Ինֆլուենսեր Դարֆինի բլոգը, հյուրանոցն ու խանութը
Կատուներ

Ինֆլուենսեր Դարֆինի բլոգը, հյուրանոցն ու խանութը

Ինչպես Դարֆին անունով կատվի որդեգրումով սկսվեց թեմատիկ բլոգ, մասնագիտացած խանութ, մի ամբողջ հյուրատուն ու կատուների որդեգրման հարթակ։ Պատմում է Darphin the Cat Hotel and Store-ի հիմնադիր Ռոզի Սեղբոսյանը։

Տեքստը՝ Լիլիթ Խաչատուրյանի


Լուսանկարները՝ Darphin the Cat Hotel and Store

 

ԵՐԵՎԱՆ #89 | 2025
 

#Կատուներ

Առաջին բախումն իրականության հետ

13 տարի առաջ Ռուսաստանից տեղափոխվեցի Հայաստան։ Այդ փոփոխությունը շատ արագ ու հստակ ցույց տվեց՝ մարդիկ այստեղ դրսի կենդանիներին չեն սիրում։ Կամ սիրում են, երբ շահ ունեն։ Օրինակ՝ կատուն սիրելի է դառնում, երբ տանը կամ պահեստում մուկ կա։ Այդ ժամանակ էլ ժամանակավոր «սիրում» են կատվին։ Մեր միջավայրի նկատմամբ օտար հայացքս ստիպում էր անընդհատ նկատել ու արձագանքել։ Կերակրում էի, կռվում էի, փորձում էի ինչ-որ բան փոխել։ Շատերը չարացած էին, ես՝ հոգատար։ Այդ հակադրության ֆոնին իմ հոգատարությունը գնալով ավելի էր ուժեղանում։

 

 

Դարֆինի պատմությունը

Մեծացել եմ սեփական տանը, միշտ շփվել եմ կենդանիների հետ։ Եվ երբ 2018-ին մենակ ապրելու հնարավորություն ունեցա, առաջին միտքս՝ պատրաստ եմ կենդանի որդեգրելուն։ Ճակատագրական էր Դարֆինի հայտնվելը։ Հայտարարությունով տեսա նրան, պարզվեց՝ Արմավիրում է։ Գնացի։ Ինքը փոքր չէր՝ վեց-յոթ ամսական։ Բերել էի տուն, բայց վախեցած մտել էր բազմոցի մեջ։ Մի քանի ժամ համոզելուց հետո միայն դուրս բերեցինք։ Եթե իմ փոխարեն ուրիշ մարդ լիներ, իր պահվածքից չէր վերցնի նրան։ Վայրի էր, անհասանելի։ Երեք օր վախեցած մի անկյուն էր մտել, մարդկանց չէր վստահում։ Բայց դա նորմալ է՝ դրսից վերցրած կենդանուն պիտի «կյանքի բերես»։

 

 

 

Ի՞նչ սովորեցրեց Դարֆինը

Դարֆինի միջոցով բացահայտեցի այն ամենը, ինչ իրականում նշանակում է հոգատարություն։ Սկսեցի ամեն բան ուսումնասիրել՝ մանրամասն, մասնագիտական մակարդակով։ Դարֆինն իմ ամենագիտակից տարիքի ընտրությունն է։ Մենք երկուսով էինք, ու այդ պատասխանատվությունը ձևավորեց ինձ որպես մարդ։ Ինքս ինձ բացահայտեցի իր միջոցով։ Իմ ուժը, կարողությունները, այս մոլորակի վրա պետք լինելս։ Ու նաև նրան արժանի կյանք նվիրելու պատասխանատվությունը։ Ուսումնասիրելով կատուների հոգեբանությունն ու մարդ-կատու համակեցությունը, մի հանրագիտարանի գիտելիքներ ձեռք բերեցի, որոնք էլ ուզեցի կիսել ուրիշների հետ։

 

Ինստագրամը՝ պատահականից դեպի առաքելություն

Եկավ COVID-ի շրջանը։ Բոլորս փակվեցինք, ժամանակ ունեցա։ Չէի պլանավորել, ուղղակի պարապությունից բացեցի Դարֆինի ինստագրամի էջը։ Առանց ստրատեգիայի, առանց կոնտենտ պլանի։ Իմ մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ եմ, մարքեթինգի ոլորտից, գիտեմ՝ ոչինչ հենց այնպես չի ստեղծվում այս ոլորտում։ Սկզբում Դարֆինի խաղալիքներն էի ձեռքով պատրաստում, վիդեո էի նկարում ու գցում ինստագրամ։ Զգացի մարդկանց արձագանքը։ Հետաքրքիր էր։ Բլոգը քիչ-քիչ զարգացավ, սեգմենտը նեղ էր, բայց հետաքրքրությունը՝ մեծ։ Մարդիկ գրում էին տարբեր հարցերով։ Ու մենք հազարավորներին օգնել ենք։ Դարֆինը դարձավ ինֆլուենսեր, իսկ այս գործը՝ առաքելության նման մի բան։

