության դասերի էր հաճախում նաև Սերգեյը: Ռիթմի զգացողությունը, հետաքրքրությունը ձայների և երաժշտության նկատմամբ տարիներ անց իրենց ազդեցությունն էին ունենալու ոչ միայն փարաջանովյան կինոյի հարուստ ձայնային ձևավորման, այլ նաև մոնտաժի վրա:
Տարկովսին, Փարաջանովն ու ռեժիսոր Վասիլի Կատանյանը
Տարկովսկին
Միջնակարգ կրթությունն ավարտելով՝ Փարաջանովն ընդունվեց Մոսկվայում Վալերի Գերասիմովի անվան կինոինստիտուտ (ՎԳԻԿ), որն ավարտելուց հետո գործուղվեց Ուկրաինա՝ աշխատելու Կիևի կինոստուդիայում: Ուկրաինայում նկարահանած առաջին ֆիլմերը՝ «Մոլդովական հեքիաթը», «Առաջին տղան», «Դումկան», արված էին սոցիալական ռեալիզմի ոճով և դեռևս չունեին այն, ինչ հետագայում հայտնի էր դառնալու որպես «փարաջանովյան ձեռագիր»: Ըստ Փարաջանովի՝ իր կինոլեզվի ոգեշնչման և ձևավորման համար հեղափոխական եղավ Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը» (1962) ֆիլմը՝ սյուրռեալիստական, սիմվոլներով հարուստ պատերազմական դրաման: Տարկովսկուց ոգեշնչված Փարաջանովը նկարահանեց «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը (1964), որը հիմնված էր Ուկրաինական Կարպատներում ապրող գուցուլների լեգենդներից մեկի վրա. ֆիլմը ռեժիսորին մեծ ճանաչում բերեց: «Մոռացված նախնիների ստվերներով» սկիզբ առավ «փարաջանովյան կինոլեզուն», որը շարունակելու էր զարգանալ ու հարստանալ ռեժիսորի մյուս ֆիլմերում:
Ազգային լեգենդներ ու առասպելներ
Իսկ ի՞նչն է բնորոշում, ինչի՞ց է բաղկացած «փարաջանովյան կինոլեզուն»: Հիմնական հատկանիշը, որ միավորում է ռեժիսորի բոլոր ֆիլմերը, դրանց թեման է՝ այս դեպքում ազգային ֆոլկլորը, լեգենդներն ու պատումները: Արդեն «Մոռացված նախնիների ստվերներում» Փարաջանովն ընտրել էր գուցուլների լեգենդներից մեկը, որը պատմում էր Իվանի և Մարիչկայի դժբախտ սիրո պատմությունը: Ռեժիսորի հետագա ֆիլմերը կենտրոնացած էին Կովկասում և հիմնված տեղական նարատիվների վրա, օրինակ՝ «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984) վրացական ֆոլկ պատմություն էր, «Աշուղ Ղարիբը» (1988)՝ թուրքական, իսկ «Նռան գույնը» (1968) Սայաթ-Նովայի մասին էր, ով ողջ տարածաշրջանն ամփոփող հավաքական կերպար է:
Ֆոլկլորի արտահայտումը տեղի էր ունենում ոչ միայն սյուժետային գծերի շնորհիվ, որոնք որոշ ֆիլմերում հստակ չեն ուրվագծվում, այլև ծիսակատարությունների ու տոնակատարությունների, ավանդությունների պատկերմամբ: Սրանք հատկապես նշմարելի են «Մոռացված նախնիների ստվերներից» սկսած։
Լեզուն ու ճարտարապետությունը
Ավանդույթներին զուգահեռ՝ Փարաջանովը հատուկ տեղ էր հատկացնում նաև լեզվին, ինչը ներկայացվում է գլխավորապես գրավոր տեսքով՝ գրքերում, միջագրերում (intertitles). «Մոռացված նախնիների ստվերներում» օգտագործված է գուցուլների բարբառը, «Նռան գույնում» տեքստերը հայերեն են, վրացերեն և օսմաներեն: Ֆոլկլորի, տվյալ ազգի պատմությունն ու մշակույթը ներկայացնելու համար Փարաջանովը նաև պատկերում է պատմական ճարտարապետական կոթողներ՝ եկեղեցիներ, տաճարներր: Օրինակ՝ «Նռան գույնը» նկարահանվել էր Սանահինում ու Հաղպատում, իսկ ֆիլմը հարուստ է եկեղեցական սիմվոլիկայով: Ֆիլմի «ազգայնականությունը», եկեղեցական սիմվոլիկայի օգտագործումը խնդրահարույց թվաց խորհրդային իշխանություններին և նկարահանումների ավարտից որոշվեց, որ ֆիլմը չի կարող համամիութենական կինոթատրոնային տարածում