Ինքս ինձ իմ կողմից․ Ամասիա Նիզիբլյանի առաջին ցուցահանդեսը
«Ես Ամասիան եմ և հրավիրում եմ ձեզ իմ առաջին ցուցահանդեսին, որտեղ կներկայացնեմ ժամանակակից իլուստրացիաներ և վիդեո աշխատանքներ»,— ասվում է ֆեյսբուքյան իվենթում։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ Ցուցահանդեսի ֆբ-էջից
Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 8-ը
Հոկտեմբերի 1-ին ԵՐԵՎԱՆը գնաց ՀայԱրտ մշակութային կենտրոն՝ Ամասիայի հետ հանդիպելու:
Վիզուալ նոթագրություն
Հասարակ թուղթ, հասարակ գրիչ ու մի ամբողջ նոթագրություն, բայց ամբողջությամբ վիզուալ։ Հետաքրքիր է հետևել, թե ինչպես է մի աղջնակ վիզուալ նոթերով պատմում իր կյանքի ու զգացմունքների, խոր ապրումների ու տպավորությունների մասին, ինչպես է կիսվում այդ շատ անձնական դրվագներով ու հիշողություններով, բայց մինչև վերջ չի բացահայտում դրանք։ Ինչպես ինքը՝ Ամասիան է ասում․ «Շատ բաներ այդ պատկերներում միայն ես կարող եմ հասկանալ ու դրանք միայն ինձ համար են»։ Մանկուց ի վեր նոթատետր ունենալու սովորությունն օրերից մի օր վերաճեց նոթատետրի էջերին ոչ թե տեքստ գրելուն, այլ նկարելուն։ Արդյունքում՝ Չեխիայում սովորելու տարիներին, մենակության մեջ, Ամասիան սկսեց վիզուալիզացնել իր ապրումները։ Ինչ-որ պահի դրանք ավելի կարևոր ու հետաքրքիր դարձան ու վերաճեցին մի ամբողջ շարքի, հետո էլ՝ ցուցահանդեսի։
Վիդեոնոթագրություն
Ցուցահանդեսին Ամասիան ներկայացավ ոչ միայն գրաֆիկական աշխատանքներով, այլև վիդեո-արտով։ Յուրահատուկ կապ կա այդ երկուսի մեջ․ մի կողմից նոթագրությունը տեղի է ունենում թղթի վրա՝ գրաֆիկական պատկերների միջոցով, մյուս դեպքում՝ տեսագրված նյուզֆիդի, առօրյայի ու ձայնագրված երկխոսությունների միջոցով։ Սա Ամասիան համարում է ավելի քիչ անձնական, այստեղ նա ավելի բաց է դիտողի առջև։ Մի դեպքում ներկայացնում է իր կյանքը կարանտինի ընթացքում, մյուս դեպքում ներկայանում պատերազմի հետ կապված իր զգացմունքներով, մեկ այլ գործում՝ փորձում լայվ պերֆորմանսի տեսագրության միջոցով բացահայտել ընտանեկան խիստ անձնական պատմություն։ Բոլոր դեպքերում էլ Ամասիան դիտողին հրավիրում է մասնակցելու իր առօրյային, անցնելու այդ առօրյայն իր հետ միասին։
Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 8-ը։