Իրենցը Դիլիջանն է
Դիլիջանցիներ

Իրենցը Դիլիջանն է

Յոթ պատմություն՝ Դիլիջանում նոր կյանք սկսած մարդկանց մասին, որոնք ակտիվորեն մասնակցում են քաղաքի նոր ժամանակակից դեմքի ստեղծմանը։

Լուսանկարներն ու տեքստը՝ Բիայնա Մահարու

 

ԵՐԵՎԱՆ #92 | 2026

#Դիլիջան

Զառա

Սանկտ Պետերբուրգ / Դիլիջանում՝ 2023-ից

 

 

Դիլիջանցի Զառան ինքն իրեն խոսք էր տվել, որ երբեք Դիլիջան չի վերադառնալու, սակայն 26 տարի Պետերբուրգում ապրելուց հետո 2023 թվականին կյանքը նրան ընտանիքով հետ բերեց այստեղ։ Ազնվորեն պատմում է՝ գոհ չէր: Այսօր՝ երեք տարի անց, որոշել է, որ երբեք Դիլիջանը չի լքի: Ինքն էլ չի հասկանում՝ այդ փոփոխությունը ինչպես և երբ է տեղի ունեցել, ասում է՝ այստեղի ջերմությունն ու հանգստությունն անփոխարինելի են:

 

Այստեղ Զառան ղեկավարում է Դիլիջանի հարուստ ներկապնակի գույներից մեկը՝ Rolls արագ սննդի կետը: Rolls-ը ոչ միայն արագ սննդի կետ է, այլև վերածվել է համայնքային կենտրոնի, որտեղ, օրինակ, շաբաթական մի քանի անգամ հայերենի անվճար դասեր են անցկացվում:

 

— Դիլիջանն ինձ սովորեցրել է կյանքը վայելել։ Դուրս գալ մեգապոլիսների մշտական մրցավազքից և վերջապես ապրել:

 

Դիլիջանցի Զառան իր դիլիջանցի ամուսնուն հանդիպել է Սանկտ Պետերբուրգում և այժմ իրենց երեխաները սովորում են Դիլիջանի միջազգային դպրոցում. ասում է՝ երբեք այդքան երջանիկ չեն եղել: Թեպետ ամուսինը Երևանում մի քանի սրճարան ունի, բայց նույնիսկ Երևան տեղափոխվելու մասին Զառան լսել չի ուզում. ասում է՝ իրենը Դիլիջանն է:

 


 

Ժենյա

Մոսկվա / Դիլիջանում՝ 2022-ից

 

 

Ժենյան ասում է՝ Հայաստան տեղափոխվելու միտքը ծագել էր դեռ 2020-ին, երբ քովիդի պայմաններում Ռուսաստանում մեծ քաղաքից տեղափոխված ընտանիքը հասկացավ, թե ինչ կարևոր է իրենց փոքրիկին նման խաղաղ պայմաններում մեծացնելը: 2022-ին կյանքը որոշեց մի փոքր իրենց շտապեցնել և ընտանիքով տեղափոխվեցին միանգամից Դիլիջան, քանի որ այստեղ է գտնվում Ժենյայի պապական տունը: Այնպես ստացվեց, որ փոխանակ Ժենյան գտներ աշխատանք, աշխատանքը նրան գտավ: Անընդհատ Հայաստան այցելող ծանոթները խնդրում էին ինչ-որ հետաքրքիր տեղեր տանել, իսկ Ժենյան, որ առաջին անգամ դեռ հեռավոր 2012-ին էր ամբողջ Հայաստանով լավ պտտվել, սիրով օգնում էր. շուտով հասկացավ, որ դա կարող է նաև լավ գործ դառնալ.

 

«Շատերը Դիլիջան գալուց գալիս են կենտրոնական հրապարակ, նկարվում են Միմինոյի արձանի հետ և զարմանում են, թե՝ սա՞ է ամբողջ քաղաքը։ Իրականում Դիլիջանը մի քանի կենտրոն ունի ու տարբեր կետերի միջև կես ժամ հեռավորություն կարող է լինել՝ հին քաղաք, նոր քաղաք, «Պապանինո», «Թախտը», «Շամախյանը» և այլն: Կա տարածված կարծիք, որ այստեղ բան չկա անելու, բայց ես ի սկզբանե այդ միֆն ուզում էի ոչնչացնել, չէ՞ որ այստեղ այնքան զբաղմունք կա, ուղղակի դրանք պետք է գտնել»:

 


 

Մելինե

Երեվան / Դիլիջանում՝ 2005-ից

 

 

