Invisible friends. «Մուլտֆիլմ կարելի է ստանալ ամեն ինչից»
Անիմացիա

Invisible friends. «Մուլտֆիլմ կարելի է ստանալ ամեն ինչից»

Ինչո՞վ է տեխնոլոգիաների դարում գրավում ձեռագործ անիմացիան, ինչո՞ւ է կարևոր փորձի փոխանցումը և ե՞րբ լույս կտեսնի Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա նկարահանվող լիամետրաժ անիմացիոն ֆիլմը. ԵՐԵՎԱՆը շփվել է Invisible Friends դպրոց-ստուդիայի համահիմնադիր Յուրա Բոգուսլավսկու հետ, իսկ Դանիիլ Պրիմակը վավերագրել է ստուդիայի մի քանի ստեղծագործական օրերը։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի


Լուսանկարները՝ Դանիիլ Պրիմակի

 

ԵՐԵՎԱՆ #88 | 2025

#Կինո

Համախոհների համայնք

Invisible Friends-ը և՛ ստուդիա է, և՛ դպրոց, և՛ համայնք։ Ընդ որում, այդ համայնքում հավաքված են ոչ միայն նեղ անիմացիայով զբաղվող մարդիկ, այլև խաղարկային կինոյի մարդիկ, սցենարիստներ, նկարիչներ։ Միասին մենք անում ենք ամենատարբեր տեսակի նախագծեր՝ հեղինակային կինոյից մինչև գովազդներ ու, օրինակ, անիմացիոն հատվածներ թատերական ներկայացումների ու ֆիլմերի համար չենք սահմանափակում մեզ ձևաչափերով ու ժանրերով։ Բայց ամենակարևորը երևի այս մարդկանց մեծ խմբի ներսում ընկերական հարաբերությունների պահպանումն է։ 

 

 

Մոսկվայից Երևան

Invisible Friends-ը ձևավորվել է Մոսկվայում, բայց արդեն երեք տարի է՝ Երևանում ենք հիմնավորվել, թեև խմբի մի մասն ապրում է Թբիլիսիում, մյուսները՝ տարբեր այլ երկրներում։ Մյուս կողմից, մենք վաղուց մտադրություն ունեինք տեղափոխվելու այս տարածաշրջան, որովհետև մեր համահիմնադիր Իլյա Յուդովիչն արդեն երկա՜ր տարիներ աշխատում է իր խենթ նախագծի վրա՝ լիամետրաժ stop-motion անիմացիոն ֆիլմ՝ Սարոյանի պատմվածքների հիման վրա։ Էնպես որ մեր ստուդիայում պարբերաբար հայտնվում էին պլաստիլինե տեսարաններ Հայաստանից՝ լեռներով, եկեղեցիներով, տներով։ Ու մենք դեռ այն ժամանակ հաճախ էինք լինում այստեղ, ունենք բազում ընկերներ։ Իսկ 2022-ից տեղափոխվեցինք, որպեսզի ավելի շատ ազատություն ու նոր ոգեշնչում ունենանք։ 

 

Իմ սիրտը

Այստեղ ժամանակը մի քիչ ավելի հանգիստ է հոսում Մոսկվայի հետ համեմատ, բայց նույնիսկ այդպես մենք բավական մեծ գործ ենք հասցրել անել։ Մենք վերջապես կարողացանք ավարտին հասցնել Իլյա Յուդովիչի «Իմ սիրտը» ֆիլմի նկարահանումները՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի ու ArtStep ստուդիայի (ի դեմս պրոդյուսեր Արմինե Հարությունյանի) աջակցությամբ։ Թվում էր, թե սա անվերջ նախագիծ է, որը մենք պարզապես ընդմիշտ նկարելու ենք, բայց ահա, արդեն աշխատում ենք վերջնական տեսքի վրա ու սպասում կինոթատրոններում հայտնվելուն՝ այս տարվա վերջում, կամ հաջորդի սկզբում։ 

 

 

 

