Ինչպե՞ս սիրել ու հասկանալ ժամանակակից արվեստը
Ժամանակակից արվեստի ընկալման խնդիրն առկա է դրա ծագումից ի վեր։ Այն ինչպես բուռն ընդունվում, այնպես էլ քննադատության է արժանանում։ Բայց ի վերջո ինչպե՞ս հարաբերվել ժամանակակից արվեստին, եթե արվեստի գիտակ չես ու Այվազովսկուց այս կողմ ուրիշ արվեստագետ չգիտես, եթե ժամանակակից արվեստի ցուցասրահներից դուրս ես գալիս «էս իբր ի՞նչ էր» հարցով ու այլևս երբեք չվերադառնալու վճռականությամբ։ Փորձենք հասկանալ։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ Armenia Art Fair
Armenia Art Fair 2022 արվեստի տոնավաճառը տեղի կունենա մայսի 27-ից 30-ը։
Իմացեք, թե ինչի հետ գործ ունեք
Նախ՝ կարևոր է իմանալ, թե ինչ է ժամանակակից արվեստը։ Արդյոք ցանկացած ստեղծագործություն, որը մեր ժամանակակցի կողմից է ստեղծվել, կարելի է համարել ժամանակակից արվեստ։ Ո՛չ, կարճ ասած՝ «ժամանակակից արվեստն» արդեն տերմին է և այդպես անվանում են 1960-ականներից ձևավորված արվեստի նոր ուղղությունը (contemporary), որն 1990-ականներից ընդունված է անվանել նաև «ակտուալ արվեստ»։
Այն սկզբունքորեն հակադրվում է պատմական ավանգարդին, չնայած մեծ հաշվով ծագում է հենց նրանից։ Ժամանակակից արվեստը կիրառում է նոր մեթոդներ և մեդիաներ, ներմուծում նոր ձևեր ու հնարքներ (օբյեկտ, ինստալյացիա, պերֆորմանս, ակցիա, հեփենինգ, ռեդի-մեյդ, վիդեո արտ, լենդ արտ, ինչպես նաև ավանդական մեդիաների նոր դրսևորումներ)։
Այն տեխնիկական հմտության ու էսթետիկայի խնդիր չի դնում և հետազոտում է ժամանակակից սոցիալ-մշակութային-քաղաքական ոլորտները, բարձրաձայնում խնդիրներ, ըմբոստանում, ծաղրում կամ հակադրվում։ Այնպես որ՝ այո, ժամանակակից արվեստի ցուցադրության գնալիս պատրաստ եղեք տեսնել բաներ, որ դեռ երբեք չեք տեսել, պատրաստ եղեք զարմանալ ու ունենալ ամենատարբեր էմոցիաներ՝ զզվանքից մինչև հիացմունք։
Armenia Art Fair 2019
Դիտարկեք տեսածն ամբողջի համատեքստում
Ձգտեք դիտարկել արվեստի ստեղծագործությունը ամբողջի՝ արվեստի պատմության, ուղղությունների, ոճերի համատեքստում, փորձեք նկատել ժամանակաշրջանների երկխոսությունը։ Հաճախ նորն ավելի է կապված հնի հետ, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Մյուս կողմից՝ արվեստը, հատկապես ժամանակակից արվեստն անքակտելի է իր ժամանակի սոցիալ-մշակութային հարցերից, խնդիրներից։
Նույն կերպ պակաս կարևոր չէ կոնկրետ գործը դիտարկել տվյալ հեղինակի ողջ ստեղծագործության, հասունացման ու մետամորֆոզների համատեքստում։ Ահա թե ինչու ժամանակակից արվեստը և առանձին ստեղծագործությունը պետք չէ դիտարկել առանձին ու անջատ։ Այո, սա ենթադրում է որոշակի պատրաստվածություն, որոշակի գիտելիքների պաշարի առկայություն՝ հատկապես, արվեստի պատմության ոլորտում։
Նայելը քիչ է, տեսե՛ք