Մելինեն և իր ամուսինը դեռ Երևանում ապրելու տարիներին ունեին երազանքներ. Ռազմիկը՝ ապրել գետի ափին փայտե տնակում, իսկ Մելինեն՝ մինչև 35 տարեկանում ստեղծել աշխատող բիզնես: 2005-ին երկար մտածելուց հետո, թե որ քաղաքում փորձեն միավորել երազանքները՝ ընտրեցին Դիլիջանը, որպես դեռ շատ չտարածված, բայց խոստումնալից ուղղություն։ Առաջին իսկ պատահած վաճառվող տունն այնպես գրավեց, որ այստեղ երկուսով ապրում են արդեն 20 տարի՝ աշխատեցնելով Դիլիջանի ամենասիրված հյուրատներից մեկը՝ «Դարավանդը»: Մելինեն ասում է՝ «Դարավանդը» ո՛չ իր, ո՛չ էլ Ռազմիկի համար պարզապես բիզնես երբեք չի եղել. այն ապրելակերպ է և մարդկանց հետ որակյալ շփում ստանալու պահանջարկը ռեալիզացնելու տարածք:

 

Այս տարվանից «Դարավանդում» գործում է նաև ռեստորան՝ Մելինեի հեղինակային խոհանոցով, որով նա շատ է հպարտանում:

 

«Դիլիջանն ինձ սովորեցրել է չփորձել մարդկանց սովորեցնելով փոխել, ուղղակի լինել, եթե խորհուրդ են հարցնում` տալ և քո սեփական օրինակով ոգեշնչել և փոխել: Պետք է համեստ և հարգալից լինել, երբ մտնում ես տարածք, որտեղ ապրել են մարդիկ իրենց սովորություններով ու ավանդույթներով: Պիտի բերես քո փոփոխությունները, բայց համեստ»:

 


 

Դիանա

Երեվան / Դիլիջանում՝ 2014-ից

 

 

Դիանային Դիլիջան առաջին անգամ 2008-ին բերել էր աշխատանքը: Մի քանի ամսվա գործ էր, հյուրանոցի բացումն էր պետք կազմակերպել։ Բացումից հետո Դիանային առաջարկեցին մնալ և ղեկավարել հյուրանոցը: Համաձայնեց: Երևանում շատ պահող բան չուներ, աշխատանքն էլ երիտասարդ աղջկա համար խոստումնալից էր ու հետաքրքիր, բայց մեկ ու կես տարի անց ձանձրույթը ստիպեց փախչել հետ՝ Երևան, ասում է՝ դեռ չէր հասկանում, որ արդեն սիրահարվել էր քաղաքին. Բայց սերը եկավ հետո:

 

«Երբ գալիս էի Դիլիջան ուղղակի այցի, քաղաք մտնելուց ուրախանում էի, ամեն ինչ ինձ թվում էր հարազատ: Երևանում էլ ամբողջ օրը Դիլիջանի մասին էի խոսում, արդեն բոլորին հոգնեցրել էի: էդ ժամանակ հասկացա, որ շատ եմ կապվել: Միգուցե սերը բխեց կապվածությունից»,– ասում է Դիանան:

 

2014-ին Դիանան նորից հրավեր ստացավ ղեկավարելու հյուրանոցը, շուտով Դիլիջանում աշխատանքի հրավեր ստացավ նաև իր ապագա ամուսինն ու երկուսով տեղափոխվեցին:

 

«Ամուսնուս հետ այստեղ Դիլիջանում եմ ծանոթացել, հիմա էլ ունենք փոքրիկ: Միգուցե ես Դիլիջանն այդքան սիրեցի, որովհետև իմ կյանքում այդքան փոփոխություններ եղան այստեղի հետ կապված, չգիտեմ, բայց Դիլիջանն ինձ մասնագետ է սարքել և օգնել է կայանալ որպես անձ»:

 


 

Նարինե

Աբովյան / Դիլիջանում՝ 2020-ից

 

 

Չեխիայում կարպետագործություն դասավանդելուց և Արցախում «Դասավանդիր Հայաստան» ծրագրով որոշ ժամանակ ապրելուց հետո Նարինեն որոշել էր, որ ուզում է վերադառնալուն պես մենակ ապրել: Մտածում էր Գյումրիի մասին, բայց ասում է՝ իր մրսկան լինելը Գյումրին մրցակցությունից հանեց, իսկ Երևանը տարբերակներում չէր էլ դիտարկվում.

