Ինչու փակվեց Irish Pub 26-ը, և ինչու է այդուհանդերձ վերաբացվում
Փետրվարի սկզբին երևանյան փաբասերներին ցնցեց անհավանական թվացող մի իրադարձություն։ Փարպեցի 26 հասցեում արդեն 17 տարի գործող Irish Pub 26-ը փակվեց, ընդ որում, բավականին տխուր հանգամանքներում՝ վարձատուի հետ ֆինանսական տարաձայնությունների պատճառով։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով երաժիշտ և փաբագնաց Արթուր Աթայանը պատմում է՝ ինչպես Երևանում ծլեց և ծաղկեց «Այրիշը» ու, առհասարակ, ինչու են իռլանդական փաբերն այդքան տարածված ամբողջ աշխարհում։
10.02.2026Irish 26. սկիզբ
Irish Pub 26-ի պատմությունը սկսվում է Փարպեցի տեղափոխվելուց մոտ մեկուկես-երկու տարի առաջ, երբ Սարյան-Թումանյան խաչմերուկի նկուղներից մեկում բացվեց «Shamrock» կոչվող մի փաբ։ Հեռավոր 2007 թվականն էր․ մայրաքաղաքի փաբային բումը դեռ առջևում էր․ երիտասարդները նոր-նոր էին սովորում, թե ինչ է փաբն ու ինչպես են այնտեղ ժամանակ անցկացնում։ Որոշ ժամանակ անց փոխվեց Shamrock-ի սեփականատերը, և փաբը տեղափոխվեց այլ, ավելի ընդարձակ նկուղ՝ թողնելով հին տարածքը (որտեղ, իմիջիայլոց, հետագայում կբացվի «Պրոցես» բարը)։ Նոր հասցեն էր Փարպեցի 26, ու փաբը դրա պատվին էլ կոչվեց Irish Pub 26:
Սարյանն ու հարակից փողոցները այդ թվերին բնավ չէին հիշեցնում մեր իմացած աշխույժ և բոհեմական փոքր կենտրոնը։ Չկային բազմաթիվ ռեստորանները, Սարյանի մեծ հյուրանոցի փոխարեն հին տներ էին, որտեղ ժամանակին ապրում էին անվանի ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանը, Վարազդատ Հարությույնյանը։ Չկային Գինու օրերը, դեռ չէր բացվել անգամ առաջին գինետունը, իսկ փողոցի այժմյա ամենաակտիվ հատվածում՝ Պուշկինի խաչմերուկում, երեկոները մութ էին և անհրապույր․ չկար ուրախ անցուդարձ, փոխարենը՝ կասկածելի անձինք և փողոցային շներ։ Նույնը վերաբերում էր Բուզանդ, Արամի, Պուշկին և, իհարկե, Փարպեցի փողոցներին։

Եվ հենց Փարպեցին, հանգամանքների բերումով, դարձավ փաբատերերի սիրելի վայրը։ Irish 26-ի տեղափոխությունից հետո այստեղ մի քանի այլ փաբ ու սրճարան բացվեց, սկսեցին երիտասարդներ հավաքվել, ու փողոցն աշխուժացավ։ Արդեն 2010-ականների սկզբին փաբերն այնքան շատացան, որ Փարպեցին կատակով սկսեցին «Փաբեցի» անվանել։ Հենց այս տարիներին Irish 26-ը սկսեց ձեռք բերել ավանդական իռլանդական փաբին բնորոշ գծեր՝ փայտով ձևավորված ինտերիեր, լիքը կանաչ գույն, դրոշակներ, սբ․ Պատրիկի օրեր և այլն։ Եվ սա շատ լավ առիթ է մի հետաքրքիր հարցի համար՝ ո՞րն է իսկական իռլանդական փաբի բաղադրատոմսը։
Իռլանդական փաբերի մասին