Ցանկացած վիզուալ արվեստի հետ հարաբերվելու առաջին քայլն այն տեսնելը, դիտելն ու զննելն է։ Հնարավորինս երկար կանգնեք գործի առաջ ու փորձեք որսալ վիզուալ ու զգայական ասոցիացիաները։ Փորձեք հնարավորինս շատ բան տեսնել ու նկատել։ Պակաս կարևոր չեն էմոցիաները. գույն, գիծ, ձև, ձայն, ֆակտուրա՝ այս բոլորը պետք է նկատել ու զգալ։
Մի՛ կենտրոնացեք գեղեցկության վրա։ Ժամանակակից արվեստի գերխնդիրը գեղեցիկը ստեղծելը չէ։ Այն ձգտում է դրդել մտորել ու գաղափար փոխանցել։ Այնպես որ, պետք չէ սպասել, որ ժամանակակից արվեստը անպայման կլինի գեղեցիկ և էսթետիկ հաճույք կպարգևի։
Armenia Art Fair 2019
Ամեն բան փոխվում է
Ինչպես ամեն բան այս աշխարհում՝ արվեստը ևս փոխվում է, տրանսֆորմացվում։ Ասել, որ ժամանակակից արվեստն ավելի վատն է, կամ ավելի լավը, քան այն, ինչ կար մինչ այդ, սխալ կլինի, այն պարզապես ուրիշ է՝ նոր։ Ինչպես ցանկացած նոր բան, այն պահանջում է ուսումնասիրություն, պետք է նաև սովորել հարաբերվել դրան։ Եվ եթե նախկինում արվեստի հետ առնչվելիս բավարար էր միայն գեղեցիկի զգացում ու ճաշակ, ապա հիմա արվեստը պահանջում է հասկանալ կոնցեպտը, իմանալ համատեքստը։ Եվ հիշեք՝ արվեստը մեզ ոչինչ պարտք չէ։ ժամանակակից սպառողական աշխարհում արվեստը ոչ թե մեր կարիքները հոգալու և զվարճացնելու, այլ իր իսկ նախաձեռնությամբ մեզ ինչ-որ բան ասելու մղումով է ստեղծված։
Ոչ, դուք այդպես չեք կարող
«Այդպես ես էլ կարող եմ». ժամանակակից արվեստի ցուցասրահներում ամենահաճախ հնչող արտահայտություններից է։ Դե՝ այո, տեխնիկապես նույնը կրկնել գուցե և կարողանաք, տեղ-տեղ գուցե շատ ավելի լավ ստացվի։ Բանն այն է, որ ժամանակակից արվեստը տեխնիկայի ու հմտության խնդիր չի դնում, կարևոր է նոր գաղափարը, իսկ այ դա կրկնելն արդեն անիմաստ կլինի։ Այնպես որ՝ սովորեք պարզապես վստահել այն մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են արվեստին, վստահեք արվեստագետներին, մշակութային հաստատություններին, համադրողներին, արվեստաբաններին ու արվեստի քննադատներին։ Փորձեք ինքներդ ձեզ դուրս քաշել սեփական փորձառության ու պատկերացումների սահմաններից և թույլ տվեք ձեզ հարաբերվել ժամանակակից արվեստի առաջարկած նոր փորձառության հետ։
Armenia Art Fair 2019
Ընթերցե՛ք
Ժամանակակից արվեստի ցուցահանդեսները, երբեմն էլ առանձին գործեր ուղեկցվում են համադրողի կամ հենց իր՝ արվեստագետի կողմից գրված տեքստով։ Ընթերցե՛ք, դա կօգնի շատ բան հասկանալ։ Ժամանակակից արվեստը լավ գիտի, որ դիտողից չափազանց շատ բան է պահանջում։ Դեռևս ավանգարդիստները դա գիտեին, ահա թե ինչու արվեստի մասին այդքան տեքստ գրվեց հենց 20-րդ դարում։ Ի դեպ՝ շատ բան ավելի հասկանալի կարող է լինել պարզապես ստեղծագործության վերնագիրը կարդալով։ Բայց անպայման ընթերցեք նաև ցուցասրահից դուրս։ Հետևեք մամուլին ու արվեստի աշխարհի նորություններին, ընթերցեք հոդվածներ ու քննադատական տեքստեր։
Իսկ ո՞վ էր խոստացել, որ հեշտ է լինելու։