 

 

 

Խանութի գաղափարը ծնվում է կարիքից 

Դարֆինի համար հաճախ գնում էի տարբեր խանութներ, ուսումնասիրում, զրուցում, խորհուրդներ լսում։ Շատ անգամ սխալ ինֆո էին տալիս՝ չիմանալով, որ արդեն տեղեկացված եմ։ Ու մտածում էի՝ եթե ոլորտի մասնագետն է սխալ խորհուրդ տալիս, ես ի՞նչ ակնկալեմ։ Հասկացա՝ գիտելիք ունեմ, որը պետք է մասշտաբայնացվի։ Այդպես ծնվեց խանութ ունենալու գաղափարը։ Ոչ մի բան չեմ վաճառում, ինչը կարող է վնասակար լինել կենդանուն։ Բարեխղճությունն առաջնահերթ է։

 

Հյուրատան գաղափարը՝ անձնական ցավից

Դարֆինն արդեն հինգ տարեկան էր, ու ես երբեք երկարաժամկետ ճանապարհորդության չէի գնացել։ Բայց մի օր եկավ այդ օրը… Բա Դարֆի՞նը։ Իհարկե կարող եմ մարդկանց խնդրել կերակրել, բայց մի մասնիկդ ուրիշին վստահելը շատ բարդ է։ Տեսա՝ շուկայում կան հյուրատներ։ Գնացի, ուսումնասիրեցի ու տարածքների հոտից, կենդանիների խառնաշփոթից հասկացա՝ չեմ կարող։ Դարֆինը երբ լսի շան ձայն, չի քնի։ Իսկ քնի խանգարումը մահացու է կատուների համար։ Որոշեցի մոռանալ հյուրատան գաղափարը։ Փնտրեցի մարդ, որ գա մեր տուն կատվին խնամի, բայց դա էլ լուծում չէր։ Ու այդ ճանապարհորդությունից էլ սկսվեց մեկ այլ պատմություն։


Սկզբում մի մասնաճյուղ՝ Հալաբյանում։ Հիմա երկուսը՝ առավելագույնը 10 կատվի համար։ Բայց ոչ բոլոր կենդանիներն են ընդունվում։ Մենք չենք բերում քսան կատու ու մի տեղ լցնում։ Յուրաքանչյուրին անհատական մոտեցում ենք ցուցաբերում։ 


Առաջնահերթությունը որակն է։ Անհասանելի՝ ոչ գնով, այլ մտածելակերպով։ Պարտադիր պայման է, որ կատուն ունենա բժշկական անձնագիր, լինի ստերջացված, սա գրագետ մոտեցում է, որը կանխում է վարակների տարածմանը։ Մի քանի բժշկական հետազոտություններ ու եթե ամեն ինչ լավ է, բարի գալուստ մեր հյուրատուն։ Շատերը չեն պատկերացնում ինչպես գրագետ խնամել կատվին։ 10-ից մեկն է դառնում հյուր, իսկ ինն արդեն իրազեկված են։ 


Մեր հյուրերը կարող են մնալ առավելագույնը մեկ ամիս։ Հետո արդեն հոգեբանական ճնշվածություն են ապրում, ինչն ինձ համար անընդունելի է։ Առաջին օրերը բացահայտում են տարածքը, հետո սկսում են լկստվել, երրորդ շաբաթից՝ տխրել։ Մենք ամեն մեկին մոտենում ենք նրան համապատասխան։ Ոչ ոքի չենք ստիպում լինել «ակտիվ», հակառակը՝ մենք բացահայտում ենք նրա անհատականությունն ու ստեղծում նրան համապատասխան հարմարավետ միջավայր։ Տերերն ունեն 24/7 տեսահսկման հնարավորություն։ Կարճ կարելի է ասել, որ մենք ապահովում ենք լիարժեք հանգիստ ոչ միայն կատուների համար, այլև նրանց տերերի։ 

 

 

Որդեգրություն. տարիների փորձ ու սեր

Որդեգրության փորձս վաղուց է սկսվել։ Սկզբում ինտուիտիվ, հետո՝ գիտակցված։ Երբ փոքր էակին փոխանցում ես մեկին, մեծ պատասխանատվություն է։ Սկսեցի իրազեկել։ Մանրամասն հարցնում եմ ամեն ինչ։ Տպագրեցինք երկլեզու «Կատուների խնամքի» ուղեցույց՝ ալերգիաներից մինչև տարրական խնամք։ Ինչ պետք է իմանալ մինչ որդեգրումը և հետո։ Կիսվում ենք ուղեցույցով բոլորի հետ։ 


Երջանիկ պահեր են, երբ ուղարկում են լուսանկար «Ութ տարի առաջ ձեզնից կատու ենք վերցրել» գրությամբ։

հավելյալ նյութեր