Փաբային մշակույթն արմատներով գնում է դեպի միջնադարյան պանդոկներ, որտեղ հոգնած ճամփորդներին վաճառվում էր մոտակա վանքերում պատրաստված ալկոհոլը։ Տասնյոթերորդ դարի կեսերին անգլիական իշխանությունները, ձգտելով կարգավորել խմիչքի շուկան, պանդոկպաններին ստիպեցին ալկոհոլ վաճառելու հատուկ լիցենզիաներ ստանալ։ Հավանաբար, մոտավոր այս ժամանակ դրանք սկսեցին կոչվել «public house», այսինքն՝ հանրության տուն (չխառնել հասարակաց տների հետ)՝ վայր, որտեղ կարելի էր միասին ալկոհոլ խմել։ Հենց այդտեղից էլ առաջացավ «փաբ» կրճատ տարբերակը։
Հաջորդ դարերում փաբերը վերածվեցին շատ ավելի ընդգրկուն մշակութա-հասարակական ֆենոմենի։ Փաբը համայնքի հիմնական հավաքատեղին էր․ այստեղ նորություններ էին պատմում ու լսում, առևտուր անում, գործնական ժամադրություններ նշանակում, նույնիսկ՝ ամուսնանում, կամ հոգեհաց կիսում, և ամենակարևորը՝ նվագում ու երգում։ Դարեր շարունակ փաբերում պահպանվում ու սերնդեսերունդ էր փոխանցվում Իռլանդիայի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ երաժշտությունը, պոեզիան, հեքիաթներն ու լեգենդները։ Ցանկացած, անգամ ամենափոքր գյուղ կարող էր ունենալ սեփական փաբը, սակայն փաբերի աննախադեպ ծաղկումը համընկավ քաղաքների կտրուկ աճի հետ՝ 19-20-րդ դարերում։ Քաղաքներում փաբեր կարելի էր հանդիպել գրեթե ամեն խաչմերուկում, ու փաբ գնում էին բոլորը՝ բանվորից մինչև նախարար։ Դուբլինյան փաբերի մշտական հաճախորդների թվում էին բազմաթիվ հայտնի արվեստագետներ ու գրողներ, այդ թվում՝ Օսկար Ուայլդը և Ջեյմս Ջոյսը։


«Այրիշի» անձնակազմը
19-րդ դարի կեսերին՝ Մեծ սովի տարիներին, մոտ երկու միլիոն իռլանդացի արտագաղթեց ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա և այլ երկրներ։ Հաստատվելով նոր վայրերում՝ նրանք շարունակում էին պահպանել համայնքային կապերը, և փաբերը դարձան օտարության մեջ իռլանդական ինքնության պահպանության հիմնական ձևերից մեկը։ Այստեղ կրկին հավաքվում էին զրուցելու, նվագելու ու հայրենիքի կարոտի մասին երգելու։
Այսօր իռլանդական փաբեր կարելի է հանդիպել ողջ աշխարհով մեկ՝ դրանք հաճախ ունեն նման ձևարում և մթնոլորտ։ Բայց ամենակարևորն այն է, որ այս փաբերն ունեն համայնք՝ մարդիկ, որոնք փաբ են եկել նույն բանի համար՝ մի բաժակ իռլանդական ստաուտ վայելելու, նորություններով կիսվելու և իռլանդական երաժշտություն լսելու։
Irish Pub 26-ի համայնքը
Ինչպես ցանկացած փաբ, Irish 26-ն էլ ուներ սեփական ավանդույթները․ կենդանի համերգներ (ինքս էլ պատիվ եմ ունեցել իռլանդական ժիգաներ նվագելու), սուրբ Պատրիկի օրվա տոնակատարություններ և լեգենդար «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը, որը որոշ շրջաններում կազմակերպվում էր գրեթե ամեն շաբաթ ու անցնում էր բուռն մրցակցության մթնոլորտում։ Նաև Irish-ն ունեցել է ու ունի սեփական «մշտականներին»՝ մարդկանց, որոնց դու միշտ կգտնես բարի մոտ նստած՝ գարեջրի բաժակը ձեռքում․ նրանց հետ երբեմն մի քանի բառ կփոխանակես, երբեմն էլ՝ լուսաբացին գրկախառնված ու ճոճվելով դուրս կգաք փաբից։ Երևի, Irish-ի առանձնահատկությունն այն է, որ երբ Երևանում փաբերի դարաշրջանը սկսեց ավարտվել, այստեղ դեռ կարելի էր գտնել փաբային զինակիցներիդ։