 

«Երևանը չեմ սիրում։ Ավելի ճիշտ՝ չեմ սիրում այն, ինչ անում են Երևանի հետ»,– ասում է Նարինեն։

 

Այսպես, առանց որևիցե պլանի, Նարինեն հայտնվեց Դիլիջանում: Սկզբում դասավանդում էր գորգագործություն Դիլիջանի համայնքային զարգացման կենտրոնում, իսկ հետո պատահականորեն հայտնաբերեց իր նոր սիրելի զբաղմունքը՝ գինու համտեսը։

 

Նարինեն «Հովազ» գինիների համտեսի սրահում աշխատում է 2024-ից: Երբ հետևում ես՝ ինչպես է նա պատմում տեղում պատրաստվող փրփրուն գինիների մասին, կարծես լսես երիտասարդի, որ պատմում է իր հենց նոր ծնված առաջին սիրո մասին: Այժմ Նարինեն պատրաստվում է գինիների ճանաչելիության հեղինակավոր WSET միջազգային սերտիֆիկացիայի երկրորդ մակարդակը հանձնելուն:

 

«Դիլիջանն իմ ռիթմը փոխել է։ Այլևս չեմ վազում կամ շտապում։ Շրջապատս փոքրացրել է, որակը՝ լավացրել, մաքուր օդ է ինձ տվել, ինքնաճանաչողություն և բալանս: Այն, ինչ վաղուց փնտրում էի, գտա Դիլիջանում»:

 


 

Ելենա

Աբովյան / Դիլիջանում՝ 2015-ից

 

 

Ելենան Դիլիջանը միանգամից չի ընտրել, սկզբից Դիլիջանն է իրեն ընտրել, ավելի ճիշտ՝ իր ամուսնուն: Աշխատանքային հրավերը ստանալուց հետո միասին որոշեցին, որ եթե երեխաներն ընդունվեն այն ժամանակ նորաբաց Դիլիջանի Կենտրոնական դպրոց, կտեղափոխվեն: Այդպես էլ եղավ: Այս 11 տարիների ընթացքում Ելենան ամուսնու հետ միասին այստեղ է մեծացրել իր երեք որդիներին, ասում է՝ եթե ընտանիքում փոքր երեխաներ կան, Դիլիջանն ապրելու իդեալական տեղ է, թե՛ ապահովության տեսանկյունից, թե՛ տարբեր խմբակներ հասցնելու, թե՛ բնությանը մոտ լինելու: Արդեն 8 տարի է, ինչ Ելենան աշխատում է Դիլիջանի կենտրոնական դպրոցում որպես դասղեկ և գրադարանավար: Հարցնում եմ՝ արդյոք չի՞ ձանձրանում փոքր քաղաքում, զարմանում է, ասում է՝ լիքը բան չի հասցնում, ամբողջ օրը մի տեղից մյուսն է վազում. ազգային պարեր, տարբեր խմբակներ, հանդիպումներ, շատ բաներ հենց ինքն է կազմակերպում: Ելենան ինքը վաղուց դարձել է դիլիջանյան կյանքը կերտող կարևոր շարժիչ ուժ:

 

«Դիլիջանն ինձ սովորեցրել է շատ բան հասցնել, բայց չշտապել: Չընկնել քաոտիկ բրոունյան շարժման մեջ: Այստեղ ժամանակը կարող է չհերիքել, բայց հերիքում է ամեն ինչի համար, ինչն իսկապես կարևոր է»:

 


 

Մագա

Նոյեմբերյան / Դիլիջանում՝ 2025-ից

 

 

Նոյեմբերյանում ծնված Մագային Դիլիջանի հետ անվերադարձ կապել է կրթությունը. այստեղ նա սովորել է Դիլիջանի Արվեստի պետական քոլեջում, որից հետո մի քանի փորձ է արել տարբեր քաղաքներում ապրել։ Բայց այնպես է ստացվում, որ վերջում ճանապարհները նրան միշտ Դիլիջան են վերադարձնում:

 

— Այստեղի ճարտարապետական ոճից ուրիշ տեղ չեմ գտնում, բացի դրանից բնությունն եմ սիրում. դիրքը ավելի բարձր ա, քան Նոյեմբերյանում, միշտ քեզ սարի գագաթին ես զգում:

 

Մագան այստեղ երաժշտության դասեր է տալիս, նաև ելույթներ է ունենում, համագործակցում Դիլիջանում տարբեր ռեստորանների հետ: Ըստ Մագայի՝ Դիլիջանը զարգացման շատ սիրուն ճանապարհով է գնում և ապագայում Հայաստանի Պետերբուրգն է դառնալու:

 

«Երևանում միշտ տագնապ եմ զգում, ոնց որ ինքս ինձնից կտրվեմ, չհասկանամ՝ ես ով եմ էս քաղաքում: Եթե երկրում վիճակը լավ լինի, Դիլիջանում ապրելն էլ շատ մարդկանց համար կդառնա հարմար ու հաճելի: Մարդիկ, որոնք ուղղակի չեն ուզում Երևանում ապրել, կգան այստեղ: Հիմա էլ Դիլիջանում հավաքվում է Հայաստանի ինտելեկտուալ մասը. ես ինձ դրա մեջ չեմ ներառում»,– համեստորեն ավելացնում է Մագան,– «կողքից եմ դատում… Դիլիջանը շատ մեծ պոտենցիալ ունի Հայաստանի մշակութային կենտրոնը դառնալու»:

հավելյալ նյութեր