ստանալ և կցուցադրվի միայն Հայաստանում: Արգելեցին նաև ֆիլմն անվանել նախապես որոշված վերնագրով՝ «Սայաթ-Նովա», քանի որ ըստ ղեկավար մարմինների՝ ֆիլմը կապ չուներ Սայաթ-Նովայի հետ: Որոշ ժամանակ անց որոշում կայացվեց հրավիրել Սերգեյ Յուտկևիչին, ով վերամոնտաժելու էր ֆիլմը, իսկ նոր տարբերակը կոչելու էր «Նռան գույնը»: Տասնամյակներ անց համաշխարհային շրջանառության մեջ էր մտնելու ֆիլմի յուտկևիչյան տարբերակը, որը, այնուամենայնիվ, ստեղծվել էր Փարաջանովի հետ համագործակցությամբ:
Կոլաժային կառուցվածք
Փարաջանովի ֆիլմերում ֆորման նույնչափ կարևոր է, որքան բովանդակությունը: Ֆորման իր հերթին կազմվում է մի քանի բաղադրիչներից, որոնք բնորոշում են ռեժիսորի ձեռագիրը: Փարաջանովի կինոյի կադրերը կամ դրանց «տեսողական պարունակությունը» ունեն կոլաժային կառուցվածք, որ համադրում են առօրեական և արտասովոր իրեր, մարդկանց ու կենդանիներին: Տեսախցիկը հիմնականում գտնվում է անշարժ դիրքում և վավերագրում է պատկերները: Այս տեսարաններում մարդիկ շարժվում են հստակ գծված խորեոգրաֆիայով՝ ստեղծելով պարային ու թատերական ներկայացում հիշեցնող միզանսցեններ: Այս նկարագրությունից որոշ չափով դուրս է «Մոռացված նախնիների ստվերներ» ֆիլմը, որտեղ տեսախցիկը շատ ավելի ճկուն է, իսկ հերոսները գտնվում են ավելի ակտիվ շարժման մեջ: Մյուս ֆիլմերում արդեն քննարկված տեխնիկաները լայնորեն օգտագործվում են: Կոլաժային տրամաբանությամբ է կառուցված նաև Փարաջանովի ֆիլմերի ձայնը, որը կարող է միախառնել շարականային երաժշտությունը տարբեր ձայների ու բնաձայնությունների հետ ու ստանալ արտասովոր, իսկ 1960-ականների համար հեղափոխական ձայնային ձևավորում: Զարմանալի չէ, որ ֆիլմի ձայնային ձևավորման համար Փարաջանովը հրավիրել էր Տիգրան Մանսուրյանին, ով ժամանակի ամենաավանգարդիստ կոմպոզիտորներից մեկն էր:
Կերպարվեստ
Մյուս կարևոր հատկանիշը, որ կիսում են Սերգեյ Փարաջանովի բոլոր ֆիլմերը, կապն է կերպարվեստի հետ: Ռեժիսորի գործերը ոչ միայն ոգեշնչված են հայտնի նկարիչներից, հատկապես Անրի Մատիսից և Նիկո Փիրոսմանիից, այլև երբեմն նվիրված են նկարիչներին ու նրանց գործերին: Այսպես, իր լիամետրաժ ֆիլմերին զուգահեռ Փարաջանովը հեղինակել է երկու կարճամետրաժ ֆիլմեր՝ նվիրված Հակոբ Հովնաթանյանին՝ «Հակոբ Հովնաթանյան» (1967) և Նիկո Փիրոսմանիին՝ «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով» (1985): Այս տասնհինգից քսան րոպե ձգվող ֆիլմերը մանրամասնորեն պատկերում են երկու մեծ նկարիչների կտավներն ու հատվածներն այդ կտավներից:
Մյուս ֆիլմերում կերպարվեստը ևս առկա է՝ որպես ռեժիսորի էսթետիկայի անբաժան մաս, ինչն արտահայտվում է հերոսների շրջապատի, հագուստների, ֆիլմի գույների փոփոխման միջոցով: «Նռան գույնում» նկատելի է նաև հայկական և պարսկական մանրանկարչության ազդեցությունը. օրինակ՝ իրանական մանրանկարչության մեջ հաճախ սիրեկանները պատկերվում են նույն դեմքով և ֆիլմում Փարաջանովն իր դերասանուհուն՝ Սոֆիկո Ճիաուրելիին տալիս է Սայաթ-Նովայի և վրաց արքայադստեր՝ Աննայի դերը՝ այսպիսով նույնացնելով սիրեկանների դեմքերը: Հայկական մանրանկարչությունն ու որմնանկարչությունը նույնպես ակտիվորեն ներկայացվում են ֆիլմում՝ վերստեղծելու անցյալը և ընդգծելու Սայաթ-Նովայի ոգեշնչման աղբյուրները: Փարաջանովի ֆիլմերում առանձնահատուկ են նաև հերոսների կոստյումները՝ գունավոր, զարդարուն և ճոխ։