Եվ հենց այս մարդիկ Irish-ի կողքին գտնվեցին դրա պատմության ամենավճռական պահերից մեկին․ 2020 թվականին վրա հասավ քովիդը։ Ինքնամեկուսացման օրերին քաղաքում գրեթե ոչ մի սրճարան ու փաբ լիարժեք չէր աշխատում, և Irish 26-ը ևս հայտնվեց փակման եզրին։ Այս մարտահրավերը հաղթահարելու համար փաբը օգնության կոչով դիմեց հավատարիմ հաճախորդներին, որոնց նվիրատվությունների շնորհիվ դիմացավ մինչև ծանր շրջանի ավարտը։ Այդ օրերին գումար նվիրաբերած մարդկանց անունները հետագայում մեծ ծառի տեսքով հավերժացան փաբի պատին՝ որպես շնորհակալություն հավատարիմ համայնքին։


Իռլանդացի ֆուտբոլային երկրպագուները՝ Irish 26-ում
Հաճախորդների այս նվիրվածությունը հիշեցնում է Դուբլինում գտնվող Cobblestone փաբի դեպքը։ 2021 թվականին այս փաբը ենթակա էր քանդման, քանի որ շենքի սեփականատերը որոշել էր բարձրահարկ հյուրանոց կառուցել։ Հարյուրավոր դուբլինցիներ ցույցի դուրս եկան և կարողացան համոզել քաղաքային իշխանություններին, որ Cobblestone-ը իռլանդական երաժշտական ժառանգության պահպանման կարևոր վայրերից մեկն է, և այն ոչ մի դեպքում չի կարելի քանդել։
Ցավոք, Երևանում այդպիսի շրջադարձ դժվար թե հնարավոր լինի․ չկան օրենսդրական մեխանիզմներ, որոնք կարող են պաշտպանել փակման ենթակա փաբը, բայց, ինչն ավելի տխուր է, չկա հանրային ընկալում, որ փաբը լոկ «օբյեկտ» չէ, որտեղ գալիս են հաշիվ փակելու։ Երևանյան փաբերն ունեն իրենց անկրկնելի մշակույթը՝ երաժշտությունը, խաղերն ու երեկույթները, նույնիսկ, տեղական փաբային կատակներ կան, և առաջին հերթին, փաբերը վայրեր են, որոնց շնորհիվ հարյուրավոր մարդկանց կյանքեր մի քիչ ավելի պայծառ ու հետաքրքիր են դառնում։ Ցավոք, այս բոլոր հարցերի շուրջ որևէ հայեցակարգ դեռ գոյություն չունի, և փաբերն ընդհանրապես պաշտպանված չեն տարատեսակ խնդիրներից։


The Windrose իռլանդական ֆոլք-խմբի ելույթը՝ Սուրբ Պատրիկի օրը
Իհարկե, Փարպեցի 26-ին հրաժեշտ տալը կարծես մեծ մի պատմության ավարտ լինի, սակայն, ինչպես ասում են, ցանկացած ավարտ նաև ինչ-որ նոր բանի սկիզբ կարող է դառնալ։ Չնայած բոլոր դժվարություններին, Irish Pub-ն արդեն գտել է իր նոր հանգրվանը, և փաբի ընկերներն ու հաճախորդներն անհամբեր սպասելու են վերաբացմանը։
Իմիջիայլոց, տեղափոխության բարդ ու ծախսատար գործընթացի համար փաբը կրկին դիմել է համայնքի աջակցությանը, որը կարելի է իրականացնել այս հղումով։