Դպրոց 

Իսկ երկրորդ մեծ արդյունքը, անշուշտ, դպրոցն է, որը բացեցինք Երևանում։ 15 տարվա ընթացքում մենք բավական մեծ փորձ ենք հավաքել, բազմաթիվ փորձարկումներ ենք արել ու ժամանակն էր եկել փոխանցելու այդ գիտելիքները։ Բացի այդ, երբ դասավանդում ես, ինքդ քեզ համար ավելի հստակ ձևակերպում ես, թե ինչով ես զբաղված։ Եվ իհարկե, դպրոցը հրաշալի միջոց է լայնացնելու համախոհների ցանցը, առաջ բերելու նոր մարդկանց, որոնք կիսում են մեր պատկերացումներն անիամացիայի ու արվեստի մասին։ 
Գլխավոր կուրսը նվիրված է ձեռագործ անիմացիային։ Մեկ տարում ուսանողները կարողանում են սեփական մի րոպեանոց ֆիլմերը նկարել։ Ավարտական ֆիլմերից մի քանիսը հետո ստացել են արդեն ավելի լուրջ աջակցություն ու հիմա ուսանողական ֆիլմերից վերածվել են լիարժեք, արտադրական փուլում գտնվող անիմացիոն ֆիլմերի։ Շատ հպարտ ենք այդ արդյունքով։ Հատկապես հաշվի առնելով, որ մեզ համար սա նոր փորձառություն էր՝ նոր միջավայրում։

 

Անիմացիայից անդին

Բայց բացի բուն անիմացիայից ունենք կոմիքսներին նվիրված կուրս, որը վարում են հրաշալի նկարիչներ Քրիսն Ռեյնբոուն ու Շամիրամ Խաչատրյանը, սցենարական կուրս, վորքշոփեր, որոնց ընթացքում յոթ-ութ ֆիլմ է ստեղծվել, համագործակցություն ենք սկսել ուրիշ ստուդիաների հետ և այլն։ Հաճելի է, որ մենք մեր տեղն ենք գտել հենց այս ժամանակ Հայաստանում լիարժեք ձևավորվող անիմացիոն ինդուստրիայի մեջ։ Նաև ընկերացել ու համագործակցել ենք Ժողովրդական արվեստի թանգարանի, Թումոյի, Հայաստանի հրեական համայնքի և ուրիշների հետ։ 

 

 

 

Ձեռքի աշխատանք

Stop-motion տեխնիկան մեր ամենասիրելին է անիմացիայում։ Թեև ուզում եմ նշել, որ դա միայն տիկնիկային անիմացիան չէ, այլ այն ամենը, ինչ արվում է ֆոտոխցիկի միջոցով ու ձեռքի աշխատանքով՝ պլաստիլին, տիկնիկներ, կտորներ, կոլաժներ, ի՜նչ ասես։ Մուլտֆիլմ կարելի է ստանալ ամեն ինչից։ Մենք սիրում ենք փորձարկել, նոր նյութեր առաջ բերել, դրանով դիտողին մի անսպասելի բան ցույց տալ ու գուցե շեշտադրել ֆիլմի ասելիքը։ Օրինակ, չգիտեմ, կոտրված սրտի մասին պատմությունը կարող է նկարահանվել կոտրված ապակու միջոցով ու դա արդեն կլինի խոսուն վիզուալ փոխաբերություն։ Ես հավատացած եմ, որ ժամանակակից տեխնոլոգիաների անհավատալի զարգացումը հենց ավելի արժեքավոր է դարձնում այս ձեռագործ աշխատանքը։ Չեմ կարծում, որ մարդիկ երբևէ կհոգնեն ածուխով պատին մի բան նկարելուց կամ կավի հետ խաղալուց։ Էկրանից էլ միշտ տեսանելի է, թե երբ է կատարվողի հետևում կանգնած կենդանի մարդ, երբ՝ մեքենա։ Մի խոսքով, սա լավ է և՛ անողների, և՛ դիտողների համար։ 

 

 

 

Պիքսելավորում 

Հիմա պիքսելավորման լաբորատորիա ենք անցկացնում։ Դա յուրահատուկ տեխնիկա է, երբ կադրում դերասաններ են, բայց նկարվում են ոչ թե վիդեո ֆորմատով, այլ կադրային։ Ստացվում է stop-motion, բայց հանդերձավորված դերասաններով։ Անվանումը, ի դեպ, կապ չունի պիքսելի հետ, արմատը պիքսին է՝ բրիտանական առասպելաբանության մեջ կախարդական կերպարներ են փերիների տիպի, որոնք կարողանում են մարդուն քարացնել տեղում, ապա ստիպել նրան շարժվել ըստ իրենց ցանկության։ Յան Շվանկմայերն այդ տեխնիկայի ամենամեծ մասնագետն է, բայց իր մոտ սովորաբար բավական մռայլ ու վախենալու պատմություններ են, իսկ մենք զավեշտալի պատմություն ենք ստեղծում։

հավելյալ նյութեր